Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Մաքրամաքուր ազգային մշակույթը որևէ մեկին չի կարող անտարբեր թողնել»

«Մաքրամաքուր ազգային  մշակույթը որևէ մեկին չի կարող անտարբեր թողնել»
21.10.2016 | 10:28

Լիսաբոնում գործող Դելլալյան տրիոն (Նարինե Դելլալյան՝ ջութակ, Մարինա Դելլալյան՝ դաշնամուր, Լևոն Մուրադյան՝ թավջութակ) այս տարի երեք համերգ ունեցավ հայրենիքում: Այդ համերգների և այլ թեմաների շուրջ է իմ զրույցը ՆԱՐԻՆԵ ԴԵԼԼԱԼՅԱՆԻ հետ:

«ԵՐԲԵՔ ԱՎԵԼՈՐԴ ՉԷ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻՆ ՄԵԾԱՐԵԼԸ, ՆՐԱ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՀՆՉԵՑՆԵԼԸ»


-Նարինե, հայրենիքում ձեր ունեցած համերգների մեկնարկը տրվեց Գյումրիում: Դժբախտաբար, մշակութային խոր ավանդույթների բնօրրան այդ քաղաքը վերջին տասնամյակներում մեզ համար դարձել է ավերիչ երկրաշարժի խորհրդանիշ: Ինչպե՞ս անցավ համերգն այնտեղ, հաջողվե՞ց ֆիզիկական, սոցիալական, բարոյահոգեբանական բազում խնդիրների տակ կքած գյումրեցի ունկնդրի մեջ արթնացնել իր մշակութային որակներն ու տրամադրությունները Դելլալյան տրիոյի համերգի ընթացքում:
-Գյումրու և գյումրեցիների հետ հանդիպման մասին խոսելիս, նախ, պիտի պատմեմ մեր զգացողությունների մասին: Մինչ համերգը մենք շրջեցինք քաղաքում և կրկին հասկացանք, որ Գյումրին չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին: Այն մտնում է սրտիդ մեջ, խոսում սրտիդ հետ, հուզում, ոգևորում, ալեկոծում: Այցելեցինք տարբեր տեղեր, եղանք Մհեր Մկրտչյանի թանգարանում: Տեսանք, որ, դժբախտաբար, երկրաշարժից քսանութ տարի հետո էլ դեռ ունենք քանդված շինություններ: Կարծես կրկին մեր վերքի վրա աղ լցրին այդ տեսարանները: Բայց և շատ ջերմ զրույցներ ունեցանք գյումրեցիների հետ, հասկացանք, որ նրանք կրում են չփակված վերքի ցավը, բայց և ուժերը հավաքած՝ փորձում են հաղթահարել այն: Այդ ամբողջի տպավորության տակ, այդ հոգեվիճակով բեմ բարձրացանք, և մեր տրամադրությունը փոխանցվեց հանդիսատեսին: Մի շատ ջերմ կապ ստեղծվեց մեր միջև: Եվ մեզ համար ուրախալի էր այն, որ ունկնդիրների մեջ շատ էին երիտասարդները, երեխաները, որ համերգ էին եկել երաժշտական գործիքներով: Դա կարծես նշան էր այն բանի, որ կյանքը շարունակվում է, որ երեխաները սովորում են, պայքարում: Գոնե մեզ համար կարևոր էր այդ հանդիպումը գյումրեցիների հետ:
-Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, կայացավ երկրորդ համերգը: Նույն ծրագրո՞վ հանդես եկաք, ինչ Գյումրիում:
-Այո՛:
-Շատ տպավորիչ ելույթ էր՝ գունեղ ծրագրով (Տ. Մանսուրյան, Վ. Շարաֆյան, Մ. Լաժինյա, Ա. Շնիտկե): Ինքս ունկնդիրն էի ձեր այդ համերգի և տեսա, թե ինչ ոգևորությամբ ընդունեց ձեզ մայրաքաղաքի հանդիսատեսը: Ի՞նչ սկզբունքով էիք ընտրել ծրագիրը:
-Մենք դրսում հաճախ ենք կատարում Մանսուրյանի և Շարաֆյանի ստեղծագործությունները: Ցանկացանք այս անգամ նրանց գործերը կատարել այստեղ՝ հենց իրենց ներկայությամբ: Երբեք ավելորդ չէ կոմպոզիտորին մեծարելը, նրա ստեղծագործությունն իր ներկայությամբ հնչեցնելը: Նաև մեր հայրենակիցների երաժշտությանը համադրեցինք մեզ համար շատ սիրելի Շնիտկեի և պորտուգալացի ժամանակակից կոմպոզիտոր Լաժինյայի ստեղծագործությունները: Վերջինիս պարագայում ցանկություն ունեինք մեր համերգին մի փոքր էլ պորտուգալական համուհոտ հաղորդել, մի բան, որ, կարծում եմ, հաջողվեց:
-Մեր կողքին ապրող երկու հրաշալի կոմպոզիտորների՝ Մանսուրյանի և Շարաֆյանի ստեղծագործություններին հաղորդակից դառնալու հանգամանքը մեծապես հարստացնում է հենց մեզ՝ հայաստանյան ունկնդիրներիս: ՈՒրիշ ի՞նչ հայ հեղինակների եք անդրադառնում ձեր համերգային կատարումների ժամանակ:
-Կատարում ենք նաև Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, հայրիկիս՝ Հարություն Դելլալյանի, այլոց ստեղծագործությունները: Անդրադառնում ենք օտարազգի նշանավոր կոմպոզիտորների այն ստեղծագործություններին, որ գրված են տրիոյի համար:

«ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԶԳԱՑԻ ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՂԱԾ ԽՈՐ ՀԱՐԳԱՆՔԸ»


-Քանի որ Դելլալյան տրիոն բաղկացած է հայ մշակույթի երկու երախտավորների՝ Հայրիկ Մուրադյանի և Հարություն Դելլալյանի ժառանգներից, ձեր գործունեությունը ներառում է այս անունների ոգեկոչմանն ուղղված նախաձեռնություններ: Այդպիսի մի նախաձեռնություն էր Հայրիկ Մուրադյանի ծննդյան 111-ամյակին նվիրված համերգը, որը դարձավ ազգագրական մեծարժեք նմուշների մի հրավառություն Կամերային երաժշտության տան կամարների ներքո: Իսկ վերջերս Արաբկիրի թիվ 43 փողոցը անվանվեց Հայրիկ Մուրադյանի անունով, խոսենք այս մասին:
-«Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունը դիմել էր Երևանի քաղաքապետարանին՝ Հայրիկի անունով որևէ փողոց անվանակոչելու խնդրանքով: Գոհունակությամբ պիտի ասեմ, որ շատ արագ արձագանքեցին այդ դիմումին, և ես ևս մեկ անգամ զգացի Հայրիկ Մուրադյանի նկատմամբ եղած խոր հարգանքը: Նամակը գրելուց ընդամենը մի քանի ամիս անց փողոցն անվանակոչվեց Հայրիկ Մուրադյանի անունով: Եվ փողոցի դիրքն էլ շատ շահեկան է, այն շրջապատված է մեր մեծերի անունները կրող փողոցներով, կարծես գեղեցիկ մի փունջ է ստեղծված այդ տարածքում: Փողոցի անվանակոչումը նաև մեկ այլ նպատակի է ծառայում. այն ասես երիտասարդ սերնդի ուշադրությունն է հրավիրում Հայրիկի ու նրա ավանդած արժեքների վրա: Այն փոքրիկը, որ չի տեսել, չի լսել երբեք Հայրիկին, այդ փողոցով անցնելիս իր մայրիկին կհարցնի նրա մասին, կտեղեկանա, թե ով է եղել, ինչ գործունեություն է ունեցել: Սա ես կարևոր եմ համարում: Այսինքն՝ փողոցի անվանակոչությունը միայն հիշատակի առջև հարգանք ու խոնարհում չի նշանակում, այն ունի նաև ճանաչողական արժեք:
-Հայրիկ Մուրադյանի անունն ու գործը շարունակողներ կան այսօր, բարեբախտաբար. վկա՝ «Ակունք» անսամբլն ու նրա վայելած ժողովրդայնությունը:
-Առաջին հերթին պիտի նշել «Վան» խմբի անունը, որը հենց Հայրիկն է հիմնադրել: «Ակունքը» հիմնադրել է Հայրիկի դուստրը՝ Մարո Մուրադյանը: Բայց այս խմբի գործունեության մեջ ևս շատ մեծ մասնակցություն ու ներդրում է ունեցել Հայրիկը: Ամենակարևորն այն է, որ այդ խմբերն իրենք իրենց շուրջ համանման խմբեր են ստեղծում: Ասես ջրի այն կաթիլին են նման, որը տարածվելով՝ իր կողքին նոր շրջանակներ է գոյացնում: Այդ խմբերի շուրջ նոր խմբերի ստեղծումը մի փառահեղ գործընթաց է, որը վկայում է, որ Հայրիկ Մուրադյանն իսկապես շատ մեծ գործ է արել մեր մշակույթի, ազգագրական գանձերի պահպանման ուղղությամբ ու իրեն երջանիկ կզգար՝ տեսնելով, որ իր գործն այսօր ունի նման շարունակություն:
-Հայրիկ Մուրադյանն ընդգծված ազգային երևույթ է, ինչպե՞ս են նրան արժևորում դրսում:
-Առհասարակ ամենուր շատ մեծ հետաքրքրություն կա տարբեր ազգերի մշակույթների նկատմամբ: Հենց Լիսաբոնում՝ Գյուլբենկյան հաստատությունում, կազմակերպվում է ամենամսյա համերգային շարք, որը ներկայացնում է աշխարհի տարբեր ազգերի մշակույթը: Հայկական մշակույթը ևս ներկայացվում է, և այն ունենում է մեծ արձագանք: Մենք՝ այդ մշակույթը ներկայացնողներս և կրողներս, սեփական աչքով ենք տեսնում այն հետաքրքրությունը, որ կա հայ ազգագրական նմուշների նկատմամբ: Երկու տարի առաջ «Շողակն» համույթն էր Գյուլբենկյան հաստատության հյուրը՝ Հայկական մշակույթի շաբաթին մասնակցելու նպատակով: Առաջին օրը հենց «Շողակնը» ելույթ ունեցավ՝ բացելով համերգաշարը: Սկզբում դահլիճում լռություն էր: Ասես այդ լռության մեջ տեղի էր ունենում դահլիճի և երաժիշտների փոխշփումը: Եվ ելույթից հետո դահլիճը միահամուռ ու հոտնկայս ծափերով արձագանքեց հայ ազգագրական երաժշտության կատարումներին:


«ԱԶԳԻ, ԺՈՂՈՎՐԴԻ ՍՏԵՂԾԱԾԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է»


-Անգամ ոչ պրոֆեսիոնալ հարթակում են օտարազգիները բուռն արձագանքում մեր ազգագրական երգ ու պարին: Լավագույն վկայությունը «Երևան» պանդոկում ճաշելու եկած զբոսաշրջիկների պահվածքն է, որոնք ոչ թե ընդամենը հայկական խոհանոցի համադամ խորտիկներն են վայելում, այլև շատ արագ յուրացնում են մեր ազգագրական երգ ու պարի մեղեդին, ռիթմը և շուրջպար բռնում «Ակունք» ազգագրական անսամբլի երաժիշտների հետ:
-Այո՛, ընդհանրապես ազգի, ժողովրդի ստեղծածը լավագույնն է: Դրանում են երևում ազգի ոգին, հոգին, մտածողությունը, իսկ այդ բաները չեն կարող անտարբեր թողնել որևէ մեկին, ինչ ազգի էլ նա պատկանի: Հենց մեր տրիոյի օրինակով դա կարող եմ հաստատել: Երբ մենք Կոմիտաս ենք կատարում, որտեղ էլ լինենք, ունկնդիրն այդ երաժշտությունն ընդունում է շատ մեծ խանդավառությամբ: Որովհետև Կոմիտասը բոլորի սրտի հետ է խոսում՝ թե՛ անգլիացու, թե՛ գերմանացու, թե՛ իտալացու, թե՛ ցանկացած այլազգի մարդու: Մենք Կոմիտաս կատարել ենք նաև օտարազգի երաժիշտների հետ համատեղ, և բոլորս նույն զգացումով ենք համակվել այդ գործերը կատարելիս: Մենք որևէ տարբերություն չենք նկատել մեր և նրանց միջև: Զարմանալի է, որ Կոմիտաս կատարող պորտուգալացի երգչուհին երբեմն մոռանում էր երգի բառերը, և անգլիացին ու չինացին հուշում էին նրան: Մեզ համար դա շատ հաճելի մի վիճակ էր, երբ օտարներն այդքան մտել էին մեր ազգային երաժշտության մեջ ու այդպիսի սիրով էին ներկայացնում այն: Մի հետաքրքիր համերգ էլ ունեցանք ամիսներ առաջ: Դելլալյան տրիոն կատարում էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հրավիրված էր Լոնդոնում ապրող հայազգի պարուհի Շաքե Չիլինգարյանը: Կային համարներ, որոնց կատարման ընթացքում նա պարում էր: Պարի և գործիքային երաժշտության գեղեցիկ սինթեզ էր այդ համերգը: Եվ վերջում Շաքեն օտարազգի հանդիսատեսին մի փոքր ծանոթացրեց հայկական պարի շարժումներին, դրանց բովանդակությանը, ապա ցանկացողներին հրավիրեց պարելու: Մի քանի րոպեից հանդիսատեսները բարձրացան բեմ, կազմվեց մեծ շրջան, և սկսվեց մի աննկարագրելի շուրջպար՝ հայկական երաժշտության տակ: Այսինքն՝ մենք կրկին ապացուցված տեսանք այն բանը, որ մաքրամաքուր ազգային մշակույթը որևէ մեկին չի կարող անտարբեր թողնել:

«ՈՐՈՇԵԼ ԷԻՆՔ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻՑ»


-Ձեր հայաստանյան երրորդ համերգը, որ կայացավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, այլ ծրագիր էր ներկայացնում: Պատմեք, խնդրեմ, այդ համերգի մասին ևս:
-Այն կայացավ Կոմիտասի թանգարանի առաջարկով և հրավերով: Նրանք ցանկացան, որ կատարվեն Հարություն Դելլալյանի ստեղծագործությունները: Բացի մեր տրիոյի անդամներից, համերգի ժամանակ Հարություն Դելլալյանի Դաշնամուրային սոնատը կատարեց Հայկ Մելիքյանը: Մենք որոշել էինք դուրս գալ համերգային ընդունված կաղապարներից ու համերգից առաջ ցուցադրեցինք հորս նվիրված ֆիլմը, որի ռեժիսորն է Արթուր Բախտամյանը: Ֆիլմը, որ կոչվում է «Հարություն Դելլալյան», հնարավորություն տվեց հորս քիչ ծանոթ հանդիսատեսին առավել լավ ճանաչել ու հասկանալ այն կոմպոզիտորին և մարդուն, որի ստեղծագործությունները հնչելու էին համերգի ընթացքում: Իսկ ովքեր գիտեին հորս, ևս մեկ անգամ վերապրեցին այն յուրօրինակ զգացումները, որ ներշնչում է Հարություն Դելլալյանը: Կարծում եմ՝ երեկոյի այս ձևաչափը շատ հաջողված էր: Եվ համերգային մեր ծրագրերն ամփոփվեցին մեզ համար շատ ուրախալի փաստով. Դելլալյան տրիոն արժանացավ ՀՀ սփյուռքի նախարարության պարգևին՝ Կոմիտասի շքանշանին՝ արտասահմանում հայկական մշակույթի տարածման գործում ունեցած վաստակի համար:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ