Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կաղնեթափ և աղբահավաք

Կաղնեթափ և աղբահավաք
21.10.2016 | 10:37

ՆԱԽԵՐԳԸ ՀՆՉԵՑ ԼՈՒՍՈՒՄՈՒԹԻՆ


Հանրապետության հրապարակի օտարումը ժամանակին բավականին զվարթ մեկնարկեց «Արմենիա» հանրահռչակ հյուրանոցով, թև առավ արտաքին գործոց նախարարության վաճառքով և ահա կիսում է հրապարակի հասարակածը։ «Ռոստելեկոմ»-ին մոտ 27 մլն դոլարով վաճառվելու է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության շենքը։ Ինչո՞ւ։ ՀՀ բյուջեն տառապում է անբուժելի ճողվածքով, իսկ պետական պարտքը շուտով կհատի 6 մլրդ-ի պատնեշը։ Իսկ երբ պետպարտքը «կհղփանա» և կթակի 7 մլրդ-ի շեմը, չերկմտենք, հրապարակի 5 շենքերից ևս 2-ը կդրվեն վաճառքի՝ նախ թանգարանների շենքը, այնուհետև ՀՀ կառավարական տունը։


ՀՀ-ում այսօր պետական են տրոլեյբուսները, պուլպուլակները, արձանները, կամուրջները, կենդանաբանական այգին, օպերան, ասֆալտը և այլն։ Այս ցուցակը կարելի է շարունակել։ Եվ համոզվել, որ վաճառելու ահագին գույք և կայք դեռ ունենք։ Այնպես որ, եկեք չսարսափենք Հանրապետության հրապարակի փուլային վաճառքից։ Թեկուզ այն քաղաքաշինական երգեհոն է և ճարտարապետական սրինգ։ Պարզապես՝ նախ պետք է վաճառել Կառավարական տունը, այնուհետև Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի շենքը։

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԵՐԲԱՆԻ ՏԱԿ
(այգաբացին հողմը մեղմ է)


Մի խոսքով՝ ՀՀ կառավարությունը՝ գոտեպնդված օվալաձև դահլիճի մեծամասնության անշշուկ խրախուսանքով, փորձում է լցոնել բյուջեն և սահմանափակել պետպարտքի ասպատակությունը մեր պետականության վրա՝ վաճառելով պետության եղած-չեղածը։ Լավ, բարի, Թամանյանի ճարտար մտքի արգասիք և աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկի համարումն ունեցող Հանրապետության հրապարակի վաճառքից հետո, դիցուք աճուրդի կդրվեն հնարավորն ու անհնարը (ասենք՝ ԱԺ գեղակառույց շենքը, Մատենադարանը, Բյուրականի աստղադիտարանը և, վերջապես՝ Մատենադարանի, Ազգային պատկերասրահի, նաև, թերևս՝ պետական արխիվի գանձերը) և մի քիչ շունչ կքաշենք, պետպարտքի շեմը կնվազի, բյուջեն, ինչ խոսք, կզվարթանա։ Դիցուք, այս փրկարար սահմանագծին կհասնենք 2018-ին։ Հետո վարչական բյուրոկրատիան նոր վարկեր կկլանի, օլիգարխիատը, եռապատկելով իր գողոն-ունեցվածքը, վարկային դրամազանգվածն արհեստավարժ վարպետությամբ կարտահանի օֆշորներ և այլն։ Ձանձրալի չէ՞ շարունակ քարագրել հայոց ներկա կուռքերի սխրանքները։
Ձանձրալի է, թե ոչ, թող դատի ընթերցողը, ինքս կշռադատել եմ շատ վաղուց՝ ձանձրալի չէ, նողկալի է։ Բայց ի՞նչ անենք, համակերպվե՞նք։ Դա, կներեք, կարմիր լո՞ւյս կվառի պետականավաճառների ճանապարհին։ Կասկածում եմ և այն էլ՝ խիստ։ Դուք էլ, հարկավ, կասկածում եք։ Եվ այս պահին եկեք լռենք, հողմաղացը քուն է մտել և քնարական երազ է տեսնում։ Ահա թե ինչ է քերթողել պոետը պոռթկուն՝ Աշոտը Գաբրիելյան.
Ներբաններդ են միայն,
Որոնք ստվեր չունեն...

Հոկտեմբերն է հուրհրում դեղին, կարմիր և դեռ կանաչ տարազ հագած։ Այս ամիսը սիրում եմ առանձին թովչանքով։ Սա խորհրդի և անակնկալի ամիս է, օպերային հարակից մի քանի կաղնուց 13 կաղին կարկտահարեցին գլուխս և ինձ ուղղորդեցին դեպի հարավ։ Ահա Հանրապետության հրապարակի ժամացույցազեն շենքի մոտ եմ։ Մտածում եմ, թե ինչ անեմ, ինչպես ինքս դարձի բերեմ մեր ազգաշահ կառավարիչներին, որոնք այդպես էլ չըմբռնեցին, որ պետությունն իրենք չեն, ոչ էլ իրենց գերդաստանը, որ պետությունը Հայրենիքի և Երկիր-Էրգրի տեսիլքը չէ, պարզապես մի կուռ կառույց է, որտեղ ժողովուրդն ապրում է գոհ իր բախտից, որտեղ չեն մեկտեղվում դատարկվող սահմանային բնակավայրերն ու վերին դասի անսահման լիությունը։
Ինչ խոսք, դավադրությունն ակնհայտ է։ Դավադրությունը՝ պետական ազգային, պատմաքաղաքական նախաձեռնությամբ։


Կարելի է այս ամենի ցավից ոռնալ։ Շուրջ 6 մլրդ պետական պարտքը հիմնականում յուրացվել է վերնադասի «հնարագիտության» պատճառով։ ՈՒրեմն վաճառեք ձեր առանձնատները, հանրախանութները, ռեստորանային համալիրներն ու մնացածը։ Եվ լիացրեք պետական գանձարանը, մարեք 6 մլրդ դոլար վարկը և ցուպը ձեռքներդ առած ճանապարհ ընկեք դեպի Թալիշ։ Ապաշխարության։

Հանրապետության հրապարակի 5 տաճար-շենքերից 3-ը երկրի սեփականությունը չեն։ Բայց, ներեցեք, չէ՞ որ հրապարակը կառուցվել է մի քանի սերնդի ավյունով։ Դուք բարոյական ի՞նչ իրավունքով եք այսօր տնօրինում համազգային և համապետական քաղաքաշինական այս հրաշք համույթի ճակատագիրը։

ՄԱՐՔՍԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆԸ
(մթնշաղի այս հողմը բարեգութ է)


Ե՞լքը։ Անհայտ չէ։ Տիարք կառավարիչներ, իշխան-իշխանուհիներ և այլք, ուշի ուշով կարդացեք «Իրատեսում» պարբերաբար հրապարակվող գիտատեխնիկական բնույթի նյութերը, որոնք ձեզ են հրամցնում տիարք Վահանը Համազասպյան, Գեղամը Քյուրումյան, վերջերս նաև Ստյոպան Խոյեցյան, և որոնք հիմնավորում են՝ եթե Հայաստանը վարկային-ներկրումային տնտեսակարգից անցնի գիտաարտադրական-ներդրումային քաղաքականությանը, ապա վեց ամիս անց (իմա՝ մինչև 2017-ի ապրիլի 2-ը, երբ կլրանա 2016-ի ապրիլյան հերոսական օրհասի 1 տարին և դեպի օվալաձև դահլիճ կսուրան քաղդեմքերը խառնիխուռն) «երկիրը» երկիր կդառնա։ Ամե՛ն։
Ձեր հեզ ծառան ևս չի զլանում և հուշում է՝ հանրապետության մենաշնորհային-վարկակորզիչ տնտեսությունը պետք է վերանա և նրա «սուրբ վայրում» ի հայտ գա պետական կապիտալիզմը (ՊԿ)։


Կարլ Մարքսը, որի «Կապիտալը» վերջին տարիներին համաշխարհային խոտորվող տնտեսության համար հաճախ փրկօղակի դեր է կատարել, ահա թե ինչպես է մեկնաբանում պետական կապիտալիզմ երևույթը. ՊԿ-ն գաղութային և կիսագաղութային կախվածության ժամանակ պետության տնտեսական կառուցվածքի վերափոխման կարևոր միջոց է, ապահովում է հետամնաց երկրների տնտեսական զարգացումը, թուլացնում է նրանց տնտեսական և քաղաքական կախվածությունը համաշխարհային կապիտալիստական համակարգից։
Մի խոսքով, ՊԿ-ն երկրի տնտեսական կյանքի պետական միջամտությունն է, ՀՀ-ում՝ փրկարար միջամտությունը։ Մեր տնտեսությունը (սա վաղուց գաղտնիք չէ) կախված է ոչ թե համաշխարհային կապիտալիստական համակարգից (արժութային հիմնադրամներ, օֆշորային և այլ տնտեսաքաղաքական աղբակույտեր), այլ հայրենական «գաղութարարներից», այո` օլիգարխիատից, երիցս այո՝ քաղաքական բյուրոկրատիայից։
Պետական սեփականությունն են պետական կապիտալիզմի մարմինն ու հոգին։ Եվ այստեղ գաղտնիքը բացվում է։ Մեր կառավարիչները, նրանց մերձեցած տնտեսաքաղաքական ճարտասաններն ու ընդդիմադիր գործիչները պարզապես սարսափում են պետական կարգավորումից։ 25 տարի շարունակ նրանք խնկարկում են տնտեսական ազատականությունը, որի փլատակների տակ շուտով կհայտնվեն մեծից փոքր։ «Պետությունը վատ կառավարիչ է»,- վերջերս հայտարարեց «դիմահարդարային հեղաշրջման» նավավար 14-րդ վարչապետը։ Հայտարարության հաջորդ օրը Հանրապետության հրապարակի կոթողներից մեկը, այսինքն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքը, ներկայացվեց վաճառքի։


«Պետությունը վատ կառավարիչ է» անհեթեթ կարգախոսն է մեզ առաջնորդում դեպի եղած-չեղածի, հնարավոր-անհնարինի զանգվածային վաճառքը։ «Եղած-չեղած, հնարավոր-անհնարինը» մեր պապերի և հայրերի, նաև մեր 70 տարվա քրտնաջան տքնանքի արդյունքն են, մեր սեփականությունը։ Միայն մեկն է քաղգործիչներից համոզված և բավականին խելամիտ պնդում՝ պետությունը (այն է՝ ազգը և նրա ապագան) պետք է լուրջ մասնակցություն ունենա պետական տնտեսության կառավարման գործում։ Խոսքս դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի մասին է։
Ի դեպ, Կարլ Մարքսն այն եզակի հրեա դեմքերից էր, որ կյանքի վերջին տարիներին քրիստոնեություն ընդունեց։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ


Ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով օտարումից պետք է փրկենք Հանրապետության հրապարակի դեռևս պետական երկու շենքերը։ Ըստ իս, լավագույն տարբերակն իշխանակառավարական նվիրաբերումն է։ Թող նախկին և ներկա մեր իշխանավորներն ու կառավարիչներն անկեղծանան և լայն բացեն քսակների բերանները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ