Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարդու հոգին խոր է ինչպես ծովը, որի մեջ կա ամեն ինչ. և՛ լավը, և՛ վատը, լույսը և խավարը

Մարդու հոգին խոր է ինչպես ծովը, որի մեջ կա ամեն ինչ. և՛ լավը, և՛ վատը, լույսը և խավարը
21.10.2016 | 00:03

Իոանն ՊԱՎԼՈՎ

Յուրաքանչյուր քրիստոնյա կյանքի ընթացքում պարտավոր է հոգալ սեփական հոգին մեղքերից ու մոլություններից մաքրելու մասին: Սակայն, որպեսզի կարողանանք այդպես վարվել, պետք է սկզբից սեփական մեղքերն ու կրքերը տեսնել և ճանաչել: Հոգևոր կյանքի փորձը ցույց է տալիս՝ միշտ չէ, որ կարելի է հեշտությամբ անել: Հաճախ մենք չենք հասկանում ու չենք գիտակցում մեր սխալները: Պատահական չէ, որ Եկեղեցին Մեծ պահքի ընթացքում սուրբ Եփրեմ Ասորու աղոթքով խնդրում է շնորհել սեփական մեղքերի տեսողություն: Սուրբ հայրերն ասում են՝ մարդու հոգին խոր է ինչպես ծովը, որի մեջ կա ամեն ինչ. և՛ լավը, և՛ վատը, լույսը և խավարը, գեղեցիկ ձկներ և տգեղ ու սոսկալի հրեշներ: Ընդ որում, որպես օրենք, ամենալավն ու գեղեցիկը գտնվում են մակերեսին և այդ պատճառով էլ լավ են երևում, իսկ ամենավատը և տգեղը ծովային հրեշների նման թաքնվում են խորքերում, այնպես որ դրանք բացահայտելը այնքան էլ հեշտ գործ չէ: Կամ մեկ այլ համեմատություն: Մարդու հոգին նմանվում է մեծ քաղաքին, որտեղ կա ամեն ինչ. և՛ լավը, և՛ վատը, չար ու բարի մարդիկ, Աստծո տաճարներ և հասարակաց տներ, բարեպաշտներ ու հանցագործներ: Նույնպես և այստեղ ամեն լավը, գեղեցիկը գտնվում են աչքի առաջ և նկատելի են մարդկանց, իսկ վատը թաքնվում է և մնում գաղտնի: Օրինակ, գողերը և հափշտակողները գործում են սովորաբար գիշերը, գաղտնի, իսկ ցերեկը չեն երևում: Ճիշտ այդպես էլ մարդու հոգում հաճախ այդպես է լինում՝ մեղքերն ու կրքերը թաքնվում են խորքերում՝ մնալով մեզ համար աննկատելի և հազվադեպ շարժվում ու ջրի երես են դուրս գալիս՝ թողնելով իրենց չար ու ավերիչ հետևանքները: Սուրբ հայրերից մեկը համեմատում է մարդու հոգին ջրհորի հետ, որից վերցնում են իբրև մաքուր ջուր, սակայն ջրհորի հատակին առկա են միշտ տիղմը և կեղտը, որոնք մակերեսից չեն երևում:

Ինչպե՞ս կարելի է ստուգել հատակում տիղմի առկայությունը: Պետք է փայտով խառնել ջուրը, և այնժամ ջրհորի մեջ ջուրը իսկույն կդառնա պղտոր: Նույնը լինում է և մարդու հոգու հետ: Միայն թե հոգու ախտը ստուգվում է ոչ թե փայտի միջոցով, ինչպես ջրհորի դեպքում էր, այլ փորձության պահին՝ տհաճ դեպքի, վիրավորանքի, կոնֆլիկտի կամ այլ անախորժության միջոցով: Երբ մեզ հետ նման դեպք է պատահում, ապա իսկույն ջրի երես են դուրս գալիս և գործի են անցնում մեր կրքերը՝ հպարտությունը, գրգիռը, հակակրանքը, ատելությունը, նախանձը, քմահաճությունը, ագահությունը և հոգու հատակին ապրող այլ հրեշներ, որոնք առօրյայում մենք չենք նկատում և չենք տեսնում: Սուրբ հայրերի խորհուրդների համաձայն՝ բոլոր տեսակի փորձություններից մենք կարող ենք քաղել մեզ համար այն մեծ օգուտը, որ նրանք օգնում են մեզ բացահայտելու մեր մոլությունները, և այսպիսով մենք կարող ենք ճանաչել ինքներս մեզ: Իսկ ինքնաճանաչումը՝ սեփական տկարությունների և ախտերի ճանաչումը, բոլոր գիտելիքներից ամենակարևորն է, որովհետև ինքն իրեն չճանաչող մարդը չի կարող սկսել պայքարը իր հոգում տեղ գտած չարիքի դեմ, իսկ առանց պայքարի ինչպե՞ս կարելի է հաղթահարել դրանք: «Սեփական անձի զննումը (ինքնաքննությունը) ամենաօգտակարն է բոլոր այլ հետազոտումներից,- ասում է Պաիսիոս Աթոսացին,- մարդը կարող է շատ գրքեր կարդալ, բայց եթե նա չի քննում իր անձը, ապա կարդացածը նրան ոչ մի օգուտ չի բերում, քանի որ նա կոպիտ սխալներ է թույլ տալիս և չի հասկանում դա»:


Այսպիսով, փորձություններն օգնում են մեզ ճանաչելու մեր անձը: Առանց փորձությունների դա գրեթե անհնար կլիներ: Մի քրիստոնյա գրողի խոսքերի համաձայն, ամենալավ մեթոդը համոզվելու համար, որ ձեր տան նկուղում կան առնետներ կամ մկներ, արագ դուռը բացելը և իսկույն լույս վառելն է: Եթե դանդաղեք, ապա մկները կհասցնեն թաքնվել: Հենց այդպիսի ազդեցություն ունեն մեզ վրա անսպասելիորեն հասնող փորձությունները. մերկացնելով մեր առաջին անմիջական արձագանքը՝ ցույց են տալիս հոգու իրական պատկերը:
Օրինակ, եթե մեզ կոպտեն ու ասեն վիրավորական խոսքեր, իսկ մենք բորբոքվենք և կոպիտ խոսքերով պատասխանենք, նշանակում է, որ մեր հոգում կա հպարտություն, և մենք պետք է սովորենք խոնարհ լինել: Եթե մեզ պատմում են մի մարդու մասին, որը հարստացել է և գնել լավ բնակարան կամ ավտոմեքենա, և մենք սկսում ենք նախանձել, ուրեմն պետք է հասկանանք, որ մեր հոգում ապրում է նախանձը, և մենք ամեն գնով պետք է փորձենք ազատվել այդ տհաճ կրքից: Եթե հեռուստացույց դիտելիս հանկարծ հանդիպում ենք անառակություն և անվայել պատկերներ ցուցադրող մի ալիքի, և չենք գտնում մեր մեջ կամքի ուժ իսկույն անջատելու այն և շարունակում ենք դիտել, նշանակում է` պոռնկության կիրք է ապրում մեր մեջ և տիրում է մեզ: Ճիշտ նույն կերպ է ընթանում գործը այլ կրքերի դեպքում. եթե մեզ գովում են, և մենք փքվում ու հաճույք ենք ստանում դրանից, ուրեմն մեր հոգին վարակված է փառասիրությամբ: Եթե մենք նյութական բարիքների մեծ եկամուտ ենք ունենում, օրինակ, ժառանգություն կամ անսպասելի ստացվածք, և ափսոսում ենք կիսվել բարեկամների ու ընկերների հետ, ապա պետք է հաշիվ տանք մեզ, որ մեր հոգում բույն են դրել ագահությունն ու արծաթասիրությունը:


Այսպիսով, մարդկային հոգու խորքերում ապրում է ծածկված չարիքը, ապրում են մեղքերն ու կրքերը, դրա համար յուրաքանչյուր քրիստոնյայի խնդիրն է բացահայտել դրանք, պատերազմել ու հաղթահարել: Քանի որ Մեծ և Ահեղ դատաստանի օրը մեր հոգին իր ողջ խորքային էությամբ, բոլոր իր ծածուկ կրքերով, մեղքերով ու ախտերով պիտի մերկացվի և կանգնեցվի Աստծո և հրեշտակների առջև: Նման կլինի այն բանին, երբ սառցաբեկորը հանեն ջրից և դնեն բոլորի աչքերի առաջ: Հայտնի է, որ սառցաբեկորի անտեսանելի ջրի տակ գտնվող մասն ավելի մեծ է, քան այն, որ ջրի երեսին է: Երևացող մասը միշտ գեղեցիկ է, ճերմակ և մաքուր, այնինչ չերևացող մասը մռայլ է, տգեղ, խոռոչներով քայքայված: Եթե սառցակտորը հանենք ջրից, կտեսնենք, որ այն ամբողջովին մաքուր և ձյունափայլ չէ, որ նրա մեծ մասը սև է ու անճոռնի: Ճիշտ այդպես, եթե մենք չհոգանք մեր հոգու մաքրության մասին, ապա այդպես էլ կներկայանանք Աստծո դատաստանին՝ տգեղ, անմաքուր և անճոռնի, իսկ Սուրբ գիրքն ասում է, որ Աստծո Արքայության մեջ ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել։
Որպեսզի մեզ հետ այդպես չպատահի, սիրելի եղբայրներ և քույրեր, քանի դեռ ապրում ենք երկրի վրա, պարտավոր ենք հոգալ մեր հոգիները ծածուկ կրքերից ու մոլություններից մաքրելու մասին: Դրա համար պիտի ուշադիր զննենք մեզ տարբեր իրավիճակների մեջ, տարբեր գայթակղությունների և փորձությունների ժամանակ, որպեսզի տեսնենք, թե ինչ տեսակի չարիք է տեղ գտել մեր հոգու բնակարանում, և նկատելով փորձենք ամեն կերպ ազատվել այդ չարիքից ապաշխարությամբ: Ապաշխարությունը և հոգու մաքրագործումը քրիստոնեական ամբողջ կյանքի աշխատանքն է, այն պետք է շարունակվի մինչև մեր ելքը այս աշխարհից: ՈՒ եթե տքնենք մեր ուժերի ներածի չափով, անկասկած, կմաքրենք մեր հոգին ախտերից, մոլություններից և կփրկվենք Աստծո ողորմածությամբ ու Նրա սրբերի աղոթքներով։ Ամեն:


Հրապարակման պատրաստեց
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ
Դարբասի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 3144

Մեկնաբանություններ