Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մենք ունենք պետականություն, սակայն չունենք կայացած պետություն»

«Մենք ունենք պետականություն, սակայն չունենք կայացած պետություն»
21.10.2016 | 10:50

Զրուցակիցս ազատամարտիկ, 1990-95 թթ. ՀՀ ԳՀ անկախ պատգամավոր, իրավական համակարգի երկարամյա ծառայող, ներկայումս փաստաբան, գրող և հրապարակագիր ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է։

«ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐ Է ԱՐԴԱՐ ԴԱՏԵԼ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ»


-Հասարակական տարբեր շրջանակներում և տարբեր մակարդակներով հաճախ է շոշափվում դատավորների անկաշառության և անկախության թեման, ինչը ոմանք պայմանավորում են բարձր աշխատավարձով, մյուսներն էլ դա համարում են զուտ բարոյական խնդիր։ Պարոն Գրիգորյան, տեղեկացնեմ, որ ես վերջին խմբում եմ։
-Խնդիրը Հայաստանով չի սկսվում և նրանով չի սահմանափակվում ու չի վերաբերում միայն մեր ժամանակներին։ Հարցն ավելի քան խորքային է: Արդարացված չէ այս խնդիրը մեկ կամ երկու գործոններով հիմնավորելը: Փաստենք, որ յուրաքանչյուր դատավոր առաջին հերթին մարդ է` իր խառնվածքով, իր բնույթով, և նրան բնորոշ են և՛ մարդկային թուլությունները, և՛ ուժեղ կողմերը: Հետխորհրդային պետություններում դեռևս շրջում է «սովետական մարդու» ուրվականը, որը դեռ որոշ ժամանակ կշարունակի ապրել մեր մեջ, այն դեռևս բավականին ուժեղ է: Խորհրդային տարիներին նույնպես դատավորների անկախության մասին խոսում էին ամենաբարձր ամբիոններից, վկայակոչում էին «սովետական արդարադատության» բացառիկությունը, սակայն դրանից ոչինչ չէր փոխվում, այդ ամենն ընդամենը բառախաղ էր: Դատավորները մնում էին խորհրդային քաղաքականության բաղկացուցիչ մասը: Ինչ խոսք, մանկամտություն է կարծել, թե միայն բարձր աշխատավարձ սահմանելով կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, կամ այդ ճանապարհով դատավորները կդառնան էլ ավելի անկախ։ Կասկածից վեր է, որ անձը, ով պատասխանատու պաշտոն է զբաղեցնում, պետք է որոշակի ֆինանսական բավարարվածություն ունենա, հակառակ պարագայում մարդու մեջ արդարացիորեն առաջանում են անհավասարության և անբավարարվածության լուրջ զգացողություն և օրենքը շրջանցելու ցանկություն: Ձևավորվում է օրենքը խախտելու կայուն մտածելակերպ, հոգեբանություն, ապրելակերպ, օրինախախտումն արդարացնող փիլիսոփայություն։ Իհարկե, բարձր աշխատավարձը որոշակի իմաստով զսպող գործոն է, բայց ոչ բավարար հիմք՝ ապահովելու դատավորների անկախությունը: Կարևորագույն խնդիր է, որ մարդկանց մեջ փոխվեն աշխարհընկալումը, կենցաղավարությունը, ապրելու մշակույթը, մտածելակերպը, բարոյականության արժեհամակարգը և այլն, ավելի պարզ՝ մի ամբողջ քաղաքակրթության արժեհամակարգի փոփոխություն է անհրաժեշտ: Դա վերաբերում է նաև դատական համակարգին: Չխուսափելով հարցից, ասեմ, որ դատական համակարգը և դրա կայացումը չեն կարող կտրված լինել պետության կայացման գործընթացներից: ՈՒշադրության է արժանի այն, որ այդ բնագավառում դեռևս հստակ գործում են «առքուվաճառքի» չգրված կանոնները: Իրականում առկա է նաև հասարակական պահանջ` «գնել» որոշակի իրավունք: Առանց հասարակական նման պահանջի չի կարող լինել «վաճառքի» պահանջ: Երբեմն այդ ճանապարհով, բառիս բուն իմաստով, ստիպված են «գնել» նաև իրենց սահմանադրական իրավունքները, իրենց արդարացի պահանջները, իրենց արդարացի ազատությունը, քանի որ հասկանում են՝ վտանգված է ճշմարտությանը հասնելու այլ հնարավորություն, կամ այն մեծ ռիսկեր է պարունակում: Վերջին հաշվով՝ ո՞րն է թանկ ու արդարացված՝ օրենքը չխախտելով ունենալ խեղված ճակատագի՞ր, թե՞ «փրկագնով» փրկել մարդու ճակատագիրը: Անկեղծ ասած, դժվարանում եմ այս հարցին միանշանակ պատասխանել:
-Ցանկանում եմ հատկապես շեշտել, որ մեր խոսակցության թիրախը դատաիրավական համակարգն է, ուր ապօրինություններն ակնհայտ են։ Ոչ այնքան հեռու անցյալում կառուցվեցին դատարանների նոր բարեկարգ շենքեր, բարձրացվեցին դատավորների աշխատավարձերն ու թոշակները։ Այս հանգամանքներն արդյոք ինչ-որ կերպ նպաստեցի՞ն դատավորների ավելի անկախ և կանխատեսելի դառնալուն: Ես նկատի ունեմ հատկապես բարոյական անկախությունը։
-Յուրաքանչյուր երկրում դատավորի անկախությունն առաջին հերթին կախված է տվյալ երկրի իշխանությունների իրական կամքից, դատավորի նյութական և իրավական պաշտպանվածությունից և մի շարք այլ պայմաններից, որոնց մասին արդեն վերևում ասվեց:
Ինչ վերաբերում է դատարաններին, ապա այն ժամանակ իսկապես շենքային պայմանները ծայրահեղ անմխիթար վիճակում էին, դրանք վերականգնվեցին Եվրամիության տրամադրած գումարներով։ Անվիճելի է, որ արդարադատությունը պետք է բարվոք շենքային պայմաններում իրականացվի։ Եվրամիությունը նաև պահանջեց, որ բարձրացվեն դատավորների աշխատավարձերը, քանզի «էժան» արդարադատություն պարզապես չի լինում: Եթե մարդը լուրջ և ծանր հիվանդություններով է տառապում, էժանագին բուժումը նրան չի փրկի: Եթե պետությունը հիվանդ է, նախ պետք է բուժվի, հակառակ պարագայում ոչ մի գույնզգույն գաղափար կամ կարգախոս չի օգնի, անգամ ամենաարժանահավատ սուտը: Սուտը ստով չեն բուժում: Չի կարող պետությունը հիվանդ լինել, բայց առողջ արդարադատություն կամ պետական համակարգ ունենալ: Չի կարող տվյալ երկրի ընդհանուր կենսամակարդակը ցածր լինել, բայց երկիրն ունենա առողջ արդարադատության համակարգ:
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ դատական համակարգում, այնուամենայնիվ, էական դեր ունեցավ եվրոպական միջամտությունը, և դա ինչ-որ կերպ նպաստեց դատավորների անկախությանը։
-Դժվարանում եմ միանշանակ պատասխանել այդ հարցին: Բայց փաստենք, որ կան դատավորներ, որոնք փորձում են սեփական «կամքով» հեռու մնալ կոռուպցիոն ռիսկերից, զանազան ճնշումներից, միջամտություններից և որոշակի անկախություն դրսևորել: Թե որքանով է դա հաջողվում ընդհանրապես, ցավոք, մխիթարական ոչինչ չեմ կարող ասել: Բայց մի բան ակնհայտ է՝ այդ իրավիճակի համար, առաջին հերթին, պատախանատվություն է կրում պետությունը:

«ԵՐԲԵՄՆ ԴԱՏԱՎՈՐՆ ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ԱՆՀԱՐՄԱՐ Է ԶԳՈՒՄ ԻՐ ԿԱՅԱՑՐԱԾ ՎՃՌԻՑ»


-Համաձայնեք, որ դատական համակարգը, այնուամենայնիվ, չի վայելում ժողովրդի վստահությունը։
-Չեմ կարծում, որ դրա հիմնավորման համար ապացույցներ են անհրաժեշտ: Միայն դատական համակարգի փոփոխման վերաբերյալ ծրագրային կարգախոսներով խնդիրներն ինքնին լուծում չեն ստանա: Առանց համապարփակ, լուրջ ու խորքային բարեփոխումների, դրական առումով, հարցերի լուծման ակնկալիք պետք չէ փայփայել: Չկայացած դատական համակարգը բավականին բացասական ազդեցություն է ունենում հասարակական բոլոր հարաբերությունների վրա` ընդգծված անվստահություն պետության նկատմամբ, համատարած ֆրուստրացիա (խաբեություն և անհուսություն), լուրջ խնդիրներ՝ բիզնեսի և ներդրումների ոլորտներում, արտագաղթ, հասարակական դեպրեսիա, իրավական պաշտպանվածության նկատմամբ թերարժեքության զգացողություն, անօրինականության ու անպատժելիության մթնոլորտի խորացում: Վտանգվում է պետության զարգացման ընթացքը, մարդկային դաժանություններն է՛լ ավելի ցայտուն են դառնում՝ հանգեցնելով բարոյականության և ազգային արժեհամակարգի արժեզրկմանը, արդարության գաղափարի փոշիացմանը: Վերջին հաշվով, արդարադատության համակարգը վերածվում է խրթին և օտարածին կառույցի:
-Փաստաբանների պալատի շենքը Զաքյան փողոցում ուղղակի աչք է շոյում, մայրաքաղաքում հազվադեպ կարող ես հանդիպել ավանդական շենքերի նման արդիականացման։ Սա շենքի տպավորությունն է, իսկ պալատն իր «տեղո՞ւմ» է։
-Կարծում եմ՝ փաստաբանների գործունեությունը կարևորագույն դերակատարում ունի յուրաքանչյուր երկրում, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Փաստաբանական համակարգը չափազանց կարևոր կառույց է, անկախ նրանից, որ փաստաբանական գործունեություններում առկա են նաև բազմաթիվ թերություններ: Պետական պաշտոնյաների անօրինական գործունեությունից հասարակության, քաղաքացիների պաշտպանության հիմնական բեռը, այնուամենայնիվ, կրում են փաստաբանները, այնպես որ պետք է հարգանքով վերաբերվել բավականին ծանր ու երբեմն անշնորհակալ բեռը քաշող փաստաբանական բանակի գործունեությանը: Այդ աշխատանքի արդյունքում երբեմն փաստաբանները ակամայից հայտնվում են մեծ ճնշումների տակ, անցանկալի իրավիճակներում, անգամ քրեական հետապնդումների ծուղակում: Հենց փաստաբանների վրա է ծանրացած քննիչից, դատախազից, դատավորից, պետական և այլ կարգի պաշտոնյաների անօրինականություններից օրենքի պաշտպանումը: Հարգանք ու պատիվ այն փաստաբաններին, որ, անկախ ամեն ինչից, մնում են անկոտրում, անդավաճան ու հավատարիմ իրենց առաքելությանը:
-Հայաստանում դատական համակարգը, այնուամենայնիվ, անկա՞խ է, թե՞ ոչ։
-Այն իրականում անկախ չէ, քանի որ մենք ունենք պետականություն, սակայն, ցավոք, չունենք կայացած պետություն։ Սա ակնհայտ է։ Առաջին հերթին պետությունն է պարտավոր ապահովել, որ դատավորները լինեն օրենքով ամրագրված անկախության տիրույթում, դրան զուգահեռ, հենց օրենքով սահմանված կարգով խիստ պատասխանատվություն կրեն` թույլ տված չարաշահումների, անարդարությունների և ապօրինությունների համար: Ցավոք, ո՛չ առաջինը կա, ո՛չ երկրորդը, սակայն ներկա գործընթացները, թեկուզ աննկատ, այնուամենայնիվ, հուսադրող են:


Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ