Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Վրեժն ինքնուրույնություն ունեցող, աշխարհին բան ասող տեսակ է»

«Վրեժն ինքնուրույնություն ունեցող, աշխարհին բան  ասող տեսակ է»
21.10.2016 | 10:53

Երևանի Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ «Տարոնականչ» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։


«Մենք գիտենք, որ դրախտը Տարոն աշխարհում է եղել, Տարոնը եղել է աշխարհի սկիզբը, Մհերի դռան վայրը...- ասաց գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:- Տարոն աշխարհից են Նարեկացին, Խորենացին ու այդպես շարունակաբար, մինչև Թումանյան: Այստեղ` դահլիճում, շատ հզոր տարոնցիներ են նստած: Ինքս էլ այդ աշխարհի ծնունդ եմ, ու իմ խոսքը պետք է շատ զգուշավոր լինի, որովհետև տարոնցին ոչ միայն իր արարքների, նաև իր բառի նկատմամբ պատասխանատվություն ունի»:
Հասմիկ Կարապետյանը նշեց, որ Վրեժ Սարուխանյանը լրագրողի համառությամբ հավաքել է Տարոն աշխարհի պատմությունները և մեր սեղանին է դրել գեղարվեստական պատում` փաստավավերագրական հիմքով. «Երբ կարդացի «Էրգիր» բանաստեղծության «Էրգիրը աչքեր ունի, կապույտ են, բիբերը` սև» տողերը, հիշեցի իմ սասունցի մամիկին` իր կապույտ աչքերով: Այն բոլոր կարոտները, որ Վրեժը դրել է իր բանաստեղծության մեջ, ես տեսել եմ իմ մամիկի հայացքում: Ամեն առավոտ նա դեմքով դառնում էր դեպի Էրգիր ու իր աղոթքն էր անում: Պատմում էր, որ գաղթի ճանապարհին Լոռի են գնացել, հետո Լոռին թողել, եկել են Թալին: Երբ արդեն մեծ էի, հարցրի` Ջոջո (մամիկին այդպես են ասում սասունցիները), ծառ ու անտառ թողած ինչո՞ւ ես եկել այս քարուքռի մեջ, ասաց` լաո, էնտեղից Էրգիրը չերևեր»:


Գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ ընդգծեց, որ հայրենասիրության մասին գրելը հեշտ չէ. «Ինձ միշտ հետաքրքրել է, թե գրողն ինչպես է գրում, ոչ թե ինչի մասին է գրում: Ամեն հուզական բան հայրենասիրություն չէ, և Վրեժ Սարուխանյանը խույս է տվել դրանից: Մեր մեծ կորուստները ոչ թե հուզելու, այլ մեզ ամրացնելու, ապագան պահպանելու համար են»:


Բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նկատեց, որ մարդն ինչպես ապրում, այդպես էլ գրում է. «Տեսնում ենք գրականության մի տեսակ, որ բուսականություն է հիշեցնում, ապրում են չգիտես ոնց, ուզում են հերոսականացում գրել-պատկերել: Դա չի լինելու: Վրեժի մոտ կլինի, որովհետև իր զինվոր թոռնիկին հպարտորեն գրկում էր ու կանգնում սահմանին, իհարկե, տագնապներով: Ես էլ զինվորի հայր եմ, այդ տագնապներն ապրում էի, բայց մտածում էի` եթե ծանոթով տուն բերեմ, հետո ո՞նց նայենք հայրենիքի աչքերին: Վրեժը ինքնուրույնություն ունեցող, աշխարհին բան ասող տեսակ է: Մեր հոգեղեն հայրենիքը շատ ավելի մեծ է, քան այս առարկայականը, որ ունենք: Ես հավատում եմ, որ «Տարոնականչն» այն ազդակներից մեկն է, որ պիտի մեզ անընդհատ մղի դեպի մեծ հայրենիք ունենալը: Էրգիրը մենք զոռով չենք պահում, մեզ հետ, մեր մեջ է լցված, կարոտ է, որ մենք ապրում ենք, վերապրում ենք»:


Խոսք ասացին գրողի հարազատները, ընկերները, նրանց թվում` գրողներ, պատմաբաններ, լրագրողներ։
Միջոցառումը ծաղկեցրեց «Տարոն» ազգագրական երգի-պարի համույթը: Սասնա երգեր հնչեցրին գուսան Հայկազը, Ներսիկ Իսպիրյանը, աշուղ Ռազմարը:
Վրեժ Սարուխանյանն իր երախտագիտությունը հայտնեց գրքի հովանավորին` «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանին, սիրտը վիրահատող բժշկին, իր հայրենակցին` Գագիկ Հեբոյանին: Նշեց նաև, որ իր հերոսները հորինված մարդիկ չեն, իրական կյանքի մարդիկ են, մի քանիսի ազգականները, թոռները ներկա էի ցերեկույթին: «Շնորհակալ եմ, որ հարգեցիք գիր ու գրականությունը, Տարոն աշխարհի պատմությունը, Էրգրի թեման, ձեր մեջ կա տարոնականչ, և այդ կանչով եկաք այստեղ»,- միջոցառմանը ներկա հյուրերին դիմեց Վրեժ Սարուխանյանը:
Հեղինակը գիրքը նվիրել է բոլոր ժամանակների հայոց զինվորին:


«Տարոնականչը» հեղինակի նախորդ գրքի` «Էրգրականչի» թեմատիկ-գաղափարական շարունակությունն է: Ժողովածուի պատմվածքները նախապես տպագրվել են «Իրատես» թերթում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ