Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մանչեստր Սիթին» «Բարսելոնին» զույգ չէ

«Մանչեստր Սիթին»  «Բարսելոնին» զույգ չէ
21.10.2016 | 11:00

Կայացավ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը: Խմբայիններում մրցելույթներն անկորուստ շարունակողների թիվը նվազեց ևս մեկով: Պարտություն ասվածը չճաշակածներն ընդամենը երեքն են՝ «Բարսելոնը», «Աթլետիկոն» ու «Լեստերը», որը, խոստովանենք, ապօրինի զավակի համառությամբ է գոյատևում իսպանական գրանդ ակումբների տանդեմում:

E ԽՈՒՄԲ


Երկու մրցակցությունում էլ՝ ԲԿՄԱ-«Մոնակո», «Բայեր»-«Տոտենհեմ», գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Միակ տարբերությունն այն էր, որ առաջինում կողմերը գոնե մեկական գոլ փոխանակեցին: Բնականաբար, այս հանդիպումները խմբայինում թիմերի դասավորության մեջ ոչ մի փոփոխություն չմտցրին, պարզապես մեկականով ավելացան ունեցած միավորները: Հինգ միավոր ունեցող «Մոնակոյին» մեկական միավոր նվազողականով հետևում են «Տոտենհեմը», «Բայերն» ու ԲԿՄԱ-ն:

F ԽՈՒՄԲ


Եթե այստեղ կա մեկը, որ կարող է առաջին երկու տեղի համար քիչ թե շատ մրցակից լինել Մադրիդի «Ռեալին» ու Դորտմունդի «Բորուսիային», դա Լիսաբոնի «Սպորտինգն» է, որը երրորդ տուրում հյուրընկալել էր գերմանացիներին: Սակայն վերջիններս պորտուգալացիներին առարկայնորեն ցույց տվեցին, որ զիջող կողմ չեն լինելու (1:2), ու, ամենայն հավանականությամբ, «Սպորտինգը» երրորդ տեղից վեր չի էլ բարձրանա: Ինչ վերաբերում է «արքայականին», լեհական «Լեգիայի» նկատմամբ նրա հաղթանակն անտարակուսելի էր, խնդիրը վերաբերում էր ինչ հաշվով հաղթելուն: Ի վերջո կանգնեց խփած հինգ ու բաց թողած մեկ գնդակի տարբերակի վրա և «Բորուսիայի» հետ ունի յոթ միավոր:

G ԽՈՒՄԲ


Որքան վատ են Անգլիայի գործող չեմպիոնի գործերը ներքին առաջնությունում, նույնքան լավ են Չեմպիոնների լիգայում: Գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ռանիերին մտադրված է անակնկալ մատուցելու եվրոպական այս հեղինակավոր խաղարկությունում: Համենայն դեպս, խմբային փուլում «Լեստերի» համար առայժմ ամեն ինչ հալած յուղի պես է գնում. երրորդ անընդմեջ հաղթանակն այս անգամ «Կոպենհագենի» հետ դիմակայությունում էր՝ 1:0:
Խմբայինում վիճակը որոշակիորեն շտկեց «Պորտուն»՝ վերջին վայրկյաններին ստիպելով անձնատուր լինել «Բրյուգեին», որը հանդիպումը բավական ակտիվ էր սկսել ու անգամ հաղթում էր 1:0 հաշվով: Կամային այս հաղթանակը պորտուգալացիներին միավորներով (չորս) հավասարեցրեց դանիական «Կոպենհագենին»:

H ԽՈՒՄԲ


Հանդիպման ընթացքում թուրինցիների տասը հոգով մնալը «ծեր սինյորային» դասեր տալու փառահեղ հնարավորություն ընձեռեց «Լիոնին», սակայն ֆանտաստիկ Բուֆոնը պարզապես անխոցելի էր մեկը մեկից աներևակայելի իր սեյվերով: Վերջապես հասկանալով, որ ամոթն էլ լավ բան է, նրա թիմակիցները հիշեցին գոլ խփելու իրենց պարտականության մասին: Ճիշտ է, դա հաջողվեց անել ընդամենը մեկ անգամ, սակայն այդ մեկն էլ բավարար էր Ֆրանսիայից երեք միավորով վերադառնալու համար: Նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց և «Սևիլիան». հաղթանակը խմբայինում ոչ մի միավոր չվաստակած Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ էր: «Լիոնն» ունի երեք միավոր, իսկ աղյուսակի գլխամասում յոթական միավորով «Յուվենտուսն» ու «Սևիլիան» են:

A ԽՈՒՄԲ


«Պարի Սեն Ժերմեն»-«Բազել», «Արսենալ»-«Լուդոգորեց» դիմակայություններում, նկատի ունենալով կողմերի ուժերի հարաբերակցությունը, ամեն ինչ կանխորոշված էր նախապես, և պարզապես պիտի հրաշք տեղի ունենար, որ տանտերերը միավորներ կորցնեին: Հրաշքը տեղի չունեցավ: Փարիզցիները հաղթեցին 3:0, լոնդոնցիները՝ 6:0 հաշվով, ու յոթական միավորով գլխավորում են խմբայինը: Ակնհայտ է, որ այստեղ «Բազելն» ու «Լուդոգորեցը» հանդես են գալիս առաջին երկուսին միավոր մատակարարողի դերում ու թե հարց էլ ունեն որոշելու, որոշելու են ընդամենը իրար մեջ (երկուսն էլ ունեն մեկական միավոր): Խոսքը խմբային երրորդ տեղի մասին է:

B ԽՈՒՄԲ


Հաղթեր «Նապոլին» «Բեշիկթաշին», փաստացի լուծած կլիներ փլեյ օֆ դուրս գալու խնդիրը: Կրկնում ենք՝ հաղթեր: Իսկ իրականում ի՞նչ արեցին նեապոլցիները: Հանդիպման հաշիվը հավասարեցնելու համար ողջ խաղի ընթացքում վազեցին թուրքերի հետևից, նույնիսկ երկու անգամ հաջողեցին, սակայն երրորդ անգամ չստացվեց: Արդյունքում՝ պարտություն 2:3 հաշվով ու մրցաշարային աղյուսակում բազում հարցականներով իրավիճակ, թեպետ նախորդ երկու տուրերի հաղթանակները նրանց դեռևս պահպանում են առաջին հորիզոնականում: «Բեշիկթաշի» համեմատ շատ ավելի շահեկան վիճակում էր «Բենֆիկան», որը թեպետ նույնպես արտագնա հանդիպում էր անցկացնում, սակայն մրցակիցը՝ Զագրեբի «Դինամոն», բնականաբար, «Նապոլի» չէր: Երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթանակը պորտուգալացիների միավորների թիվը հասցրեց չորսի, ինչը մեկնարկային անհամեմատ շահավետ հենակետ է ոչ միայն «Բեշիկթաշի», այլև «Նապոլիի» հետ խմբային երկու ուղեգրերից մեկին տիրանալու համար:

C ԽՈՒՄԲ


Ոչ միայն խմբայինի, այլև հանուրի մեջ տուրի թիվ մեկ հայտագիրն ունեցող «Բարսելոն»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունը սկզբունքորեն չստացվեց, թեպետ հանդիպումը բոլոր չափորոշիչներով համապատասխանում էր դիտարժան ֆուտբոլին ներկայացվող պահանջներին: Ասում ենք՝ չստացվեց, որովհետև «Բարսելոնը» պարզապես ֆանտաստիկ էր, իսկ Մեսին ֆանտաստիկից ֆանտաստիկ էր: Երեք գոլ հեղինակած ֆուտբոլային կախարդը չորրորդն էլ իր թիմին նվեր արեց վաստակած տասնմեկմետրանոցի տեսքով, ու բնավ նրա մեղքը չէր, որ Նեյմարն անկարող եղավ դարպասը գրավելու: Սակայն Մեսին խաղընկերոջը մեծահոգաբար ևս մեկ հնարավորություն ընձեռեց, իսկ նման փոխանցումը գոլի չվերածելն արդեն նման կլիներ... Որակումն ինքներդ տվեք: Ինչևէ, չորս անպատասխան գնդակով հաղթանակ, ու Գվարդիոլան գլխահակ է հեռանում այն մարզադաշտից, որտեղ տարիներ շարունակ բազում հաղթանակներ է տոնել այն թիմի հետ, որն այդպես դաժանորեն պատժեց նրա ներկայիս ակումբին: «Մանչեստր Սիթին» այս պարտությունից հետո արդեն ամբողջ հինգ միավորով է հետ մնում ինը միավոր ունեցող «Բարսելոնից», իսկ «Սելտիկի» նկատմամբ հաղթանակից հետո (2:0) երեք միավորով նրա պոչին նստեց Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որը, հակված չեմ կարծելու, թե երկրորդ ուղեգրի համար պայքարում կարող է մրցակից լինել Գվարդիոլայի սաներին:

D ԽՈՒՄԲ


Թեպետ հաղթանակը նվազագույն հաշվով էր, այդուհանդերձ, «Աթլետիկոն» հերթական երեք միավորով հեռացավ Ռոստովից ու ինը միավորով միանձնյա գլխավորում է խմբային աղյուսակը: Հաղթական հանդիպում ունեցավ նաև «Բավարիան»՝ 4:1 հաշվով համոզիչ առավելության հասնելով «Էյնդհովենի» նկատմամբ: Մյունխենցիներն ունեն վեց միավոր: Նրանք երկրորդ հորիզոնականում են, և նրանց, ինչպես և «Աթլետիկոյին», ոչինչ չի խանգարում հայտնվելու փլեյ օֆում: Հոլանդացիների ու ռուսների ունեցածն ընդամենը մեկական միավոր է:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ