ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Մարդիկ ժպտալով են նայում ներկայացումը, և դա է ամենահաճելին ինձ համար»

«Մարդիկ ժպտալով են նայում ներկայացումը, և դա է ամենահաճելին ինձ համար»
21.10.2016 | 12:20

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի բեմում պրեմիերա էր: Ֆրանսահայ բեմադրիչ, դերասան ԺԻՐԱՅՐ ՓԱՓԱԶՅԱՆԸ հանդիսատեսի դատին հանձնեց Սաշա Գիթրիի «Արի երազենք» պիեսը: Դերերում` Նարինե Գրիգորյան, Արման Նավասարդյան, Մխիթար Ավետիսյան, Նարեկ Բաղդասարյան: Ֆրանսիացի դրամատուրգի հանրահայտ պիեսը Հայաստանում բեմադրվում է առաջին անգամ: Սա նաև Ժիրայր Փափազյանի առաջին բեմադրությունն է հայ թատրոնի բեմում: «Իրատեսի» հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ Հայաստան է եկել Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հրավերով:


-Երբ Վարդանն ասաց, որ տիպիկ ֆրանսիական ժանրի կատակերգություն է ուզում, ես Սաշա Գիթրիի մասին մտածեցի, որը Ֆրանսիայում համարվում է ամենաազգային դրամատուրգը, ամենաֆրանսիացին, կարող եմ ասել նույնիսկ՝ ամենափարիզցին: Սաշա Գիթրին ֆրանսիական դրամատուրգիայում նույնն է, ինչ երգարվեստում՝ Էդիտ Պիաֆը, Մորիս Շևալիեն: Ինձ համար ամենահետաքրքիր մարտահրավերն այն էր, թե ժանրային իմաստով, դերասանների հետ համատեղ, կկարողանա՞նք ստեղծել այնպիսի ներկայացում, որ տարբեր լինի երևանյան թատրոններում բեմադրվող կատակերգություններից:
-Հանդիսատեսի արձագանքը Ձեզ գոհացրե՞ց:
-Կարծում եմ` հանդիսատեսը հետաքրքրությամբ դիտեց: Ես չէի սպասում ծիծաղի, որովհետև այդ ժանրը չէ: Բայց տեսնում էի, որ մարդիկ ժպտալով են նայում ներկայացումը, ու դա էր ամենահաճելին ինձ համար: Ներկայացումից հետո մոտենում էին ինձ, ասում, որ հաճելի, բարի զգացողությամբ են դուրս գալիս դահլիճից: Սուր, վնասակար հումոր չկար, միտումնավոր ընտրել էինք թեթև ժանրի «երազային» կատակերգություն: Դա նաև Վարդանի ցանկությունն էր:
-«Արի երազենք» պիեսն ունի չորս գործողություն, վերջինը մենախոսություն է` հրաժեշտի նամակ, որը բեմադրության ժամանակ ռեժիսորները հանել են: Ինչո՞ւ որոշեցիք ներկայացնել պիեսի ավարտը` չորրորդ գործողությունը:
-Սա ֆրանսիական բեմի ամենասիրված գործերից է: Պրեմիերան տեղի է ունեցել 1916-ին` հարյուր տարի առաջ: Սաշա Գիթրին պիեսները գրում էր իր համար, ինքն էլ խաղացել է այս ներկայացման մեջ: Բազմաթիվ բեմադրություններ են եղել նաև նրա մահից հետո, բայց հիմնականում ներկայացրել են բուլվարային, թեթև ոճով և ավարտել երրորդ արարով, երբ կինը տղամարդուն ասում է` հիմա մեկ կյանքից ավելի լավ բան ունենք, երկու օր ունենք: Հանդիսատեսը ծիծաղում է, կինը ծիծաղում է, ու ավարտվում է ներկայացումը: Չորրորդ արարում Գիթրին զարմանալի կերպով բացահայտում է կանացի հոգեբանությունը: Այս դերը մարմնավորած դերասանուհիներն ասում են` այնպես է գրել, ասես կին է հեղինակը: Նախորդ արարներում կինը խաղալիք է, չորրորդ արարում կինը ճակատագիրն իր ձեռքն է վերցնում ու ինքն է որոշում` մնալու է սիրեկանի՞ մոտ, գնալու է ամուսնո՞ւ մոտ, թե՞ գնալու է, որ նորից վերադառնա: Բոլոր դեպքերում, ինքն է իր ճակատագրի տերը: Ինքնորոշման ուժն է: Դա ինձ համար ավելացնում է թատերգության արժեքը և դարձնում ավելի ակտուալ: Իրականում, եթե չորրորդ արարը չլիներ, ես այս գործը չէի բեմադրի: Կարծում եմ` ռեժիսորները չեն բեմադրում վերջին արարը, որովհետև վախենում են, որ այդքան ուրախ, թեթև ընթացքից հետո, անցնելով դրամատիկ տեսարանի, կարող են տապալել ներկայացումը: Մեծ դերասանուհի է պետք, որ, հակառակ ժանրային կտրուկ փոփոխությանը, կարողանա գրավել, պահել հանդիսատեսին: Նարինե Գրիգորյանը հենց այդ դերասանուհին է, առանց նրա այսքան հաջող չէր լինի ներկայացումը: Ես նույնիսկ կվարանեի` բեմադրե՞լ այն, թե՞ ոչ: Մխիթարը նույնպես մեծ ճիգ գործադրեց, դժվար էր երկրորդ արարի նրա մենախոսությունը: Արմանը փայլուն կատարեց իր դերը: Նարեկն իր հերթին շատ լավ կերպար ստեղծեց, չնայած փոքր էր դերը:
-Ներկայացումը դրսում ցուցադրելու մտադրություն ունե՞ք:
-Ֆրանսիայում, կարծում եմ, կներկայացնենք: Ֆրանսիացի գիտակ հանդիսատեսը պիտի զարմանա մի քիչ, տեսնելով, որ բարձրացրել ենք «Արի երազենք» պիեսի նիշը` բուլվարայինից կատակերգության նուրբ ժանր: Վստահ եմ, որ դերասաններին լավ կընդունեն: Կխաղան հայերեն՝ ֆրանսերեն սուբտիտրերով:
-Հայ համայնքին նո՞ւյնպես ներկայացվելու է: Այդ դեպքում թարգմանության կարիք էլ չի լինի:
-Ախր, ի՜նչ եք ասում, հայ համայնքի համար էլ սուբտիտրեր են պետք: Հայերեն հասկացող կա՞ այնտեղ: Չխոսե՛ք այդ մասին:
-Պարոն Փափազյան, ընդգրկուն իմաստով` «Արի երազենքը» սիրո՞, թե՞ բաժանման մասին է, երազանքի՞, թե՞ իրականության:
-Մարդկային նուրբ հարաբերությունների շատ հետաքրքիր առանցք է: Սերը, երջանկությունը, հավատարմությունը կարո՞ղ են զուգահեռ ընթանալ, թե՞ միայն կարելի է երազել այդ մասին: Հասարակությունը, օրենքները խափանում են երազները: Նաև նրբորեն բարձրացվում է կանանց իրավունքների խնդիրը, երբ տղամարդը, ամբողջ գիշեր դրսում անցկացնելուց հետո, կարող է արդարացում գտել, բայց կի՜նը... Ամուսնուն դավաճանող կնոջ արարքի մեջ նաև թաքնված վրեժ կա:
-Կնոջ և տղամարդու հավասարության խնդիրն այսօր այդքան ընդգծված չէ: Չե՞ք կարծում, որ այդ մտածողությունը հարյուր տարի առաջ էլ էր ավելի արդիական:
-Դժբախտաբար, շատ բան չի փոխվել, կամ շատ քիչ բան է փոխվել:
-Նոր ներկայացումներ նախատեսո՞ւմ եք բեմադրել Հայաստանում:
-Դրանք ֆինանսի հետ կապված հարցեր են: Շատ կուզենայինք շարունակել համագործակցությունը, բայց գոնե մեկ տարի պետք է անցնի: Համազգային թատրոնի համար շատ դժվար էր ու ծախսատար դրսից բեմադրիչ հրավիրելը: Ես Երևանում եմ սովորել, այստեղ շատ ընկերներ ունեմ, հրավերներ լինում են, բայց իրագործելը դժվար է:
-Դուք մեծածավալ աշխատանք եք իրականացնում դրսում` առանցքում ունենալով հայ մշակույթի պրոպագանդումը: Խաղում եք թատրոնում, նկարահանվում ֆիլմերում, բեմադրում եք պիեսներ, օպերաներ, սցենարներ ու թատերագիտական հոդվածներ եք գրում, թարգմանչությամբ եք զբաղվում, դասախոսում: Առաջնայինը Ձեզ համար ո՞րն է:
-Առաջինը` դերասանությունը: Կինոյին «ոչ» չեմ ասում, բայց թատրոնը, բեմը, հանդիսատեսի առաջ կանգնելն ամենասիրածս բանն են: Երկրորդը թատերագիտությունն է` հայկական իմաստով: Ակադեմիական աշխատանք եմ անում` անդրադառնալով հայ թատրոնի, հայ օպերայի պատմությանը: Եթե մի օր թողնեմ բեմը, կնվիրվեմ թատերագիտությանը` իբրև գիտաշխատող։
-Ի՞նչ կասեք զրույցի վերջում:
-Այստեղ տեսնում եմ մի սերունդ, որ աշխատում է և մտածում` չտարբերվելով դրսի աշխարհից: Խորհրդային մտածողությունը, աշխատելակերպն աստիճանաբար վերանում են, դրա համար էլ ես կարողացա թատրոնի դերասանների, Վարդանի պես երիտասարդ տնօրենի հետ այսքան արդյունավետ աշխատել: Նախորդ սերնդի մասին նույնը չէի ասի: Մշակութային մտածողության շատ մեծ տարբերություն կար: Դժվար էր նրանց հետ լեզու գտնելը:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ