Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիան ուզում է պաշտպանել Սիրիայի հյուսիսն ու Իրաքը՝ իր «հետնաբակերը»

Թուրքիան ուզում է պաշտպանել Սիրիայի հյուսիսն ու Իրաքը՝ իր «հետնաբակերը»
22.10.2016 | 11:14

Մոսուլի համար մարտերը Իրաքում նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի «նեոօսմանյան» քաղաքականության փորձությունն են՝ գրում է Մարի Ժեգոն Le Monde-ում: Նյարդային, որ իր երկիրը դուրս է մնում Իրաքի հյուսիսի մեծ քաղաքում ընթացող ռազմական գործողություններից, որոնց նպատակը ԻՊ-ի ջիհադիստներից քաղաքն ազատագրելն է, Թուրքիայի նախագահը խոստացավ գործել: «Մենք չենք սպասի, որ խնդիրները գան ու մեր դուռը թակեն, որ ահաբեկիչները մտնեն մեր տարածքները: Մենք կգնանք նրանց հետ կռվելու այնտեղ, որտեղ նրանք հիմա գտնվում են»՝ հայտարարեց նա: Էրդողանը իրեն ներկայացնում է իբրև «արաբ սուննի եղբայրների» և Իրաքի «թուրքմեն եղբայրների» պաշտպան: Մի քանի օրում երկրորդ անգամ քննադատվեց 1923-ի Լոզանի խաղաղության պայմանագիրը, որ ստորագրել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր հայրերը: «Թուրքիան չի կարող մնալ այդ ստատուս քվոյում: Կամ մենք կհաղթենք մեր քաղաքականության շնորհիվ, կամ մենք կդատապարտվենք սահմանափակումների»՝ ասաց Թուրքիայի նախագահը:


Իլնուր Չևիկը՝ իշխանամետ Sabah-ի սյունակագիրը և նախագահի խորհրդականը, հոկտեմբերի 2-ին իր սյունակում գրեց. «Իրաքի հյուսիսը և Սիրիան մեր հետնաբակերն են»: Նա օրինակ է բերել Ռուսաստանին, որ բոլորին պարտադրում է գաղափարը, թե հետխորհրդային տարածքն իր բնական ազդեցության գոտին է: Կայսերական նախկին տարածքների վերահսկողության իրավունքի հավակնությունները «նեոօսմանյան» արտաքին քաղաքականության առանցքն էին, որին ձգտում էր նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նա վարչպետը չէ 2016-ի մայիսից, բայց նրա գաղափարները մնում են: Շտապ հաշտվելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պատրաստ է խաղարկել Իրաքում թուրքմենների ու սուննիների պաշտպանության խաղաքարտը՝ Մոսկվայի նման, որ արդարացնում է Ղրիմի անեքսիան և ՈՒկրաինայի արևելյան շրջաններ ներխուժումը սպառնալիքի տակ հայտնված ռուսալեզու բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ: Իրաքյան Էրբիլում Թուրքիայի նախկին հյուպատոս Այդին Սելչենի խոսքով՝ «Էրդողանը տեսնում է, որ Պուտինն ու Ասադը գործում են, տեսնում է, որ միջազգային հանրությունը լռում է ու ինքն իրեն հարցնում է. «Ինչո՞ւ ոչ ես»:
Մարի ԺԵԳՈ, Le Monde


Հ.Գ. Նեոօսմանյան քաղաքականությունը կյանքի կոչելուց բացի՝ Թուրքիայի նախագահը վախենում է Թուրքիայի Հանրապետության մասնատումից, և նրա նպատակն է կանխել Քրդական պետության ստեղծումը Թուրքիայի ներկա տարածքում, այդ նպատակի համար Էրդողանը ոչինչ չի խնայի:


BBC-ին գրել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարտերը խոստացել է համոզել Անկարային՝ հարգել Իրաքի ինքնիշխանությունը իր այցի ընթացքում Թուրքիա, որ մտադիր է մասնակցել Մոսուլի ազատագրմանը ԻՊ-ի զինյալներից հակառակ Բաղդադի բողոքների: Քարտերը հրաժարվեց պատասխանել լրագրողների ուղիղ հարցին՝ պե՞տք է թույլ տալ Թուրքիային մասնակցել ռազմական գործողություններին Իրաքի տարածքում: Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ այդ հարցին պետք է Բաղդադը պատասխանի: «Իհարկե, մենք այդ հարցը կքննարկենք: Իհարկե, դա շատ նուրբ հարց է: Եվ մենք, և մեր ղեկավարած կոալիցիան իր գործողություններում ելնում է Իրաքի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից: Դա շատ կարևոր սկզբունք է»՝ մեջբերել է Քարտերի խոսքերը Ռեյտերը: Քարտերը չի մեկնաբանել ավիահարվածը, որ ենթադրաբար Թուրքիան է հասցրել Սիրիայի հյուսիսի քրդերի ջոկատին, որ ԱՄՆ-ի աջակցությունը ունեցող զինված խմբավորումների դաշնակիցն են: Թուրքիան նախկինում իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ի համագործակցությունից քրդական ջոկատների հետ, որ կռվում են Սիրիայի զինյալների դեմ: Լրագրողների հետ զրույցում Քարտերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիային, և Իրաքին համարում է իր դաշնակիցներ և «մոտ բարեկամներ»: «Մենք ուզում ենք, որ ամեն ինչ կենտրոնանա մեր գլխավոր խնդրի վրա՝ զինյալների դեմ պայքարի»՝ ասել է նա:


Անկարայի ու Բաղդադի միջև լուրջ տարաձայնություններ կան Մոսուլից ոչ հեռու գտնվող Բաշիկի նախապատրաստական ճամբարում թուրքական ռազմական ստորաբաժանումների տեղակայման հարցում: Թուրքիայի ու Իրաքի իշխանությունները չեն կարողանում պայմանավորվել՝ ով պետք է մասնակցի և ով չպետք է մասնակցի Մոսուլի գրոհին, որ նախկինում եղել է Օսմանյան կայսրության տարածք և Անկարան մինչև այժմ համարում է իր ազդեցության գոտի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը արդեն բարձրաձայնել է իր դժգոհությունը Մոսուլի ազատագրման մարտերից իր երկրի մեկուսացման փաստից: Էրդողանն արդեն հատարարել է, որ Թուրքիան ոչ միայն իր 79 միլիոն քաղաքացիներն են, այլև այլ պետություններում ու տարածաշրջաններում ապրող հարյուր հազարավորները, որ հոգեպես ու պատմականորեն կապված են Թուրքիային: Կիպրոսը, Էգեյան կղզիները, սիրիական Հալեպը, վրացական Բաթումը, բուլղարական Վառնան և այլ քաղաքներ այն տարածքներն են, որ Էրդողանը փաստացի համարել է իր ազդեցության գոտի: Թուրքիան «իրենն» է համարում և հիմնականում սուննիներով բնակեցված Մոսուլը: Էրդողանն արդեն հայտարարել է, որ քաղաքի գրավումը Իրաքի հիմնականում շիական զորքերով կարող է քաղաքում միջկրոնական կոնֆլիկտի հանգեցնել: Հիմա թուրքական զորքերը Մոսուլից 20 կիլոմետրի հեռավորության վրա են՝ հակառակ անհապաղ իր տարածքից հեռանալու Բաղդադի պահանջի: Էրդողանը պնդում է, որ Թուրքիան իրավունք ունի սպառնալիքի դեմ պայքարել իր սահմանների մոտ: Ռեյտերի զրուցակիցը անանուն մնալու պայմանով փոխանցել է, որ Պենտագոնն ընդունում է Թուրքիայի որոշ տագնապների հիմնավորվածությունը, բայց ընդգծում է, որ օտարերկրյա բանակները Իրաքում կարող են գործել միայն Բաղդադի համաձայնությամբ: «Նրանք մեր երկու մերձավոր բարեկամներն են,- հայտարարել է Քարտերը՝ նկատի ունենալով Թուրքիային ու Իրաքին:- Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է: Եվ մենք ուզում ենք, որ ամեն ինչ կենտրոնանա մեկ հիմնական խնդրի վրա՝ հաղթել ԻՊ-ին, որ սպառնալիք է բոլորի համար»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ