Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ստեֆան Վիսկոնտի, ու ի՞նչ

Ստեֆան Վիսկոնտի, ու ի՞նչ
22.10.2016 | 21:11

Հոկտեմբերի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նորից գալիս են տարածաշրջան՝ նախ Բաքու, հետո Երևան։ Այցի առանձնահատկությունը՝ Ֆրանսիան Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել՝ 2014-ից համանախագահող Պիեռ Անդրիոյին փոխարինել է Ստեֆան Վիսկոնտին:

Ո՞վ է նոր համանախագահը, ում նշանակումը հաստատել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, վարչապետ Մանուել Վալսը, ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն, միաժամանակ նշանակելով Արևելյան գործընկերության և Սևծովյան տարածաշրջանի ԵՄ դեսպան: Ծնվել է Փարիզում, 1962-ի հոկտեմբերի 4-ին, ավարտելով Գործարար վարչարարության ֆրանսիական բարձրագույն դպրոցը՝ դարձել է արտաքին գործերի 1-ին դասի խորհրդական: Մասնագիտական գործունեությունը սկսել է Կանադայում՝ իբրև Ֆրանսիայի հյուպատոսության էկոնոմիկայի գծով ատաշե Վանկուվերում: 1987-1989-ին եղել է ԱՄՆ կոնսալտինգային Booz Allen ընկերության տնտեսական ու ֆինանսական հարցերով խորհրդական, 1989-1994-ին եղել է Club Med զբոսաշրջային ընկերության միջազգային զարգացման գծով տնօրեն: 1994-ից աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում, 1998-ին դարձել է Ֆրանսիայի վարչապետ Լիոնել Ժոսպենի դիվանագիտական հարցերով խորհրդական: 2002-ին Ստեֆան Վիսկոնտին նշանակվել է Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում:

2013-ի մարտի 12-ից նշանակվել է Ֆրանսիայի դեսպան Լատվիայում: Հիանալի խոհարար է, կատակում է, որ ֆրանսիացիները նախ սովորում են խոհարարություն, հետո խոսել, խոսում է ոչ միայն ֆրանսերեն, այլև՝ ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, շվեդերեն, թուրքերեն, վրացերեն: Նախնիներն ապրել են Լիմուզենում և Էլզաս-Լոթարինգիայում, հայրը ազատ խոսել է գերմաներեն և երեք որդիներին հորդորել սովորել գերմաներեն ու ռուսերեն՝ համոզված, որ այդ լեզուները ուղեգիր են մեծ աշխարհ: Վիսկոնտին կարծում է, որ լեզվի իմացությունը ազատություն է տալիս: Լատվիայում դեսպանության օրերին նա սկսել էր լատվիերեն սովորել՝ Լատվիան լավ հասկանալու համար:


Համանախագոհող երկրները սովորաբար երկու-երեք տարին մեկ փոխում են իրենց համանախագահներին և միշտ չէ, որ դա նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբում այդ երկրի գործունեության ակտիվացում: Պիեռ Անդրիոն «լուռ» համանախագահ էր, եթե համեմատենք նրա գործունեությունը ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հետ, որ, ի տարբերություն Պիեռ Անդրիոյի և ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի, տարածաշրջանային այցերը, հանդիպումները, քննարկումները, հայտարարությունները զուգահեռում է Թվիթերում գրառումներով, հարցազրույցներով ու ելույթներով: Նշանակո՞ւմ է ֆրանսիացի համանախագահի փոխարինումը Ֆրանսիայի ակտիվացում Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Լո՞ւռ», թե՞ «խոսող» համանախագահ է լինելու Ստեֆան Վիսկոնտին: Դատելով միջազգային ասպարեզում Ֆրանսիայի դերի ակտիվացումից՝ նա կփորձի ուժեղացնել Ֆրանսիայի դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ֆրանսուա Օլանդը նախագահական առաջին ժամկետն ավարտում է, 2017-ին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են և Օլանդը պետք է ներքին ու արտաքին քաղաքականության մեջ իր հաջողությունների ամրագրման հենքի վրա ֆրանսիացիներին նորից առաջարկի իրեն նախագահ ընտրել:

Կա՞ն ներքին հաջողություններ, թերևս ոչ այնքան, եթե Օլանդը համարվում է Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության ամենացածր վարկանիշային ռեկորդներ գրանցած նախագահը, նրա վարկանիշը բարձրացավ Փարիզում ահաբեկչության օրերին միայն, որը իրավիճակային բարձրացում էր և չէր արտահայտում ֆրանսիացիների վերաբերմունքը նրա բարեփոխումներին: Ֆրանսուա Օլանդին չհաջողվեց կատարել գլխավոր նախընտրական խոստումը՝ նվազեցնել գործազրկությունը, իսկ հարկերի մեծացումը, որ նրա կառավարությունը հաջողությամբ կատարում է, ընտրողներին հազիվ թե տրամադրի երկրորդ անգամ նրան ձայն տալ: Բոլոր դեպքերում՝ Ֆրանսուա Օլանդին պետք են միջազգային ասպարեզում Ֆրանսիայի դիրքերն ամրապնդող քայլեր, բացի ՈՒկրաինայում (Օլանդը, Մերկելը, Պուտինը, Պորոշենկոն վերջերս Բեռլինում նորից հանդիպեցին ՈՒկրաինայում հրադադարի հաստատման հարցով) ու Սիրիայում (Ֆրանսիան ներգրավված է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի կազմում) իրավիճակի փոփոխությունից, նրան պետք է որոշակի քայլեր ձեռնարկել Ղարաբաղի կոնֆլիկտում: Ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագծի ընդունումը խորհրդարանական մակարդակով՝ այդ քայլերից մեկն է: Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո նախատեսվում էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում, որ ոչ միայն տարբեր իրադարձություններ (Նիսի ահաբեկչությունը Ֆրանսիայում, «Սասնա ծռերը» Երևանում, Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացումը և Սիրիայի հարցը միջազգային օրակարգի թիվ մեկ հարց դառնալը, պետական հեղաշրջման փորձը Թուրքիայում, սահմանադրական հանրաքվեի նախապատրաստումը Ադրբեջանում, ԱՄՆ նախագահական ընտրությունների ընտրարշավը) կանխեցին, այլև՝ հանդիպման օրակարգի հարցում համաձայնության չգալու պարագան: Ամբողջ ընթացքում Փարիզը վերահաստատել է հանդիպման կազմակերպչի իր հանձնառությունը (վերջին անգամ՝ Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձում Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով՝ սեպտեմբերի 21-ին):

Ստեֆան Վիսկոնտին դառնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ բարդ ժամանակներում, երբ, մի կողմից, կա ստատուս քվոն պահպանելու ձգտում, մյուս կողմից՝ Ադրբեջանը իր հայտարարություններով անիմաստ է դարձնում բանակցությունները: Նախապայմանային բանակցությունների սահմաններից Բաքուն չի ցանկանում դուրս գալ: ՄԱԿ-ի ԱԽ անցյալ դարում ընդունված չորս բանաձևերից կառչած՝ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարեց, որ Բաքվի առավելագույն փոխզիջումը ԼՂ-ի ինքնավարությունն է Ադրբեջանի կազմում: Ի՞նչ կարող են ու ի՞նչ պետք է անեն համանախագահները՝ կանխելու պատերազմի հավանականությունը, որի մասին նորից սկսել է խոսել Իլհամ Ալիևը: ՈՒնի՞ Ֆրանսիան առաջարկներ կամ լծակներ Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բաքվից ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գալու են Երևան: Թեպետ բանակցությունների բովանդակությունը երբեք չի բացահայտվում և մշտապես արվում են դիվանագիտական անորոշ ձևակերպումներով հայտարարություններ՝ հազվադեպ միայն հասցեական ուղերձներով, արդեն այս օրերին Ստեֆան Վիսկոնտին հնարավորություն ունի իր երկրի և իր տեսակետը բարձրաձայնելու: Ի՞նչ ենք մենք ակնկալում Ֆրանսիայի նոր համանախագահից: Իրավիճակի հստակ ու անկողմնակալ գնահատական, հրապարակայնության և հասցեականության հավելում Մինսկի խմբի գործունեությանը: Ի վերջո, խաղաղության համաձայնագրի կնքման նպատակ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու համանախագահողները ևս պատասխանատու են հասարակական կարծիքի ձևավորման համար: Հիշեցնեմ, որ Մինսկի խումբը ստեղծվել է 1992-ին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում միջնորդական առաքելությամբ, անդամներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան: Համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը:

Դիտվել է՝ 2607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ