Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վիգեն Սարգսյանն ու Մովսես Հակոբյանը ԼՂՀ-ում

Վիգեն Սարգսյանն ու Մովսես Հակոբյանը ԼՂՀ-ում
23.10.2016 | 12:54

Հոկտեմբերի 21-22-ը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական համագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով Պաշտպանության բանակ են այցելել ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչ՝ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Լևոն Մնացականյանը, քննարկվել են Հայաստանի և Ղարաբաղի ռազմական համագործակցության հարցերի լայն շրջանակ, նախանշվել պաշտպանական ոլորտում հետագա աշխատանքների կարևորագույն ուղղությունները:
Ղարաբաղի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարները այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինհոսպիտալ, ծանոթացել բուժսպասարկման պայմաններին, շփվել հոսպիտալի բուժանձնակազմի և առողջական տարբեր խնդիրներով այստեղ գտնվող զինծառայողների հետ:


Բանակի խորացված հրամանատարական կետում խորհրդակցության ժամանակ Լևոն Մնացականյանը անդրադարձել է հիմնական գործընթացներին, որոնք իրականացվել և շարունակում են իրականացվել Ղարաբաղի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ, ներկայացրել հիմնական գործողությունները, որոնք կյանքի կկոչվեն հակառակորդի հավանական ագրեսիայի ծավալման դեպքում:
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները եղել են առաջնագծում, ծանոթացել ինժեներական աշխատանքներին, ղեկավարման համակարգի, նորագույն տեխնիկական միջոցների ներդրման և զսպման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված գործընթացներին, շփվել դիրքապահ զինծառայողների հետ, որոնցից առավել աչքի ընկածները նաև խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից։ Հյուրերը այցելել են բանակի «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, հետևել պարապմունքների ընթացքին, որից հետո կենտրոնական ենթակայության զորամասերում հանդիպումներ են ունեցել, ճաշել անձնակազմի հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար և ներկայացրել նոր մոտեցումները, որոնք ընկած կլինեն հայկական զինված ուժերի հետագա զարգացման հիմքում: Աշխատանքային այցի ավարտին բարձրաստիճան հյուրերը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում:

«Ամփոփելով երկօրյա աշխատանքային այցի արդյունքները, որն առաջինն էր Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի` նոր պաշտոններում նշանակվելուց հետո, կարող ենք փաստել, որ հստակեցվեցին երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության ընթացիկ և առաջիկա խնդիրները, կատարվեց փորձի փոխանակում, ճշգրտվեցին հիմնական անելիքները ու դրանց հերթականությունը, որոնք անհրաժեշտ է իրականացնել հակառակորդի ագրեսիվ նկրտումները սանձելու և զսպման ու հակազդման մեխանիզմները առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ», - ասված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2587

Մեկնաբանություններ