ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Գյումրվա ժանգոտ «ժաժքը»

Գյումրվա ժանգոտ «ժաժքը»
25.10.2016 | 00:20

ՄԱՐՏՆՉՈՂ ՄՈԼԱԽՈՏԸ


Մի քանի իմաստուն պատմություններ հիշեցի Գյումրի պատվարժան «հայրաքաղաքի» Անկախության հրապարակում (հոկտեմբերի 17-ին, դատական մի նիստից առաջ, որին կանդրադառնամ առաջիկա ուրբաթ օրը)։ Հիշեցի հրապարակը խաչմերուկող գետնանցումում, քանզի այն վերածված էր հանրային արտաքնոցի։ Անկախության հրապարակից (ինչպես նաև այս երբեմնի շեն ու նախանձի առարկա քաղաքի) մյուս հրապարակներից, կենտրոնական փողոցներով, հիանալով դեռ Ալեքսանդրապոլյան շրջանի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող գեղակերտ շենքերով, կարելի է քայլել մի հարյուր, հարյուր հիսուն մետր և քարանալ տեղում. կենտրոնամերձ շրջաններում կյանքը, բանաստեղծի խոսքով ասած, հուշ է դարձել։ Կյանքը մարել է, քանի որ հայրաքաղաքն անգլուխ է։ Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական և վերստին Գյումրի։ Եթե Ռուսիայի համար հյուսիսային մայրաքաղաքը Պետերբուրգն է, մեզ համար, վստահաբար այն Կումայրի-Գյումրին է։ Ինձ վրա այս քաղաքը միշտ էլ թողել է սև և կարմիր սրբատաշ տուֆից կերտված կամարների տպավորություն։ Սրբատաշ քարը՝ բազալտ է այն, տուֆ է, թե այլ մի բան, խորհրդանշում է արժանապատիվ ձեռն ու անարատ սիրտը։ Գյումրին քաղաք էր իր քաղաքային քաղաքակրթության բոլոր բաղադրիչներով։


Այդպիսին էր այն անգամ աղետից հետո, շտկում էր մեջքը, ժպտում էր կենսախինդ, թեկուզ և աչքերի խորքում դարի վիշտն ու ցավն անթեղած։ Այսօր Գյումրին օրեցօր լքում է ինքն իրեն, հեռանում է իր հավատո հանգանակներից։ Քաղաքին պատուհասել է անկախական շրջափուլի գուցե թե ամենաանդեմ և գաղջ (ինչպես կասեր Սերժ Սարգսյանը) քաղաքական ուրույն դեպքը (ոչ դեմքը, այլ դեպքը, հենց դեպքը)` ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼԸ։
Նախորդ քաղաքագլուխ Վարդան Ղուկասյան-Վարդանիկը, անկասկած, արկածախնդիր դեմք էր, հանրահայտ էր անհամարժեք վարքով, սակայն նա քաղաքային վերջին կառավարիչը չէր Հայաստանում, կառուցում էր քաղաքն իր հնարավորության սահմաններում (վկան՝ Սբ Վարդան հնամյա եկեղեցու վերականգնումը), կառուցում և ավարտին հասցնում մի շարք բնակելի շենքեր, կատարում էր վերականգնողական որոշակի աշխատանքներ։ Նա աստվածավախ էր, համենայն դեպս, պարբերաբար այդպես էր ներկայանում։ (Չդատենք այս ոչերկրային երևույթի շուրջ, զի յուրաքանչյուրիս Աստված նրա հոգում և գործերում է, ինչը ողջ խորությամբ տեսանելի է Բարձրյալին)։ Բայց Վարդան Ղուկասյանը ձեռք մեկնեց, կարեկցեց և նեցուկ եղավ իրեն դիմող բազում գյումրեցիների։ Որովհետև տոհմիկ գյումրեցի էր, արժանապատվություն ուներ և ամոթի զգացում քաղաքի թշվառության համար... Սամվել Բալասանյանը զարզանդելի տեսակ է, անդեմ է, գորշ, բայց և այնպես, մշտակայուն է։ (Դալարագեղ, դալկականաչ և մարտաշունչ խոտաբույսը խեղդում է նորատունկ կաղնին, խեղդում է հյութակալելով, և որքան սմքում է նորատունկը, այնքան լիանում է խոտաբույսը, որը մեզ հայտնի է որպես մոլախոտ)։ Նա խեղդամահել է երբեմնի շեն ու շիտակ քաղաքը։ Բայց վերադառնանք այն իմաստուն պատմություններին, որոնք խոստացել էի նյութի առաջին տողում։


ՀԵՔԻԱԹ ՔՈՍՈՏ ԱՅԾԻ ՄԱՍԻՆ


Հոտը հանդարտ քայլում է մինչև հորիզոն ձգվող արոտավայրով։ Քայլում է երկար ու ձիգ, նպատակը՝ ողջ ամռանը սնվել անուշ-մեղուշ ծաղկուն խոտով, զի առջևում ձմեռ է։ Ոչխարի հոտի իսկական առաջնորդը խոյն է։ Իմաստուն, հզոր և տիրակալ խոյը, որը պատասխանատու է ողջ հոտի անվտանգության համար։ Եղել են դեպքեր, երբ կայծակը հարվածել է հենց խոյին։ Հոտն ահաբեկված կտրուկ շրջվում է, շարունակում իր ընթացքը։ Հոտն առաջնորդում է հետնապահ կաղ ու քոսոտ, հավակնոտ այծը, որը շրջադարձից հետո ակամա հայտնվել է առաջնորդի դերում։ Թե ուր կուղեկցի մոլորված հոտին առաջնորդ կարգված և դրանից խիստ հղփացած քոսոտ այծը, դժվար չէ կռահել։

ՀՈԳԵՎՈՐ ԲԱՂՆԻՔԻ ՀՆՈՑԱՊԱՆՆԵՐԸ


Աշխարհի մեծ ու փոքր, քմահաճ և անհյուրընկալ բեմերը ծնկի բերած հանճարեղ ողբերգակ Վահրամ Փափազյանը Գյումրի էր այցելում առանձնահատուկ նվիրումով. «Գյումրին իմ հոգևոր բաղնիքն է». սա նրա յուրատեսակ գնահատականն է՝ արձանագրված «Հետադարձ հայացք» աննախադեպ հուշապատումում։
Կումայրի-Գյումրին ծնել, սնել և հայ ազգային քաղաքակրթությանն է շռայլորեն մատուցել հուժկու տաղանդների մի համաստեղություն։


Փայլուն արտիստների պակաս, կարծես թե, չունենք, ամենասիրելին, սակայն, Մհերն է Մկրտչյան։ Զուգահեռը քաշվում է ինքնաբերաբար, այո, համաժողովրդական բանաստեղծի դափնեպսակներից առաջինը հավերժ հանգրվանել է Շիրակ աշխարհի ծնունդ Ավետիք Իսահակյանի, երկրորդը` Գյումրվա զավակ Հովհաննես Շիրազի ուսերին։ Քաղաքը նաև համաշխարհային չբացահայտված առեղծված Գյուրջիևի հայրենիքն է։ Անկեղծ ասած, տաղանդների լինելության տեսակարար կշռով ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Եվրասիայում Կումայրի-Գյումրին բավականին մրցունակ է։

ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲԸ` «ԲՈՇԻ ՍԱԴՈՒՄ»


Այնուամենայնիվ ինչո՞ւ է Կումայրի-Գյումրին ի տնօրինում հանձնվել մի գործչի, որի ողջ քաղաքական անցյալը շառաչուն ապտակ է հայրաքաղաքի ներկային և ապագային, առհասարակ նրա արժանապատվությանը։ Որ քաղաքն այս վերջնականապես վերածվի անկելանոցի՞։ Բալասանյանը մի՞թե այն տեսակն է, որը կարող է առաջնորդել գյումրեցիներին։ Չէ՞ որ յուրաքանչյուր առաջնորդ, անկախ նրանից՝ զինվորական ստորաբաժանում է ղեկավարում, արդյունաբերական ձեռնարկություն, թե հետին մի գյուղ, պետք է իր կերպարում և գործերում խտացնի իր բազմաթիվ ենթակաների լավագույն որակները։ Օրինակ, հացթուխների համքարությունն արժանապատվորեն կարող է ղեկավարել ամենահարգված վարպետ-հացթուխը, ում և՛ թխած հացն էր ամենահամովը, և խոհեմությունն ու մարդկանց հետ վարվելու բնատուր շնորհքն էր առանձնահատուկ։ Քաղաքի պարագլուխը մեկն է, ով քաղաքաբնակների համահավաք դրական լիցքերի, մտավոր ունակությունների և շատ այլ բնատուր ու ձեռքբերովի հատկանիշների համաձուլվածքն է։ Կումայրի-Գյումրիում շատ համքարություններ են եղել։ Այսօր, ցավոք, կա մի քաղթերմացքային համքարություն, որը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ասպարեզում հայտնվեց որպես «Բալասանյան» դաշինք։ Ողբա՜նք զքեզ, հայ քաղաքական միտք ու ոգի, ողբա՜նք զքեզ, քաղաք Գյումրի։ Ողբանք և հռհռանք սարկաստիկ խուտուտից՝ համքարության հետին անդամը քաղաքն է կառավարում։ Սա ներկա քաղկառավարիչների որդիական սիրո առհավատչյա՞ն է «հայրաքաղաքի» հանդեպ։ Անկասկած։ Հակառակ պարագայում նրանք պետք է որ անվավեր ճանաչեն վերջին ընտրությունները, բացահայտեն երկու մանդատը վերոնշյալ դաշինքին վաճառած քաղաքաքրեական գործակալներին և անվավեր ճանաչելով ընտրությունները՝ Բալասանյան Ս.-ին ուղարկեն ելման կետ, այն է՝ նոր գրեր դաջելու հայրենանվեր ճակատին։ Ի դեպ, ճիշտ ժամանակն է, որ ներկա քաղաք-ուրվականի (այսինքն՝ երբեմնի փառահեղ Կումայրի-Գյումրու) գլուխ կանգնած այս տնաբույս Նազարը հանդես գա առաքինի մի առաքելությամբ, որից հետո, արդեն հանգիստ խղճով, նա կարող է լքել քաղաքապետարանն ու քաղաքը։ Արդ, ո՞րն է «Բալասանյան» դաշինք քաղաքական խառնուրդի գլխավոր խառնակիչ տիար Բալասանյանի առաքինի առաքելությունը։ Նա պետք է տենդեր հայտարարի հետևյալ անվանակարգում՝ «Քաղաքական ճակատիս պատմագրության լավագույն արտացոլումը»։ Կշահի այն կազմակերպությունը (կամ անհատը, կամ կազմակերպությունների դաշինքը), որը 37 քառակուսի սմ կնճռապատ հատվածում ամենացայտուն, պաթետիկ, միաժամանակ ժողովրդավարական ձևաչափում կդաջի Սամվել Բալասանյանի քաղաքական գործունեության բոլոր փուլերը։


Ահա դրանք.
1) «Կայունություն» պատգամավորական խումբ։
2) «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խումբ։
3) «Օրինաց երկիր» կուսակցություն։
4) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։
5) «Բալասանյան» դաշինք...


Երբ տենդերը հաջողությամբ կայանա, տիար Բալասանյանը պետք է անհապաղ պատվիրի սեփական արձանը կերտել, արձանագլխի ճակատը զարդարել վերոնշյալ հնգատողով և արձանները տեղադրել. մեկը՝ «Բոշի սադ» զբոսայգու մուտքի առջև, մյուսը՝ ճիշտ կենտրոնում։ Ինչո՞ւ հենց «Բոշի սադում»։ Քանզի նա տարիներ առաջ այդ այգին՝ գործող սրճարաններով հանդերձ, բռնախլել է նրա օրինական սեփականատերերից։ Սա նույնպես ճակատի գիր է, որից, ինչ խոսք, երբեք չես խուսափի։ Ի դեպ, իրազեկները պնդում են, որ նրա կիսանդրին խրոխտաբար զարդարում է իր իսկ գարեջրի գործարանի բակը։

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ՝ «ՎԵՐԻՑ» ՎԱՐ


Մի՞թե Գյումրվա անուշ-մեղուշ բարբառով հնչող «վեր» բառը հնարավոր է չչակերտել։ Անհնար է։ Բալասանյանները, լիսկաները և բոլոր մյուսները պետականազրկության նժույգավարներն են, երբ նրանց տեղն ու դիրքը պետականության պայմաններում կլինեին անդունդի հատակից մի քիչ վերև։ Ասենք կլինեին ոչ թե հոտաղ, այլ անասնապահական ֆերմայի վարիչ, ոչ թե կլինեին «պեռաշկի» վաճառող, այլ պարզապես ճաշարանի վարիչ։ Կասկած չկա, որ նրանց մտավոր ունակություններն ու հոգևոր ավյունը լիուլի կբավարարեն նման նշանակալից պաշտոնների համար։ Բայց, անշուշտ, Լիսկան չէր կարող դառնալ մարզպետ, Բալասանյանն էլ ՀՀ ԱԺ փոխխոսնակ և քաղաքագլուխ։ Տիար Բալասանյանի կենսագրությունը մեզ հետևյալն է հուշում։ Ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, այնուհետև Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը։ Նա մանկավարժ-մաթեմատիկոս է և սննդի տեխնոլոգ։ 1977-ին Բալասանյանը Լենինականի գարեջրի գործարանի առաջավոր բանվորներից էր։ Մեկ տարի անց առաջընթաց է ապրում, աշխատելով որպես տեխնոլոգ հրուշակեղենի կոմբինատում։ 1992-1999-ին Բալասանյանը Գյումրու գարեջրի գործարանի տնօրենն էր։ Հասկանալի է, որ նա ազգային ունեցվածքի զանգվածային յուրացման առաջամարտիկներից էր և իր օլիգարխիկ կապիտալը ձևավորել է երկրի համակարգված ունեզրկման տարիներին։ Նրա քաղաքական վերընթացն ուղղակի ֆարս-մաժորային է։ Նա ելույթ էր ունենում, ոչ ավելի, ոչ էլ պակաս, դասը վատ սերտած երկտարեցի աշակերտի պես, նրա շուրթերից անհնար էր սպասել որևէ ծանրակշիռ առաջարկ, սուր արտահայտություն կամ էլ թեկուզ գյումրեցուն հատուկ համով-հոտով կատակախառն զրույց։ (Լիսկան, այնուամենայնիվ, ինչ-որ տեսակետ, կարծիք, ի վերջո, սահուն միտք կարողանում էր արտահայտել)։


2007-ին նա «Բարգավաճ Հայաստան» զանգվածեղ կուսակցության փոխնախագահն էր, 2010-ին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը։ Իսկ 2012-ի սեպտեմբերի 9-ին ընտրվել-նշանակվել է Գյումրու քաղաքապետ։ Նրան սատարող նախկին և ներկա հայտնի-անհայտ ուժերը մի՞թե տարրական խղճի խայթ և ամոթի զգացում չեն ապրել և այսօր էլ չեն ապրում։ Չէ՞ որ հանրապետության երկրորդ քաղաքում օրնիբուն խաղեր տվող այս դիմազուրկ այրը ոտից գլուխ վարկաբեկում է իր հայտնի-անհայտ սատարողներին։ Լավ, ո՞րն է Կումայրի-Գյումրու հանցանքը, մի՞թե այս անզուգական բնակավայրի համար բավարար չէին երկրակործան աղետն ու հայ բազմանդամ ընտանիքի սպանդը՝ նորածնից մինչև պապ։ Մի խոսքով, Սամվել Բալասանյանի քաղաքապետությունը հակաքաղաքակրթական ահաբեկչական գործընթաց է։ Ընդ որում, ոչ միայն Գյումրու, այլև ողջ հանրապետության համար։

ՎԱՐԸ. «ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԲԼՈԿԱԴԱՆ»


Համենայն դեպս, Վարդան Ղուկասյանի գահակալության տարիներին քաղաքում հնչում էր մուրճի ձայնը։ Քաղաքը դանդաղ, բայց կառուցվում էր։ Ընդ որում, քարտաշներն ու որմնադիրները և՛ եկեղեցի էին կառուցում, և՛ առանձնատներ։ Սա, ինչ խոսք, որոշակի աշխատատեղեր էր ստեղծում գրեթե շնչասպառ քաղաքում։ Այսօր Երևանում Գյումրվա անշփոթելի բարբառն արդեն չի զարմացնում, գյումրեցիները հաճախ են հասնում մայրաքաղաք, հաճախ ինչ-որ բան հայթայթելու ակնկալիքով։ Երբեմն ժամանակավոր աշխատանք են գտնում, երբեմն էլ՝ ոչ։ Բայց հաճախ են թակում այս ու այն դուռը. բժշկական ուղեգիրը ձեռքին, դեղորայք է անհրաժեշտ ցավը դարմանելու համար։ Սակայն չկա անհրաժեշտ գումարը։ Դե, քանի դեռ «Բալասանյան» դաշինքն է կառավարելու քաղաքը, քաղաքաբնակը դեգերելու է։ Որոշ պատմիչներ (հանրահայտ է՝ գյումրեցու սուր, հաճախ կենսախինդ հումորը չի լքում երբևէ) Բալասանյանի իշխանության տարիները համարում են քաղաքի նորագույն պատմության շրջափակման շրջափուլը՝ «Լենինականի բլոկադա»։

Չէ, անհրաժեշտության դեպքում քաղաքագլուխ Բալասանյանը փորձում է դառնալ բալասան քաղաքի համար և դարացնցուն միտք է արտաբերում։ «Աշխարհում շատ փող կա, քիչ ծրագրեր, Գյումրիում հակառակն է՝ կան շատ ծրագրեր, բայց փող չկա, հիմա մենք պիտի կարողանանք փողն ու ծրագիրը համադրենք»։ Բայց արդեն համադրել եք։ Գյումրու անօթևանների քանակը 8 հազար է, տնակներինը՝ 2800։ Սա՝ պաշտոնական տվյալներով։ Նույն պաշտոնական տվյալներով (իմա՝ համաձայն գույքի և եկամուտների հայտարարագրի)` Սամվել Բալասանյանը որպես ընդհանուր սեփականություն ունի շենք-շինություններ՝ Գյումրի քաղաքում՝


-2540,40 քմ մակերես, Ջիվանու փողոց, 66,
-405,16 քմ մակերես, Ջիվանու փողոց, 66
-200,20 քմ մակերես, Թումանյան փողոց, 116։
Միանձնյա սեփականություն.
142,57 քմ մակերես, Մարքսի փողոց, 115։


Ոչ պակաս տպավորիչ են հեկտարներով հողերն Ազատան գյուղում, նույն գյուղում գտնվող անասնաշենքը (համատեղ սեփականություն է՝ 3324,28 քմ մակերեսով) և այլն։ («Եվ այլն»-ի մեջ են մտնում Գյումրու գարեջրի և հրուշակեղենի գործարանները, բիզնեսները Երևանում, Ջավախքում և Բաթում քաղաքում, նաև, չզարմանանք, Մոսկվայում)։

Նա ՀՀ թիվ 1 փարիսեցին է և երեսպաշտը։ Այս տեսանկյունից «ճակատա-գրային երևույթ» Բալասանյանը ուղղակի գրական հերոսի նախատիպ է։ Նա իր աշխատավարձը փոխանցում է քաղաքի անօթևաններին։ Եվ հանդես է գալիս որպես առատաձեռն իշխան` դրամահավաքի ժամանակ ընտանյոք հանդերձ նվիրաբերելով քաղաքի բնակարանաշինությանը 500 հազար դրամ։ Կեցցեք։

Բալասանյանը, հայտնի է, ճարտասան չէ։ (Նրա առաքելությունը պաճուճապատ խոսքերը չեն, վես ճակատի բազմագիրը ստիպում է բազմիցս դրվագել սեփական միտքը և այն դեպքից դեպք արտահայտել սահմանափակ եղանակով)։ Նա գործի մարդ է։ Դրվագենք նրա եզակի մտքերից մեկը, որը լսելով, պատմում են, որ քաղաքի կատուները դադարել են մլավել։ «Մենք այդ տնակների տակի հողը սեփականաշնորհում տալիս ենք իրենց, որ կարողանան գրավի առարկա դարձնել և վարկ ստանալ...»։ Հետո «իրենք», այսինքն, տնակների բնակիչները վարկը չեն մարի և, ինչ խոսք, կարտագաղթեն։

ՄԱՆԴԱՏԱԽԼՈՒՄԸ՝ ՃԱԿԱՏԻ ԵՎՍ ՄԵԿ ԳԻՐ


2016-ի հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հայցն ընդդեմ 34 ընտրատարածքի հանձնաժողովի որոշման։ «Բալասանյան» դաշինքին տրվեց 17 ձայն, ինչն ապահովեց «ճակատա-գրային ասպետի» վերարտադրությունը։ ԲՀԿ-ի նախընտրական շտաբի պետ Մարզպետունի Մարգարյանը լուրջ մեղադրանքներով հիմնավորում է իր կյանքի չարաբաստիկ ուղեկից Սամվել Բալասանյանի «մեղսագործությունները»։ (Բառը չակերտում ենք, մինչև որ ՀՀ դատաիրավական համակարգը դրանք չապացուցի։ Այսօր, ինչ խոսք, սա հեքիաթանման մի բան է։ Բայց չէ՞ որ հանրապետության կյանքը բարեփոխվում է, և դրա ալիքները, հուսանք, շուտով կհեղեղեն հայրաքաղաքի փողոցներն ու հրապարակները, կհորդան և կալիքվեն Գյումրու քաղաքագլխի առանձնասենյակում)։
Ահա պարոն Մարզպետունի Մարգարյանի խոստովանանքը.
«Ճիշտն ասած, բոլորս էլ սպասում էինք, որ նման որոշում կլինի, օրենքը գրողները ովքե՞ր են եղել, իշխանության ներկայացուցիչները, հիմա դատարանը հո օրենքը չի՞ կարող չեղյալ համարել։ Մենք բողոքարկելու ենք, շարունակական է լինելու, կդիմենք Սահմանադրական դատարան, հետո Եվրադատարան։ Եթե Սահմանադրական դատարանը չգտավ, որ Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 5-րդ կետը հակասահմանադրական է, բնական է՝ պետք է շարունակենք բողոքել։ Սամվել Բալասանյանը նորվա մանդատ խլողը չէ. բոլորը գիտեն, նորություն չեմ ասում. 1999-ին մեծամասնական ընտրակարգով ես ընտրվեցի պատգամավոր, 3 ամիս մասնակցեցի նիստերին, ելույթներ ունեցա Ազգային ժողովում, դրանից հետո, թե իրենք ինչ սարքեցին (նկատի ունի այդ ժամանակվա իր մրցակցին՝ Սամվել Բալասանյանին), ինչ արեցին, ինչ չարեցին, հասան էն բանին, որ ինձ նույնիսկ արգելեցին Սահմանադրական դատարանում դատական նիստին մասնակցել, չթողեցին։ Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահն Ավետիսյան Սուրիկն էր, քարտուղարն էլ Ավետիսյան Ջուլիկն էր, նրանք երկուսը Սահմանադրական դատարանում ընդունեցին, որ իրենք են խախտում կատարել, որի պատճառով երկուսին էլ դատեցին, երկու տարի տվեցին պայմանական։ Հետո, ըստ երևույթին, Սամվել Բալասանյանն ինչ-որ խոստացել էր, չէր արել, Ջուլիկը սկսեց ելույթներ ունենալ մամուլում, որ Մարզպետունի Մարգարյանը ճիշտ էր անցել, խեղաթյուրել ենք մենք՝ Սամվել Բալասանյանի հորդորով։ Ես 1280 ձայնով առաջ էի Սամվել Բալասանյանից։ Բոլորին ինքը գնեց, այնպես որ մենք սովոր ենք, որ Սամվել Բալասանյանը մանդատ պիտի խլի։ Բայց, իհարկե, ինձնից մանդատ խլելը շարունակություն ունեցավ, Մարգարյան Հովիկն ու Սամվել Բալասանյանը Վարդան Այվազյանի հետ գնացին տրանսպորտի ու կապի նախարար Մադաթյան Էդիկի մոտ, պահանջ ներկայացրին, որ դեպոյից ինձ ազատեն, հետապնդումներ եղան իմ նկատմամբ. ես դեպոյի պետն էի այդ ժամանակ։ Ինձ կանչեցին, ասացին՝ շատ լավ ես աշխատել, բայց դիմում պետք է գրես: Մանդատը խլելուց բացի, նաև աշխատանքը խլեցին ինձնից, դա Բալասանյանի ոճն է։ Ես նրան բարև չեմ տալիս, ես նմանատիպ մարդկանց արհամարհել եմ, ամենամեծ պատիժն արհամարհանքն է, նման մարդիկ ինձ համար գոյություն չունեն»։

ՎԵՐՋԱԲԱՆ-ՈՒՂԵՑՈՒՅՑ


Հարգարժան պարոն Կարապետյան, մեծարգո վարչապետ, ճիշտ ժամանակն է, որ այցելեք Գյումրի և այնտեղ մի արտագնա-բազմօրյա նստաշրջան կազմակերպեք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ