Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի ուղղակի և անպատկառ աջակցությամբ»,-շեշտել է նա:                
 

Բարև, Վազգեն

Բարև, Վազգեն
25.10.2016 | 00:41

Չի եղել, ոչ մի հոկտեմբերի 27 չի եղել, 1999-ն էլ ավարտվել է ճիշտ այնպես, ինչպես դու էիր ծրագրում՝ հազարամյակ է փոխվել, ու 21-րդ դարը մերն է, ու ես զանգահարում եմ քեզ, որ ասեմ՝ բարև, Վազգեն:


Դու բարության դաշտից էիր խոսում, կասկածողներին ասում էիր՝ դուք Աստված չունեք ձեր սրտում, դուք վախ չունեք, ես վախենում եմ չվախեցողներից: Դու ասում էիր՝ ամեն մարդ աշխարհը իր սրտի չափ գիտի: Դու արագ անցար գրողից բանակ, բանակից պետական, հետո էլ քաղաքական գործչի ճանապարհը: Նկատե՞լ ես, որ քեզ բոլորը Վազգեն էին ասում՝ քո բոլոր պաշտոններում: Վազգեն, ու՝ վերջ: Երբ ասում էիր՝ Վազգեն, այլևս ոչինչ պետք չէր հավելել՝ նախարար, պետական նախարար, վարչապետ, ՀՀԿ նախագահ, պաշտոնները չէին իմաստ տալիս, դու էիր իմաստավորում գործդ: Հրանտ Մաթևոսյանը չէր սիրում, երբ իրեն ասում էին «Նահապետ», դու չէիր սիրում, երբ քեզ ասում էին «Սպարապետ», նա իրեն համարում էր ՀԱՅ, դու քեզ համարում էիր ԶԻՆՎՈՐ, որովհետև նա ՆԱՀԱՊԵՏ էր, իսկ դու՝ ՍՊԱՐԱՊԵՏ:
Բարև, Վազգեն: Քեզ մեղադրում էին, թե 1996-ին ասել ես՝ 100 % էլ ձայն ստանայիք, իշխանությունը ձեզ չէինք տա: Բաբկեն Արարքցյանի ծեծ ուտելուց ու Արա Սահակյանի ջարդված գլխից հետո մեկը պիտի գտնվեր, որ ասեր՝ «Էդ ձևո՞վ եք իշխանություն դառնալու, ուժո՞վ, գլուխ ջարդելո՞վ, ձեզ իշխանություն չի հասնում»: ՈՒ էդ մեկը դու կարող էիր լինել:

Քեզ մեղադրում էին, որ հրաժարական պարտադրեցիր Լևոն Տեր-Պետրոսյանին, հունվարի 23-ին ՊՆ-ում քո ասուլիսում դու ասել էիր ավելին, քան փետրվարին հրաժարականի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց: Քո ճակատագիրն էր, որ երկրում ինչ լիներ, կապվում էր քեզ, դու էիր առանցքը, ու դա քեզ չներվեց: Նկատե՞լ ես, որ արդեն 17 տարի երկրում ինչ լինի՝ քեզնից են մեջբերումներ անում, քո խոսքերն են իրենց ասածների ու արածների հիմնավորում դարձնում՝ հատկապես ընտրություններից առաջ, ու հիմա բոլորը քեզ ընկեր են, բարեկամ են: Չէ, իհարկե, վախեցածներ էլ կան, որ տեղնուտեղը քեզնից հրաժարվեցին ու մինչև հիմա մրսում են քեզնից: Դու 17 տարի ավելի ես ներկա, քան ներկաներից շատերը: Կարեն Դեմիրճյանի հետ քո դաշինքը անհավանական էր, բայց ստացվեց: «Միասնություն» դաշինքի ֆենոմենը այլևս երբեք չի կրկնվի՝ առանց քեզ ու Կարեն Դեմիրճյանի, որ հասկացավ ու հավատաց քեզ, որովհետև նրա մեջ էլ 100 % սերն էր, իսկ մնացածը մնում էր անել: Քեզ համար անհավանականը հավանական ու հնարավոր դարձնելը աշխատանք էր՝ բանակից Ղարաբաղ: Քո վարչապետության մի քանի ամիսները Հայաստանին ավելին տվեցին, քան ուրիշների տարիները: Դու միակ վարչապետը եղար, որ իր բյուջեի նախագիծը գրեց 30 տարվա հեռանկարով ու 25 էջ ուղերձով: Սեփական ձեռքով:

Քեզ ու քո Հայաստանը կասեցնելու մի ճանապարհ կար, Վազգեն, միայն մի ճանապարհ: Ոչ քեզ, ոչ Կարեն Դեմիրճյանին հնարավոր չէր վախեցնել, սպառնալ ու գնել: Այդպես Հայաստան եկավ հոկտեմբերի 27-ը՝ 1999-ին: ՈՒ Հայաստանում սկսվեցին հենց այն ժամանակները, որոնց մեջ հեռանկարը, հավատը, հույսը դարձան ավելորդ շքեղություն, պրագմատիզմի տիղմի մեջ մենք նույնիսկ մոռացանք, որ պրագմատիզմն էլ լինում է այսօրվա ու վաղվա: Մերը հիմա միայն այսօրն է, իսկ վաղը՝ ինչ կլինի, կլինի: Այդպես էլ ապրում ենք՝ 20-րդ դարում, իսկ 21-րդ դարը թափառում է մեր պատուհանների տակ ու միայն մեկ-մեկ արևածագի լույսի պես ներս է նայում, որ ասի՝ 21-րդ դարը ձերն է, ու դուք պիտի արժանապատիվ կյանքով ապրեք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Բարև, Վազգեն, ու չասես, որ ուշ-ուշ եմ զանգում, ու չասես, որ ավելի շատ չեմ ասում, քան ասում եմ, հիշում են, երբ կարողանում են մոռանալ, իսկ ես մոռանալ չգիտեմ:

Դիտվել է՝ 10811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ