Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ են «մանում» համանախագահները

Ի՞նչ են «մանում»  համանախագահները
25.10.2016 | 00:55

Տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից առավել ակտիվը, «ասող-խոսողը» կրկին ամերիկացի ՈՒոռլիքն է, ինչն ազդանշանում է` ԱՄՆ-ն այս խաղում թույլ չի տա որևէ մեկի գերակայություն:
Հերթապա՞հ են ՈՒոռլիքի հնչեցրած «թեզերը», մասնավորապես՝ Ալիևի հետ հանդիպումից հետո. այն է` քննարկումների թեման «օկուպացված տարածքների վերադարձի», Ղարաբաղի կարգավիճակի, խաղաղապահների տեղակայման, փախստականների վերադարձի ողջ փաթեթն է: Ասել է` ոչ մի նոր բան: Շարունակությամբ` ընտրությունների գնացող ամերիկացի համանախագահը հավելել է՝ «խիստ» ուրախ է «կամպանի համա, կենացի համա», այն է` «ողջունում է Ղարաբաղի կարգավիճակի հարցի բարձրացմանն առնչվող Իլհամ Ալիևի մոտեցումը»: Ո՛չ, ՈՒոռլիք-համանախագահը նկատի չունի Ալիևի «տեսակետը», թե իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախ ստատուսը, նկատի ունի օրերս հնչեցրած թեզը, որ Ադրբեջանը պատրաստ է ինքնավար հանրապետության կարգավիճակ «շնորհելու» Ղարաբաղին:


Հասկանալի է, որ այս ամենը դիվանագիտական «խառնարան» է, ուր կողմերը, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ-ն, հնարավորություն են ստանում ոչ միայն փրկելու դեմքը, այլև ստատուս քվոյի ձգձգմամբ` հարցը պահելու սևեռուն վերահսկողության ներքո, մանավանդ ռուս-ամերիկյան հարաբերությունների այս թեժ փուլում թույլ չտալու, որ որևէ մեկը, կոնկրետ դեպքում` Թուրքիայի հետ «մեղրամիս» սկսած Ռուսաստանը, այն վերաշահարկի, մանավանդ որ Ռուսիո «հայ» արտգործնախարարը հույժ «դիվանագիտական» հայտարարություն էր արել, թե` Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրին նպաստավոր է (իբր, մոռանալով Իրանի հավերժ կենդանի գոյությունը տարածաշրջանում): Համանախագահների տարածաշրջան այցի նախօրեին Ալիևը դիվերսիոն գործողությունների էր դիմել, կրկին հայոց կողմից «մռթին ուտելով», այնուհանդերձ, հաջորդ քայլով փորձել էր դուր գալ պարոն ՈՒոռլիքին և դուր էր եկել` «ինքնավար հանրապետության» մասով:


Առաջին հայացքից կարող է թվալ, թե ԱՄՆ-ը, ողջունելով Ալիևի «ինքնավարը», համաձայն է վերջինիս հետ, բայց և ակնառու է` Ալիևի մանևրը նրանց դուր է գալիս ժամանակ շահելու, նախագահների նոր հանդիպում կազմակերպելու, խնդիրը դիվանագիտական դաշտում պահելու, Ռուսաստանին և Ալիևին արկածախնդրություն թույլ չտալու համար:
Ընդ որում, խնդիրը «սառեցնելը» բխում է ոչ միայն ԱՄՆ-ի ընտրությունների, այլև տարածաշրջանային գործընթացների «շահերից». Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, Մոսուլի իրադարձությունները, Ռուսաստանի նկատմամբ սպասվող նոր պատժամիջոցները շեղում են ղարաբաղյան խնդրի թիրախավորումը, ու քանի դեռ չեն լուծվել այդ հարցերը, որևէ կերպ չի կարող օրակարգում հայտնվել ղարաբաղյան հիմնախնդիրը: ՈՒստի պետք է կազմակերպել ևս մեկ ոչինչ չտվող հանդիպում հակամարտող երկրների նախագահների միջև, որի ժամկետի ու տեղի մասին ՈՒոռլիքը ոչինչ չգիտի, չի ասում, բացի նրանից, որ Ալիևը համաձայն է: Սերժ Սարգսյանն էլ: Ըստ ամենայնի, հանդիպումը կլինի տարեվերջին: Անկախ նրանից` որտեղ կլինի հանդիպումը, ով կլինի բուն մոդերատորը, այն կրկին կանցկացվի Պուտինի, թե նորընտիր տիկին Քլինթոնի «բարձր հովանու ներքո», դիվանագիտական տեսանկյունից այնքան էլ կարևոր չէ, կարևորը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն են, որոնցից առաջին հերթին պետք է առանձնացնել ռազմական ուղու բացառմամբ խնդրի լուծման, հետաքննող սարքերի տեղակայման առաջնահերթությունները, առանց որոնց անգամ Ալիևի զառանցանք-ինքնավար հանրապետությունն է անիմաստ:


Ինչ վերաբերում է ռազմական ուղուն, ապա Ալիևը տեսել-հասկացել է «Իսկանդերի» բուն իմաստը, գումարած` ապրիլյան պատերազմից հետո արդիականացված հայոց սահմանն ու զինտեխնիկան: Եվ իհարկե, նոր նախարարի նոր դոկտրինը` «ազգ-պետություն» չափորոշմամբ:


Այնպես որ, թե՛ համանախագահների (ֆրանսիացի նոր համանախագահով), թե՛ նախագահների հանդիպումն ընդամենը «պտիչկայի» համար է լինելու, իսկ մնացյալը բառակույտ է ընդամենը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ