«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դրայվ, դրայվ մինչև ընտրություններ

Դրայվ, դրայվ մինչև ընտրություններ
25.10.2016 | 00:57

Պարոնայք երդվյալ ատենակալներ, ամեն ինչ վերահսկվում է, տագնապի տեղիք տվող ոչինչ չկա, մենք ամբողջ պետությունով դրայվոտ սլանում ենք պայծառ ապագա, այլևս ոչ մի գաղջություն, ոչ մի կրկես, ոչ մի խիար: Առաջ: ԱԺ-ն ձայների 85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատեց կառավարության ծրագիրը: Եվ միայն 13 անհավատներ դեմ են մեր համապարփակ ու ընդգրկուն առաջընթացին, բայց նրանց էլ հասարակական լավատեսության հորձանքը կտանի ուր որ անկ է: Դե՞մ էին Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, իսկ նրանք ինչի՞ն են կողմ: Իրենք գիտե՞ն: Ձեռնպա՞հ էին Լյուդմիլա Սարգսյանը, Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Լևոն Դոխոլյանը, Ալեքսանդր Արզումանյանը: Չեն կողմնորոշվել՝ ի վերջո ո՞ւմ կողմն անցնեն, որտե՞ղ է ավելի ապահովված պատգամավորի մանդատը: «Բարգավաճ հանրապետական» ԲՀԿ-ն նորից մոլորվեց՝ անորսալի Ջոյին որսալ չհաջողվե՞ց՝ խմբակցության կուսակցական պատգամավորները քվեարկությանը չմասնակցեցին, իսկ ոչ ԲՀԿ-ականները մասնակցեցի՞ն: Իրական այլընտրանքը դա է: Թե չէ՝ ընկել են դեգերումների մեջ՝ կվերադառնա՞ Գագիկ Ծառուկյանը, չի՞ վերադառնա, բա մեզ ո՞վ կտանի պայծառ ապագա, բա մեր երկրորդ տեղը ո՞ւմ կտան, բա մենք ո՞վ ենք առանց շեֆի, խնդրենք՝ գա: Այ թե որտեղ դրայվ չկա:


Իսկ կառավարությունը գործում է օրուգիշեր՝ այլևս անդուլ ու անդադար՝ հա-նուն բա-րե-փո-խում-նե-րի: Հետո՞ ինչ, որ այդ բառն այլևս սրտխառնոց է առաջացնում հասարակության առողջ ու հիվանդ հատվածներում հավասար: Հիմա ուրիշ է՝ բա-րե-փոխ-վում ենք ազ-գո-վին:
Բարեփոխումներից անքնություն է առաջացել օլիգարխիկ հատվածո՞ւմ: Ոչ: Անօրինական հարստացման քրեականացումը կառավարության ամենակարճաժամկետ ծրագիրն է՝ 3 ամիս: Ի՞նչ է, որ չդիմանան: Ապրի Արփինե Հովհաննիսյանը՝ ասաց՝ օրենքը հետադարձ ուժ չունի, ինչ տարել են՝ իրենցն է, ո՞ւմ են պատասխանատու: Ոչ մեկին: Ասված է, չէ՞` բիզնես-միզնես խլել չկա:


«Ո՞նց եմ պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և այլոց մոնոպոլիաների դեմ, շատ պարզ՝ խաղի կանոնները լինելու են բոլորի համար նույն ձևի: Ո՞նց են իրենց մոնոպոլիաներն առաջացել՝ գուցե ձևակերպումս մի քիչ կոռեկտ չէ, հետաքրքիր չէ ինձ: Բայց լինելու է բաց դաշտ, թե ով այդ ոլորտում կլինի ավելի հաջողակ, ժամանակը ցույց կտա»,- ԱԺ-ում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Ընդհանրապես, սուպերվարչապետը ապավինում է միայն ժամանակին, ամեն երկրորդ հարցին նա պատասխանում է՝ ժամանակը ցույց կտա: Իսկ եթե ժամանակը իր ակնկալիքի հակառակը ցույց տա, հանգիստ խղճով կթողնի-կգնա՝ ինչ կարող էր, արեց: ՈՒ հենց այստեղ է սկսվում կանաչ վարունգի իսկական պատմությունը՝ փաստորեն Հայաստանի Հանրապետությունը փորձադաշտ է՝ կստացվի՞՝ կստացվի, չի՞ ստացվի՝ գլորվեք ձեր նախորդ վարչապետերի փորած փոսը, ես ի՞նչ կապ ունեմ: Գուցե սա՞ է մենեջմենտի տրամաբանությունը, բայց մեզ պետք է ոչ թե մենեջմենտի տրամաբանություն, այլ տիրոջ, ում համար չկա «ոչ» ու չկա «հնարավոր չէ»: Թե չէ, ես էլ կարող էի «Նաիրիտը» վերագործարկել, եթե գար մեկն ու ասեր՝ ես կաշխատեցնեմ: Արդյունավետ մենեջերը ոչ թե սպասում է առաջարկին, այլ ինքն է որոնում ու պահանջարկ ձևավորում: Այդ «մեկի» չգոյությունը փաստարկ չէ, անկախ պետությո՞ւն է, կարող է քաղաքական որոշում կայացնել ու վերագործարկել մի գործարան, որը համակարգաստեղծ է՝ շարժելու է մյուսներին: Ամբողջ խնդիրն այն է, որ պետություն է, բայց ոչ անկախ ու իր բոլոր քայլերում լուծում է մի խնդիր՝ իսկ իմ շահի պաշտպանությունը որքա՞ն է համահունչ իմ պատվիրատուի շահին:

Հակասո՞ւմ է, ուրեմն դա իմ շահը չէ: Ասե՞մ՝ ո՞վ է պատվիրատուն: Չասեք՝ չգիտենք: Լավ էլ գիտեք:

Հայաստանը հիանալի խրվել է եվրասիական դաշտում՝ ոչ աջ, ոչ ահյակ: Ոչ վերև, ոչ ներքև:

Ի՞նչ անի Հայաստանը ԵԱՏՄ-ում: Ղազախստանը Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքը բռնած թուրքալեզու պետությունների առանցք է կառուցում, Բելառուսը մեկ Եվրոպա է նետվում, մեկ՝ Պակիստան ու Չինաստան, հետն էլ՝ Իսլամական համագործակցության կազմակերպություն՝ եկեք, երկիրս ձեզ, ներդրում արեք, մեռա համոզելով, ո՞ւր եք: Ղրղզստանը մինչև հիմա մտածում է՝ ճի՞շտ էր, որ հարևան Չինումաչինը թողած՝ հասա Մոսկվա: Դե, իսկ Մոսկվան, ՈՒկրաինայից հետո, անցել է Սիրիա ու պատժամիջոցների վերջը չի երևում՝ մի Մատեո Ռենցի իր Իտալիայով ի՞նչ անի 27-ի դեմ, որ հրաժարվում են Պուտինի արևով երդվել: Չկան արտաքին ներդրումների հույսեր՝ միով բանիվ: Չկան: Նյու Յորքն էլ հիմնականում ու մասնավորապես «այո» չասաց: Բայց աբսուրդ չէ՞ր՝ գնալ Նյու Յորք ու ասել՝ ներդրումներ արեք ԵԱՏՄ-ում, հետո՞ ինչ, որ դուք եք ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանել, մենք Հայաստանն ենք, ու մենք լավն ենք: Մեղադրե՞լ ներդրողներին, որ չհասկացան՝ ինչով ենք լավը: Մնաց Եվրամիությո՞ւնը: Չմնաց: Նրանք ժլատ են, փողը հաշվել գիտեն ու արդյունավետ ծախսել են պահանջում: ՈՒ հետո՝ պարզ է, որ ԵՄ-ն ԵԱՏՄ-ին փող չի տա: Ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը:


Ի՞նչ մնաց: Հյուսիս-Հարա՞վը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների երազ ունեցող նախարար Վահան Մարտիրոսյանը չի բացառել, որ ճանապարհի շինարարությունը կդադարեցվի: Հանճարեղ չէ՞: Գյուտ է: Այդքան ներդրումներ ու այսպիսի արդյունք՝ ո՞վ չէր հպարտանա մտքի այդ թռիչքով:
Հանքե՞րը: Իրականում ո՞վ գիտի՝ ի՞նչ կա Հայաստանի ընդերքում: Կարեն Կարապետյանը ձեռքը կպարզի՞ կրակին, որ նախագահական ծագում ունի, թե՞ ընթացիկ ճշտումներ կանի՝ կգնա: Մաքսային «թղթապանակները» կվերացվե՞ն, թե՞ կպարզվի, որ ներմուծման քվոտան արդար է, մենաշնորհ ունեցողները գրեթե անմաքս ապրանքներ պիտի ներմուծեն, որովհետև երկիրը փոքր է, սպառման շուկան փոքր է, մենաշնորհները բնական են՝ իրենք իրենց են առաջանում:


Արտաբյուջետային հիմնադրամնե՞րը փակել, բայց այնքան քիչ են այդ գումարները, հետո էլ լիքը հարցեր են լուծում սուսուփուս: Փոխարենը գործելու վիթխարի դաշտ կա. օպտիմալացում՝ պետական ու համայնքային կառույցներում, աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանա, եկամտահարկը 2 %-ով կբարձրանա: Երկու ամսից նոր տարի է, ո՞ւմ պետքն է կառավարությունը, հետո ընտրություններ, ու վեց ամիսը կանցնի-կգնա:
Պարոնայք երդվյալ ատենակալներ, կրկնում եմ՝ ամեն ինչ վերահսկվում է, տագնապ չկա, մենք դրայվոտ սլանում ենք պայծառ ապագա, այլևս ո՛չ մի գաղջություն, ո՛չ մի կրկես, ո՛չ մի խիար: Առաջ: Ապացո՞ւյց եք ուզում, բայց ինչ անհավատն եք: Ապացույցը ձեզ ներկայացվեց վարչապետի ու հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հարցազրույցով: Կասեք՝ էլի չե՞ք հավատում, կասեք՝ էլ ի՞նչ դրայվ, որ իրենք իրենցով հավաքվում ու իրար հա՞րց են տալիս, իսկ իրական հարցերը մնում են չպատասխանվա՞ծ: Կասեք՝ բայց ինչ մեղք էին հարց տվողնե՞րը, բոլորի դեմքին գրված էր՝ «Մամա ջան, տուն եմ ուզո՞ւմ»: Հետո ինչ, գործ է՝ վճարվում ես, պիտի անես: ՈՒ ի՞նչ իմացանք այդ փոքր ձևաչափով մեծ հարցազրույցից: Իմացանք, որ լիրիկական զեղումների ժամանակը նախորդ վարչապետերը սպառել են, ու հիմա պրագմատիզմի օրեր են՝ մանրամասն պրագմատիզմի, ու սուպերվարչապետը կարևորում է «կառավարություն և հասարակություն փոխադարձ կապը»՝ որոշակի վստահություն առաջացնելու համար: Նաև հասկանում է, որ առաջին հերթին կառավարության «ինչ գործողություններ կիրառելուց է» կախված, բայց նաև՝ յուրաքանչյուր քաղաքացուց, որ պիտի «վստահ լինի, որ իր քաղաքացիական դիրքորոշումն ակտիվ դրսևորելով՝ ինքն օգուտ կբերի գործին»: ՈՒրեմն, նախ սկսենք մեզնից, հետո՝ բիզնեսին, ստեղծագործ մարդուն, ակտիվ մարդուն չխանգարենք: Ավետիս՝ «Հաշվի առնելով հանրության հուսալքությունը՝ կառավարությունը որոշակի խթանողի դեր է կատարելու, ստեղծելու է ներդրումային հիմնադրամ, որ բիզնեսի հետ համատեղ մասնակցի որոշակի նախագծերի մեջ ու աշխուժություն մտցնի»: Բա զիլ չէ՞: «Որ վաղը մեր երկրում լինեն բարենպաստ պայմաններ զարգացման համար, խիստ անհրաժեշտ է մեր քաղաքացուն, մեր երեխաներին, մեր հաջորդ սերնդին կրթելը: Վաղվա օրը գրագետ մարդու օր է»: Փաստորեն, այս օրը անգրագետների՞նն է: Կարեն Կարապետյանը դեմ է պասիվությանը: Նա վստահ է, որ հասարակությունը սպասում է՝ ինչ հայտարարում է, կլինի, թե չի լինի, ու շատ է ուզում, որ պասիվ չլինի:


Կոռուպցիայի դեմ պայքա՞ր եք ուզում, խնդրեմ. «Կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարելով, N-երորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում»:
Իսկ միջավայր փոխելու համար ի՞նչ է պետք: Միայն չասեք՝ իշխանափոխություն, դա քաղաքականություն է, իսկ վարչապետը քաղաքականության մեջ չկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մի մեջբերում էլ. «5, 10, 15 տարի հետո մեր երկիրը տեսնում եմ հայկական: Որևիցե իդեալական կառավարման բանաձև չկա, որ դու կարող ես մի երկրից վերցնել և մի այլ երկրի վրա ադապտացնել: Ավելի ճիշտ ադապտացնել կարող ես, բայց կրկնօրինակել չես կարող: Այդ իսկ պատճառով, ԵԱՏՄ-ի վերաբերյալ, մենք՝ հայերս, շատ հետաքրքիր և տաղանդավոր ազգ ենք, բայց շատ դեպքերում մեզ պրագմատիզմը պակասում է: ԵԱՏՄ պե՞տք էր մտնել, թե չէ: Իմ համոզմունքով՝ այո, ասեմ ինչու. որովհետև մենք դառնում ենք մի ակումբի անդամ, որտեղ շուկան մեծանում է, և որտեղ մեր պոտենցիալ կարողությունները տեղաբաշխելը մաքսիմալ հնարավոր է: Լինելով ԵԱՏՄ-ի շուկայում՝ մենք բացառո՞ւմ ենք այլ շուկաներում աշխատելը: Ո՛չ: Մենք այլ շուկաներ գրավելու մեծ պոտենցիալ ունենք, և ինչ-որ ձևով ԵԱՏՄ-ն մեզ խանգարո՞ւմ է, իհարկե, ոչ: Այդ իսկ պատճառով մենք կարո՞ղ ենք ԵԱՏՄ-ի անդամակցությունից օգտվել՝ հիմնականում մեզնից է կախված: Եթե մենք այդքան էլ չենք օգտվում, մեղքը գցել ուրիշների վրա, կարծում եմ, ճիշտ չէ: Մենք մեկի հետ ընկերություն անելուց անպայման ինչ-որ մեկի դեմ չենք անում, չէ, ընկերությունը: Եվ ուրիշների հետ ընկերակցելը չի բացառվում»: Տեսա՞ք պրագմատիզմի նշույլ, չկար, որտեղի՞ց տեսնեիք, կա քաղաքական լիտոտա՝ մեղմասացություն, ավելի ճիշտ՝ գրոտեսկ՝ չափազանցություն, որ շուկաներ գրավելու ներուժ ունենք ու չենք գրավում, որ ԵԱՏՄ-ից չենք օգտվում ու, ԵԱՏՄ-ին անդամակցելով, ուրիշներին ընկերակցելը չի բացառվում: Բացառվում է ոչ միայն քաղաքականապես, այլև օբյեկտիվ պատճառներով՝ անցյալ դարի տեխնոլոգիաներով ու չունեցած արդյունաբերությամբ, որի վերականգնումը վարչապետը խնդիր չի համարում, ի՞նչ ենք արտադրելու, որ մրցունակ լինի ու սպառման շուկա ունենա: Ադամանդով ու բարձր տեխնոլոգիաներով խնդիր չես լուծի: Աշխատատեղ չես ստեղծի, երկրիդ քաղաքացուն տուն չես վերադարձնի, օտարին չես համոզի, որ ներդրում անի մի տեղ, ուր փոքր ու միջին ձեռներեցությունը տեղը չի գտնում: Պրագմատիզմն էլ պետք է երազ ունենա՝ ոչ թե հարմարվել լոգիստիկային ու օբյեկտիվ իրավիճակին, այլ պայմաններ ստեղծել լոգիստիկան ու իրավիճակը փոխելու: Եթե վարչապետը հարցնում է՝ ի՞նչ պետք է անի պետությունը, եթե գազն այստեղ հասցնելը թանկ է, և չի տեսնում էժան գազը կողքին, դա քաղաքականություն է, ոչ մենեջմենտ: ՈՒ թող իզուր չհամոզի ոչ ինքն իրեն, ոչ ուրիշներին, որ ինքը քաղաքականության մեջ չկա: Չի կարող չլինել, վարչապետը համատիրության պետ չէ, քաղաքական պաշտոն է: ՈՒ եթե «Հայկական աշխարհից» երկտարյա ընդմիջումից հետո հասնում ենք «Հայկական Հայաստանին», մնում է վերլուծել, վերաիմաստավորել ու ախտորոշել՝ ո՞վ ենք մենք: Բայց դուք, պարոնայք երդվյալ ատենակալներ, մի տագնապեք: «Հիմնականում ամենաշատ դժգոհություն առաջացնողը անարդարությունն է, իսկ մեր ազգը շատ գրգռված, լավ առումով, ունի անարդարության նկատմամբ ըմբոստանալու հատկություն»: Ես չեմ ասում՝ վարչապետն է ասում: Դրայվը չասեմ:

Դիտվել է՝ 1683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ