Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
25.10.2016 | 10:26

(սկիզբը՝ այստեղ)

Եթե հարկային բարձր բեռը կամ էկոլոգիական միջավայրի պահպանության համար պահանջվող լրացուցիչ ծախսերը կարող էին լուրջ խոչընդոտ դառնալ կապիտալիստական երկրներում արտադրությունների զարգացման համար, ապա խորհրդային «ստվերային» արտադրություններում նման խոչընդոտները խոչընդոտ չէին կարող լինել, կրում էին ձևական բնույթ, հեշտությամբ շրջանցվում ու հաղթահարվում էին արտադրությունների «ստվերային» ու պլանային հատվածների արտադրական ծավալների տոկոսային հարաբերությունների կարգավորման միջոցով: Այդպիսի որոշումները սովորաբար ընդունում էր ֆաբրիկայի տնօրեն-շրջանի դատախազ-միլպետ-շրջկոմի քարտուղար քառյակը։ Կոնսենսուսի հասնելն այստեղ ավելի դյուրին էր, քան եթե նման հարցերի քննարկումը տեղափոխվեր Մոսկվա՝ Կրեմլ, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ կամ, առավել ևս, ԽՄԿԿ դանդաղաշարժ քաղբյուրո: Խորհրդային «ստվերային» արտադրությունների համար խիստ մոտիվացված էր համարվում որակյալ արտադրանքի թողարկումը, որն, առաջնահերթության կարգով, հաջողությամբ իրականացվում էր բոլոր «ստվերային» արտադրություններում: Ամեն դեպքում «ստվերային» արտադրանքը գողոն էր, որ պետք է իրացվեր հնարավորինս արագ, առանց ավելորդ հետքեր թողնելու, առանց սպառողների գանգատների ու նրանց հանդեպ հետագա պարտքերի կամ վնասապահանջների: Ի տարբերություն օրինապաշտ ձեռնարկությունների, որոնք ունեին տեխնիկական ու տեխնոլոգիական սահմանափակ հնարավորություններ՝ ֆինանսական միջակ հնարավորությունների պատճառով (նաև ԽՍՀՄ-ում ընդունված երկարաժամկետ ֆինանսական պլանավորման պատճառով, որը թույլ չէր տալիս արտակարգ իրավիճակներում կամ այլ բնույթի անհետաձգելի դեպքերում անգամ աննշան միջոցներ տրամադրել՝ օպերատիվ որոշումներ կայացնելու և անհրաժեշտ գործողություններ կատարելու համար): Մյուս կողմից զգալի էր «ստվերային» արտադրություններ ունեցող պետական ձեռնարկությունների անմիջական բացասական ազդեցությունը օրինապահների վրա:


Խորհրդային տնտեսական համակարգը, բացի արտադրանքի տեսականու արտադրական ծավալների պլանավորումից, որոշակի ֆինանսական միջոցներ էր նախատեսում նաև գործող արտադրությունների վերազինման ու նոր տեխնիկա-տեխնոլոգիաների ներդրման համար (план перевооружения): Բրեժնևի ժամանակ այդ հնարավորություններից օգտվելու համար պետք էր կաշառք տալ, որը լայն հնարավորություններ էր ստեղծում «ստվերային» արտադրությունները զարգացնելու և արդիականացնելու համար: Առաջնահերթության կարգով տեխնիկական վերազինման համար նախատեսված պետական կենտրոնացված միջոցները սկզբում տրամադրվում էին «ստվերային» արտադրություններ ունեցող գործարաններին ու ֆաբրիկաներին՝ բնականաբար խոշոր չափերի հասնող կաշառքի դիմաց, ինչը, իհարկե, տրամադրվում էր «ստվերային» դրամարկղից: Կաշառքի միջոցով նոր տեխնիկա ու տեխնոլոգիաներ ձեռք բերելը «ստվերային» տնտեսություններին թույլ էր տալիս լուծել երեք կարևոր խնդիր.


ա) ավելացնել «ստվերային» արտադրությունների տեխնոլոգիական հնարավորությունները և «ստվերային» արտադրանքի տեսականին ու ծավալները,
բ) խոչընդոտներ ստեղծել օրենքի շրջանակներում գործող արտադրական ձեռնարկությունների համար՝ կասեցնելով նրանց զարգացումն ու ասպարեզից հանելով իրենց գաղափարական հակառակորդներին և կենսական թշնամիներին,
գ) սնանկացնել օրենքի շրջանակներում գործող արտադրական ձեռնարկություններն ու հող նախապատրաստել վերջիններիս կուլ տալու և դրանց հաշվին սեփական արտադրական հնարավորությունները ընդարձակելու համար:
Օրենքի սահմաններում աշխատող բոլոր ձեռնարկությունների համար բոլոր ուղղություններով ստեղծված էին օբյեկտիվ ու սուբյեկտիվ բնույթի բազմաթիվ խոչընդոտներ արտադրությունների վերազինման, նոր տեխնոլոգիաների ներդրման, նոր արտադրատեսակներին անցնելու հարցերում: Վերադաս կազմակերպություններին անում էին ամեն ինչ, որ բոլոր «օրինապաշտների» արտադրական խնդիրները լուծվեին վերջում, մղվեին երկրորդ պլան՝ առաջնորդվելով չարաբաստիկ մնացորդային սկզբունքով. այն ամենը, ինչը հետաքրքիր չէր «ստվերային» արտադրություններին (իրենց դարն ապրած խորհրդային հաստոցներն ու սարքավորումները, շուկայում պահանջարկ չվայելող, մոդայից դուրս եկած արտադրատեսակները և այլն), տրվում էր օրինապաշտ ձեռնարկություններին: Ճյուղային նախարարություններն ու կուսակցական մարմինները «ստվերային» արտադրությունների առջև ամենուր կանաչ լույս էին վառում, որովհետև նրանք կարողանում էին պետական պլանները մշտապես կատարել ու գերակատարել (իհարկե, խոսքն իջեցված պլանների մասին է) և իրենց «ստվերային» գումարների մեծ մասը հասցնել «վերևներին»: Այդ նույն ճուղային նախարարություններն ու կուսակցական մարմինները մշտական կարմիր լույս էին վառում «օրինապաշտների» առաջ՝ հնարավորություն տալով մի կերպ քարշ տալու իրենց գոյությունը կամ լիկվիդացվելու և միացվելու «ստվերային» արտադրություններին՝ ֆիլիալների կամ առանձին արտադրամասերի տեսքով: «Կազմակերպական եզրակացությունների» կոմունիստական հուժկու մահակը մշտապես կախված էր օրենքի սահմաններում աշխատող, օրենքի հետ խնդիրներ չունեցող գործարանների ու ֆաբրիկաների տնօրենների գլխին. գործող տնօրենը կամ պետք է ընդուներ «ստվերային» խաղի կանոնները, մյուսների նման «մրոտվեր» ու գործեր բացառապես «ստվերային» դաշտում, կամ հեռանար զբաղեցրած պաշտոնից:
Արտաշատում աշխատելուս տարիներին շրջկոմի առաջին քարտուղարն ինձ մշտական «մեսիջներ» էր ուղարկում. եթե «գործ» չի անում, ինչո՞ւ է ԳՀԻ-ի տնօրենի պաշտոնը իզուր տեղը զբաղեցնում: Այլ տարբերակ չկար, ԽՍՀՄ-ում լայն թափ էր ստացել ձեռնարկությունների խոշորացման գործընթացը, ամենուր ստեղծվում էին արտադրական կամ գիտաարտադրական միավորումներ, որոնք կլանում ու հեշտությամբ կուլ էին տալիս, առաջին հերթին ու հատկապես, օրինական դաշտում աշխատող ձեռնարկությունները:
Արտադրական միավորումների խոշորացման պրոցեսը Հայաստանում առանձնահատուկ զարգացում ունեցավ հատկապես Կարեն Դեմիրճյանի օրոք: Ի տարբերություն Անտոն Քոչինյանի, որը «ժողովրդական գողության» ջատագովն էր, պետական ունեցվածքի գողություն՝ հանուն ժողովրդի բարօրության ու բարեկեցության (այս մասին մենք արդեն խոսել ենք), Դեմիրճյանն այլ հովերով էր տարված:


-Մոսկվայի հետ կապված բոլոր արտադրական հարցերը ես կարող եմ փողով լուծել:
Կարելի է փաստել, որ գործարանների հետ կապված բոլոր հարցերը նա, իսկապես, կարողանում էր հաջողությամբ լուծել իր շրջապատի, հիմնականում եղբոր՝ ակադեմիկոս Կամո Դեմիրճյանի միջոցով: Չի բացառվում, որ Դեմիրճյանն իր տրամադրության տակ ուներ հատուկ հիմնադրամ՝ «սև դրամարկղ», որից նա կարող էր օգտվել Հայաստանի համար ժամանակակից տեխնիկա ու տեխնոլոգիաներ ձեռք բերելու, ժամանակակից գործարաններ կառուցելու թույլտվությունն ու ֆինանսավորումը Մոսկվայից բերելու համար:
Դեմիրճյանի շնորհիվ Հայաստանը դարձավ ԽՍՀՄ տեխնոլոգիապես ամենահագեցած հանրապետությունը, որը ռազմական արդյունաբերության բնագավառում առաջնակարգ դիրք էր գրավում ԽՍՀՄ-ում ու աշխարհում, կարող էր մրցել ճապոնական կամ ամերիկյան լավագույն ֆիրմաների հետ: Բավական է հիշատակել Երևանի «Մարս» ու Աշտարակի «Տրանզիստոր» գործարանները, որոնք բավարարում էին ժամանակի բոլոր պահանջներին, կոմպլեկտավորված էին անգլիական ժամանակակից տեխնոլոգիաներով ու ճշգրիտ հաստոցներով:


Հարց՝ ի՞նչ ֆինանսական միջոցների կարող էր տիրապետել Դեմիրճյանը, որպեսզի Մոսկվայում կարողանար փողով հարցեր լուծել: Ես նախկինի նման հակված եմ համարելու, որ Դեմիրճյանն իզուր չէր կրում Դեմիրճյան-շինարար մականունը, նա եղել է մեր հանրապետության մասին մտածող լավագույն ազգային-պետական գործիչը, բայց նա նաև իր ժամանակի զավակներից էր և կարողանում էր գործել ի նպաստ Հայաստանի տնտեսության՝ ընդունելով բրեժնևյան ժամանակների խաղի կանոնները, նա ստիպված էր հաշտվել Հայաստանում «ստվերային» տնտեսության գոյության հետ ու, ի վերջո, կառուցել և ղեկավարել զարգացած «ստվերային» տնտեսություն ունեցող հանրապետություն:


Այո, Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ մյուս հանրապետությունների նման մի կողմ էր դրել խորհրդային դասական պլանային տնտեսության կոմունիստական սկզբունքները և աշխատում էր «ստվերային» տնտեսության կանոններով: Ինձ նման օրինապաշտ տնօրենները դարձել էին «իզգոյ», ապադասային անձ, ովքեր իրենց գոյությունը մի կերպ պահպանում էին ռազմաարդյունաբերության «տանիքի» տակ՝ շարունակելով իրենց պայքարը Ամերիկայի հետ ռազմական «պարիտետը» պահպանելու համար: Աշխատանքը, աշխատանքի արդյունավետության բարձրացումը, նորարարությունը ցանկացած երկրի տնտեսությունն առաջ մղող ատրիբուտիկան մղվել էին երկրորդ պլան, առաջին պլանում թողնելով միայն փող աշխատելու, փողերով հարցեր լուծելու երկրակործան պրակտիկան: Հայկական գիտության ու գյուտարարության ձեռքբերումները իշխանությունները կարողանում էին հմտորեն օգտագործել Կրեմլի բարձրաստիճան գործիչների աչքերին թոզ փչելու համար: Դեմիրճյանի ֆինանսական միջոցների վերաբերյալ հարցին կարող եմ տալ հետևյալ պատասխանը. Կրեմլի չինովնիկներին կաշառելու և այդպես երկրի համար կարևոր հարցեր լուծելու համար անհրաժեշտ գումարները հավաքվում էին արտադրական միավորումների տնօրեններից՝ Դեմիրճյանի մտերիմների միջոցով, որոնց անունները խիստ կոնսպիրացված էին, հայտնի միայն սահմանափակ թվով մարդկանց։ Նրանք պարտավոր էին յուրաքանչյուր ամիս համապատասխան մուծումներ կատարել: Այդ սահմանափակ թվով մարդկանց մեջ կար մեկը, որը ԳԱՄ-երի գլխավոր տնօրենների շրջապատում հայտնի էր «Դեմիրճյանի черный чемоданчик» մականունով: Նա բոլորիս քաջ հայտնի «Հրազդանմաշի» գլխավոր տնօրեն Թելման Տեր-Պետրոսյանն էր, որը մեր ժողովրդին հայտնի է որպես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարազատ եղբայրը: Այստեղ մի փոքրիկ անճշտություն կա. ոչ թե Թելման Տեր-Պետրոսյանն է եղել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարազատ եղբայրը, այլ, հակառակը, Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել Թելման Տեր-Պետրոսյանի հարազատ եղբայրը: Կարեն Դեմիրճյան-Թելման Տեր-Պետրոսյան բացառիկ հարաբերություններն էին պատճառը, որ 1988 թվականին Հայաստանի քաղաքական բեմահարթակ բարձրանար շատ կիրթ, համեստ կենսագրություն ունեցող, բայց վերին աստիճանի գրագետ ու հանճարեղ մի հայ մարդ՝ «Մատենադարանի» գիտքարտուղար (նկատի առնենք՝ գիտքարտուղար, բայց ոչ տնօրեն) Լևոն Տեր-Պետրոսյանը, որը Դեմիրճյանի ամենավստահելի անձնավորության՝ Թելման Տեր-Պետրոսյանի կրտսեր եղբայրն էր:


Գորբաչովի «перестройка»-ն, «демократия»-ն ու «гластност»-ը ոչ մի կերպ չխանգարեցին, որ ամենուր աշխատեր իշխանական հաջորդականության հանրահայտ սկզբունքը՝ «принцип преемственности»: Դեմիրճյանը ԼՏՊ-ին առաջ քաշեց որպես Հայաստանի առաջին դեմքի պաշտոնում իր իրավահաջորդի: Կարեն Դեմիրճյան-Թելման Տեր-Պետրոսյան պաշտոնակարգությունը (հիերարխիան) մնաց մինչև վերջ, մինչև Թելման Տեր-Պետրոսյանի ողբերգական մահը: Հիշյալ իրողությունը պարզորոշ երևում էր նաև անկախ Հայաստանի արդյունաբերության նախարարության կոլեգիայի նիստերի ժամանակ. ցանկացած հարցի վերաբերյալ սկզբում պետք է խոսեր Դեմիրճյանը (այն ժամանակ նա զբաղեցնում էր «Հայէլեկտրո» ԱՄ գլխավոր տնօրենի պաշտոնը), եթե ցանկանում էր խոսել, ապա Թելման Տեր-Պետրոսյանը, որը պարտադիր կարգով խոսում էր, վերջում ձայնը հասնում էր նախարար Աշոտ Սաֆարյանին: Դա աննորմալ երևույթ էր, որը ցույց էր տալիս, որ ՀՀ արդյունաբերության նախարար Աշոտ Անդրանիկովիչը ընդամենը դրածո էր, որը պետք է պաշտոնական ձևակերպումներ տար այն ժամանակ Հայաստանում վարվող տնտեսական և, մասնավորապես, արդյունաբերական սխալ քաղաքականությանը: Հիմա արդեն գաղտնիք չէ, որ ԼՏՊ-ի ժամանակ վարվող տնտեսական քաղաքականությունը բերեց նրան, որ Հայաստանը շատ արագ կորցրեց իր տնտեսական պոտենցիալը և, որպես դրա հետևանք, գիտատեխնիկական ու գիտական պոտենցիալը, դա վերից վար մտածված հանցավոր քաղաքականություն էր, որի հետևանքները ի զորու չէին վերացնելու ոչ ՀՀ երկրորդ, ոչ էլ ՀՀ երրորդ նախագահները, եթե նույնիսկ շատ ցանկանային:


Նրանք իշխանության եկան ու կանգնեցին նախորդ նախագահի կողմից (ավելի ճիշտ կլինի ասել՝ նախագահի եղբոր կողմից) կոտրած տաշտակի առաջ: Խոշոր հաշվով ՀԿԿ առաջին քարտուղարներ Սուրեն Հարությունյանը, Վլադիմիր Մովսիսյանը և Արամ Սարգսյանն ընդամենը ժամանակավոր պաշտոնակատարներ էին, որ պետք է ապահովեին իշխանության անարգել հանձնումը ԼՏՊ-ին ու նրա շրջապատին։ Թե ովքեր էին այդ շրջապատի մարդիկ, շատ լավ է բնութագրել հայ կոմունիստ Գեղամ Գալստյանը՝ «Պետությունը ստեղծվում է ոչ միայն այն նպատակով, որ մարդիկ ապրեն, այլ որ մարդիկ երջանիկ ապրեն» վերտառությամբ հոդվածում, («Իրատես», թիվ 65): Արիստոտելի այդ խոսքերը չի կարելի տարածել այսօրվա մեր հայ իրականության վրա, քանի որ ՀՀ-ում պետությունը ստեղծվել է, որպեսզի մարդկանց փոքրաթիվ մի խումբ կարողանա ապրել մեծամասնության կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ ժողովրդի հաշվին՝ նրա արյունը ծծելով: Եթե նման իրավիճակը դուր չի գալիս մեծամասնությանը, կարող են գնալ ուրիշ երկրներ, արտագաղթելու դռները լայնորեն բացված են. գնացե՛ք, դրսում աշխատեք։ Հայ հասարակության «երջանիկ» փոքրամասնությանը կարող է բավարարել նաև մեր պանդուխտների ուղարկած տրանսֆերտներից «հանված» մասնաբաժինը։

Ի դեպ, դրանք գրպանելու ձևերն էլ են մեզանում հասցրել մշակել: Մեր քաղաքացիների, նաև իմ ուղեղում մշտապես պտտվում է հռետորական մի հարց՝ ի՞նչն էր պատճառը, որ Դեմիրճյան-շինարարը կամ Թելման Տեր-Պետրոսյանը չնկատեցին կամ չցանկացան նկատել, որ իրենց թեթև ձեռքերով քանդում են Հայաստանի գիտատար արդյունաբերությունը, այն գիտատար արդյունաբերությունը, որը ստեղծել էին հենց իրենք՝ տասնյակ տարիների համառ աշխատանքի շնորհիվ, նաև մոսկվաներին կաշառքներ բաժանելու միջոցով: Վարկածները կարող են տարբեր լինել՝ արտաքին ուժերի ազդեցությունից սկսած, ներքին միտումներով վերջացրած: Իմ կարծիքով` այստեղ կարող էր գործել իներցիայի գործոնը: Իշխանությունները իրավունք ունեին մտածելու, որ այն ամենը, ինչն իրենց շնորհքով ստեղծվել է Հայաստանում, պատկանում է միայն ու միայն իրենց: Եթե նրանց հաջողվեր իրենց ձեռքերում պահել Խորհրդային Հայաստանի «ստվերային» տնտեսությունն ու «ստվերային» արդյունաբերությունը, ապա հնարավոր կլիներ ինչ-որ արդյունքի հասնել: Իհարկե, Դեմիրճյանի նման մարդու համար ընդունելի կլիներ, եթե նրան հանձնվեր Հայաստանի արդյունաբերության միանձնյա կառավարման մենաշնորհը, որի դեպքում նա կկարողանար արդյունաբերությունը դնել նոր ռելսերի վրա՝ ելնելով հետխորհրդային նոր իրավիճակից ու պահպանելով իր համար վստահելի դիրեկտորական կորպուսը: Բայց դա տեղի չունեցավ, Հայաստանում գլուխ բարձրացրին քաղաքական նոր ուժերը, որոնք ևս դեմ չէին անձնական հարստացման փայլուն գաղափարին, որը, ինչպես Վանո Սիրադեղյանն էր հայտարարում, հնարավոր է դառնում հարյուր տարին մեկ անգամ: Այս նոտաների տակ էլ սկսվեցին արտադրության միջոցների աննախադեպ վաճառքն ու անկազմակերպ թալանը, որին իշխանական ստվերային կաբինետում նստած նախկին քաղաքական ու պետական գործիչները բոլորովին պատրաստ չէին:


ՀՀ արդյունաբերության նախարարությունն ինչ-որ ճիգեր գործադրեց, որ անկազմակերպ թալանը վերածվի կազմակերպված թալանի՝ իր գլխավորությամբ: Այսպես, Թելման Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ սկսվեց Հայաստանի գործարանների հաստոցների, տեխնոլոգիաների, թանկարժեք մետաղներ պարունակող դետալների ու, ընդհանրապես, եղած գույքի հաշվառումը: Նրան պետք էր ունենալ եղած տեխնիկայի մի ընդհանուր ցուցակ, որի շուրջ կարելի լիներ, առանց միջնորդ տնօրենների, բանակցել արտասահմանյան գնորդների հետ ու կնքել համապատասխան օտարման պայմանագրերը: Իմ ինստիտուտից պահանջվող ցուցակը ես չներկայացրի՝ համոզված լինելով, որ այդպիսով իմ ստեղծած ինստիտուտի գլխին քար եմ գցելու, եղած-չեղածը Թելմանը կսրբեր կտաներ, ինչպես դա տեղի ունեցավ Արտաշատի մեքենաշինական կայացած գործարանի հետ: Գործարանում եղած հսկայածավալ հումքն ու աշխատող տեխնիկան, Թելմանի ճնշման տակ ու ազնիվ խոսքի երաշխիքով, բարտերային փոխանակման ենթարկվեց՝ երկու հատիկ փչացած չինական մինի-տրակտորի դիմաց: Նախարարը խոստացել էր, որ գործարանում կսկսեն մինի-տրակտորների մասսայական արտադրությունը: Մեխանիկական գործարանը չկա, մինի-տրակտորների մասսայական արտադրությունը չկա, նախկին տնօրենը փախավ Մոսկվա՝ փողոցներում օղի էր վաճառում, նախարար Սաֆարյանը ևս Մոսկվայում է, չկա Թելման Տեր-Պետրոսյանը, գործարանը չկա, Հայաստանի շատ ու շատ գործարաններ չկան, արդյունաբերություն չունենք, տնտեսության վիճակը զրոյից մի քիչ ցածր է՝ 1988 թվականի համեմատ: Իմ չներկայացրած ցուցակի համար, Թելման Տեր-Պետրոսյանի միջնորդությամբ, ես ստացա իմ վերադասների տված առաջին ու վերջին գրավոր նկատողությունը:


-Ինչո՞ւ չեք տալիս, Մոսկվա՞ն պետք է լիներ, որ վազելով տանեիք՝ ներկայացնեիք,- երեք կամակոր տնօրեններիս այդպես հանդիմանեց ՀՀ առաջին նախագահ ԼՏՊ-ի եղբայր Թելման Տեր-Պետրոսյանը։ Ես գոհ եմ, որ իմ ինստիտուտի ունեցվածքը կարողացա պահել ու պահպանել՝ ստանալով ընդամենը մեկ նկատողություն:
Արդյոք ՀՀ նոր վարչապետը կկարողանա՞ շտկել դրությունը, գտնել տնտեսության ու պետության կազմակերպման մի այնպիսի նոր ձև, որտեղ մարդիկ ապրեն երջանիկ կյանքով։ Խիստ կասկածում եմ: Իշխանության բերելով իր շրջապատի մարդկանց, նախկին գազպրոմականների ու այլոց, ՀՀ 14-րդ վարչապետը թույլ է տալիս սկզբունքային մի սխալ՝ ձգտելով ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց ուսումնասիրելու և վերլուծելու տնտեսական ճգնաժամի առաջացման բուն պատճառները: Այդ տեսակետից հատկանշանական էր ՊԵԿ-ի նոր պետի առաջին ելույթը: Պարզվում է՝ նա ամեն ինչից տեղյակ է, ամեն ինչ գիտի, ծանոթ է հարկային վարչարարության սխալ գործելաոճին, տիրապետում է բոլոր նրբություններին, սակայն խոստանում է աշխատել ՊԵԿ-ի նույն անձնակազմով, բայց արդեն ճիշտ ձևով ու կարճ ժամանակում շտկել դրությունը: Ես դրան չեմ հավատում, որովհետև ճիշտ ճանապարհ ընտրելու համար անհրաժեշտ է պարզել և հասկանալ անցած ճանապարհին թույլ տրված այն սխալները, որոնք դարձան մեր տնտեսական ճգնաժամի առաջացման պատճառը: Առանց քննարկելու, առանց հասկանալու և առանց դիալեկտիկական մեթոդների կիրառման հնարավոր չէ պարզել ողջ ճշմարտությունը: Կարելի է ենթադրել, որ հարկայինի նոր պետը՝ երկար տարիներ աշխատելով սխալ ձևով աշխատող հարկային մարմինների հետ, սկզբունքային չի եղել, հարմարվել է ու այդպես էլ հարմարվելով ու հարմարեցնելով իր կազմակերպության գործերն առաջ է տարել: Հիմա, ելնելով իր նոր պաշտոնից ու իր առաջ դրված խնդիրների փաթեթից, նա պետք է դառնա օրինական ձևով աշխատող հարկային կառույցի պետ, փորձի հընթացս վերափոխել ու ձևափոխել այդ փտած համակարգը, առաջ գնալ՝ միայն առաջ նայելով: Այդպես չի լինում, ՊԵԿ-ում համակարգային ու կադրային լուրջ փոփոխություններ են պետք, որոնց իրավասությունը չի տրված ոչ նոր վարչապետին և ոչ էլ հարկայինի նոր պետին: Թե ինչպես են նախկինում աշխատել հարկային մարմինները՝ մինչև հարկայինի նոր պետի հանդես գալը, կարելի է պատկերացնել իմ հաջորդ փոքրիկ պատմությունից:


Սպիտակի «Տեխնոլոգիա» ՍՊԸ-ի տնօրեն, իմ մանկության ընկեր Համլետ Եդիգարյանը մի օր ինձ ասաց.
-Քննադատական հոդվածներ ես գրում, հեռուստատեսությամբ ելույթներ ես ունենում, բայց պատկերացում անգամ չունես, թե երկրում ինչեր են կատարվում։ Տես, Վանաձորի հարկայինից վարչական տուգանքի ենթարկելու մասին ակտ եմ ստացել, իրենց գլխից մի բան վերցրել ու գրել են, գոնե գային ստուգեին, մի թերություն գտնեին ու նոր գրեին, հազիվ ծայրը ծայրին եմ հասցնում, երկրաշարժից որբ մնացած աղջիկներիս եմ պահում։ Հարկային բոլոր պարտավորությունները մշտապես կատարել եմ, ի՞նչ են ուզում, ստիպված եմ այս ՍՊԸ-ն փակել ու քոչել երկրից։ Ապրելու տեղ չէ, մարդուն մարդու տեղ չեն դնում, չեն թողնում, որ աշխատի:
-Վանաձորի այդ ակտը տուր, ես դրանց դատի կտամ, անօրինականության վերջը կտամ,- ասացի՝ ինքս էլ չհավատալով, որ Հայաստանում հնարավոր է պետական կառույցներին դատի տալ ու արդարության հասնել, այն էլ հայկական դատարանների միջոցով:
-Պետք չէ, այդ փողերը կամաց-կամաց կփակեմ, մենակ ես չեմ, Սպիտակի բոլոր կազմակերպությունները տուգանվել են, հարկայինը դրանցով իր պլանն է կատարում:
Անցյալ տարի ընկերս մահացավ, առողջություն այլևս չէր մնացել, բուժման փող էլ չկար, հարկայինի լկտիություններն էլ՝ իրենց հերթին:
Դժվար է պատկերացնել շրջաններում գործող ձեռնարկությունների իրական վիճակը, ինչպե՞ս են մարդիկ պայքարում չինովնիկական կամայականությունների դեմ, որոնք խորհրդայինի համեմատ ավելի են սաստկացել, զարգացել ու ժամանակից առաջ են ընկել: Այսօրվա Հայաստանում պետական պաշտոնյաները, հարկային ու իրավական մարմինները միասնական են, ինչպես երբեք, իրար բերան թքած են, ստեղծել են մի այնպիսի կուռ միաբանության, որի պատնեշը հնարավոր չէ հաղթահարել, շանսերը քիչ են: Հայաստանում գործ դնելը, գործարարությամբ զբաղվելը դարձել է անիմաստ, բիզնեսի մեջ ներդրված փողերից բացի կկորցնես նաև առողջությունդ ու, հնարավոր է, կյանքդ։ Պետք է փոխել, մի բան պետք է անել, այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, մեր կոտրած ձեռքերով մեր սեփական երկիրն ենք կործանում: Կարո՞ղ են արդյոք երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու, երկիրը փրկելու այդ առաքելությունը իրենց վրա վերցնել «գազպրոմյան» նոր դեմքերը, խիստ կասկածում եմ, որովհետև նրանք բոլորն էլ նույն հասարակարգի ծնունդն են, բոլորը նույն կաղապարի վրա են ձևված, մեղրով ու մեղրաճանճով լի հարևան փչակներում են բնակվում: Խնդրեմ, առաջարկում եմ հարկայինի նոր պետին տալ հետևյալ հասարակական հանձնարարությունը. թող ուսումնասիրի Վանաձորի հարկայինի վերաբերյալ իմ պատմած պատմությունը, հրապարակի իր հետազոտությունների արդյունքները, ասի իր ծանրակշիռ խոսքն ու մեր հանրությանը ներշնչի այն բաղձալի վստահությունը, որ իրենք, ի տարբերություն իրենց նախորդների, եկել են արդարություն ու օրինականություն հաստատելու, իրադրությունը փոխելու, երկրում ու բիզնես աշխարհում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու համար:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ