Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Շիրակի մեղեդիների» քավորը

«Շիրակի մեղեդիների» քավորը
25.10.2016 | 10:43

Խորհրդային տարիներին մեծ ուշադրություն էին դարձնում գեղարվեստական ինքնագործունեությանը։ Գործարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում, կոլտնտեսություններում և այլ հիմնարկ-ձեռնարկություններում գործում էին թատերախմբեր, երգի-պարի համույթներ, էստրադային նվագախմբեր։
Դրանցից շատերն ունեին բարձր պրոֆեսիոնալ մակարդակ, և շնորհալի երիտասարդներից շատերը երբեմն հայտնվում էին պրոֆեսիոնալ թատրոններում, համույթներում։
Այդպիսի բարձրակարգ խմբերից էր Լենինականի Սևյանի անվան մշակույթի տան երգի-պարի անսամբլը, որի ղեկավարն էր քաղաքում շատ սիրված ու հարգված Աղասի Շաբոյանը։
2004-ին իմ «Օթյակ» հեղինակային ծրագրի թողարկումներից մեկը նվիրված էր այդ անսամբլի նախկին մենակատար, իսկ 1965-ից Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր անսամբլի մենակատար, վաստակավոր արտիստ ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ։


4-րդ դասարանի աշակերտ էր Ալբերտը, երբ առաջին անգամ բեմ ելավ ու երգեց։ Դա Լենինականի պիոներների պալատում էր։ Այդ ելույթից հետո նա դարձավ դպրոցական բոլոր ցերեկույթների մասնակիցը։
Ալբերտ Սարգսյանը մանկուց շրջապատված է եղել շնորհալի երաժիշտներով։ Մորը՝ Վարդուշին, համարում էր իր առաջին ուսուցիչը։ Գեղեցիկ ձայն ուներ, շատ օրորներ գիտեր, որ երգում էր փոքրիկ Ալբերտի համար։ Երգում էր նաև եկեղեցու երգչախմբում, հռչակավոր Արաքսյա Գյուլզադյանի կողքին։ Նրա քեռիներն էին ճանաչված երաժիշտներ՝ թառահար Արամ Նիկողոսյանը, դուդուկահար-կլառնետիստ Կարո Չարչօղլյանը, քամանչահար Հրաչիկ Մուրադյանը։
Ալբերտը ավարտել է Լենինականի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական ուսումնարանը։ Սովորել է նաև Ա. Մռավյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում (ղեկավար՝ Գրիգոր Մկրտչյան)։ Չորս տարի աշխատել է հանրապետության այդ լավագույն թատրոններից մեկում, բեմ է դուրս եկել մեծ դերասանների հետ։ Մասնակցել է «Իմ ընկեր Կոլկա», «Մխիթար Սպարապետ» ներկայացումներին, իսկ «Քաջ Նազարում» ու «Հեղնար աղբյուրում» նաև երգել է, երգել է իր անկրկնելի, գեղեցիկ ձայնով։
Ահա թե ինչ պատմեց Ալբերտ Սարգսյանը.
-Մի ուրախության ժամանակ ինձ իր մոտ կանչեց Աղասի Շաբոյանը։ Նստեցրեց կողքին ու ասաց. «Երգիր իմ սիրած երգը»։ Դա «Սարեր, կաղաչեմն» էր։ Երգեցի։ Իսկ ինքն ընկերների հետ խմում էր։ Ասաց. «Վաղը կգաս փորձի, կգաս Սևյանի ակումբ»։
-Կգամ,- պատասխանեցի։


Փոքր տղա էի։ Անսամբլում մեծ մարդիկ կային, տարիքով։ Քաշվում էի նրանցից։
Սկսվեց նոր կյանք ինձ համար։ Եվ դա լավ էր։ Ես կտրվեցի փողոցից, շրջապատից։ Մտածում էի՝ բեմ պետք է բարձրանամ։ Մարդիկ պետք է լսեն ինձ։
15 տարի երգեցի Շաբոյանի ղեկավարած անսամբլում։ Մասնակցեցի բազմաթիվ փառատոների, արժանացա պատվոգրերի։ Մեծ մարդ ու արվեստագետ էր Աղասի Շաբոյանը։ Քաղաքում նրան լավ էին ճանաչում, սիրում ու հարգում էին։ Կարելի է ասել, որ նա Լենինականի պատմությունն էր։ Ամբողջ քաղաքը նրան վարպետ էր ասում, 20-րդ դարի վարպետ։ Չտեսնված բան էր։ Աղասի Շաբոյանը հայ արվեստի երախտավորներից էր։ Նրա արվեստը բարձր են գնահատել մարշալ Բաղրամյանը, Արամ Խաչատրյանը, Դմիտրի Կաբալևսկին, Տիգրան Պետրոսյանը, Մհեր Մկրտչյանը, Վարդուհի Վարդերեսյանը։ Վարպետի մասին գրել է Հովհաննես Շիրազը. «Ապրես, Աղաս ջան, հեչ գործ արած չլինես, «Գյումրվա հարսանիքը» հերիք է։ Դրանով և՛ դու կապրես, և՛ Գյումրին»։
60-ականներին Աղասի Շաբոյանն անսամբլում ստեղծեց «Գյումրվա հարսանիք» թատերականացված ծրագիրը։ Այն մեծ հաջողություն ունեցավ։ Շաբոյանն ինձ հանձնարարեց քավորի դերը։ Ես չորս համար էի կատարում։ Ծրագիրը ներկայացրինք նաև մյուս հանրապետություններում։ Թբիլիսիում գառները դրած ուսերին, մոտենում էին բեմին, նրանց դնում բեմի վրա։


60-ականների երկրորդ կեսին հայկական հեռուստատեսությունը թափ էր առնում, դրա հետ և հայկական հեռուստակինոն։ Հեռուստաֆիլմերի շարքում լավագույններից էր «Շիրակի մեղեդիները» (ռեժիսոր՝ Վիլեն Զաքարյան)։
1965 թվականին Լենինական եկավ նկարահանման խումբը։ «Շիրակի մեղեդիները» նկարահանվեց 15 օրում։ Ջերմ մթնոլորտ էր տիրում նկարահանումների ընթացքում։ Բոլորս (երգի-պարի անսամբլի մասնակիցներս) նկարահանվում էինք առաջին անգամ։ Դերասանություն չկար. մեկը մահճակալ պատրաստող էր, մյուսը՝ պահակ, մաշինիստ, «պրավադնիկ»... Ամեն ինչ մաքուր, զուլալ էր։ Մեջների պրոֆեսիոնալը ես էի, թատրոնում էի աշխատել։ Անսամբլի տաղանդավոր երգչուհի Ծովիկ Ղազարյանը, ով հզոր ձայն ուներ (ֆիլմում երգում էր «Ես մի ծառ եմ ծիրանի») և շատ կենսուրախ կին էր, երբ եկավ ձայնագրման մեքենան՝ տոնվագեն, և պետք է սկսվեր նկարահանումը, ասաց. «Ձենս խզվել է, չեմ կրնա երգել»։ Ես հանգստացրի նրան. «Երգե, հենց որ ձենդ կտրվի, ես կըսեմ. «Մամ, շատ ես մենձցել, ձենդ քաշվել է...»։


Ֆիլմում կա այդ երկխոսությունը։ Ծովիկը հարցնում է. «Կրնա՞մ երգել...»։ Ես պատասխանում եմ. «Կրնաս, կրնաս...»։ «Շիրակի մեղեդիները» ճակատագրական եղավ ինձ համար։ Մինչ ֆիլմը ինձ գիտեին որպես «Լայ, լայ...» երգի կատարողի։ «Շիրակի մեղեդիները» ծածկեց «Լայ, լայը...»։ Ես դարձա «Շիրակի մեղեդիների» քավորը։

Առաջին ցուցադրումից հետո կինոնկարը մեծ ճանաչում ստացավ, այն ժողովուրդն ընդունեց և սիրեց։ Սիրեց Գյումրվա համ ու հոտի, կոլորիտի, Շերամի գեղեցիկ երգերի, ֆիլմի ռեժիսոր Վիլեն Զաքարյանի և օպերատոր Ստեփան Մարտիրոսյանի բարձր պրոֆեսիոնալիզմի, Աղասի Շաբոյանի անսամբլի և հարսանիքի քավորի համար։ Մեծ հաջողություն ունեցավ Ալբերտ Սարգսյանը։ Շերամի «Պարտեզում վարդ էր բացվել» երգը լայն ժողովրդականություն բերեց երգչին։ Ալբերտը խաղում էր քավորի դերը, և ժողովուրդը նշում էր ոչ թե Շերամի երգի վերնագիրը, այլ պարզապես ասում էր՝ քավորի երգը։ Երիտասարդ երգչի հաջողության գրավականն էին բարձր պրոֆեսիոնալիզմը, երաժշտականությունը, ձայնի յուրահատուկ տեմբրը, հեղինակին հարազատ մնալը և հոգին, որովհետև հոգով է երգում երգիչը, սրտով է երգում։ «Շիրակի մեղեդիներից» հետո նոր էջ բացվեց երգչի կյանքում։


-Լենինական հյուրախաղերի էր եկել Թաթուլ Ալթունյանի ղեկավարած երգի-պարի անսամբլը։ Համերգի ընդմիջմանը ինձ կանչեց Աղասի Շաբոյանը և ծանոթացրեց Թաթուլ Ալթունյանի հետ։ Վերջինս տեսել էր «Շիրակի մեղեդիները»։ Թաթուլ Ալթունյանը հարցրեց. «ՈՒզո՞ւմ ես երգել մեր անսամբլում»։ Պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը։ Կարծես երազում լինեի։ Եվ 1965-ին ես դարձա հանրահայտ անսամբլի մեներգիչը։ Երգեցի Լուսիկ Քոշյանի, Վաղարշակ Մամիկոնյանի, Վարդուհի Խաչատրյանի կողքին։ Շուտով ես ունեցա իմ տեղն անսամբլում։
Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ, որին երգիչը համարում էր իր ուսուցիչը, հղկվեց նրա վարպետությունը, կատարելագործվեց, դարձավ հայ երգի լավագույն կատարողներից մեկը։ Անսամբլի հետ հանդես եկավ մեր հանրապետության բոլոր քաղաքներում, մեծ ու փոքր գյուղերում, Միության բոլոր հանրապետություններում, Ամերիկայի, Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի բազմաթիվ երկրներում։


-Խորհրդային Միության մշակույթի նախարարությունը մեզ փորձության ենթարկեց, ուղարկելով երկու անգամ Աֆրիկա հյուրախաղերի՝ Գվինեա, Գամբիա։ Կարծես փորձում էր. կարո՞ղ է արդյոք սովետական քաղաքացին ապրել այդ պայմաններում։ Ահավոր շոգ էր և խմելու ջուր չկար։ Ճաշի ժամանակ ջուրը բաժանում էին շշերով։ Առաջին օրը, երբ ջուր էին բաժանում, ես ու կինս (ի դեպ, Ալբերտի կինը երգի-պարի անսամբլի երգչուհի Ֆլորա Թոփչյանն է, որի մայրը նույնպես երգչուհի էր), հանրապետության վաստակավոր արտիստ, օպերայի մեներգչուհի Անատոլյա Ղարիբյանը) նստած էինք սեղանի մյուս ծայրին և մեզ ջուր չհասավ։ Ջուրը հաշվով էր։ Հաջորդ անգամ մենք որոշեցինք ճարպկություն անել. նստեցինք այնտեղ, որտեղից սկսել էին բաժանել ջուրը։ Սակայն այս անգամ ջրի բաժանելը սկսվեց սեղանի մյուս ծայրից։ Մնում էր միայն ծիծաղել և հաշտվել ճակատագրի հետ։
Աֆրիկացիները շատ ջերմ ընդունեցին մեզ։ Օդանավակայանում նրանք մեզ դիմավորեցին աֆրիկյան կրակոտ ու կրքոտ պարերով։ Իսկ երբ մենք բռնեցինք մեր քոչարին, նրանք իսկույն միացան մեզ ու մեծ վարպետությամբ կատարեցին հայկական պարը։
Ժողովրդի ճանաչումը լավ բան է, բայց երբեմն ունի իր բացասական կողմերը։ Քանի՜-քանի անգամ ինձ մեռցրին։ Էլ վթար, տոկն է խփել, հիվանդություն... Եղավ նաև մի չարաբաստիկ հեռուստահաղորդում, որտեղ ասվեց, որ ես ապրում եմ ծերանոցում։ Այդ հայտարարությունից հետո ցուցադրվել է հատված «Շիրակի մեղեդիները» ֆիլմից՝ հնչել է քավորի երգը։ Ես ապշած էի։ Այդպես էլ է պատահում։

Հաղորդմանը մասնակցում էին Ալբերտի կինը՝ Ֆլորա Թոփչյանը, դուստրը՝ Նինելը, երգի-պարի անսամբլի ղեկավար Ժիրայր Ալթունյանը, անսամբլի տնօրեն Աշոտ Տիգրանյանը։
ՖԼՈՐԱ ԹՈՓՉՅԱՆ- Մենք միշտ միասին ենք՝ և տանը, և անսամբլում, և շրջագայությունների ժամանակ։ Լավ ընկերներ ենք։ Լսելով նրա երգը՝ միշտ հուզվում եմ։ Ալբերտը հայ երգի վարպետ է։ Չափից ավելի համեստ է և երբեք իրեն աստղ չի համարել։ Ես շատ բարձր եմ գնահատում նրա երգը։
ՆԻՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ- Ծնողներս հաճախ էին ինձ տանում համերգների։ Երբ հայրիկին տեսնում էին մեքենայի մեջ, լսվում էր «Քավորն եկավ» բացականչությունը։ Բոլոր մեքենաները կանգնում էին։ Ժողովուրդը շրջապատում էր հայրիկին, նրան շատ էր սիրում։ Ես ինձ հպարտ էի զգում։
ԺԻՐԱՅՐ ԱԼԹՈՒՆՅԱՆ- Թաթուլ Ալթունյանը բարձր էր գնահատում Ալբերտին։ Նրա երգացանկը հարուստ է՝ աշուղական, ժողովրդական երգեր... Երգում է քնքշությամբ, մեղմ, քնարական երգիչ է, հոգու երգիչ է։ Իմաստուն մարդ է, լավ խորհրդատու։ Ճանապարհի լավ ընկեր է։ Մեծ հեղինակություն ունի անսամբլում, նրա խոսքը շատ կարևոր է։
ԱՇՈՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ- Հաճելի զրուցակից է, հրաշալի ընկեր, ընտանիքի հայր։ Նուրբ հումոր ունի։ Ձայնը գեղեցիկ է, երիտասարդները շատ բան են սովորում նրանից, նա քայլող դպրոց է։
Անսամբլում Ալբերտ Սարգսյանն արժանացավ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։
Ալբերտ Սարգսյանը շարունակում է. «Շատ բան տեսանք անկախությունից հետո, ոչ լավ... Այսօր աշխատում ենք դժվար պայմաններում (խոսքը 2004-ի մասին է- Գ. Ղ )։ Չնայած դրան, անսամբլը խնամքով է պահպանում ալթունյանական ավանդույթները։
Ցավոք, այսօր շատ է միջակությունը, կա երգիչների մի շերտ, որն աղավաղում է ժողովրդական երգը, քիչ չեն նաև «աստղերը», որոնք մեկ-երկու երգ կատարելուց հետո իրենց մեծ վարպետներ են համարում։ Թող թռչկոտելով, ստոյկա տալով երգեն, բայց մեղեդին չաղավաղեն, անարատ թողնեն, թե չէ մի քանի տարի հետո չենք իմանա որն է մեր երգը։ Մի անգամ ես կատակեցի. գիշերը կարելի է հանգիստ քայլել քաղաքում, որովհետև լույս է. այսօր աստղերը շատ շատ են։


Ես շփվել եմ շատ գուսանների հետ՝ Շահեն, Հավասի, Աշոտ, շատ բան եմ սովորել նրանցից։
Եկեք չկպնենք ժողովրդական երաժշտությանը, չաղավաղենք այն»։
Անցել են տասնամյակներ, բայց «Շիրակի մեղեդիները» հաճախ է ցուցադրվում հեռուստատեսությամբ։ Դա հայկական լավագույն ֆիլմերից է, ժողովրդական ֆիլմ է։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3468

Մեկնաբանություններ