Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դաժան թվաբանություն

Դաժան թվաբանություն
26.10.2016 | 22:11

Հոկտեմբերի 29-ին Հովհ. Շարամբեյանի ավան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա Կարինե Ռաֆայելյանի «Ժամանակի նոր չափումներում» գրքի շնորհանդեսը:
Ներկայացնում ենք ժողովածուից մեկ պատմվածք:

Դաժան թվաբանություն


-Տասը, քսան, երեսուն, հիսուն, հարյուր հիսուն… հարյուր ութսուն: Հարյուր ութսո՛ւն:
Գնացքի տատանումները խանգարում էին հաշվել, իսկ անիվների չխկչխկոցը խլացնում էր աղջկա ձայնը: Այդ պատճառով էլ ընկերուհին չլսեց ընդհանուր դրամապանակի պարունակությունն ազդարարող թիվը: Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ վաղը՝ չորս ամիս ուշացումից հետո, աշխատավարձ կլինի, իսկ այսօր հարկավոր է ինչ-որ կերպ գոյատևել վերջին մանրադրամներով:
Նրանք անշտապ դուրս եկան մետրոյի երկնագույն վագոնից: Երբ հեռացող գնացքը կորավ տեսադաշտից, հաշվարկն անող աղջկա դեմքից ընկերուհին գուշակեց, որ իրենց վիճակն այնքան էլ աղետալի չէ:
-Հը՞,- հույսով հարցրեց նա:
-Հարյուր ութսուն դրամ,- ասաց աղջիկը:
-Հետո՞…
-Մեկ տուփ թխվածքաբլիթ:
-Հարյուր ութսուն դրամը բավակա՞ն է:
-Պատկերացրու` այո՛: Մեր կյանքում դեռ ամեն ինչ կորած չէ:
Երկուսն էլ հոգնած էին, ուժասպառ, վերջացել էր աշխատանքային օրը: Հիմա շտապում էին գրադարան` առաջիկա գիտխորհրդի ելույթի համար նյութեր հայթայթելու: Իսկ մինչ այդ հարկավոր էր ինչ-որ ձևով լուծել իր գոյության մասին արդեն հիշեցնող ստամոքսի խնդիրը:
Ճիշտ է, մոտները եղած դրամը չնչին էր, բայց վերջին տարիներին ինքնաբերաբար հետ էին վարժվել մարդավայել ընդմիջում անելու բուրժուական ախտից, որն այնքան խորությամբ արմատացած էր մարդկանց մեջ խորհրդային ժամանակներում:
Մետրոյի անցումը մարդաշատ էր: Գլխավոր հերոսները` մուրացկանները, նույնպես տեղում էին` կայուն ու անդրդվելի: Նրանցից մեկը պատկառելի ծերունի էր. բացառված չէ, որ նախկին գիտնական:
-Մեր բակում մի պապիկ կար,- նրան նայելով՝ հիշեց աղջիկը,- երբ ռուբլին արժեզրկվել էր, մեկ ռուբլիանոցը դրոշակի նման ձեռքին տնկած՝ մտել էր խանութ ու բոլոր բաժիններն անցնելով` խնդրել իրեն որևէ բան վաճառել այդ գումարով:
-Հաջողվե՞լ էր,- հենց այնպես հարցրեց ընկերուհին:
-Այո՛: Մեկ տուփ լուցկի էին տվել, որի վրա գրեթե մայրենի լեզվով գրված էր. ՛՛Цена 1 копеек՛՛: Ի դեպ, մեկ կոպեկ արժեցած ժամանակ մեր տանը լուցկին միշտ պակասում էր: Մայրս անընդհանտ կատակում էր, թե գների իջեցում էլ չի լինում` մի տասը տուփ լուցկի գնենք: Հետո, երբ թանկացավ, էլ չէր մոռանում, մշտապես գնում էր. լուցկին առաջվա էժան, արհամարհված ապրանքը հո չէ՞ր:
-Էլի սկսեցի՞ր մորդ բզկտել: Հանգի՛ստ թող էդ կնոջը,- ընդհատեց ընկերուհին:
-Բա էլ ո՞ւմ բզկտեմ,- դառը ժպտաց աղջիկը,- քաղաքականությամբ չեմ զբաղվում, իսկ առանց քաղաքական նկատառումների` միայն մորս կարող եմ բզկտել:
-Լա՛վ,- բուն խնդրին անդրադարձավ ընկերուհին,- մե՛կ էլ հաշվիր ու ասա, թե ինչ ենք գնելու:
-Ի՛նքդ հաշվիր, դրամներն ընկերուհու բուռը խցկեց աղջիկը:
-Վաղը հաստա՞տ աշխատավարձ կլինի,- կարծես իմացածին չհավատալով` հարցրեց ընկերուհին:
-Որ կլինի` ի՞նչ,- նկատեց աղջիկը:- Դեռ չե՞ս հասկացել. մեր աշխատավարձի պարագայում ամենահաճելի վիճակը սպասելն է: Քանի դեռ սպասում ես, թվում է` մի մեծ բանի ես սպասում, իսկ երբ ստանում ես, սկսվում է ստորացուցիչ, դաժան թվաբանությունը:
-Շատ իմաստուն ես,- հաշտորեն հեգնեց ընկերուհին:- Ուրեմն հարյուր ութսուն դրա՞մ` տասը, քսան, երեսուն, հիսուն…
Հաշվարկը կրկնվեց մի քանի անգամ:
Անկյունում կանգնած մուրացկանը նորավարժ աչքով հետևում էր մանրադրամների հաշվարկին: Իսկ աղջիկն ուշադիր ուսումնասիրում էր նրան: Ընկերուհու հանդիմանություն-տարակուսանքը սթափեցրեց աղջկան:
-Այստեղ միայն իննսուն դրամ է. այդ ինչպե՞ս էիր հաշվել:
-Ի՞նչ,- չցանկացավ հավատալ աղջիկը,- տուր` տեսնեմ:
Իսկապես, ուղիղ իննսուն դրամ: Հետևաբար, քաղցը մեղմելու հույսերն ի դերև էին ելնում, գրադարանում արդյունավետ աշխատելու հավանականությունը` ևս: Միակ ելքը քաղցի մասին չմտածելն էր և… չմտածելը` առհասարակ:
-Իսկ այս փողն ի՞նչ անենք,- շվարած հարցրեց ընկերուհին:
-Ի՞նչ իմանամ,- մտացրիվ պատասխանեց աղջիկը, որ դեռ շարունակում էր նայել անկյունի մուրացկանին:
Հետո գյուտ արածի նման փայլեցրեց աչքերը, իրենց դրությանն անհարիր թեթևությամբ քրքջաց ու ելքը գտած մարդու վստահությամբ ասաց.
-Տո՛ւր այն մուրացկանին:
Ընկերուհին մի պահ չընկալեց լսածը, բայց հաջորդ վայրկյանին դրամներն արդեն ծերունու գլխարկի մեջ էին:
-Կեցցե՛ս,- հանգստացած ասաց նա,- գլխարկի մեջ մի քիչ փող կար. մեր տվածն էլ կգումարի ու մի կերպ կկշտանա այսօր: Իսկ մենք, այսպես թե այնպես, վաղն աշխատավարձ ենք ստանալու…
-… և հաճելի սպասումը վերաճելու է դաժան թվաբանության:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 165252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ