«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
28.10.2016 | 00:05

(սկիզբը՝ այստեղ)

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՑԱՆԿԱՆԱՐ ՏԵՍՆԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ՈՒ ՊԱՏՎԱՐԺԱՆ ՄԱՐԴՈՒ


Այսօր պետք է իմ շնորհակալական խոսքն ուղղեմ մեր հարգարժան ընթերցողներին, ովքեր այս հոդվածաշարի հերթական հրապարակումից հետո, կարելի է ասել, հարցերի տարափ են ուղղում իմ հասցեով՝ փորձելով հասկանալ, թե մեր երկրում ինչ է կատարվում, ինչ է լինելու, երբ է վերջապես Հայաստանում կարգ ու կանոն հաստատվելու, աշխատատեղեր բացվելու, արտագաղթը կանխվելու, Ղարաբաղի հարցը լուծվելու, Սպիտակի երկրաշարժի գոտին վերականգնվելու և այլն, և այլն։ Ամենից շատ արծարծվում է նոր վարչապետ Կարեն Կարապետյանի ֆենոմենը. ի՞նչ է նա անելու, ինչպե՞ս է աշխատելու, կարո՞ղ է արդյոք մեր երկրում իրավիճակ փոխել, թե՞ ոչ: Այդ հարցերի պատասխանը ես, բնականաբար, չունեմ, որովհետև ինքս էլ չեմ պատկերացնում, թե փորձված գայլերի ոհմակի շրջապատում ինչպես է նա կարողանալու իր մենեջերությունը անել, աշխատել այնպես, որ ոչ մեկի պոչը չտրորի, որ բոլոր գայլերը կուշտ լինեն, իսկ ոչխարները ողջ մնան: Բոլորս էլ հասկանում ենք, որ կուշտ գայլերի ու անվնաս ոչխարների հավերժական հարցի պատասխանը մարդկությունը դեռևս չի գտել, մշտապես քննարկվել է միայն մեկ տարբերակ՝ կամ-կամ:


Հոկտեմբերի 22-ին մի քանի հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը փայլուն միտք արտահայտեց, ինչին ես, խոստովանում եմ՝ բնավ չէի սպասում, ավելի ճիշտ կլինի ասել՝ երկար եմ սպասել: Լրագրող Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե ինչպե՞ս է նա փորձելու արդյունաբերությունը դուրս բերել այս փակուղային իրավիճակից, երբ գազը այդքան թանկ է, տվեց շատ հաճելի ու անսպասելի պատասխան.
-Գազը թանկ է, արևն է շատ...
Վերջապես, Հայաստանի Հանրապետությունը ունեցավ վարչապետ, որը կարողացավ ճիշտ կողմնորոշվել ու տալ այնպիսի պատասխան, որին մենք սպասել էինք 25 տարի: Թերևս նոր վարչապետն էլ է հասկացել ու համոզվել, որ մեր հաջողության, կարելի է ասել՝ մեր փրկության բանալին գտնվում է արևի աստվածատուր էներգիայի նպատակային ու մասսայական օգտագործման մեջ: Արևի էներգիայի նպատակային ու մասսայական օգտագործման խնդրին մենք ժամանակին տվել էինք «Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայի ծրագիր» անվանումը, որի մասին մեր նախկին վարչապետերը լսել անգամ չէին ցանկանում, չէին սիրում խոսել, գերադասում էին լռել, որովհետև այստեղ կար մեր ազգային շահերի փոխարեն Ռուսաստանի ազգային շահերը սպասարկելու, Ռուսաստանին հաճոյանալու, էներգետիկ ոլորտում ծավալված բիզնեսներին չխանգարելու յուրահատուկ քաղաքականություն: Առաջին անգամ Հայաստանի վարչապետի շուրթերից մենք խելամիտ խոսք լսեցինք, ինչն անմիջապես գրավեց Հայաստանի գիտական հանրության ուշադրությունը:


Ցավոք, ՀՀ վարչապետը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումից այն կողմ չի անցնում, գործարաններ չի այցելում, բանվորների, ինժեներների, գիտնականների հետ չի հանդիպում, որ կարողանա սկզբնաղբյուրներից իմանալ, տեսնել և պատկերացնել երկրի տնտեսության ու արդյունաբերության իրական վիճակը, որ կարողանա կարծիքներ լսել ու հասկանալ, թե ինչպես ու ինչ արահետներով է պետք գնալ, որ հնարավոր լինի հաղթահարել մեր երկրում առկա տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը: Լավ է՝ վարչապետը հասկացել է, որ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար լայն սյունազարդ ճանապարհներ չկան, որ իրադրությունը ստիպում է փնտրել ու գտնել ոչ ստանդարտ լուծումներ. պետք է, առաջին հերթին, պայքարել կաշառակերության ու թալանի դեմ, անփորձանք շրջանցել ՀՀԿ-ն, ազատվել նրա սիրուց ու ատելությունից, դուրս գալ նրա ազդեցության ոլորտից, աշխատել հասարակության ոչ կուսակցական մեծամասնության հետ, նվաճել մարդկանց սերն ու համակրանքը, վայելել նրանց վստահությունը, ասենք ավելին, շահել մարդկանց սրտերը, որ կարողանանք ազգովին գործի անցնել: Սա կարող է համարվել ոչ ստանդարտ լուծումներից առաջինը: Կան լուրջ խնդիրներ, որ մարդիկ չեն հավատում երկրի իշխանություններին և հիմքեր չունեն վստահելու անպտուղ իշխանությունների ասպարեզ հանած տնտեսական նոր մենեջերին: Ճիշտ է, մեր հերթական մենեջերը նախորդների համեմատ փայլում է իր գրագիտությամբ, համբերատար է, ունի գիտական բարձր կոչումներ, բայց նա ժողովրդի մարդը չէ, ասենք՝ առայժմ: Ժողովրդի վստահությունը ստանալու համար անհրաժեշտ է արդյունք ցույց տալ ու որոշակի դիստանցիա պահել ՀՀԿ-ից, որը Վանաձորում և Գյումրիում կայացած ավագանու ընտրություններում կրկին ցույց տվեց իր սովորական դեմքը և հաստատեց, որ կարմիր կովն իր կաշին չի փոխելու: Ընտրությունների ընթացքին առանձնապես չեմ հետևել, որովհետև արդյունքներն ինձ համար կանխատեսելի էին: Ընտրությունների մանրամասների հետ ծանոթ չեմ, բայց Վանաձորի քաղաքապետի ընտրության ժամանակ տեսնելով ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի ակտիվ ներկայությունը, հասկացա, որ այս անգամ էլ այլ տարբերակ չի լինելու, քաղաքապետի պաշտոնում անպայման կընտրվի ՀՀԿ-ի մարդը: Այդպես էլ ստացվեց՝ անկախ նրանից, թե ընտրությունից առաջ ավագանու քանի պակաս ձայն ուներ ընտրված քաղաքապետը:
Գյումրու ընտրություններն ունեին իրենց առանձնահատկությունները, այդ առիթով ուշագրավ է Վրեժ Առաքելյանի «Գյումրվա ժանգոտ «ժաժքը» (Իրատես, թիվ 67) վերտառությամբ հոդվածը, որը մտորելու տեղիք է տալիս. ինչ և ինչպես անենք, որ վերջնականորեն ձերբազատվենք ընտրությունների պատճառով առաջացող մղջավանջներից: Գյումրի-Լենինականի հայտնի պատմություններից մեկը. Հայրենական պատերազմից հետո քաղաքում և Հայաստանով մեկ սաստիկ սովն էր թագավորում։ Ցուրտն էլ իր գործն էր անում։ Քաղաքում շատ էին որբ ու մուրացկան երեխաները: Ձմռան մի օր քաղաքի հյուրերից մեկը մոտենում է մի փոքրիկ երեխայի, որը պատի տակ կանգնած՝ հաց էր մուրում։


-Բալիկ ջան, եթե մի լավ երգ երգես, այս տաք բուլկին կտամ քեզ:
Երեխան սրթսրթալով սկսում է երգել.
-Այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Ստալինն է պարգևել...
Մեր օրերում հիշյալ պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվում է, բայց արդեն ուրիշ ռակուրսով: Գյումրու ավագանու ընտրություններն են, հեռուստաեթերում զայրացնող դրվագ է, ծեր կնոջը հրելով, հրմշտելով, ձեռնափայտից մի կերպ քաշելով, գրեթե ձեռքերի վրա ընտրատեղամաս են բերում՝ քվեարկելու։ Հասկանում ես՝ ծեր կինն արդեն գիտի, թե ում օգտին է քվեարկելու:


Պարոններ, ամո՛թ ձեզ, գյումրեցու պատիվն ու հարգանքը ձեր գրպաններն եք դրել, հայ ժողովրդին այլևս չե՞ք ճանաչում, փողով ձայնե՞ր եք գնում, բարձր պաշտոնների՞ եք շարունակ ձգտում: Ամոթ ձեզ... Դիմում եմ Գյումրու վերընտրված քաղաքապետին.
-Հարգելի պարոն, բավարարվեք Ձեր բիզնեսներով, մի կողմ դրեք Ձեր քաղաքապետական-քաղաքական հավակնությունները, զբաղվեք միայն քաղաքում աշխատատեղեր ստեղծելու կարևոր գործով, եթե, իհարկե, կարող եք։ Օրինակ վերցրեք Հրանտ Վարդանյանի որդիներից, ովքեր զբաղվում են աշխատատեղերի ավելացման պատվավոր գործով: Վերջերս Վարդանյանների ընտանիքը հանդես եկավ նոր, շատ կարևոր նախաձեռնությամբ՝ 5-ական միլիոն դրամի չափով սկսեց նյութապես օգնել ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների երեխաներին: Ժամանակն է, որ վերջապես մեր օլիգարխները հասկանան՝ իշխանությունը ոչ թե բիզնեսի համար ստեղծված գործիք է, այլ շատ պատասխանատու ազգային գործ, ինչը պետք է զիջել ժողովրդի վստահությունը իսկապես վայելող մարդկանց:
Համոզված եմ՝ քաղաքապետի պաշտոնում գյումրեցիների մեծամասնությունը կցանկանար տեսնել իսկապես ինտելեկտուալ, բարեկիրթ, վստահելի ու պատվարժան մարդու, ինչպես ասում են՝ ուղնուծուծով գյումրեցու, որը կապրեր միայն Գյումրու առտնին հոգսերով ու խնդիրներով։ Որը ո՛չ թե քաջ Նազարի բախտով ձեռք բերած աթոռի ոտքերի ամրության ու սեփական բիզնեսները ծաղկեցնելու մասին կմտածեր, այլ հարազատ քաղաքը թշվառության ու «բոմժության» հորձանուտից հանելու։


Մեկ ամիս հետո կլրանա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 28 տարին, ի՞նչ է արվել ներկայիս ու նախկին քաղաքապետերի օրոք: Ոչի՛նչ, ոչինչ չի արվել։ Մարդիկ հասել ու արդեն անցել են այն սահմանագիծը, որում հայտնվել էին Հայրենական պատերազմի ծանր տարիներին։ Առանձնակի հույսեր էլ չեն մնացել, թե հնարավոր են ինչ-ինչ դրական փոփոխություններ։ Ժողովուրդը հիասթափված ու հուսալքված է. Գյումրու նախկին քաղաքապետը կարողացավ վերընտրվել, իրեն հայտարարել հիասթափված ու հուսալքված գյումրեցիների ցավերի դարման անող հերթական քաղաքական գործիչը: Բազմիցս գրել եմ ու հիմա էլ երկրորդում եմ՝ արդեն ժամանակն է, որ հին, իրեն վարկաբեկած գվարդիան կամաց-կամաց լքի ասպարեզը։ Անհրաժեշտ է, որ իշխանական լծակները տրվեն նոր, ժողովրդի վստահությունը իսկապես վայելող երիտասարդ մարդկանց։ Նախընտրելի է, որ նրանք լինեն անկուսակցականների բլոկից: Այս առիթով մի ուշագրավ պատմություն պատմեմ Լենինականի կյանքից, որը ժամանակին կայծակի պես տարածվեց Խորհրդային Միությունով մեկ:
1976 թվականին Մոսկվայից թանկագին հյուրեր ունեի՝ պրոֆեսոր Նիկոլայ Նիկոլաևիչ Գորյունովն էր՝ տիկնոջ հետ: Գնացինք Լենինական. քեռիներիս հյուրն էինք։ Հյուրասիրեցին, ինչպես կարողանում էին հյուրերին հյուրասիրել հյուրընկալ գյումրեցիները, հետո որոշեցին նրանց ցույց տալ քաղաքի տեսարժան վայրերը: Քեռիս մի տաքսի կանգնեցրեց, նստեցինք։
-Հյուրերս Մոսկվայից են, քշե Պլպլան ժամ, քշե Մայր Հայաստան, քշե այստեղ, քշե այնտեղ,- խնդրում էր քեռիս: Մի պահ վարորդը կանգ առավ ու հայերեն ասաց.
-Մերուժ ջան, նստի ռուլին, սիրտդ ուր կուզե, էնտեղ էլ քշե,- ու իջավ մեքենայից:
Քեռի Մերուժը նստեց ղեկին և մենք շարունակեցինք ճանապարհը, եղանք քաղաքի տեսարժան վայրերում, այցելեցինք մեքենաշինական գործարան, միկրոշարժիչների հոյակապ գործարան (հիմա այդ գործարանը չի աշխատում, նոր բիզնես է կազմակերպվել, բիզնես, որի մասին խոսելն անգամ ամոթ է, բայց պետք է ասվի. դա մերօրյա Գյումրու նոու հաուներից է։ Հիշյալ նոր բիզնեսի էությունն այն է, որ հարակից շուկայի վաճառողները փողով օգտվում են գործարանի զուգարանի ծառայություններից... Ամո՛թ մեզ, որտեղից ուր հասանք... Հիշենք, որ Լենինականի միկրոշարժիչների գործարանը միակն էր ԽՍՀՄ-ում, որը բոլոր գործարանների համար հսկայական ծավալների ՌԴ տիպի ռեդուկտորներով էլեկտրական շարժիչներ էր արտադրում ու արտահանում արտասահմանյան երկրներ):


Արտասահմանյան տարբեր երկրներում եղած ու շատ բան տեսած Նիկոլայ Նիկոլաևիչը սկզբում չհասկացավ, թե տաքսու վարորդի հետ ի՞նչ կատարվեց, ռուս մարդու գիտակցությանն ընկալելի չէր, թե տաքսու վարորդն ինչպես կարող էր իր աշխատատեղը զիջել ուղևորին: «ՈՒղևորը» ավարտեց շրջապտույտը, վերադարձավ տաքսիստի մոտ, որը կանգնած պաղպաղակ էր ուտում, մեզ էլ հյուրասիրեց, ստացավ իր ուղեվարձը, քեռուս հետ պաչ-պռոշտի եղան ու բաժանվեցին:
Ռուս հյուրերիս համար դա Հայաստանում տեսած ամենաարտասովոր բանն էր, որի մասին նրանք հետագայում ամեն պատեհ առիթով պատմում էին իրենց շրջապատում: Ահա թե խորհրդային տարիներին ինչպիսի փոխադարձ հարգանք ու փոխադարձ վստահություն կար գյումրեցիների մեջ: Հիմա այդ փոխադարձ վստահությունը չկա, մարդկանց գցել են այնպիսի թշվառ վիճակի մեջ, որ ոմանք պատրաստ են 5 հազար դրամով վաճառելու իրենց ձայնը, պատիվն ու խիղճը: Այդպիսի ստոր ճանապարհներով հիմա մեր քաղաքներում ու գյուղերում պաշտոնների են գալիս ապաշնորհ, տգետ, գորշ կառավարիչներ, որոնց թվում է, թե իրենք, իրոք, ժողովուրդ են կառավարում: Իսկ թե ինչպես են ժողովուրդ կառավարում, կարող ենք տեսնել Գյումրիում։ Երբեմնի ծաղկուն, արվեստների ու արհեստների քաղաքի փոխարեն այսօր ունենք մեռնող, քանդված ու քայքայված մի քաղաք:


Երկրաշարժի ժամանակ կորուստները շատ, անչափ շատ էին, բայց մարդիկ հուսալքված չէին: Երկրաշարժի ու երկրաշարժի արհավիրքը տեսած մեր պատվարժան ու աղետյալ ժողովրդի մասին ես հետագայում կգրեմ, բայց Գյումրու ներկայիս թշվառ վիճակն իրական աղետ է՝ բոլորիս համար, անկախ նրանից, թե որտեղ ենք մենք բնակվում:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ