ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Չենք կարող ասել՝ դուք եք ներկայացրել ծրագիրը, դուք էլ կատարեք»

«Չենք կարող ասել՝  դուք եք ներկայացրել ծրագիրը, դուք էլ կատարեք»
28.10.2016 | 00:35

Վերջերս առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ պետական պատվերի շրջանակում առողջապահական ծառայություններից օգտվելու համար տրամադրված գումարների սղությունը պայմանավորված է նաև բժիշկների ոչ ճիշտ «ուղեգրերով»։ «Գումարների սպառման պատճառը ոչ միշտ է դրանց սղությամբ պայմանավորված։ Նշանակված հետազոտությունները երևի 50-60 տոկոսով չեն համապատասխանում հիվանդի գանգատներին և վիճակին»,- հայտարարել է նախարարը և հավելել, որ գլխացավերի կամ մեջքի թեթև ցավերի համար դժվարամատչելի և բարձր տեխնոլոգիական հետազոտությունների ուղեգրեր չեն տալիս։


Իհարկե, նախարարն ուղիղ չի ասել, որ պետք չէ պետական գումարներն այդպես անխնա վատնել, հետո նստել «դատարկ տաշտակի» առաջ։ Այս հարցի առնչությամբ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեցինք, թե այդ ինչպես է ստացվել, որ պետական գումարներն այդքան անփութորեն վատնվել են։ «Կլինիկական մտածելակերպը չի կարող փոխարինվել ուղղակի տեխնիկական միջոցների կիրառմամբ։ Դրա համար բժիշկը պետք է օգտագործի հետազոտության այն մեթոդները, որոնց կարիքն իսկապես կա ախտորոշումը ճշգրտելու համար։ Եթե հիվանդը նման հետազոտությունների կարիք չունի, անիմաստ է նման ուղեգրեր տալը։ Բժշկի համար կլինիկական մտածելակերպը միշտ պետք է առաջին տեղում լինի»,- ասաց պատգամավորը։


Հետազոտությունների դիմող յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ բժիշկները (իհարկե, ոչ բոլորը) ունեն անխախտ սկզբունք՝ «պաս տալ» միմյանց։ Եթե բժշկական ապահովագրություն չունեցող մարդը, այս «ցանցը» ընկնելով, սեփական գումարներն է քամուն տալիս, ապա ապահովագրությունից օգտվողը՝ պետության գումարները։ Այն քաղաքացիները, որոնք սեփական գրպանից են վճարում բժշկներին, ավելի քիչ են «պաս» տալուն ենթարկվում, քանի որ նման հետազոտության գնալուց առաջ բժշկից հետաքրքրվում են, թե ինչու է նման հետազոտություն նշանակվել։ Իսկ ապահովագրություն ունեցող քաղաքացին գիտի, որ իր փոխարեն ընկերությունն է վճարում, ու կես վայրկյան անգամ չի մտածում՝ այդ ստուգումն իրեն հարկավո՞ր է, թե՞ ոչ։ Ի դեպ, այս հարցում ևս կա երկու մոտեցում։ Ըստ բժիշկ Բաբլոյանի, ապահովագրական ընկերություններն ավելի ուշադիր են այս հետազոտությունների հարցում, իսկ նախարարի «նախատինքը» հիմնականում վերաբերում էր պետական բյուջեից ուղղակիորեն մսխվող գումարներին։


«Նոր նախարարը առողջապահության համակարգի ո՞ր խնդիրներին պետք է առաջնային լուծում տա» հարցին ի պատասխան Արա Բաբլոյանը նշեց, որ առողջապահությունն այն համակարգն է, որի բոլոր ճյուղերը պետք է պատասխանատու կառույցի դիտակետում լինեն, այլապես այդ ոլորտներում խնդիրներ կծագեն։ «Երբ ուշադրությունից դուրս ես թողնում որևէ ճյուղ, առաջանում են խնդիրներ։ Օրինակ, ունենք մանկական մահացության թվի նվազում, եթե համարենք, որ դա արդեն առաջնային օղակ չէ, բացասական էֆեկտը չի ուշանա։ Այլ բան է, որ միջոցները սահմանափակ են, ու չենք կարող էլ ավելի նվազեցնել մանկական մահացության թիվը, բայց առնվազն գրանցված դրական արդյունքները պետք է պահել»,- փաստեց բժիշկն ու հավելեց, թե կառավարության նոր ծրագրում ներառված խնդիրները վկայում են, որ կանխարգելիչ մոտեցումների, առկա ծրագրերի շարունակականությունը կապահովվի։


ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը կառավարության ծրագրի կատարման համար պատասխանատու է համարում ոչ միայն կառավարությանը, այլև ԱԺ մեծամասնությանը և ՀՅԴ-ին։ «Չենք կարող ասել, թե դուք եք ներկայացրել, դուք էլ կատարեք ու պատասխանատվություն կրեք։ Դա մեր ընդհանուր խնդիրն է»,- վստահեցրեց ՀՀԿ խմբակցության անդամ, բժիշկ Արա Բաբլոյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ