Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինչի կհանգեցնի իշխանության «պերեստրոյկան»

Ինչի կհանգեցնի իշխանության «պերեստրոյկան»
28.10.2016 | 00:37

Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ ծավալված գործընթացներն ակնհայտորեն ցույց տվեցին, որ ինչքան էլ հայաստանյան իրականությունում արմատավորված են ավանդական հոռետեսությունն ու անվստահությունը գրեթե ցանկացած քաղաքական նոր ազդակի հանդեպ, այնուհանդերձ, նկատելի է ակնհայտ հետաքրքրությունը կառավարության գործունեության յուրաքանչյուր ասպեկտի նկատմամբ: Ինչպես հիմա արդիական է ասել, որոշակի «զգուշավոր լավատեսությունը» հասարակության բավականին պատկառելի զանգվածի, այսպես ասած, «հոգու խորքում», փոքր, բայց կայուն լավատեսական սպասումներ է առաջացրել: Այս առումով կարելի է արձանագրել իշխանությունների հռչակած կտրուկ բարեփոխումների մտահղացման առաջին գլխավոր նպատակը, այն է՝ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի թեկուզ որոշակի փոփոխություն, կարծես, իրականացվում է: Բնականաբար, նշված տրամադրությունների փոփոխությունը, համատարած ապատիայից և անվստահությունից դեպի զգուշավոր, բայց, այնուամենայնիվ, լավատեսություն, պայմանավորված է կառավարությունում նոր դեմքերի հայտնվելով և, իհարկե, Կարեն Կարապետյանի անձով:

Վերջինս թեև ընկալվում է որպես հայաստանյան առկա տնտեսաքաղաքական, օլիգարխիկ արատավոր համակարգի «պրոդուկտ», այնուհանդերձ, հասարակական ընկալման մեջ առաջին հերթին հոգեբանորեն կամ էմոցիոնալ մակարդակով տարանջատվում է նույն այդ համակարգի ամենաբացասական դրսևորումներից: Կամ առնվազն հասարակության մի հատվածն այդպիսին է ուզում տեսնել նոր վարչապետին: Իհարկե, այստեղ իրենց դերն են խաղում նաև նոր վարչապետի և նրա մերձավոր շրջապատի ձգտումները՝ հասարակությանը նրա քաղաքական և տնտեսական կերպարը ներկայացնել որպես զուտ արդյունավետ մենեջերի տեսակ, որն ընդամենը կյանքի և դեպքերի բերումով է կապված ներկայումս գործող, մեղմ ասած, ոչ պոպուլյար վարչախմբի հետ: Այս առումով հատկանշական է, որ հենց ինքը՝ նոր վարչապետը, օրերս մի խումբ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ակնարկեց, որ իրեն փաստացի հրավիրել են իշխող քաղաքական թիմը և անձամբ Սերժ Սարգսյանը՝ գործադիրը ղեկավարելու և արդյունավետ մենեջմենտ իրականացնելու համար: Ընդ որում, Կարեն Կարապետյանն իր պատասխաններում ամեն ինչ արեց, որ միանշանակորեն չընկալվի որպես իշխող քաղաքական թիմի արատավոր գործողությունների պատասխանատու, բայց, միևնույն ժամանակ, շեշտեց, որ քաղաքական իշխող վերնախավը «կառավարության հետ համապատասխանատու է» ապագա արդյունքների համար:


Ի դեպ, չի կարելի ասել‚ թե վարչապետի վերջին հարցազրույցը միանշանակ է ընկալվել։ Նախ և առաջ, այդ հարցազրույցում, ընդհանուր առմամբ, կոնցեպտուալ որևէ նոր բան չի ասվել։ Վերջին մեկ ամսում ամեն ինչ արդեն արծարծվել էր և զետեղված էր կառավարության ծրագրում։ Բայց քանի որ այդ տեսակետները չէին հնչել ամբողջական հեռուստատեսային նյութի միջոցով‚ այլ հիմնականում համացանցային հարթակում էին շրջանառվում‚ ապա ամենամասսայական համարվող հեռուստալսարանի համար գործարկվեց հեռուստատեսային հարցազրույցի տարբերակը։


Անշուշտ, այստեղ նախ և առաջ կային որոշակի PR քայլեր։ Այն տպավորությունն էր, թե Կարեն Կարապետյանը ցանկանում է ամրապնդել «սպիտակ մարդու», քաղաքակիրթ գործչի իր կերպարը։ Հավանաբար, նրան զգալի չափով հաջողվեց հասնել այդ նպատակին։ Թերևս դժվար չէ հասկանալ, որ ամբողջ հարցն այն է, որ իշխանությունները քաղաքական զարգացումների այս փուլում իրենց առջև հստակ խնդիր են դրել հնարավորինս երկար պահպանել հանրության շրջանում ծագած որոշակի լավատեսությունն ու հույսը։ Այդ պատճառով ժամանակ առ ժամանակ կոնկրետ քայլեր պետք է իրականացվեն՝ թեման տաք պահելու համար։ Այս անգամ դա տեղի ունեցավ հարցազրույցի տեսքով։ Անկասկած, շատ ավելի հեշտ է հետաքրքրությունը պահպանել PR-ով‚ քան երկրում իրավիճակը շտկելուն ուղղված կոնկրետ քայլերով։ Նաև հասկանալի է, որ վեց ամսվա կարճաժամկետ ծրագրի դեպքում‚ առավել ևս, երբ չեն թաքցնում‚ որ այդ ծրագիրը մինչև խորհրդարանական ընտրությունները պատրաստված նախագիծ է‚ հնարավոր չէ զուտ պաշտոնանկություններով մարդկանց մեջ լավատեսական տրամադրությունները պահպանել։ Մանավանդ որ ամենաաղմկահարույց և օդիոզ ֆիգուրները պաշտոններից արդեն իսկ հեռացված են։ Այժմ արդեն նման գրգռող դեմքեր գրեթե չկան‚ եթե կան էլ‚ ապա, թերևս, իրավապահ համակարգում են‚ ինչը Կարեն Կարապետյանի լիազորությունների շրջանակից ուղղակիորեն դուրս է։ Դա արդեն նախագահի իրավասության տիրույթում է‚ և այդ մարդկանց ձեռք տալու քարտ բլանշ Կարեն Կարապետյանը չունի կամ գոնե առայժմ չունի։


Իրավիճակի բարդությունը վարչապետի համար այն է, որ արդեն եկել է պահը‚ որ, մի կողմից, PR քայլերի միջոցով պետք է շարունակի պահպանել հետաքրքրությունը փոփոխությունների նկատմամբ‚ մյուս կողմից էլ՝ այդ ժամանակաշրջանում պետք է հասցնել ինչ-որ կոնկրետ բան անել։ Եվ եթե վարչապետը 6 ամսվա գործողությունների պլան է ներկայացրել‚ ապա տրամաբանական կլինի, որ բառացիորեն ամեն շաբաթ որևէ հաջողություն ցույց տրվի։ Մասնավորապես‚ եթե կառավարության նիստում հանձնարարություն է տրվում այս կամ այն հարցը լուծելու‚ ապա հաջորդ նիստում պետք է նաև ներկայացվի այդ հանձնարարականների կատարողականը։ Կոնկրետ հարցեր պետք է լուծվեն‚ ընդ որում, բնակչության համար նշանակալի՝ նախ և առաջ սոցիալ-տնտեսական և արդարության վերականգնման առումով։ Ըստ էության, դրան էր ուղղված այս շաբաթ վարչապետի հրավիրած կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցությունը։


Կասկածից վեր է, որ Հայաստանում առկա են սոցիալ-տնտեսական շատ լուրջ խնդիրներ‚ սակայն ամենակարևորը‚ որ մարդիկ ամենացավոտն են ընդունում‚ արդարության բացակայությունն է, ու պատահական չէ‚ որ կառավարության ծրագրի գլխավոր թեզերից մեկն արդարության հաստատումն է։
Այդ է պատճառը‚ որ վարչապետի առաջին գործողություններն ուղղված են բյուրոկրատական քաշքշուկն ու թղթաբանությունը կրճատելուն՝ փոխարինելով դրանք էլեկտրոնային եղանակով թույլտվությունների համակարգերով։ Այդ պարագայում մարդիկ հնարավորինս քիչ շփում կունենան չինովնիկների հետ‚ քանի որ վերջիններիս հետ առնչվելը մեծ «հոգեկան տրավմա» է հանրության համար։ Այստեղ կարևոր է‚ որ կառավարության կողմից լուծվող հարցերը առաջնային և ոչ թե երկրորդական նշանակության լինեն։


Ի դեպ, հատկանշական է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի այցը Հայաստան։ Այն, ինչ դժվար էր նախորդ վարչապետերի համար, ամենահեշտը, կարծես թե, Կարեն Կարապետյանի համար է։ Խոսքը գազի գնի իջեցման մասին է։ Գազի սակագնի իջեցումը ենթադրում է նաև էլեկտրաէներգիայի սակագնի նվազում, ինչը ձմռան շեմին ոչ միայն սոցիալ-տնտեսական էֆեկտ կտա, այլև հանրության մեջ կավելացնի վստահության պաշարը կառավարության նկատմամբ։


Վերադառնալով վարչապետի վերջին հեռուստահարցազրույցին՝ պետք է նկատել‚ որ որոշակի թիրախ խմբերի մոտ հնարավոր են ինչ-ինչ հիասթափություններ՝ պայմանավորված խոշոր ձեռնարկությունների վերաբերյալ Կարեն Կարապետյանի արտահայտած տեսակետներով։ Ըստ էության‚ նրա տեսակետները բխում են վաղուց դարն ապրած «վայրի լիբերալիզմի» իդեոլոգիայից‚ ըստ որի‚ պետությունը չպետք է զբաղվի խոշոր ձեռնարկությունների վերագործարկմամբ‚ այլ սպասի ներդրողների մեջ բիզնես հետաքրքրությունների առաջացմանը։ Այս տեսակետից Կարեն Կարապետյանը գրեթե չի տարբերվում իր նախորդներից: Այս պարագայում ուղղակի մնում է հուսալ, որ արդյունաբերության վերականգնման բացակայող դրույթները տեղ կգտնեն ավելի ռազմավարական ու ավելի հավակնոտ կառավարական ծրագրերում:


Բավականին հիասթափեցնող էին վարչապետի մտքերը՝ կապված նաև կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Ըստ էության‚ Կարեն Կարապետյանն առանց որևէ կոնկրետ քայլեր նշելու շեշտեց‚ որ կոռուպցիայի դեմ պայքարելու են ստանդարտ եղանակով, օրենքի խստությամբ‚ միջավայր փոխելով և այլն։ Եթե խոսքը օրենքի խստության մասին է‚ ապա ենթադրելի է‚ որ պետք է գործի անցնի իրավապահ համակարգը‚ բայց հաշվի առնելով‚ թե ինչ վիճակում է իրավապահ ոլորտը և ինչ աստիճանի է խրված կոռուպցիայի մեջ‚ բավականին հոռետեսական տրամադրություններ են առաջանում‚ ու առանձնապես հույսեր չեն ներշնչում‚ թե ամբողջովին կոռուպցիայի մեջ թաթախված համակարգը կարող է պայքարել այդ չարիքի դեմ։ Առավել ևս որ‚ ինչպես արդեն նշվել է, ի տարբերություն տնտեսական բլոկի‚ կառավարության այս թևի վրա Կարեն Կարապետյանը կարծես թե ազդեցություն չունի։ Եթե պետական եկամուտների հավաքագրման ոլորտում ինչ-ինչ դրական ազդակներ նկատվում են (պաշտոնանկ արվեցին անձեռնմխելի համարվող‚ արատավոր համակարգ ստեղծող անձինք)‚ ապա իրավապահ դաշտում նույնն ասել առայժմ չենք կարող։ Մինչդեռ գուցե արժեր փոփոխություններն ու կադրային զտումները սկսել հենց իրավապահներից, ընդ որում՝ յուրաքանչյուր օղակում միանգամից ու միաժամանակ։


Նույն կոռուպցիայի‚ մենաշնորհների դեմ պայքարում հայտարարվում է՝ ով ինչ ուզում է‚ թող ներմուծի։ Եվ եթե ինչ-որ մեկին չի հաջողվում‚ ներազդելու միակ միջոցը, ինչպես կարելի է ենթադրել, առայժմ վարչապետին անձամբ զանգելն է։ Ինչ խոսք‚ մեղմ ասած, շատ թույլ փաստարկ է, սակայն դրական կարելի է համարել այն, որ գործի է դրվել ուղիղ կապի մեխանիզմը։ Այս շաբաթ հրապարակվեցին կառավարության աշխատակազմի պատասխանատուների կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը և գործարար համայնքը կարող են կապ հաստատել վարչապետի հետ: Մյուս կողմից՝ սա նշանակում է, որ կառավարության ղեկավարը ոչ մեկի վրա հույս չի դնում և տնտեսության ղեկավարումը վերցրել է ուղղակի կառավարման, կամ, ինչպես ռուսներն են ասում, գործի է դրվել «ручное управление»-ն։


Ակնհայտ է‚ որ համակարգը փոխելու հարցում առայժմ չկա հստակ‚ համակարգային պատկերացում։ Իշխանությունն այս պահին զբաղված է «պերեստրոյկայով»‚ նույն 80-ական թվականների խորհրդային համակարգի «պերեստրոյկայով»‚ երբ համակարգը հիմնովին փոխելու ցանկություն չկար‚ սակայն կար համակարգին «մարդկային տեսք» տալու ձգտում։ Թե ինչով ավարտվեց հայտնի «պերեստրոյկան»‚ բոլորս շատ լավ հիշում ենք։ Եվ եթե համակարգայինի փոխարեն կոսմետիկ փոփոխություններ են արվելու‚ փորձելու են արատավոր համակարգը դարձնել ավելի արդյունավետ‚ քամել առավելագույնը‚ ռեսուրսների որոշակի վերաբաշխում անել հիմնական քաղաքական և ֆինանսական խմբերի միջև‚ նախընտրական ժամանակաշրջանում զսպել ախորժակները‚ ապա հուսադրող արդյունքներ սպասելը, թերևս, անիմաստ է։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1557

Մեկնաբանություններ