Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հիմա էլ Ջեյմս ՈՒոռլի՞քն է ամնեզիայով տառապում

Հիմա էլ Ջեյմս ՈՒոռլի՞քն է ամնեզիայով տառապում
28.10.2016 | 00:41

Վերջերս մենք հետաքրքրվել էինք՝ Իլհամ Ալիևը ամնեզիայով չի՞ տառապում, քանի որ ընդամենը մեկ շաբաթվա տարբերությամբ մեկ գանգատվել էր, թե միջազգային միջնորդները «ճնշում են գործադրում» իր վրա, ստիպելով ճանաչել Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը, մեկ էլ հանկարծ արցախցի հայերին առաջարկել էր «ինքնավարություն Ադրբեջանի կազմում»: Հիմա տեսնում ենք, որ, հնարավոր է, Ալիևը այնքան հիվանդ չէ, որքան նրա ամերիկացի բարեկամները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: Անձամբ ես թե՛ ՈՒոռլիքին, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պոստում նրա նախորդներին, թե՛ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Հեֆեռնին մեկ անգամ չէ, որ մերկացրել եմ Հայաստանի և Արցախ-ԼՂՀ հասցեին ուղղված սպառնալիքների և հույժ ադրբեջանամետ արտահայտությունների համար:

Երևի հիմա «հերթը» դարձյալ ՈՒոռլիքինն է: Թող ընթերցողն ինքը դատի: Բերենք վերջերս ՈՒոռլիքի արած հայտարարությունը կարգավորման, այսպես ասած, հեռանկարների վերաբերյալ. շատ ուշադիր եղեք: Թեև նրա պնդումների հիմնական մասը վերաբերում է հակամարտության գոտում, այսպես կոչված, «միջազգային խաղաղապահ ուժերի» թեմային, իրականում ամերիկացի համանախագահը կամա թե ակամա բացում է կարգավորման ներկա փուլի գլխավոր գաղտնիքը. «Եթե կամ երբ տարածքները վերադարձվեն, անհրաժեշտ կլինի մտցնել միջազգային խաղաղապահ ուժեր՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար, իսկ թե հատկապես ի՞նչ խաղաղապահներ պետք է լինեն՝ ԵԱՀԿ-ի, թե ՄԱԿ-ի, քննարկման առարկա է դառնալու»: Հասկանալի է, որ ամերիկամետ խամաճիկային շրջանակները, լինեն դրանք մեզանում, թե այլ մայրաքաղաքներում, նման արտահայտություններն ընկալում են իբրև հրաման՝ քարոզչություն ծավալելու ԱՄՆ-ի և այս կամ այն խնդրի ամերիկյան տեսլականի օգտին:

Բայց տվյալ պարագայում ԱՄՆ-ի խամաճիկները համակարգային սխալ են գործում, որովհետև նրանք չեն տեսել, որ ՈՒոռլիքն ինքը խիստ կասկածում է, թե երբևէ առհասարակ հնարավոր կլինի Արցախում «միջազգային խաղաղապահ ուժեր» տեղակայել: Այդ է վկայում խոսքի «եթե կամ երբ» անվճռական, անորոշ, թեական ձևակերպումը: Եթե լիակատար վստահություն լիներ Արցախում «միջազգային խաղաղապահ ուժերի» տեղաբաշխման մասին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հրամանի իրականացման հարցում, նույն ՈՒոռլիքը պետք է այլ կերպ արտահայտվեր. «Այն բանից հետո, երբ տարածքները կվերադարձվեն...» և այլն:
Այսպիսով, ՈՒոռլիքը, ինչպես ԱՄՆ-ի պետդեպարտամենտի նրա ղեկավարը, հիանալի գիտեն, թե ինչու է անհնար իրադարձությունների նման զարգացումը. նկատի են առնվում Ռուսաստանի և Իրանի առանձնահատուկ հարաբերությունները, իսկ Իրանը դեմ է եղել, դեմ է և միշտ դեմ է լինելու այստեղ արտատարածաշրջանային երկրների զինված ուժերի հայտնվելուն, լինեն դրանք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, որևէ միջազգային ռազմաքաղաքական կառույցի դրոշի, թե ազգային դրոշների ներքո: Հիշեցնենք նաև, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտի ճանաչված տարածքների մինչև 60 տոկոսը սահմանակից է Իրանին, հետևաբար, այդ տարածքներում ցանկացած «միջազգային», թող որ «խաղաղապահ» զինված խմբավորման հայտնվելը Իրանը կգնահատի որպես ուղղակի սպառնալիք իր հյուսիսային սահմանների անվտանգությանը: Այդ դեպքում, բացառված չէ, ուժի մեջ կմտնեն Իրանի բազմամյա սպառնալիքները, որ ուղղված են և՛ Ադրբեջանին, և՛, համոզված ենք, նաև Հայաստանին. անհապաղ հակամարտության գոտի կմտցվեն իրանական զորքերը:

Եվ թող որևէ մեկը համարձակվի խանգարել: Բայց չէ՞ որ դա նշանակում է նաև, որ ո՛չ ՈՒոռլիքը, ո՛չ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը 2016 թ. սեպտեմբերին ու հոկտեմբերի առաջին կեսին չեն մտածել, թե անորոշ հեռանկարում հակամարտության գոտում «միջազգային խաղաղապահ ուժեր» կհայտնվեն: Չեն մտածել նաև, թե Արցախի շրջակա անվտանգության գոտին առհասարակ որևէ մեկին կտրվի: Եվ այս ճշմարտությունը ևս ամփոփված է ՈՒոռլիքի՝ վերը բերված անվճռական արտահայտության մեջ՝ «եթե կամ երբ», այսինքն, այն ժամանակ ամերիկացիները չգիտեին ոչ միայն թե երբ, այլև առհասարակ նման բան կլինի՞, թե՞ ոչ:
Սակայն հոկտեմբերի 23-ին, եթե հավատալու լինենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, ՈՒոռլիքը կտրուկ փոխում է տոնը: Բաքվում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարում է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունում են այն փաստը, որ հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հարցն» առաջադրել. դա «ինքնավարության» վերաբերյալ Ալիևի «առաջարկությունն» է: «Օկուպացված հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Բանակցությունների տարրերից են նաև փախստականների և բռնագաղթածների վերադարձն իրենց հողեր, տարածքում խաղաղապահների տեղաբաշխումը: Այս ամենը քննարկման առարկա կլինի: Ապագա կարգավիճակի որոշման հարցը առաջադրել է հենց նախագահ Ալիևը, և մենք ողջունում ենք դա»,- ասել է դիվանագետը: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջիկա հանդիպման ժամանակ կարող են քննարկվել տարբեր տարրեր: «Նման հանդիպումները պետք է շարունակվեն: Նշված բոլոր տարրերը պետք է քննարկվեն իբրև մեկ փաթեթ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով: Համանախագահներն արդեն նշել են, որ ներկա ստատուս քվոն երկար կյանք չունի»,- ասել է ՈՒոռլիքը: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում, համանախագահի ասելով, լավ հնարավորություն է առաջացել հակամարտության կարգավորման համար. «Մենք կշարունակենք բանակցություններն այդ ուղղությամբ Բաքվում ու Երևանում»: Նա հաղորդել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան սերտորեն համագործակցում են հակամարտության հանգուցալուծման հարցում, և բոլոր երեք համանախագահները մեկ նպատակ ունեն՝ «գտնել հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղիներ»:


Եվ այսպես, «չեզոք հարթակներում» ու Հայաստանում ամերիկացի «բոլշևիկ» ՈՒոռլիքը կուչուձիգ է անում, կասկածում ու չի կասկածում, փոխարենը Բաքվում անկոտրում է ու անհողդողդ. «Օկուպացված հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»: Կարծես նույն ՈՒոռլիքին, նաև ԵԱՀԿ ՄԽ-ին հայտնի չէ, որ Բաքվում բուն Արցախն էլ են «օկուպացված հող» համարում: Քիչ է ասես, որ ՈՒոռլիքը թքած ունի Արցախ-ԼՂՀ-ի ժողովրդի ու իշխանությունների վրա, նրա Սահմանադրության վրա, որտեղ ազատագրված (ո՛չ օկուպացված) տարածքների կարգավիճակը հստակորեն սահմանված է, և հիշատակվում են այն պայմանները, որոնց պարագայում հնարավոր է վերադառնալ դրանց կարգավիճակի հարցին, դեռ մի բան էլ պետդեպարտամենտի այդ ամերիկացի «բոլշևիկը», ըստ էության, ծաղրում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գծով ԱՄՆ-ի գործընկերներին: ՈՒ նաև (դե ինչպես չենթադրես, որ «ալիևյան ամնեզիան» արագորեն տարածվող վարակի հատկություն ունի) ցույց է տալիս, թե ինքը, իբր, «չի հիշում» այն, ինչ հայտարարել է ընդամենը մի երկու շաբաթ առաջ: Անորոշ-անվճռական «եթե կամ երբ տարածքները վերադարձվեն...» արտահայտությունը համեմատենք Բաքվի «օկուպացված հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը» կոշտ ձևակերպման հետ: Տարբերությունն անզեն աչքով էլ նկատելի է: Այնպես որ, կամ հիմա ՈՒոռլիքը ամնեզիայով է տառապում, կամ էլ ամերիկացուն Բաքվում «կերցրել-խմեցրել» են մի այնպիսի բան, որ նպաստում է հոխորտանքի ու լպիրշության պայթյունին:


Թերևս, այնուամենայնիվ, ամնեզիա է. չէ՞ որ նման հայտարարություն անելով Ապշերոնում, ՈՒոռլիքը մոռացության է մատնել նաև Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի կոշտ հայտարարությունը: Ոչինչ, կհիշեցնեմ, կհիշեցնեմ նաև Երևանում ԱՄՆ-ի դեսպանության համար: Շավարշ Քոչարյանն ընդգծել էր. «Ղարաբաղի վերաբերյալ Մադրիդյան սկզբունքները ժամանակ էին տալիս, բայց Բաքուն այդ ժամանակն օգտագործեց այլ խնդիրներ լուծելու համար: Սկզբունքները ենթադրում էին և՛ տարածքների, և՛ կարգավիճակի հարցերը ներառող փոխզիջումներ: Այնտեղ կա դրույթ հանրաքվեի հետաձգման վերաբերյալ, որի նպատակն է, որ այդ որոշակի ժամանակահատվածում Բաքուն պետք է իր հասարակությանը նախապատրաստի այն մտքին, որ Ղարաբաղը չի լինի Ադրբեջանի կազմում: Բայց Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայից հետո եկել է բանակցությունների հիմքի մասին լրջորեն մտորելու ժամանակը»:

Հիշեցնեմ նաև, որ հունիսին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ, խոսելով արցախյան խնդրի կարգավորման հարցում Կրեմլի վերաբերմունքի մասին, միտումնավոր հիշեցրեց, որ խոսքը միշտ եղել է ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ զիջումների մասին, ընդ որում՝ փոխադարձ զիջումները պետք է ընդունելի լինեն հակամարտության բոլոր կողմերի համար, ոչ թե երեքից մեկի կամ երկուսի: Մեր փոխարտգործնախարարի խոսքով՝ ժամանակին Մադրիդյան սկզբունքների շրջանակներում Հայաստանի կողմից զիջում էր դիտվում հենց հանրաքվեի հետաձգումը և հենց Արցախում: «Բայց Ադրբեջանն այդ ժամանակն օգտագործեց ԼՂՀ-ի դեմ ագրեսիա նախապատրաստելու համար: ՈՒրեմն, հարկավոր է լրջորեն վերանայել բոլոր նախորդ համաձայնությունները»,- շեշտում է Շավարշ Քոչարյանը: Դիվանագետն ընդգծում է նաև, թե որևէ առաջընթաց ուղղակի անհնար է առանց 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման. «Հրադադարի ռեժիմի ամրապնդման և հակամարտության գոտում ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի ընդլայնման անհրաժեշտությունը մնում է ուժի մեջ, և քանի դեռ այդ պայմաններն ապահովված չեն, բանակցային գործընթացի որևէ արդյունքի մասին խոսք լինել չի կարող»:


Առայժմ ավելացնելու բան չկա, բայց հարց է առաջանում. այդ ինչո՞ւ է այսպես առյուծ կտրել ամերիկացի «բոլշևիկ» և հայոց հողերը բաժանող ՈՒոռլիքը: Գուցե այդ լպիրշությանը նրան մղել են մեր կառավարության կազմում կատարված որոշ փոփոխություննե՞ր. երևի տեսել է լավ ծանոթ իր ծածուկ օգնականներից որևէ մեկի՞ն: Գուշակություններ չանեմ: Ժամանակը ցույց կտա, թե ինչն է այդքան ուժեղ ազդել ՈՒոռլիքի վրա, որ նա մոռացել է իր անվճռականությունը Արցախ-ԼՂՀ-ի տարածքների հարցում: Իսկ ահա մի հարց ԱՄՆ-ի երևանցի «սիրահարներին» արժե ուղղել. հապա ո՞ւր են բողոքի ձեր ցույցերը, ո՞ւր են ԱՄՆ-ի դեսպանատան վրա թռչող հավկիթներն ու պոմիդորները: Այդ ինչո՞ւ եք այդքան պասիվ: Նրանք, ովքեր ձեզ վճարել և դեռ պարգևավճար են տալիս, խստիվ արգելե՞լ են հայրենասիրություն հանդես բերել ամերիկյան դեսպանատան առջև: Իսկ անձամբ ՈՒոռլիքին մաղթում եմ... հեռանալ մոռացության գիրկը և տեղը զիջել մեկ ուրիշին:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ