«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Մարդկային ամենաայլանդակ հարաբերություններն ԱԺ-ում են»

«Մարդկային ամենաայլանդակ հարաբերություններն ԱԺ-ում են»
28.10.2016 | 00:53

Նախընտրական շրջանում Հայաստանի քաղաքական դաշտը կամաց-կամաց այնպես է թատերականացվում, որ իսկական աբսուրդ թատրոնի է վերածվում։ Նոր վարչապետը հայտարարություններ է անում, որոնք իրականության հետ կապ չունեն, օրենքներին հղում անելու փոխարեն առաջարկում է զանգահարել իրեն։ Իրականության զգացողությունը կորցրել են նաև ընդդիմադիր դաշտում։ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի համար մարդիկ գնում են նրա «դուռը», ինքն էլ հայտարարում է. «Անհրաժեշտության դեպքում եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, ես ունեմ հարգանք, ճանաչում, որով անում եմ, եթե անհրաժեշտությունը լինի, դրա կարիքը լինի, հնարավոր ա, որ փակված, ծալած էջը բացվի: Ինչքան մարդը հզոր ա, ուժեղ ա, բարի ա, այնքան կամեցող ա և ներող ա, որ բոլոր քաղաքական գործիչներն իմանան, որ Ծառուկյանը նենգ մարդ չի, կամեցող ա, ներող ա»։ Փաստորեն, մարդն ուզում է վերադառնալ քաղաքականություն, ու դրա համար մի քանի արարով ներկայացում է բեմադրվում։ Սա նորմա՞լ քաղաքական «վիճակ» է, ինչո՞ւ են քաղաքական օրակարգն աբսուրդի վերածում, հարցն «Իրատեսը» ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ։

-ՈՒզենք՝ չուզենք... մեր իրականությունն է այդպիսին։ Անհատը չի կարող այդ իրականության վրա գործուն ազդեցություն ունենալ։ Շատ լավ են գրված օրենքները, բայց ամեն քայլափոխի դրանք խախտվում են,- ասաց պատգամավորը։
-Վարչապետը բավականին անկեղծ ներկայացնում է երկրում առկա վիճակը, սակայն առկա խնդիրների լուծման հարցում, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ հուսահատ ու զուսպ է։ Ըստ Ձեզ, նա արդեն հասկացե՞լ է, որ իր բարեփոխումները, հանդիպելով ՀՀԿ-ականների համառ դիմադրությանը, չեն կարող կյանքի կոչվել, այսինքն` իշխող մեծամասնության աջակցությունը չի ստանա։
-Առանց ՀՀԿ-ի աջակցության նա ինչպե՞ս կարող է խնդիրներ լուծել։ Ցանկացած վարչապետ հենվում է խորհրդարանական մեծամասնության վրա։ Առանց այդ հենարանի ոչ մեկը ոչինչ չի կարող անել։ Կարեն Կարապետյանը ստանալու է ՀՀԿ-ականների գործուն աջակցությունը։
-Նրան ինչ-որ պահի չե՞ն կանգնեցնի։
-Չեմ կարծում, որ վարչապետին որևէ մեկը կկարողանա կանգնեցնել, որովհետև ոչ մեկն էլ չի ուզում, որ երկիրը մնա այն վիճակում, ինչպես այսօր է։ Մարդիկ սպասում են փոփոխությունների՝ նախագահից սկսած մինչև շարքային քաղաքացին։ Ավելի վատ էլ չի կարող լինել։ Հուսով եմ՝ ամեն ինչ դրական ճանապարհով կընթանա, բարեփոխումներն իրենց արդյունքները կտան։ Ինչպես հայտնի գիրքը՝ «Մոնտե Քրիստոն» է ավարտվում՝ սպասենք և հուսանք։
-Եթե իրական բարեփոխումներ լինեն, և հնչած հայտարարությունները կյանքի կոչվեն, նշանակում է՝ այս վարչապետը ցանկանում է իշխող բուրգը քանդել։ Նրան թույլ կտրվի՞ նման քայլը։
-Իշխանական բուրգը և տնտեսական բարեփոխումները շաղկապված չեն։
-Մի՞թե։
-Վարչապետը ոչ թե ուշադրություն պետք է դարձնի իշխանական բուրգին, այլ տնտեսական խնդիրներին։ Իրականում ես չգիտեմ էլ ինչ է «իշխանական բուրգը» ու դժվարանում եմ բացատրել, բայց վստահ եմ, որ տնտեսական բարեփոխումներով պետք է Կարեն Կարապետյանը հասնի իր նպատակին։ Նա չպետք է քաղաքական դաշտում գործի, նրա տիրույթը տնտեսական հարթությունն է, քաղաքական կուրսը պետք է կուսակցությանը թողնել։
-ՀՀԿ-ի վերջին երկու վարչապետերին չհաջողվեց իշխող մեծամասնության ներսում առկա մենաշնորհները վերացնել, պայքարել կոռուպցիայի դեմ, չնայած այդ մասին հայտարարությունների ու գեղեցիկ խոսքերի պակաս չկար։ Կարեն Կարապետյանն ինչպե՞ս կվարվի այս հարցերում։
-Մենք նախորդների արածները կտրուկ մերժելու սովորություն ունենք, ինչը սխալ է։ 13 վարչապետերն էլ իրենց լուման ունեցել են երկրի կայացման գործում, արել են այնքան, որքան կարողացել են. մեկին հաջողվել է, մյուսին՝ կիսատ-պռատ, հաջորդին ընդհանրապես չի հաջողվել։ Այսօր նրանց արածը ջուրը գցելուն ես սկզբունքորեն դեմ եմ։ Ամեն մեկն իր ուժերի ներածի չափ արել է։ Օրինակ, չեմ կարծում, թե Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի արել, նրա արածները պետք է գնահատել։ Պետք է հենվել նախկինի ժառանգության վրա և կառուցել ապագան։ Եթե ժխտում ենք անցյալը, ապագան ճիշտ չի լինելու։ Եթե ազատագրական պայքարի, անկախության կերտման տարիներին կացնի հարվածով չկտրեինք մեր պորտալարը Խորհրդային Հայաստանից, այս օրը չէինք ընկնի։ Ցանկացած համակարգ, եթե մերժում է նախկինը, ապագա չունի։ Պետք է նախորդների սխալն էլ հաշվի առնել ու շտկել, հաջողություններն է՛լ ավելի զարգացնել։ Հովիկ Աբրահամյանը բավականին մեծ աշխատանք կատարեց կոռուպցիայի հանձնաժողովում։ Ի վերջո, տնտեսական շարժ, աճ եղավ, այն դեպքում, երբ ՌԴ-ում մեկ տոկոս աճ էլ չկար։
-Տնտեսագետները, հակառակ Ձեզ, լավատես չեն ու շատ դիպուկ են նկարագրել Հովիկ Աբրահամյանի տնտեսության «վարման» կուրսը։ Սակայն կա առավել կարևոր հարց. Հայաստանի անկախության տարիներին քաղաքական դաշտում չի ձևավորվել պատասխանատվության և հաշվետու լինելու մեխանիզմը։ Ամեն մեկն իր չափով երկիրը գլորում է անդունդ ու հեռանում միլիարդներ դիզած։ Այս վարչապետն էլ առաջին իսկ օրը հայտարարեց երկրի տնտեսության ծանր վիճակի մասին, սակայն չմատնանշեց՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու, ինչպե՞ս պատահեց, որ տնտեսությունը հասավ այդ վիճակին։
-Ես այն մարդկանցից եմ, ովքեր կողմ են, որ լինի պատասխանատվության ինստիտուտ։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Չպետք է նորին ներկայացնել ու հնին շնորհակալություն հայտնել։ Մարդուն ազատելն ու նշանակելը պետք է ունենան տրամաբանություն։ Եթե շնորհակալություն են հայտնում կատարած աշխատանքի համար, ուրեմն գոհ են, էլ ինչո՞ւ են փոխում։ Իսկ եթե փոխում են, ուրեմն թերացել է, բարի եղեք, թերությունները մատնանշեք։ Եթե ես վատ պատգամավոր եմ, պետք է ինձ ասեն, որ դու այս-այս հարցերում թերացել ես ու չես կարող կուսակցությունը ներկայացնել ԱԺ-ում և հանրությանը։ Եթե լավ պատգամավոր եմ, ու շնորհակալություն եք հայտնում իմ աշխատանքի համար, ապա ինչո՞ւ եք իմ տեղը բերում անհայտ կենսագրությամբ մի անձնավորության։ Ցանկացած մարդ պատասխանատու պաշտոնում աշխատելու համար պետք է հաշվետվություն ներկայացնի և ստանա համապատասխան մարմնի գնահատականը։ Վերջին քսանհինգ տարիներին մենք կադրային դարբնոց չենք ունեցել, ինչպես Խորհրդային Միության տարիներին էր։ Մարդիկ կարող են միանգամից նախարար դառնալ առանց համապատասխան կենսափորձի, ԱԺ պատգամավոր դառնալ՝ անհասկանալի կենսագրություն ունենալով։ ԱԺ-ում մեկ-մեկ հունից դուրս եմ գալիս, երբ ելույթ են ունենում մարդիկ, ովքեր որևէ վաստակ չունեն, ընդամենն իրենց ընդդիմադիր են կոչում և պահանջատիրական դիրքից հանդես գալիս։ Մտածում ես, այ մարդ, կարո՞ղ է նրանք են այս երկրի հիմնադիրները։ Այնինչ նրանք օրգանական ոչ մի առնչություն չունեն այս երկրի ստեղծման հետ։ Այսինքն՝ այս երկրի «տերը» չեն։ Երկրի իրական «տերերը» պարզապես կամաչեն նման ելույթներ ունենալուց։ Սկսում են պետությունից ու թերություններից խոսել, այն դեպքում, որ այդ ամենի մասին ընդամենը լսել են, դրանց մեջ չեն եղել։
-«Թացն ու չորը» խառնվել են առաջին հերթին հենց այս իշխանության ձեռամբ, քանի որ դուք եք նաև ներմուծել քաղաքական դաշտ ու պետական համակարգ Ձեր ասած «անհայտ կենսագրություն» ունեցողներին և երկրի անիրական «տերերին»։ Սա է նաև պատճառը, որ հանրությունը չի վստահում ՀՀԿ-ին։
-Այո, անհրաժեշտ է և՛ կադրային փոփոխություն, և՛ գործելաոճի։ Արմատական բարեփոխումներ են պետք, որ հանրության վստահությունը մեծանա, բայց համամիտ չեմ, թե ՀՀԿ-ին չեն վստահում։ Պետք է կրկնեմ Թոմաս Ջեֆերսոնի խոսքերը. «Արմատական փոփոխության հիմքում ընկած են կադրերը»։ Քաղաքական, պետական գործիչներ չունենալու պատճառով է, որ հասել ենք այս վիճակին։ Մենք 25 տարում մեծ սխալներ թույլ տվեցինք կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցում։ Այսօր էլ շարունակում ենք նույն բանը։ Եթե աշակերտին բարդագույն թեստային համակարգ են առաջարկում մի բուհ ընդունվելու համար, գոնե ամենապրիմիտիվ թեստային համակարգ գոյություն չունի իշխանության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց համար։ Ընդամենը մի հատ դիպլոմ են բերում, բայց դրա ոչ ծագումն են ստուգում, ոչ «տակը» եղած գիտելիքները։ Այն օրը մի նախարար ինձ փորձում է ապացուցել, որ ինքն ամենաազնիվ մարդն է, այն դեպքում, երբ մամուլը ինչեր ասես չէր գրել նրա մասին։ Ինձ պատասխանում է, թե դա զրպարտություն է։ Եթե զրպարտություն է, ինչո՞ւ դատի չեք տալիս։
-Ի՞նչ անել, որ պետական պաշտոն զբաղեցնող անձինք հասկանան՝ իրենք եկել են ոչ թե սեփական հարստությունը բազմապատկելու, այլ հանրությանը ծառայելու։
-Մենք ունեցել ենք այդպիսի էտապներ, զորօրինակ, 20-րդ դարի 20-30-ականները, երբ կառուցվում էր Հայաստանի պետականությունը։ Այդ տարիներին պետական այրերը դաժան պայմաններում են ապրել և պետություն կայացրել, կոռուպցիա տերմինն անգամ չի եղել, էլ չեմ խոսում կաշառակերության մասին, որովհետև այդ գործիչների համար մեծ պատիվ է եղել ծառայել սեփական ժողովրդին։ Հետագայում արժեքների ձևախեղում եղավ, ինչը սկսվեց Բրեժնևի կառավարման տարիներին։ Երկրորդեմ՝ մենք պետք է վերցնեինք հնի լավը և մերժեինք վատը։ Մինչդեռ լրիվ հակառակն արեցինք։ Մերժեցինք, իսպառ ջնջեցինք լավը և արվեստում, և տնտեսությունում, և կառավարման համակարգում, վերցրինք արատավոր երևույթները՝ կաշառակերություն, կոռուպցիա։ Սա է մեր ամենամեծ դժբախտությունը։ Այնպես որ 25 տարում չեն ստեղծվել այս արատները։
-Փոխարենը ոչինչ չարվեց, որ դրանք վերանան, հակառակը՝ խորացրինք ու կատարելագործեցինք ամեն բացասականը։ Ինչո՞ւ։
-Ես մի քիչ «հին» մարդ եմ։ Հակառակ վարչապետի խոստումների, կարծում եմ՝ կոռուպցիան չի անհետանա, բոլորն էլ ազատ ներմուծմամբ չեն զբաղվի։ Ի վերջո, ինձ նման մարդկանց համար այդ ամենը երկրորդական նշանակություն ունի։ Այդ բոլոր բարեփոխումները կատարվում են այն բանի համար, որ հարուստներն ավելի հարստանան, աղքատներն ավելի աղքատանան։ Կներեք «ղառղառ» խոսքերիս համար, բայց այդ տնտեսական բարեփոխումներն իրականություն չեն դառնա, եթե չվերականգնվի հասարակության արժեքային համակարգը։ Իմ շփումները խոշոր կապիտալիստների և միջին ձեռներեցների հետ թույլ են տալիս ասել, որ օլիգարխիայի ներկայացուցիչների 97 տոկոսը չգիտի՝ ինչ բան է արժեքային համակարգը։ Փողի մոլուցքը թույլ չի տալիս ունենալ այն առաջընթացը, որ մենք երազում ենք։ Փողի մոլուցքը կարող է վերանալ, եթե լինի արժեքային համակարգ։ Եթե Շիրվանզադեն ապրեր մեր օրերում, բավականին տիպիկ կներկայացներ նորօրյա «Քաոսը»։
-Եթե առաջնորդվենք «Քաոսի» մոտիվներով, արժե՞ «ալիմյանների» հարստությունը «այրել» ու վերջ դնել «հին աշխարհին»։
-Կուլակաթափությանը դեմ եմ։ Արժեքային համակարգը պետք է վերականգնենք հումանիտար ճանապարհով։ Մենք ժողովրդին պետք է տանք այն, ինչ տարիներ շարունակ խլել ենք՝ հոգևոր հարստությունը։ Քսանհինգ տարի մենք բռնաբարեցինք այդ «հոգևորը»։ Խավիար, թառափ ուտելն էական չէ։ Եթե ունենայինք 1992-94-ականների արժեքային համակարգը, հիանալի ազգ կլինեինք։ Բայց հիմնահատակ քանդեցինք ամեն ինչ։ Հույսներս ինչի՞ վրա է, ՊԵԿ-ի և այլ ոլորտների ղեկավարների փոփոխությա՞ն։ Դրանք ոչինչ են, եթե չկան իրական արժեքները։
-Ասել է՝ համամի՞տ չեք ԱԺ ղեկավարի այն մտքին, թե ժողովուրդը երազում է կուշտ ապրելու մասին։
-Եթե մարդը կուշտ ապրի ու հոգևոր արժեքներ չունենա, այդ մարդն ինձ համար զրո է։ Բարեփոխումները ոչ այնքան արմատական պետք է լինեն տնտեսությունում, որքան արժեհամակարգում։ Ես աղքատ եմ ապրում, այսինքն՝ նյութապես նորմալ, հոգեպես սարսափելի աղքատ։ Ես հոգեկան ճգնաժամի մեջ եմ։
-ԱԺ-ո՞ւմ էլ եք այդ «ճգնաժամի» մեջ։
-Խորհրդարանում ավելի է խորանում ճգնաժամը։ Մարդկային ամենաայլանդակ հարաբերություններն ԱԺ-ում են։ Եթե 1999-ի, երբ առաջին անգամ պատգամավոր դարձա, ԱԺ-ի պատկերն այսօրվա հետ համեմատենք, արժեհամակարգի տարբերությունը 100։1 հարաբերակցություն է։ Այն ժամանակ բոլորս միասին էինք, հիմա հարուստ պատգամավորներն առանձին կաստա են, անգամ սուրճ խմում են միայն կաստաներով։ Սա փայլուն ապացույցն է կորցրած արժեքների։ ՈՒզում ես ստեղծիր տնտեսություն, որ յուրաքանչյուր քաղաքացի 5000 դոլար աշխատավարձ ստանա, բայց եթե արժեհամակարգ չկա, ո՞ւմ է պետք այդ կենսամակարդակը։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ