«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Էսպե՞ս են պահում հանրապետության երկրորդ քաղաքը»

«Էսպե՞ս են պահում հանրապետության երկրորդ քաղաքը»
28.10.2016 | 01:01

«Երեսի զոռով» ու քվե գողանալով քաղաքապետ չեն դառնում։ Օրենքներ շրջանցելով Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրու քաղաքապետ չեն ինքնահռչակվում։ Այսօր «հայրաքաղաքի» բնակիչները տարակուսած են՝ այդ ինչպես է ստացվում, որ 44 տոկոսը 34-ից ավելի փոքր է (ընդդիմադիրները միասին Գյումրիում ստացել են 44 տոկոս, իսկ «Բալասանյան դաշինքը»՝ 34)։

ՈՒ մինչ կանդրադառնանք ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքում ստեղծված տրամադրություններին ու բալասանյանական անօրինականություններին, մեկ նկատառում։ «Իրատեսի» նախորդ համարում տպագրված «Գյումրվա ժանգոտ ժաժքը» (հեղինակ Վրեժ Առաքելյան) հրապարակումը բավականին մեծ արձագանք ունեցավ, խմբագրություն էին զանգահարում գյումրեցիներ, որոնք Գյումրվա բառուբանով շաղախված պատմություններ էին ներկայացնում նորօրյա «բդեշխ», քաղաքապետի աթոռին պնդերեսությամբ տիրացած բազմակուսակցական Սամվել Բալասանյանի մասին (դրանց առաջիկայում հերթով-կարգով-շարքով կանդրադառնանք)։


Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետում ասված է. «Եթե Գյումրի ու Վանաձոր համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքում ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է համայնքի ընտրված ղեկավար։ Եթե այդ ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում համայնքի ղեկավարի առաջարկվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով»։

Սա՝ ըստ օրենքի, որի առաջ բոլորը հավասար պետք է լինեն, մինչդեռ Սամվել Բալասանյանն օրենքից վեր է դասել իրեն ու «ափալ-թափալ» Գյումրու քաղաքապետ հռչակվել։ Խնդիրը դիտարկենք իրավական հարթությունում. չէ՞ որ օրենք է խախտվել։ Եվ այսպես՝ Բալասանյանը «Բալասանյան դաշինքով» է համարվել «հաղթած» քաղաքապետ, մինչդեռ օրենքում ոչինչ չի ասվում դաշինքի մասին, խոսքն ընդամենը կուսակցությանն է վերաբերում։ Դաշինքների պարագայում օրենքը հստակ սահմանում է՝ անցկացնել փակ, գաղտնի քվեարկություն, մինչդեռ ավագանու առաջին նիստում վերջինս միանգամից ինքնահռչակվել է քաղաքապետ, ինչն օրենքի կոպտագույն խախտում է և, ըստ էության, փաստում է, որ Սամվել Բալասանյանը չի կարող քաղաքապետ համարվել։ Գուցե դաշինքի անդամներից մի քանիսը գաղտնի քվեարկության ժամանակ դե՞մ քվեարկեին իրենց «պարտադրված» թեկնածուին (հիշենք՝ նախընտրական շրջանում որքան լարված էին Բալասանյանի և Գյումրու ՀՀԿ-ականների հարաբերությունները, ավելին, վերջիններս անթաքույց հակակրանք ունեին նրա հանդեպ)։

Կամ չի բացառվում, չէ՞, որ առնվազն մի քվե կարող էր անվավեր լինել։
Ստացվում է, անգամ երկու մանդատ ԲՀԿ-ից ու ՀՎԿ-ից գողանալով, Բալասանյանի հրավիրած ավագանու առաջին նիստն ապօրինի է, քանի որ խախտվել է սահմանադրական նորմը։ Այս հարցը հիշյալ ուժերը, ինչպես նաև «Գալա» կուսակցությունը, մեր տեղեկություններով, առաջիկայում վիճարկելու են Սահմանադրական դատարանում։ «Սրան-նրան վարկաբեկելով, օգտագործելով ընտրությունից հինգ րոպե առաջ ստեղծված «Գյումրվա ոգի», «Գործարար» անկապ կուսակցությունները, կարծում էր՝ ժողովուրդը չի՞ հասկանալու իր կեղտոտ քայլերը։ Էս ճանապարհով ո՞նց ա քաղաքապետ աշխատելու։ Երկար չի ձգի։ Իշխանություններն ինչքա՞ն կարող են չնկատել Բալասանյանի հանդեպ գյումրեցիների զզվանքը։ Ինչքան կարելի է ներել նրան, էս ամենը վերջ ունի, չէ՞։ Գյումրին պառակտեցին, ու հիմա մարդիկ ըմբոստության սեփական ձևն են մշակել»,- ասում են գյումրեցիները։

Հայրաքաղաքում կրքերը չեն հանդարտվում, մարդիկ չեն ուզում հավատալ, որ առաջիկա տարիներին ևս պետք է ունենան ոչինչ չանող, գորշ, անթասիբ (թասիբով մարդը կամաչեր ապօրինաբար տիրանալ գյումրեցու քվեին) քաղաքապետ, որի միակ խնդիրը սեփական բիզնեսներն ընդլայնելն ու ծայրահեղ աղքատ քաղաքում անձնական կարողությունները բազմապատկելն է։ Դժգոհության ալիքը գնալով մեծանում է, և գյումրեցիները, որպես բողոքի նշան, առաջիկայում դիմելու են կտրուկ քայլերի՝ հրաժարվելու են տեղական հարկեր-տուրքեր վճարելուց։ «Չենք վստահում էդ մարդուն, դրա համար էլ չենք վճարելու։ Ինչի՞ վճարենք, թող իր միլիոնները բերի-լցնի բյուջեն։ Ինքը հավաքել է 14 հազար ձայն, 24 հազարն էլ նրան չի վստահել, թող էդ 24 հազարին էլ ինքը վճարի։ Մարդիկ ասում են՝ թող մեզ տանեն-դատեն, մենք էդ մարդուն մեր հարկերն ու տուրքերը չենք վստահելու։ Իսկ որ ամենավատն է, էս ամենի արդյունքում մարդիկ թողնում-հեռանում են, արտագաղթում։ Էսպե՞ս են պահում հանրապետության երկրորդ քաղաքը»,- զայրույթով նշում են տեղի բնակիչները։


Եվ վերջում ավելի քան տարօրինակ մի իրողության մասին ևս. ավագանու առաջին չկայացած նիստից րոպեներ անց քաղաքապետի «երդման շղթան», գյումրեցիները կասեին, «բուկն է գցում» ու վազում եկեղեցի, որտեղ, պարզվում է, նրան սպասում են։ Շիրակի թեմի առաջնորդ եպս. Միքայել Աջապահյանն օրհնում է Սամվել Բալասանյանի անօրինական ընտրությունը։ «Սա ցույց է տալիս,- ասում են գյումրեցիները,- որ եկեղեցին էլ է պղծվում։ Թեմի առաջնորդը ո՞նց է օրհնում մի մարդու, որը օրենք է խախտել։ Սա ոչ միայն իրավական, այլև բարոյական նորմերի խախտում է»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ