Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանն առանց կոռուպցիայի

Հայաստանն առանց կոռուպցիայի
28.10.2016 | 01:02

Հայտնի փիլիսոփաներից մեկն ասել է՝ «Այնտեղ, ուր տեսլական չկա, մարդիկ կործանվում են»:
Աշխարհի հաջողակ ազգերը, բացի կարճաժամկետ ծրագրերից, իրենց առջև դնում են հեռահար տեսլականներ, որոնք արտահայտում են ազգի հավաքական երազանքներն ու գործողությունների ընդհանուր տրամաբանությունը: Աշխարհին հայտնի է «ամերիկյան երազանք» կոնցեպտը, որն արտահայտում է «հնարավորությունների» երկրի գաղափարը և անհատների երջանկության ձգտման իրավունքը: 2012 թ. Չինաստանի նախագահը հանդես եկավ «չինական երազանքի» տեսլականի առաջարկով, որը ներառում է ռազմավարական նպատակներ, այն է` 2020 թ. Չինաստանի ՀՆԱ-ն պետք է կրկնապատկվի, 2030-ին Չինաստանի բնակչության 70 տոկոսը` մոտ 1 մլրդ մարդ, պետք է ուրբանիզացվի: Իսկ 2049-ին՝ կոմկուսի իշխանության 100-րդ տարելիցին, Չինաստանը պետք է դառնա ամբողջապես զարգացած պետություն: «Չինական երազանքի» մաս է նաև նոր «Մետաքսի ճանապարհի» ապագա ուղեցույցը, որը կդառնա եվրասիական առևտրի տրանսասիական նոր ճեպընթացը: «Չինական երազանքը», ի տարբերություն ամերիկյանի, շեշտադրում է ոչ թե անհատներին, այլ հավաքական չինական ազգը` կարևորելով կոլեկտիվիզմը: 2013-ին Սի Ցզինպինը կոչ արեց չին երիտասարդներին. «Համարձակվեք երազել, աշխատեք ջանասիրաբար երազանքների իրականացման ու ազգը երիտասարդացնելու համար և իրականություն դարձրեք չինական երազանքը»:


Անկախության տարիներից ի վեր մենք այդպես էլ չձևակերպեցինք հստակ հեռահար տեսլական՝ «հայկական երազանք»: Կառավարության նոր ծրագրի և ընդհանուր դրական սպասումների ֆոնին ժամանակը եկել է, որ ձևակերպենք նպատակներ, որոնք անցնում են մեկ-երկու տարվա սահմանները և պարտավորեցնում ինչպես մեզ, այնպես էլ ապագա սերունդներին: Քանզի այնտեղ, ուր տեսլական չկա, ազգերը ձախողվում են:


Իբրև մեկնարկ՝ հայկական երազանքի բաղադրիչները կարող են լինել.
1. ՀՀ քաղաքացու նոր կերպարի ձևավորումը:
2. Հայաստանն իբրև կրթվելու համար լավագույն երկրներից մեկը:
3. Գործարարությամբ զբաղվելու ամենանպաստավոր երկրներից մեկը:
4. Գլոբալ ներգրավվածություն ունեցող երկիր, որը պատասխանատու է հայկական աշխարհի յուրաքանչյուր հատվածի համար:
5. Հայաստանը որպես արևմուտք-արևելք կապերի հանգույց:
Ցանկը կարելի է շարունակել, սակայն, որպեսզի այս թեզերը դառնան իրականություն, պետք է ընդունել գլխավոր թեզը` Հայաստանն առանց կոռուպցիայի:

Վահրամ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ

Դիտվել է՝ 2348

Մեկնաբանություններ