«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սիրո, համերաշխության ու ներողամտության ժամանակ

Սիրո, համերաշխության ու  ներողամտության ժամանակ
28.10.2016 | 01:07

Այո, պարոնայք երդվյալ ատենակալներ, նիստը շարունակվում է: Մենք ապրում ենք պատմապատմապատվական օրեր, որոնց մասին մեր ժառանգների ժառանգները զարմանքով գրելու են, որ իրենց նախնիներին հաջողվել է հերքել բնության օրենքները, ու դրանով են մեր ապրած օրերը պատմական ու պատվական: Նորից չասեք, որ ապացույցներ եք ուզում, բայց ինչքան եք գաղջոտել, ո՞ւր մնացին ձեր ապագայի հավատն ու լավատեսությունը: Հույսը չասեմ:

Չե՞ք հավատում, որ փոխվում է անգամ ՀՀԿ-ն, նոր ոգի է ստանում: Նոր ոգին կրելու են երիտասարդ, գուցե անհայտ, գուցե հայտնի, անտարակույս ժելեած մազերով, փայլուն փողկապով, կիպ հագուստներով, արդուկված մարդիկ՝ կին թե տղամարդ, կապ չունի: Կարևորը իմիջն է: Իմիջն ի՞նչ կապ ունի, կասեք՝ դարձան ՀՀԿ-ական, հրաժեշտ են տալու անձնական կերպարին ու դառնան կուսակցական: Ոչ, ոչ ու նորից ոչ: Դուք մեծ քաղաքականությունից ոչինչ չհասկացաք: Մեծ, շատ մեծ քաղաքականությունն ասում է, որ ամեն ինչ հոսում է ու փոխվում, դա վերաբերում է ձեզ՝ փոխվեք վերջապես:
ՀՀԿ-ն երկփեղկվում է ու ալիքվում: Արտաքուստ հանգիստ, ներքուստ տիրոջ որոնումները փոխելու են նրանց քաղաքական հասցեները, ում ՀՀԿ նախագահը ասելու է՝ այսուհետ մանդատը տրվելու է նրանց, ովքեր ծնվել են անցյալ դարի ոչ թե 40-50-60, այլ 70-80-90-ական թվականներին. անկախության սերունդը թակում է դուռը, չենք կարող ասել՝ տանը մարդ չկա, անհարմար է, չէ՞: ՈՒ ի՞նչ: Շրջադարձին կա երեք ճանապարհ՝ ուղիղ, աջ ու ահյակ: Աջ գնացողները մնալու են տեղում, խաղաղ ապրելու են կուսակցական ու քաղաքական մայրամուտը, առիթից առիթ կհիշեն նրանց, մեկ-մեկ հեռուստաեթեր կհրավիրեն՝ պատմելու փառավոր անցյալի մասին: ՈՒղիղ գնացողները «ոչ» չեն ասի, բայց ոչ էլ կհամաձայնեն ու կպայքարեն, ոմանց բախտը կբերի, ոմանց՝ ոչ: Ձախ գնացողներին գրկաբաց կընդունի նախորդ նախագահը, մի քիչ կհանդիմանի տասնամյա «մոլորվածության» համար, կների մեծահոգաբար ու տեղ կտա իր քաղաքական ճամբարի վրաններում: Չզարմանաք, եթե այդ ճամբարում տեսնեք ոչ միայն շարքայիններին, այլև ականավորներին: Ասենք՝ նախկին վարչապետի: Կողմնորոշվելու կարճ ժամանակ է մնում Հովիկ Աբրահամյանին: Այդքան էլ տարիքով չէ, որ կուստոմսը ծալի, դնի պիջակի ծոցագրպանը ու այդ պիջակն այլևս չհագնի:

Որքանո՞վ է հավանական Ռոբերտ Քոչարյան-Հովիկ Աբրահամյան միավորումը: Հավանական է, եթե երկուսին էլ Սերժ Սարգսյանը շատ նեղացնի, ու նրանք երաշխիք ունենան, որ նրան կհաղթեն: Սերժ Սարգսյանը ոչ մեկին այդքան չի նեղացնի՝ մինչև վերջ կձգի, որ նրանք ժամանակ չունենան իրավիճակ փոխելու: Նրանց պարբերաբար հեքիաթներ կպատմեն ապագայի մասին, ու նրանք կձևացնեն, թե հավատում են, թեպետ ի՞նչ հեքիաթ՝ առանց պաշտոնի: Կորոշարկվի՞ վիճակը ՀՀԿ-ի նոյեմբերի 26-ի դարակազմիկ համագումարում: Ոչ: Վաղ է կարգավիճակի հարցերի համար, հոգնածները դեռ պետք են ՀՀԿ-ին կուռ շարքերը ցույց տալու համար:


Շնորհավորում եմ, պարոնայք երդվյալ ատենակալներ, ձեր ժառանգների ժառանգները զարմանալու առիթներ կունենան, երբ, օգնության կանչելով տրամաբանությունը, ողջամտությունը ու նույնիսկ խորամտությունը, չհասկանան՝ ի՞նչ է ուզում հայ ժողովուրդը Գագիկ Ծառուկյանից: Ոչ բոլորը, իհարկե, բայց նրանք, ովքեր ոչ թե մեկ տարի առաջ, այլ հիմա են բախում նրա դռները ու դուրս կանչում: Ո՞Ւր էին ծառուկյանասերները անցյալ տարի փետրվարին, ինչո՞ւ նրա դռները չէին կոտրում՝ սեր ու նվիրում չկա՞ր, ինչո՞ւ չէին ասում՝ որտեղ է կրկեսը, ու ո՞վ է Ծառուկյանը: Նրա կարիքն զգացողների ձգողականության դաշտը ի՞նչ օրենքներով է գործում: Քաղաքակա՞ն, ֆինանսակա՞ն, մարդկայի՞ն: Մի որոնեք պատասխան: Չկա: Առավել ևս, երբ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, պատասխան դեռ չունի: Նա սպասում է, որ բանագնացների փոխարեն «Վերադարձիր, օ, վերադարձիր» ասի Սերժ Սարգսյանը:

Կասի՞՝ կվերադառնա, չի՞ ասի՝ կմնա ՀԱՕԿ նախագահ: Կարևորն արդեն ասել է. «Մենք ունենք մեկ հայրենիք, բոլորս պետք է համախմբվենք Հայաստանի շուրջը»: Բայց նույնիսկ նրա վարար խոսքը հասկանալի չի դարձնում՝ ինչպե՞ս, ի՞նչ անենք, որ համախմբվենք, ձեռք ձեռքի տանք՝ կանգնե՞նք, հացադուլ անե՞նք, հայրենասիրական երգեր երգե՞նք թագավորի մասին: Իսկ մինչ այդ՝ ավետիս նրանց, ովքեր առանց Ծառուկյանի այլևս ապրել չեն կարողանում. «Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, ես ունեմ հարգանք, ճանաչում, որով անում եմ, եթե անհրաժեշտությունը լինի, դրա կարիքը լինի, հնարավոր ա, որ փակված, ծալած էջը բացվի: Ինչքան մարդը հզոր ա, ուժեղ ա, բարի ա, այնքան կամեցող ա և ներող ա, որ բոլոր քաղաքական գործիչներն իմանան, որ Ծառուկյանը նենգ մարդ չի, կամեցող ա, ներող ա»: Ինքներդ եք հասկանում, որ խմբագրել Գագիկ Ծառուկյանին աններելի է՝ նա իր ձևի մեջ է անկրկնելի: Մյուսներից ի՞նչ կա: Մանրից առաջ են շարժվում: Կներեք, սխալվեցի՝ թռիչքի մեջ են: Օրինակ՝ ՀԱԿ-ը: Չհավատացի՞ք: ՀԱԿ-ը հայտարարեց. «Ստեղծված են լուրջ և հիմնավոր նախադրյալներ 2017-ի ԱԺ ընտրություններում իշխանափոխության իրականացման, լեգիտիմ իշխանության ձևավորման և Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար»: Ինչպե՞ս: Պարզ: «Թեև տարածքային վարկանիշային ցուցակների ներդրմամբ իշխանությունը պահպանում է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման միջոցով ընտրությունների արդյունքների վրա ապօրինաբար ազդելու հնարավորությունը, և, ըստ այդմ, նոր Ընտրական օրենսգիրքն ամենևին կատարյալ չի կարելի համարել, այնուամենայնիվ, իշխանությունների վրա ընդդիմության և քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում էական առաջընթացի հանգեցրած վերոնշյալ փոփոխությունները, որպես մեկ համալիր, հնարավորություն են տալիս զրկելու իշխանություններին ընտրությունների իրական արդյունքները շուրջ 500 հազար կեղծ «քվեներով» հավելագրելու հնարավորությունից, բացառելու կրկնաքվեարկությունները, լցոնումները, ընտրողների, վստահված անձանց, դիտորդների և լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրումը, քվեների գողությունը»:

Չհասկացա՞ք: Ո՞վ է ՀԱԿ-ին հասկանում: Նրանց կուսակցական լեզուն այնքան է մանվածապատ, որ կա թարգմանչի կարիք՝ ՀԱԿ-երենից հայերենի: Մի նախադասությամբ՝ ՀԱԿ-ը ընտրություններից առաջ պատրաստ է իշխանափոխության խնդիր դնող ուժերի հետ համագործակցել: Առայժմ ՀԱԿ-ի պարզած ձեռքը բռնող չի եղել: Մի թեթև խոստացել է Վարդան Օսկանյանը: Կասեք՝ շուտ է: Շուտ է, բայց հետո ուշ է լինելու: ՀԱԿ-ը չի բացում փակագծերը, թե ինչպես է իշխանափոխությունը տեսնում՝ բանակցության թեմա թողնելով: Բայց ինչը հայտարարելը քիչ է, ինչպես-ի խնդիր կա: Նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի շնորհիվ իշխանությանը սահմանադրական մեծամասնություն պետք չէ: 30-35 տոկոսն էլ ծով է, դա ՀՀԿ-ի համար թի՞վ է: ՈՒ ի՞նչ: Պատրա՞ստ է ՀԱԿ-ը հետընտրական գործընթացներով իշխանափոխության, թե՞ քաղաքակրթորեն շնորհավորելու է ՀՀԿ-ի հաղթանակը ու գնա տուն: Կամ մի քանի մանդատ ստանա՝ քաղաքակրթության համար: Սա է խնդիրը: ՀՀԿ-ն հանուն ժողովրդավարության չի համակվելու այլասիրության տենդով և արդեն անում է քայլեր, որ, խորհրդարանում լինելուց զատ, թևի տակ ունենա կառավարելի ընդդիմություն: Անում է քայլեր՝ հնարավոր ընդդիմադիր դաշտում ձայները փոշիացնելու համար կեղծ ընդդիմադիր ուժերով, որոնց դրոշներին գրված չէ, որ իրենք կեղծ են, կամ որոնց անդամների ճակատներին գրված չէ, որ խաղում են իշխանության խաղը: Կուսակցական ծրագրերը կարող են տալ այդ հարցի պատասխանը: Բայց ո՞վ է ծրագիր կարդում, առավել ևս, որ ծրագրերը կուսակցական լոգոներով են տարբերվում ու գրվում են copy paste-ի սկզբունքով:


Ի՞նչ կա վարչապետից: Գնաց Մինսկ: Բայց աշխատում է ողջ ուժով: Մարզպետներից պահանջեց անմնացորդ ու արդյունավետ աշխատանք և հորդորեց հրաժարվել ձևականություններից, աշխատել ըստ էության և բովանդակալից: Հոկտեմբերի 25-ին ընդունեց «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Պանովին, ստորագրվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության համագործակցության hուշագիր՝ կողմերը կզարգացնեն համագործակցությունը երկրաբանական հետազոտությունների և որոնողական համալիր աշխատանքների, հանքարդյունահանման պլանավորման, հանքավայրերի գնահատման և այլ ուղղություններով, կստեղծեն համատեղ ձեռնարկություն: Հետո եկավ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը, քննարկեցին էներգետիկ համագործակցությանը, զարգացման հեռանկարներին, Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանն ասաց, որ «Գազպրոմը» Հայաստանում ունի ամենախոշոր ներդրումային փաթեթը, էներգետիկ անվտանգության ծրագրերը, հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումը, ներդրումային խոշոր նախագծերը կյանքի են կոչվել «Գազպրոմի» ղեկավարության անմիջական ջանքերի շնորհիվ։ ՈՒ Միլլերին ՀՀ վարչապետի հուշամեդալ շնորհեց: Իսկ Միլլե՞րը: Միլլերն ասաց, որ Հայաստանն ունի 96 տոկոս գազիֆիկացում, գազամատակարարման հուսալի համակարգ: Ասաց՝ բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ուսումնամարզական համալիր կկառուցի, գազի սակագնի իջեցման մասին բարձրաձայն չխոսեցին:


Պարոնայք երդվյալ ատենակալներ, մի՞թե արդար է՝ երկինքը տվել ենք, ընդերքը տալիս ենք, գազի սակագինը չեն իջեցնում: Փաստորեն, վարչապետին տնից օժիտ չեն տալիս: Գուցե այն պատճառով, որ Թեհրանից ասել են՝ Ռոհանին Երևան է գալիս: Առաջին արձագանքողը Ադրբեջանը եղավ, ասացին՝ մեզ դավաճանում է, Ալիևն էլ պիտի Իսրայել գնա, երկրորդը Ռուսաստանը եղավ՝ ասացին՝ ով գիտի՝ Թեհրանը Անդրկովկասում ինչ ծրագրեր ունի: Տագնապած ասացին:


Համանախագահներն էլ եկան ու գնացին: Նորից ԱՄՆ-ի համանախագահն էր միակ խոսողը՝ ասուլիս տվեց նախագահին ու ԱԳ նախարարին հանդիպելուց առաջ ու ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկում է սկսել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ: Ասաց՝ «Դիրքորոշումները կարող են նույնական չլինել, բայց կարևոր է, որ հասարակությանը ներկայացվեն: Մենք ողջունում ենք նախագահ Ալիևի հայտարարությունը: Բոլոր տարրերը, որոնք բանակցությունների մաս են, պետք է ներկայացվեն նաև հանրության լայն շրջանակներին»: Ասաց՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են առաջ ընթանալ խաղաղության ճանապարհով: Չասաց, բայց պարզ էր, որ բանակցությունները կշարունակվեն, հնարավոր է նույնիսկ նախագահների հանդիպում, պատերազմի հավանականությունը հետաձգվում է, հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն կա, «բանակցվում» են մադրիդյան սկզբունքները, խնդրի լուծումը դեռ շատ է հեռու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հեքիաթ իդեալի մասին՝ հոկտեմբերի 27-ով Մինսկ մեկնած վարչապետի համար՝ չինացի փորձագետ Սյուն Մինգ Չինից. Չինաստանի կողմից Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ֆինանսավորումը միանգամայն հնարավոր է, Հայաստանը կարող է միմյանց կապել Իրանն ու Չինաստանը, եթե կառուցվի Հայաստանը Իրանին կապող երկաթուղի: «Մետաքսի տնտեսական գոտի» ստեղծելու իմաստը Արևելքի և Եվրոպայի առևտուրը խորացնելն է: Հայաստանը կարող է համագործակցել և՛ Արևելքի ու Չինաստանի, և՛ Արևմուտքի ու ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ: Իսկ դուք, պարոնայք երդվյալ ատենակալներ, առայժմ ապրեք առանց հեքիաթի, հայկական Հայաստանում հեքիաթներ չկան, սիրո, համերաշխության ու ներդաշնակության ժամանակ է, չնայած ցրտել է, տեղ-տեղ ձյուն է գալիս ու մերկասառույց է, Լարսն էլ փակվել է: Բայց գարունը գալու է: Ընտրություններն են մի քիչ համը հանելու: Մնացածը դուք ավելի լավ գիտեք:

Դիտվել է՝ 1861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ