«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Երկրում տիրող իրավիճակներն ու երևույթները փոխկապակցված են»

«Երկրում տիրող իրավիճակներն ու երևույթները փոխկապակցված են»
28.10.2016 | 11:18

«Իրատեսի» հյուրը Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, գրականագետ, արձակագիր, բանասիրության դոկտոր ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ է:


Մեր զրույցը նրա հետ այսօր պաշտպանվող գիտական ատենախոսությունների որակի, շնորհվող գիտական կոչումների երբեմն կասկածելի լինելու և ոլորտի հետ կապված այլ հարցերի մասին է:
Չհաղթահարելով անձնական մղումներս՝ հարցազրույցի ընթացքում անդրադարձել եմ նաև Լիլիթ Արզումանյանի լուսահոգի հոր՝ իմ սիրելի դասախոս, գրականագետ Սևակ Արզումանյանի անձին, որից ստացած դասերն ինձ ուղեկցում են առայսօր:

«ԻՀԱՐԿԵ, ԴԺՎԱՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ԲԱՅՑ ՓՈՐՁԵՄ ԱՎԵԼՈՐԴ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ ՉԱՆԵԼ»


-Տիկին Լիլիթ, արդեն 3 տարի նախագահում եք ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը: Ի՞նչ ձեռքբերումներ և հիասթափություններ եք ունեցել այս ընթացքում:
-Իհարկե, դժվար է գնահատել սեփական աշխատանքը, բայց փորձեմ ավելորդ համեստություն չանել: Այս 3 տարում ԲՈՀ-ում մեծ աշխատանք է արվել. վերանայվել է «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը»` չափանիշները հստակեցնելու և խստացնելու միտումով, վերակառուցվել և գործարկվել է ԲՈՀ-ի պաշտոնական եռալեզու էլեկտրոնային կայքը, ստեղծվել են տվյալների և ատենախոսությունների շտեմարաններ (բազա), Ազգային գրադարանի հետ համատեղ սկսել ենք ատենախոսությունների (1993 թվականից սկսած) թվայնացման գործընթացը, հրատարակվել է 4 տեղեկագիր (որոնցից մեկը՝ եռալեզու), վերանայվել է «Գիտական աստիճանաշնորհման անվանացանկը» (գիտական մասնագիտությունների ցանկ)` հայաստանյան գիտական ներուժին համապատասխանեցնելու նպատակով, մշակվել է «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը»` խորհուրդները նոր սկզբունքով ձևավորելու նպատակով: Այսօր ԲՈՀ-ում սկսվել են նոր խորհուրդների ցանցի ձևավորման աշխատանքները, և արդեն ստեղծվել ու հրամանագրվել է շուրջ քառասունհինգ մասնագիտական խորհուրդ: Սրանք իրականում լուրջ բարեփոխումներ են, որ միտված են մասնագիտական խորհրդի աշխատանքը առավել տեսանելի դարձնելուն: Բացի այդ, այս նոր տարբերակով խորհուրդներում ընդգրկվում են զգալի թվով երիտասարդներ, որը մասամբ լուծում է սերնդափոխության խնդիրը: Ինչ վերաբերում է հիասթափություններին, ասեմ, որ այս տարիների ընթացքում զգալի թվով ատենախոսություններ (240 աշխատանք) կա՛մ մերժվել են, կա՛մ վերադարձվել են մասնագիտական խորհուրդներ՝ վերամշակման (այդ թվում՝ ութսունչորս արտագրության դեպք): Երևույթը, իհարկե, ընդունելի չէ, ավելին` մտահոգիչ է, բայց համոզված եմ, որ աստիճանաբար մեր երկրում կբարձրանա պատասխանատվությունը արված ցանկացած գործի հանդեպ: Այսպես եմ ասում, որովհետև ցանկացած երևույթ, առանձին վերցրած, չի կարող ո՛չ փչանալ, ո՛չ ուղղվել: Այսինքն՝ երկրում տիրող իրավիճակներն ու երևույթները փոխկապակցված են` ընդհանուր բարոյական չափանիշներին համապատասխան, և, բնականաբար, դրական տեղաշարժերը պետք է լինեն համընդհանուր, իրականանան լայն կտրվածքով: Սակայն իմ անձնական հիասթափություններն այդ դաշտում չեն, այսինքն՝ դուրս են մեր համակարգից: Մարդկային անառողջ հարաբերությունները, ստախոսության, ագահության, կեղծավորության և այլ մերժելի երևույթների մեծ չափաբաժնի առկայությունը մեր հասարակության մեջ ինձ հունից հանում են: Չէի ցանկանա հայ մարդուն այդ որակներով տեսնել:

«ԵԹԵ ԽՈՍՔԸ ԱԶԳԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Է, ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ԲՈԼՈՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ, ՄԵՐ ՏԱՆ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՄԵՐ ԱՅՍ ՓՈՔՐ ԵՐԿՐԻ ԲՈԼՈՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ»


-Մի հարցազրույցում նկատում եք, թե մենք վերակենդանացման մեծ խնդիր ունենք հասարակության բոլոր բնագավառներում: Ըստ Ձեզ՝ այդ խնդրի լուծումը պետք է սկսել գիտությա՞ն բնագավառից, թե՞ ստորին օղակներում այն լուծելով՝ հասնել գիտական առաջընթացի:
-Եթե խոսքը ազգի վերակենդանացման մասին է, պետք է սկսել բոլոր բնագավառներից, մեր տան, այսինքն՝ մեր այս փոքր երկրի բոլոր անկյուններից, սկսել անպայման վերևից, սկսել որքան հնարավոր է արագ, որովհետև աններելիորեն շատ ժամանակ ենք կորցրել: Եվ նաև, պետք է սկսել «եսից». այսօրվա աղավաղված հոգեբանությամբ ու սպառողի մտածողությամբ ոչ մի բնագավառում ոչ մի հաջողության չենք հասնի:


«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է ԱՄԵՆ ԱՌՈՒՄՈՎ, ՆԱԵՎ՝ ԺԱՄԱՆԱԿԻ. ՉԷ՞ ՈՐ ԺԱՄԱՆԱԿՆ ԷԼ ԹԱՆԿ ԱՐԺԵ»


-Ըստ Ձեր ներկայացրած տվյալների՝ մեր երկրում տարեկան մոտ 500 գիտական աշխատանքի պաշտպանություն է լինում: Այս թիվը և մեր երկրում գիտնականների անապահով սոցիալական դրությունը միմյանց չե՞ն հակասում:
-Իհարկե հակասում են, եթե հարցին նայում ենք ընդունելի տեսանկյունից, այսինքն՝ եթե այդ 500-ն էլ գիտությամբ են զբաղվում: Բայց արդյո՞ք այդպես է: Գիտությունը թանկ հաճույք է ամեն առումով, նաև՝ ժամանակի. չէ՞ որ ժամանակն էլ թանկ արժե: Իրականում օբյեկտիվ հաշվարկներով Հայաստանում պաշտպանողների թիվը չպետք է անցնի 200-ից:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆՈՐՄԱԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԿՄՂԻ ԱՄԵՆ ՏԻՊԻ ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ
ԵՐԵՎՈՒՅԹ»


-Անհնար է ժխտել այն դեպքերը, երբ մեզանում գիտական աստիճան են ստանում գիտության հետ գրեթե առնչություն չունեցող մարդիկ: Սա մոդայիկ-անցողի՞կ երևույթ է, ըստ Ձեզ, թե՞ ձևավորվող վտանգավոր ավանդույթ:
-Ես համոզված եմ, որ աննորմալ երևույթներն ավանդույթ չեն դառնա, ինչպես, օրինակ, այսօրվա թատերականացված անհեթեթ հարսանիքները: Կարծում եմ, որ նորմալ հասարակությունը դուրս կմղի ամեն տիպի անտրամաբանական երևույթ, այդ թվում՝ որևէ կերպ չհիմնավորված ու չարդարացված հավակնությունը գիտական աստիճանի հարցում: Հիմա մնում է միայն հավատալ, որ դառնալու ենք նորմալ:

«ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԵԼԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԼԻՆԵԼԸ, ՑԱՎՈՔ, ՏԱՐԲԵՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»


-Գիտության ո՞ր ոլորտն է այսօր ավելի պահանջված, ի՞նչ մասնագիտությունների գծով են ավելի շատ ատենախոսություններ գրվում: Ո՞ր մասնագիտությունների գծով են պաշտպանվում առավել կայացած, անխոցելի ատենախոսություններ մեր օրերում:
-Ատենախոսություններ գրելը և պահանջված լինելը, ցավոք, տարբեր հասկացություններ են. համենայն դեպս, այս առումով այսօր գիտության «պատվիրատու» չկա: Ավելի շատ աշխատանքներ գրվում են տնտեսագիտությունից, բայց արդյո՞ք այդ պահանջարկը կա. կասկածում եմ:

«ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԳՐԵԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ «ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՉԴԱՐՁԱՎ, ՈՐԻ ՀԱՄԱՐ
ԱՆՉԱՓ ՑԱՎՈՒՄ ԵՄ»


-Երբ ինչ-որ գրական ստեղծագործություն եք գրում, հաջողվո՞ւմ է այն քննել անաչառ գրականագետի աչքով:
-Ես գրում եմ աններելի արագ և շատ քիչ: Այնուամենայնիվ, գրելն ինձ համար «մասնագիտություն» չդարձավ, ինչի համար անչափ ցավում եմ, իսկ ցավում եմ, որովհետև շատ հեշտ եմ գրում և, կարծում եմ, վատ չեմ գրում: Բայց, փաստորեն, վարչական աշխատանքն ինձ «կուլ տվեց»:

«ՉԵՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԳՐՈՂԻ ԿՈՉՄԱՆԸ, ԻՆՔՍ ԻՆՁ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»


-Կյանքը լի է ընդունելի և անընդունելի փաստերով, երևույթներով, դրանք կրող անձանցով: Այս բազմադեմ, բազմազան համապատկերում ի՞նչն է առանձնանում Ձեր աչքում և դառնում գեղարվեստական երկ գրելու շարժառիթ, գրողական ներշնչանքի աղբյուր:
-Նախ՝ ասեմ, որ ես ունեմ արձակ գործեր, սակայն չեմ հավակնում գրողի կոչմանը: Ինքս ինձ ավելի շուտ հրապարակախոս եմ համարում, քանի որ ներկայի ցավը, մտահոգությունը, անհանգստությունը իմ երկրի, իմ հայրենիքի այսօրվա ու վաղվա համար ինձ առավելապես տարան դեպի հրապարակախոսություն: Գրում եմ այն ժամանակ, երբ պարզապես չեմ կարողանում չգրել: Գրում եմ երևի թե անզորությունից: Գեղարվեստական գործերը գրվել են ներքին մղումով ու շատ արագ: Դրանք իմ մասին են, իմ տեսակի մասին, այսօրվա մեր կյանքի մասին:

«ԻՄ ՄԵՋ ՀՈՐՍ ԳԵՆԵՐՆ ԵՆ՝ ՄԵԿԵՆ ՄԵԿ»


-Ես Ձեր հոր՝ պրոֆեսոր Սևակ Արզումանյանի ուսանողն եմ եղել: ՈՒ թեև դա եղել է տասնամյակներ առաջ, մինչ օրս էլ շատ հարցերում եմ առաջնորդվում նրա տված դասերով: Ձեզ այդ դասերն ուղեկցո՞ւմ են կյանքում և գործի մեջ:
-Հայրս լավ գրականագետ էր, հախուռն, զգացմունքային, համարձակ: Միայն նրա «Արդի հայ վեպը», որ բաղկացած է հինգ հատորից, կոթողային աշխատանք է և մնայուն: Ասում եք` նրա դասերը: Եթե մասնագիտական դասերը նկատի ունենանք, ապա՝ այո՛, հետևում եմ այդ դասերին, քանի որ մենք հիմնականում միակարծիք էինք, և իմ կյանքում նրա տեղը հիմա շատ դատարկ է: Եթե կյանքի դասերի մասին է խոսքը, նա կյանքում դաս տալ չէր սիրում: Նա զգացմունքներով էր ապրում, իսկ նման դեպքերում, կարծում եմ, ոչ թե պետք է դաս տալ, այլ դաս վերցնել: Ի՞նչ տալ, նա դաս տվող չէր այդ դեպքում: Պարզապես իմ մեջ հորս գեներն են՝ մեկեն մեկ:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ