Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է (Առակներ, 1։7)

Իմաստութեան սկիզբը  Տիրոջ երկիւղն է (Առակներ, 1։7)
28.10.2016 | 11:55

Գիտությունը կրոնին, հավատքին հակադրելն ունի վաղեմի պատմություն։ Թեպետ դեռ Գոթֆրիդ Լայբնիցը և այլ մեծ գիտնականներ միմյանց լրացնող գիտության և կրոնի աղբյուրը տեսնում էին Արարչի մեջ։ Այդուհանդերձ այսօր էլ շարունակվում է գիտության և կրոնի հակամարտությունը։ Այն առավել սաստկացել էր կոմունիստների կառուցած Խորհրդային Միությունում։ Սակայն անհավատության վրա հիմնված կայսրության փլուզումից, գաղափարական լուծը թոթափելուց հետո լուսամիտ գիտնականներն այլևս չեն թաքցնում իրենց հայացքները, ավելին, հանդես են գալիս հրապարակավ։

Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր ՀՈՄԵՐ ԵՐԻՑՅԱՆՆ արդեն հրատարակել է իր երկրորդ գեղարվեստական գրքույկը, որտեղ արտահայտում է իր խոհերը Արարչի, արարչագործության և այլ հոգևոր իրողությունների շուրջ։
Գրքույկը կրում է «Աղոթք» վերնագիրը։ Այն ունի արձակ և բանաստեղծական բաժիններ։ Առաջինի մասնագիտական խմբագիրն է ԵՊՀ պրոֆեսոր, ակադեմիկոս Էդուարդ Չուբարյանը։ Գրքույկի ընդհանուր խմբագիրն է Վահան Մաղալյանը, ձևավորումը՝ Կարեն Երիցյանի։ Գրքույկի սկզբում հեղինակը շնորհակալություն է հայտնում տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանին և Սուրբ Էջմիածնի ճեմարանի վաստակավոր դասախոս Պարգև Շահբազյանին արժեքավոր քննարկումների համար։ «Աղոթքը» բացվում է հետևյալ բնաբանով. «Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, և ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին,- ասում է Տերը» (Եսայի 55։8)։


Գրքույկը բաղկացած է երեք մասից։
1-ին մասը կոչվում է «Զարմանքի հավատաբեր վերադարձը»։ Այստեղ ասվում է, որ մարդը, ձեռք բերելով գիտելիքներ, հաճախ կարծում է, թե ամեն ինչ հասկանում է, և այդ «խելոքությունից» նա այլևս չի զարմանում (ինչպես մանուկ հասակում) արարչագործության հրաշքներին հանդիպելիս։ Օրինակ, հեղինակը զարմանում է, թե ինչպես կարելի է չզարմանալ մեղուների «ճարտարապետական» ունակությունից, էներգիայի պահպանման օրենքից, մոլորակների օրինաչափ պտույտից, և պարզապես մարդու խոսելու ունակությունից, ինչը վկայում է Աստծո գոյությունը։


Երիցյանի կարծիքով՝ մարդու մտածողությանը բնորոշ վերլուծականությունը խոչընդոտում է տիեզերքի ամբողջական և իրական ընկալմանը։ Չէ՞ որ երևույթները մտովի մասերի բաժանելուց հետո դրանց մեխանիկական համակցումից նույն պատկերը չի վերականգնվում։
Վերլուծական մտածողությունը պարզաբանելիս հեղինակը մի ուշագրավ օրինակ է բերում լեզվի բնագավառից։ Ահավասիկ։ «Ջ» հնչյունը պարունակում է «դ» և «ժ» հնչյունները։ Սակայն ոչ բոլոր ազգերն են կարողանում դրանք միաձույլ արտասանել, թեպետ իրենց լեզվում կան և՛ «դ», և՛ «ժ» հնչյունները։ «Ինչո՞ւ,- հարցնում է Երիցյանը և պատասխանում,- որովհետև «ջ»-ի մեջ «դ» ու «ժ» լինելու միասնությունը, ՄԻ-ությունը նրանց լեզվով արտահայտելի չէ... Այդպես էլ մարդ արարածը, իր մտածողության վերլուծողականության հետևանքով բնության «Ջ»-ն (այսինքն՝ այս կամ այն երևույթը, որ միասնական է լինում, միաձույլ է լինում, ՄԻ է լինում) չի կարող իսկապես հասկանալ. նա հասկանում է որպես «դ»+«ժ» (Հոմեր Երիցյան, Աղոթք, Ե., 2015, էջ 12)։


Հ. Երիցյանը մատչելի լեզվով, ֆիզիկայից և մաթեմատիկայից բերված օրինակների, խնդիրների միջոցով լուսաբանում է արարչագործության «պարադոքսները», գիտությանը մատուցած անակնկալներն ու մարտահրավերները, որոնք ասես կոչված են մարդուն, գիտնականներին «զարմացնելու», սթափվելու, չմեծամտանալու, մշտապես կատարելագործվելու։ Առաջին օրինակում Հ. Երիցյանը համեմատում է ջրի կաթիլների և միկրոմասնիկների շարժումները նույն իրավիճակում, և հանգում այն եզրակացության, որ «որոշակի դիրքում որոշակի արագություն» գաղափարը միկրոաշխարհում «չի աշխատում»։
«Մենք տեսնում ենք, որ միկրոմասնիկների դեպքում դիրքերի որոշակիացումը հանգեցնում է արագությունների անորոշացմանը։ Այդ նշանակում է,- գրում է ֆիզիկոսը,- որ բնությունն այնպիսին չէ, ինչպիսին մենք կարծել ենք՝ շարժումը նկարագրելու համար հարմար համարելով «որոշակի դիրքում որոշակի արագություն» պատկերացումը, մեր պատկերացրածն Արարչի ստեղծածին չի համապատասխանում» (անդ, էջ 26)։


Տեղին է հիշել Ֆյոդոր Տյուտչևի «Բնություն» բանաստեղծությունը, որի տակ կարող էր ստորագրել նաև Էյնշտեյնը.


Բնությունն այն չէ, ինչ դուք եք կարծում.
Ո՛չ ծեփապատճեն, ո՛չ դեմք հոգեզուրկ,
Նա հոգի ունի և ազատություն,
Նա ունի և սեր, և ունի լեզու...

Մի՞թե ձեր տեսած ծաղիկ ու տերև
Մի այգեպան է կպցրել ճյուղին,
Թե՞ դրսի ուժն է սնուցում տվել
Իր մոր արգանդում աճող պտուղին...

Նրանք չեն տեսնում, չեն լսում նրանք,
Ապրում են կարծես անհուն խավարում,
Կարծես չի շնչում ոչ մի արեգակ,
ՈՒ ալիքներն են անկենդան մարում։
(Թարգմանությունը՝ Ռաֆայել ՊԱՊԱՅԱՆԻ)

2-րդ օրինակում ֆիզիկոսը քննում է էներգիայի արժեքների շարանի ընդհատվածության և ընդմիջվողության խնդիրները։ Եվ գիտնականը գալիս է այն եզրակացության, որ մեծ մարմինների արագությունն անընդհատ է, առանց թռիչքների, մինչդեռ «ատոմի լրիվ էներգիան (կինետիկ էներգիայի և պոտենցիալ էներգիայի գումարը) պետք է որ, ըստ մեր պատկերացումների, անընդհատ արժեքներով մեծություն լինի։ Մինչդեռ... ատոմի էներգիան անընդհատ արժեքներով մեծություն չէ, այլ ընդհատ արժեքներով մեծություն է» (անդ, էջ 28)։ 3-րդ օրինակում ֆիզիկոսը համեմատում է բլրակի վրա գլորվող, գագաթը հաղթահարող ու թիկունքը հասնող գնդիկի համապատասխան արագությունը համանման պայմաններում հայտնված միկրոմասնիկների վարքագծի հետ։ 3-րդ խնդրի եզրակացությունը հետևյալն է. «Միկրոմասնիկը կարող է մոտենալ նրան վանող երկու մասնիկներին և նրանց ձախ կողմից հայտնվել աջ կողմում՝ ոչ միայն այն դեպքում, երբ նրա արագությունը բավական է այդ զույգի արանքը հասնելու համար, այլև այն դեպքում, երբ նրա արագությունը բավական չէ դրա համար, և նա պետք է, արանքը չհասած, հետ դառնար, ոչ թե անցներ մյուս կողմը» (անդ, էջ 33)։


Սա հնարավոր է լինում, քանի որ միկրոմասնիկները «դարձվորյակի» պես կարող են հանդես գալ և՛ որպես մասնիկ (զանգված), և՛ որպես ալիք, ինչպես հաստատում է քվանտային մեխանիկան։
Բնության նման անակնկալները, «քմայքները», հրաշքները գալիս են ապացուցելու, որ արարչագործությունը, ինչպես նաև մարդը Աստծո ստեղծագործությունն են, և մարդուն տրված չէ լիակատար կերպով հասկանալ, վերարտադրել Արարչի մտահղացումները, ծրագրերը, նրա անցած «ճանապարհը», քանզի, ինչպես Եսայու շուրթերով Տերն է ասում. «Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին»։


Գրքույկի 2-րդ՝ բանաստեղծական մասը կոչվում է «Աղոթք»։ Այն բաղկացած է երեք բաժնից. «Տե՛ր, ներո՛ղ Աստված», «Անհաս էության շվաքի վրա» և «Խաղաղությո՛ւն ամենեցուն»։
Հոմեր Երիցյանի աղոթքները հուզիչ են ու ազդու նաև այն պատճառով, որ արմատներ ունեն Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու աղոթերգության խորխորատներում, ինչպես նաև իր մեծ հայրենակից Հովհաննես Թումանյանի խոհափիլիսոփայական պոեզիայում (հատկապես քառյակներում)։


Ֆիզիկոսի աղոթքները հիմնականում ապաշխարության, զղջման, ափսոսանքի զեղումներ են՝ «ի խորոց սրտի»։ Բայց կան նաև «գիտական բանաստեղծություններ», որոնք կամարակապում են, ի «ՄԻ» բերում գրքույկի գիտական և բանաստեղծական մասերը։ 1-ին մասում արծարծվող վերլուծողականության և միասնականության (ՄԻ-ության) գաղափարները լավագույնս արտահայտված են նաև բանաստեղծական մասում։ Ահավասիկ.
Էությունն՝ անհաս,
Մենք էլ՝ ահա այս,
Բառեբառ ասում,
Բառեբառ լսում,
Բառեբառ դատում,
Զատում, մասնատում,
Եվ ՄԻ լինելով շունչն ավերելով,
Մասերն անճոռնի իրար բերելով,
ՄԻ-ն այսպես հազար ու մի ենք անում
Եվ Էությունից բան չենք հասկանում։

Երիցյանն իր «գիտական» պոեզիայի հաջորդ նմուշում մտահոգություն է հայտնում մարդկային հոգու, բնության և հասարակության «էկոլոգիայի» վերաբերյալ.
Աշխարհին կրկին խաբկանք է պատել.
Ամեն նորելուկ՝ մի «Արիստոտել»,
Վարժ մատներ են ու կարգիչ՝ կոմպյուտեր...
Կարգիչն են իշխան դարձնում հիմա էլ,
Ինչպես դարձրինք սուպերֆոսֆատը,
Եվ հողը դեղեց սատանի մատը...
Տերը ողորմի՝ պահպանենք չափը,
Չընկնենք այն ափը...

Եվս մի նմուշ.
Դեռ նո՛ր է գալիս, թոթով է գալիս
Հլու ծառայի փութով է գալիս.
Բայց դեռ կտեսնեք՝ ինչով է գալիս.
Երկաթի գոռոզ շնչով է գալիս,
Նաև մեր սիրտը սառույց դարձնելու,
Նաև Արարչից մեզ հեռացնելու
Մուտով է գալիս...
Ռոբոտն է գալիս...

Մարդկության անմիաբանության, մարդկանց խորթացման խնդիրը, ՄԻ-ության պակասը մտահոգել են տարբեր ժամանակների արվեստագետներին, փիլիսոփաներին, կրոնական գործիչներին։ Ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովը (1853-1900) «Աշխարհի իմաստը» հոդվածում գրել է. «Համաշխարհային չարիքի էությունը բոլոր էակների օտարացման և անմիաբանության մեջ է։ Բայց դրանում է նաև աշխարհի անիմաստ (իռացիոնալ) կեցությունը... Այսպիսով չարը և անիմաստը, ըստ էության, նույն բանն են... Էակների անջատ-անջատ, անիմաստ կեցությունը նրանց միայն կեղծ վիճակն է... Ամեն տեսակի կեցության անվերապահ սկիզբը և աղբյուրը բոլոր գոյերի բացարձակ ամբողջությունն է, այսինքն՝ Աստված» («Քրիստոնյա Հայաստան», 2000, Հունիս Բ)։
ՄԻ-ության այս գաղափարը կարելի է արտահայտել նաև Ֆրիդրիխ Շիլլերի «Ձոն ուրախության» քերթվածի մեկ նախադասությամբ. «Գրկախառնվե՛ք, միլիոններ»։ Համայն մարդկությանն ուղղված այս կոչն է հնչում նաև Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի տիեզերահունչ ֆինալում։


Հազար ափսոս, որ այս կոչին չանսաց մեր ժողովուրդը, և անմիաբանության պատճառով այդքան զրկանքներ կրեց։ Մինչդեռ նման կոչ Հայաստանում վաղուց է հնչել։
Հիշենք Հովհաննես Սարկավագ Իմաստասերի հայտնի շարականը (ըստ էության՝ առաջին հայրենասիրական երգը).
Հեղմամբ արեան սրբոց քոց հոտապետաց
Զեկեղեցվոյ քո ցրուեալ մանկունս ժողովեա,
Յուրախութիւն զվարատեալս
տրտմութեամբ
Եւ արտասուաց յորդահոս բըղխմամբ
Փրկութիան մերոյ պարգևաց բաշխող։

Այժմ անդրադառնանք ապաշխարության թեմային, որն աղոթագրքում գերիշխողն է.
Ներիր, Տեր, այն արածներս,
Որ ես պիտի չանեի,
Եվ ներիր այն չարածներս,
Որ կյանք պիտի հանեի։

Սրտեր քննող, սիրտս քննիր
Եվ ախտերից բժշկիր,
Եվ իր ունկը թող անբասիր
Հաղորդ լինի քո կամքին...

Հոգիս զուլալ արա, հանց ցող,
Վերածնված ինձ դարձրու
Եվ նորոգ բարքս՝ քեզ հաճո՝
Արցունքովս ամրացրու։

Հրաշքների Դու Արարիչ
Աստված բարու, գթության,
Խորհիր, իմ Տեր, ներելու ինձ,
Երբ որ կանչես Քո Ատյան...

Ի դեպ, Ահեղ դատաստանի գաղափարը «լայտմոտիվի» պես անցնում է աղոթքից աղոթք։
Հաջորդ աղոթքը ևս ավարտվում է նույն աղերսով.
...Աղաչանքի ծիլն իմ սրտում սնող Աստված
Նվիրի՛ր ինձ Քո հավատին,
Ներում խորհիր Քո Մեծ Դատին։

Նույնպես է ավարտվում մեկ այլ աղոթք.
...Մեղա եմ գալիս, մեղա՛ Քեզ, մեղա՛...
Մեծ Դատաստանին ներում խորհիր, Տե՛ր,
Մեղա՛, Տեր, Մեղա՛...

Այս մոտիվն անցնում է գրքույկի բոլոր մասերով, կամարակապելով, ի «Մի» բերելով, ամբողջացնելով գրքի ողջ կառույցը.
Տերևաթափ է,
Խոնավ թախիծ է,
Սրտումս անծանոթ,
Լռին տագնապ է
Եվ զսպված ճիչ է.
Չտված տալիք,
Դատաստան գալիք,
Եվ հանցապարտի
Սաստված սարսափ է...
Տերևաթափ է...

Եվս մեկ օրինակ, որտեղ բանաստեղծը խորհում է մահվան, անմահության, հոգու փրկության մասին.
...Անհայտ մղման ուժին հլու՝
ալիքների ծոցն է նետվում
Ոտքը դեպի մահն է տանում,
խոհը՝ դեպի անմահություն,
Անփորձ ճամփով, քար ու շամբով,
վայր ընկնելով անց է կենում...

ՈՒ չգիտի՛ ուր է գնում...
Իր առջև մեծ ճամփաբաժանն է,
Իր առջև ահեղ Մեծ Դատաստանն է...
Բարեխոս եղիր, Սուրբ Աստվածածին,
Ներում խորհիր, Տեր, Քո ստեղծածին։

Դատաստանի թեման հնչում է նաև գրքույկի 3-րդ մասում, որը վերնագրված է «Մաղթանք նրանց, ովքեր նոր են ծնվելու»։ Գրքույկի նախավերջին աղոթքում ասվում է.
...Մեկ-մեկ դատել եմ դատավորի պես՝
Աստված ո՛չ անի դատավոր լինես,
Մեծ Դատը մեկ-մեկ մոռացել եմ ես՝
Մեծ Դատաստանը հանապազ հիշես...
Դատաստանի թեմայով էլ ավարտվում է «Աղոթք» գրքույկը, վերջին անգամ հնչելով հաղթական և լուսավոր մաժորում, ինչը հիշեցնում է դասական սիմֆոնիզմի «խավարից դեպի լույս» գաղափարաբանությունը.
Այս անդադար եռուզեռում,
Այս անսպառ խաբկանքներում,
Այս մեգի մեջ, այս ժխորում...
Կյանք կոչված այս փորձաժամին
Հրաշապատ մի ակնթարթ
Հավերժի շունչը որսայի
Եվ ըղձալի հավատով լի
Ես սիրեի ու ներեի,
Եվ Արարչի Մեծ Ատյանում՝
Իր Ահավոր Դատաստանում
Ներվելու բախտն ունենայի
Իմ առջև անհայտ պահած,
Եվ ելնեի օրը օրին
Անկասելի՛, անշրջադա՛րձ՝
Դեպի բարին, դեպի բարին,
Դեպի Աստվա՛ծ, դեպի Աստված...

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ