«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
01.11.2016 | 00:11

(սկիզբը՝ այստեղ)

Արևի ու գազի միջև ճիշտ ընտրություն կատարելուց հետո մեր հարգարժան վարչապետի առաջ հիմա դրված է ևս մեկ ընտրություն կատարելու առաքինություն. ո՞ւմ հետ է նա լինելու՝ հայ ժողովրդի՞, թե՞ հայ ժողովրդին ճնշող ու կեղեքող քաղաքական էլիտայի: Իր երկրորդ ընտրությունը կատարելուց հետո պարզ կդառնա, ու մենք կհասկանանք, թե ինչով կավարտվի մեր հերթական վարչապետի էպոպեան: Ժողովրդի վստահությունը ստանալու ճանապարհները բազմաթիվ ու բազմապիսի են: Օրինակ, եթե վարչապետը հետևողականություն ցուցաբերեր և ուսումնասիրեր Սպիտակում Վանաձորի հարկային մարմինների կատարած անօրինական գործողությունները (ինչի մասին ես գրել էի «Իրատեսի» թիվ 67-ում), համապատասխան եզրահանգումներ աներ, փորձեր վերականգնել արդարությունն ու պատժեր մեղավորներին, ապա մեր հոգիներում փոխադարձ վստահության որոշակի հույսեր կարթնանային, կարող էինք ենթադրություններ անել, որ Հայաստանում հնարավոր կլինի արդարություն ու արդարադատություն հաստատել: Հիմա դժվար է, առանց լուրջ հիմքեր ունենալու, պաշտոնյա մարդկանց խոսքերին ու խոստումներին հավատալ,՝ եթե նույնիսկ դրանք հնչում են վերջին վարչապետի շուրթերից, դրանց մենք առայժմ չենք կարող հավատալ, կյանքն է այդպես դասավորել, 25 տարիների փորձն է ցույց տվել:
1999-ի հոկտեմբերի 25-ին մասնակցում էի Հայաստան-Լիբանան տնտեսական մեծ համաժողովի աշխատանքներին, որտեղ ընդարձակ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը: Նրա ելույթը, կարելի է ասել, խիստ լավատեսական էր։


-Դուք Հայաստանում ներդրումներ կատարեք,- դիմեց նա լիբանանցի գործարարներին,- պատասխանը ես կտամ,- ասաց ու պայմանանշան ձևով բռունցքով կուրծքը ծեծեց:
Երկու օր անց` հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԱԺ-ի նիստի ժամանակ Հայաստանի վարչապետին սպանեցին, բնականաբար, սպանեցին նաև գործարար աշխարհին տված նրա բոլոր խոստումներն ու արտասահմանյան ներդրողների վստահությունը: Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում ու արտերկրում դժվար է գտնել որևէ գործարարի, որ հավատա մեր իշխանություններին, նրանց խոսքերին ու տված խոստումներին:


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումները մենք ընկալում ենք՝ անցկացնելով հոկտեմբերի 27-ի պատմական մաղով: Այստեղ կարող ենք հիշել ռուսական հայտնի ասացվածքը՝ «это еще вилами по воде писано»: 25 տարում հայերս այնպիսի անհավանական բաներ ենք տեսել, որ այժմ դժվար է հավատալ այն խոսքերին ու խոստումներին, որոնք այսօր մեզ են հասնում իշխանական բարձր ամբիոններից: Այսօրվա հայ մարդը կարող է վերականգնել իր հավատը երկրի իշխանությունների նկատմամբ միայն մեկ պայմանով. երբ տեսնի, որ ազնիվ, աշխատասեր ու ստեղծագործ մարդուն օրը ցերեկով պետական չինովնիկը չի կողոպտում, որ քաղաքացին կարողանում է աշխատել ու ապրել սեփական քրտինքով՝ առանց իշխանական կամայականություններին առնչվելու։ Երբ տեսնի, որ օրենքները խախտող, մարդկանց կեղեքող ու կողոպտող իշխանավորները անպայմանորեն պատժվում են, պատժի խստությունը այստեղ կարևոր չէ:


Սպիտակի ՍՊԸ-ի անօրինական տուգանքի պատմության առիթով ես բազմաթիվ զանգեր եմ ստացել: Պարզվում է՝ Սպիտակի ՍՊԸ-ի դեպքը միակը չէ և ընդամենը մեկն է հարյուրավոր այլ նմանատիպ ու ավելի աղաղակող անօրինականություններից, որ տեղի են ունեցել Հայաստանի մյուս մարզերում ու նաև Երևանում։ Դրանք համակարգված բնույթ են կրել ու, վստահորեն կարելի է հաստատել՝ եղել են ՀՀ ՊԵԿ-ի կազմակերպած կանխամտածված գործողություններ, որոնց ընդհանուր հրահանգը կարող էր ստացվել մեկ ընդհանուր կենտրոնից՝ ՊԵԿ-ի երևանյան գրասենյակից։ Ինչո՞ւ: Պարզվում է՝ ՍՊԸ-ին վարչական տույժի ենթարկելը խոր մոտիվացիա ունի և արվում է կազմակերպված ձևով գումարներ շորթելու նպատակով։ Սա էլ ունի իր նրբություններն ու նախապատմությունը: Կարող ենք ենթադրել, որ վարչական տուգանքներով գումարներ հավաքագրելու նպատակը լոկ պետական բյուջեն լցնելու ու պլաններ կատարելու հարց չէ, կան ավելի կոնկրետ խնդիրներ: Հարկերի ուղղակի, պլանային հավաքագրման ճանապարհով ՊԵԿ-ը կարող է կատարել ընդամենը հարկահավաքի իր անմիջական պարտականությունները՝ ապահովելով պետական բյուջետային մուտքերը: Վարչական տուգանքների միջոցներով հավաքված գումարները ևս մտնում են պետական բյուջեն, բայց մասնակիորեն. բերված գումարի 10 տոկոսը մնում է ՊԵԿ-ի տրամադրության տակ, որը կարող է ծախսվել սեփական նախաձեռնությամբ տարբեր ծրագրեր իրականացնելու համար՝ համաձայն ՊԵԿ-ի նախօրոք ընդունած ու համաձայնեցրած կանոնակարգի: Այդ գումարներից լավագույն հարկահավաքներին սկզբում նույնիսկ խրախուսադրամներ (պրեմիա) են բաժանել, բայց հետագայում, ՊԵԿ-ի պետի նախաձեռնությամբ, այդ 10 տոկոսները ծախսվել են ավելի նպատակային։ Օրինակ, Դիլիջանի կոմպոզիտորների տանը կից կառուցվել է ՊԵԿ-ի նոր ուսումնական կենտրոնը, որ էլ ավելի բարձր հիմքերի վրա դնեն Հայաստանում հարկային տեսուչների ուսուցման և հումանիտար դաստիարակության կարևոր գործը: Չի բացառվում, որ դիլիջանյան կենտրոնի շինարարության ժամանակ կարող էին հաջողությամբ փորձարկվել նաև հայկական «ատկատային» տեխնոլոգիաները։ Օրինակ, պնդում են, թե շենքերի կառուցման ծախսերը երեք անգամ ավելի են եղել, քան նմանատիպ շինությունների շինարարության շուկայական արժեքն է:


Դադար տանք հայկական «ատկատային» տեխնոլոգիաների հիմնախնդիրներին ու դրանց առանձնահատկությունները ներկայացնենք Վրաստանի և Ռուսաստանի օրինակներով: Մեզ ոչ ոք բարոյական իրավունք չի տվել մատի փաթաթան դարձնել ու քննադատել միայն մեր երկրում տեղ գտած բացասական երևույթները, հանրությանը պատմել միայն մեր մեծապատիվ մուրացկաններին վերաբերող պատմությունները, պախարակել ու անարգանքի սյունին գամել մեր «պանծալի» չինովնիկներին, վերջին հաշվով այդ մարդիկ մեղք են, այդ ողորմելիները հանրային փողերը գողանալու իրենց ձևերն ու մեթոդներն ընդօրինակել են այլ հանրապետությունների փորձից, դրանցով տարեկան ընդամենը մի քանի հարյուր միլիոն դոլլար են աշխատել: Ժողովուրդն էլ այդ մասին իմանում է ու այնքան արագ է երեսներով տալիս, որ քթներից է բերում, կարող են հուսահատվել կամ նույնիսկ ժողովրդից խռովել:
Հետխորհրդային երկրներում հետաքրքիր երևույթ է առկա. փող աշխատելու մեթոդները մշակելիս ուշադրությունից մշտապես դուրս է թողնվում դրանց գաղտնիությունը պահպանելու գործը: Ավելին, հետխորհրդային օլիգարխ-չինովնիկները ձգտում են ցուցադրել իրենց բոլոր կարողություններն ու հպարտանալ իրենց ձեռքբերումներով, իրենց գողացածով: Խորհրդային չինովնիկներն իրենց ունեցած հարստությունը կարողանում էին ջանասիրաբար թաքցնել հասարակությունից՝ ձևականորեն պահպանելով խորհրդային բարոյականության լենինյան սկզբունքները։ Այլ կերպ չէր կարելի: Հիմա կարելի է, անբարոյական մթնոլորտում դա կարող է բնութագրվել որպես բարոյական արարք: Մենք, օրինակ, լավ էլ գիտենք, թե հայ օլիգարխներն ինչ գումարներ են հանել երկրից, թե որտեղ ինչ գործարաններ են գնել, որ երկրների որ բանկերում են իրենց դոլարները պահ տվել, ինչու այս նեղ ժամանակներում հայրենիքում ներդրումներ չեն կատարել և շարքային մարդկանց չվերաբերող բազմաթիվ այլ ինտիմ մանրամասներ: Իմ կարծիքով՝ այս ամենն արվում է միտումնավոր՝ հետխորհրդային երկրներում ներդրված գործակալների, գրանտակերների կամ լիբերալ-դեմոկրատների միջոցով:

Գորբաչովի միջոցով ԽՍՀՄ-ը կործանած արտաքին ուժերը շարունակում են իրենց քայքայիչ գործողությունները արդեն հետխորհրդային երկրների տարածքում։ Եվ նպատակը մեկն է՝ խորացնել հետխորհրդային երկրների տնտեսական ճգնաժամը, խոչընդոտել արտադրական նոր կապերի հաստատմանն ու նոր ինդուստրացման ծրագրերի իրականացմանը՝ լարվածության բարձր մակարդակի հասցնելով հասարակությունների ներսում ձևավորվող հարաբերությունները՝ դրանք հասցնելով ներքին խոր պառակտման, ինչը թույլ կտա հետխորհրդային երկրները պայթեցնել ներսից կամ, նվազագույնը, կասեցնել կամ ամբողջովին արգելափակել երկրների տնտեսական զարգացումը:


ԽՍՀՄ կործանման առաջին փուլում, կարելի է վստահորեն ասել՝ գործել է անգլիական արտաքին քաղաքականության մեջ լայնորեն կիրառվող հայտնի դրույթներից մեկը՝ բաժանիր, որ տիրես: Գորբաչովի հեռանալուց անմիջապես հետո սկսվեց ԽՍՀՄ ոչնչացման երկրորդ փուլը, որը փոփոխական հաջողություններով շարունակվում է մինչ օրս: Միամտություն կլիներ հավատալ, թե ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքն իրեն բավարարված կզգար ու կանգ կառներ, որովհետև նման երկարատև մասշտաբային ծրագրերն արվում են ոչ թե սպորտային հետաքրքրությունից դրդված, այլ կոնկրետ նպատակներից ելնելով։ ԽՍՀՄ ողջ տարածքը պետք է դառնա (ըստ գլոբալ ծրագրի) Արևմուտքի հումքային կցորդ: ԽՍՀՄ-ը մասնատելուց, Խորհրդային Միության տարածքում փռված միջուկային զինանոցը մեկ երկրում հավաքելուց հետո մնում էր լուծել մնացած 14-ի վնասազերծման ու զրոյացման պրոցեսը: Միջուկային զենքի հետ կապված նախնական նախապատրաստական աշխատանքների հաջող իրականացումը շատ կարևոր էր աշխարհի և, առաջին հերթին, Արևմուտքի միջուկային անվտանգությունն ապահովելու տեսակետից, որովհետև տնտեսական ճգնաժամի մեջ թաթախված միջուկային գերտերությունը, մասնատման ու ողջ ժողովրդի դժգոհությունների բարձր ալիքի առաջացման պարագայում, կարող էր հայտնվել անհավանական ցնցումների ու երկարատև քաղաքացիական պատերազմների մեջ, որտեղ, ինչպես ցույց է տվել համաշխարհային պատմությունը, հակամարտությունները շարունակվում են մինչև վերջ, այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվում կողմերից մեկի լիակատար հաղթանակով, ինչը քաղաքացիական պատերազմի առանձնահատկություններից մեկն է: Եթե պետությունների միջև տեղի ունեցող սովորական պատերազմները, ի վերջո, ավարտվում են կողմերից մեկի հաղթանակով, մյուսի պարտությամբ՝ զիջումներով ու հաշտության պայմանագրով, ապա քաղաքացիական պատերազմները լինում են անզիջում ու անվերջ, այստեղ բոլոր միջոցները կիրառելի են, այդ թվում՝ ատոմային կայանների պայթեցում, տարածքային տեխնածին աղետների առաջացում, միջուկային զենքի նպատակային կիրառում՝ երկրի ներսում ու նրա սահմաններից դուրս և այլն: Հայկական ատոմակայանի աշխատանքները դադարեցվեցին հենց ԽՍՀՄ փլուզման անցումային փուլում, երբ դեռևս հայտնի չէր, թե ով ում բարեկամն է, ինչով կարող է այս ամենը ավարտվել, ու ինչեր դեռ կարող է աշխարհը սպասել տաքարյուն հայերից: Աշխարհում մինչ օրս մեկ դեպք է արձանագրվել, երբ քաղաքացիական պատերազմն ավարտվել է խաղաղ ելքով, ավելի ստույգ՝ ժամանակավորապես դադարեցվել, ու զինված պայքարը տեղափոխվել է քաղաքական պայքարի հարթություն։ Այդ երկիրը Կոլումբիան է։ Դեպք, որը տևեց շուրջ 60 տարի:


Հետխորհրդային տնտեսությունների զրոյացման գործընթացում Հայաստանն առանձնահատուկ դեր և նշանակություն ունի: Երկու դար շարունակ հայերը բռնել են Ռուսաստանի պոչն ու բաց չեն թողնում, կարևոր դերակատարում են ունեցել Ռուսաստանի մղած բոլոր պատերազմներում և տնտեսության, հատկապես, ռազմական արդյունաբերության բնագավառում՝ մշտապես ծնելով ու ռուսներին սնելով ռազմական, պետական գործիչներով, անթիվ, անհամար խոշոր գիտնականներով:
Ժամանակի առումով հիմա մենք գտնվում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլում: Արտաքին ուժերի քայքայիչ գործողությունների հիմքում դրված է հետխորհրդային երկրներում կաշառակերության զարգացումը, առաջին հերթին, «ատկատային» տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Եթե «ստվերային» տնտեսությունների զարգացումը թույլ տվեց հաջողությամբ ծնկի բերել հզորագույն Խորհրդային Միությանը, ապա «ատկատային» տեխնոլոգիաների ներդրումը կարող է հաջողությամբ ծառայել նույն նպատակին՝ արդեն առանձին վերցրած հանրապետությունների մակարդակով: Նման եզրակացության կարելի է հանգել՝ տեսնելով, թե որքան են նման այն ճանապարհները, որոնցով իրենց նահանջն են ապրում հետխորհրդային երկրների տնտեսությունները: Իսկ դուք ասում եք, թե նոր վարչապետը կգա և կփրկի մեզ, բարի գալուստ ու բարի ճանապարհ, մենք այս խաղերին արդեն ծանոթ ենք մեր նորագույն պատմությունից:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ