«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Արդիական սարքավորումներով հագեցած պոլիկլինիկաները անհրաժեշտություն են»

«Արդիական սարքավորումներով հագեցած պոլիկլինիկաները անհրաժեշտություն են»
01.11.2016 | 00:36

Թեև տարիներ առաջ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ առաջնային առողջապահությունը՝ պոլիկլինիկական ծառայությունը, ճանաչվեց գերակա ուղղություն և ծառայության հասանելիությունը բարձրացնելու նպատակով դարձավ անվճար, այսօր այս մոտեցումը, կարծես, խեղաթյուրվել է, մեծացել է մարդկանց դժգոհությունը։ Ինչո՞ւ պոլիկլինիկական ծառայությունում արձանագրված ձեռքբերումները չպահպանվեցին: Այս ծառայությանն առնչվող այլ հարցերի շուրջ զրուցեցինք Երևանի թիվ 2 բուժմիավորման գլխավոր տնօրեն ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

-Այո, առաջնային բժշկությունը գերակա ուղղություն ճանաչելը սպասված որոշում էր և շոշափելի դրական արդյունք տվեց. մեծացավ պոլիկլինիկաների ֆինանսավորումը, մշակվեցին իմունիզացիայի լավ ծրագրեր։ Այս ամենը որոշակիորեն բարձրացրեց առաջնային օղակի դերն ու նշանակությունը։ Սակայն այդ դրական գործընթացին մեծ հարված հասցրեց միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ընտանեկան բժշկության ծրագիրը, որը լայնորեն ներդրվեց, բայց ցանկալի արդյունք չտվեց։
-Ինչ խոսք, առողջապահությունը լուրջ ներդրումներ է պահանջում, մյուս կողմից, բնակիչը գիտի, որ պոլիկլինիկաները պետական ֆինանսավորմամբ են աշխատում, հետևաբար պահանջում է որակյալ ծառայություն։
-Ընդհանրապես, բժշկական ծառայության արդյունավետությունը պայմանավորված է երեք գործոնով՝ ֆինանսական, բժշկական և սոցիալական։ Որակյալ բժշկություն ունենալու համար, այո, պահանջվում են ֆինանսական միջոցներ։ Ի՞նչ ունենք մենք այսօր։ Պետական հատկացումը պոլիկլինիկաներին մեկ բնակչի հաշվարկով ամսական մոտ 470 դրամ է։ Ցանկացած պոլիկլինիկայի աշխատավարձային ֆոնդը 80 % է։ Այսինքն, ֆինանսական արդյունավետությունը ցածր է։ Չնայած դրան, պոլիկլինիկական ծառայությունում աշխատավարձերը բարձր չեն, սակայն մարդիկ աշխատում են անձնուրաց, ինչն արժանի է գնահատանքի: Ինչ վերաբերում է սոցիալական գործոնին, այստեղ ևս խնդիրներ կան։ Հաշվի առնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, կարծում եմ, պետք է կիրառել տարբերակված մոտեցում։ Պոլիկլինիկական ծառայությունը պետք է հասանելի և մատչելի լինի բոլորին։ Ճիշտ է, այսօր և՛ հարուստը, և՛ կարիքավորն օգտվում են այդ ծառայությունից անվճար: Իհարկե, եթե պետությունը տնտեսապես հզոր է, այս մոտեցումն արդարացված է, սակայն, քանի որ մեկ բնակչի հաշվարկով պետությունը չի կարող ապահովել անհրաժեշտ ֆինանսավորում, ապա սոցիալական արդարության սկզբունքը պարտադրում է տարբերակված մոտեցում ցուցաբերել։ Ֆինանսների սղության պատճառով պոլիկլինիկաների նյութատեխնիկական բազան հին է, մինչդեռ առաջնային առողջության ապահովման ոլորտում արդիական սարքավորումներով հագեցած պոլիկլինիկաները անհրաժեշտություն են։ Դրանք կօգնեն, որ բնակիչը ստիպված չլինի հսկայական գումարներ ծախսել հիվանդանոցային բուժում ստանալու համար։
-Պարոն Խաչատրյան, մի կողմից ընդունում եք, որ պետությունը մեծ հնարավորություններ չունի, մյուս կողմից` կարևորում եք արդիական տեխնոլոգիաներով հագեցվածությունը։ Ինչպե՞ս է դա հնարավոր իրականացնել ներկա պայմաններում։
-Խնդրի լուծումը մեկն է՝ պոլիկլինիկաներում պետք է ներդրվի պարտադիր ապահովագրության սկզբունքը՝ և՛ պետությունը հատկացում անի, և՛ բնակիչը ամսական վճարի 1000 դրամ ապահովագրական գումար։ Դա մեծ գումար չէ, սակայն պոլիկլինիկայի ֆինանսական մուտքերը կեռապատկվեն, այդ միջոցները կուղղվեն ծառայությունների որակի բարձրացմանը, հնարավորություն կտան նաև ներդնելու դիսպանսերիզացիայի ծրագիրը։ Չմոռանանք, որ ԽՍՀՄ-ի ժամանակ առողջապահության ոլորտի հաջողությունները պայմանավորված էին առաջնային առողջապահության ծառայությամբ, որի զարգացման համար միջոցներ չէին խնայվում։ Ստեղծվել էր հզոր պոլիկլինիկական համակարգ, որն իրականացնում էր համատարած դիսպանսերիզացիա։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ ամենը կորցրինք, այժմ ժամանակն է աստիճանաբար վերադառնալու դրան, քանի որ այն կենսական նշանակություն ունի։ Օրինակ, այսօր Հայաստանում լուրջ խնդիր են օնկոլոգիական, սրտանոթային հիվանդությունները, դրանց բուժման արդյունավետությունը շատ ավելի բարձր կլինի, եթե պոլիկլինիկաները հնարավորություն ունենան իրականացնելու լիարժեք դիսպանսերիզացիա՝ նորագույն լաբորատոր սարքավորումներով։ Գաղտնիք չէ, որ հիվանդությունների կանխարգելումն ու վաղաժամ հայտնաբերումն ապահովում են բուժման արդյունավետություն և պահանջում ավելի քիչ ծախսեր։
-Ապահովագրությունը պետք է իրականացնի պոլիկլինիկա՞ն։
-Ոչ, միայն ապահովագրական ընկերությունները, որոնք, կարծում եմ, հաճույքով այդ գործը կստանձնեն, քանի որ ամբուլատոր սպասարկումը նրանց համար ևս ֆինանսապես շահավետ է։ Աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում չի բացառվում, որ ապահովագրական ընկերությունները շահագրգռված լինեն պոլիկլինիկաների նյութատեխնիկական բազայի արդիականացմամբ, քանի որ այս մոտեցումը փոխշահավետ կլինի: Այդ պատճառով մենք պետք է նպաստենք, որ այդ ընկերությունները հետաքրքրված լինեն ներդրում կատարելու։ Միևնույն ժամանակ չպետք է թույլ տալ, որ ապահովագրական ընկերությունն ինքը ստեղծի իր պոլիկլինիկան, քանի որ դա կառաջացնի շահերի բախում։
-Ի՞նչ եք կարծում, ապահովագրության ներդրմամբ սոցիալապես ապահով խավի կողմից ծառայությունների դիմաց վճարների կիրառմամբ հնարավոր կլինի՞ արդիականացնել պոլիկլինիկաների նյութատեխնիկական բազան։
-Կարծում եմ՝ խնդիրը կարելի է լուծել նաև պետական վարկային ծրագրերի միջոցով. ներդրված միջոցները մուլտիպլիկացիոն էֆեկտով կաշխատեն, և ծրագիրը կարդարացվի։ Ի վերջո, զարգացած պոլիկլինիկաների գործունեության դեպքում հնարավորինս կկրճատվեն հիվանդանոցային հաճախումները։ Նկատենք, որ մեկ հիվանդի հիվանդանոցային ծախսը, պետական պատվերի շրջանակներում, ավելի մեծ գումարներ է ենթադրում, մինչդեռ եթե ժամանակին հայտնաբերվի և կանխվի հիվանդությունը, պետության ծախսը նվազ կլինի։
-Պարոն Խաչատրյան, կա մի խնդիր, որին չեմ կարող չանդրադառնալ։ Դեղերի հատկացումը պոլիկլինիկաների կողմից մնում է ամենախնդրահարույցը, մարդիկ դժգոհում են, որ դեղերը հայտնվում են ստվերային պտույտի մեջ։ Ըստ Ձեզ, ո՞րն է այդ խոսակցությունների հիմնապատճառը։
-Դա մեր ցավոտ հարցերից մեկն է։ Այս պահին մեր պոլիկլինիկան սպասարկում է 30000 բնակչի, որոնցից 500-ը հաշմանդամ է, 250-ին հատկացվում է դեղորայք՝ պետպատվերով։ Կառավարության հաստատած դեղորայքային ցանկը չի բավարարում եղած պահանջարկը, ինչն էլ տարբեր ասեկոսեների պատճառ է դառնում։ Խնդրի լուծումը, ըստ իս, հետևյալն է՝ հաշվարկել և դեղորայքի գումարը հատկացնել հիվանդին։ Կենսական նշանակության դեղերի ցանկը կառավարությունը պետք է վերցնի իր հսկողության տակ, միևնույն ժամանակ, ՌԴ-ի օրինակով, ներկրողներին և վաճառողներին պարտադրի այդ ցանկի մեջ ընդգրկված դեղամիջոցները չնչին շահույթով վաճառել հիվանդներին։ Արդյունքը կլինի այն, որ կազատվենք բոլոր տեսակի խոսակցություններից։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ