Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ պետք է իմանա Հայաստանը Իրանի ու Ռուսաստանի մերձեցման գլխավոր պատճառների մասին

Ինչ պետք է իմանա Հայաստանը Իրանի ու Ռուսաստանի մերձեցման գլխավոր պատճառների մասին
01.11.2016 | 00:47

Հայ ժողովուրդը տեսնում է, որ համապարփակ մարտահրավերների ու սպառնալիքների ահագնացումը առնվազն 2014 թվականից Իրանին ու Ռուսաստանին դրդել են իրար գիրկ նետվելու: Ռուս-իրանական գործընկերությունն այսօր առավել արդյունավետորեն դրսևորվում է Սիրիայում: Արևմուտքում խստագույնս վախենում են «ռուս-իրանական ռազմական առանցքի» ամրապնդումից և մտադիր են հնարավոր ամեն ինչ անել խարխլելու այն, ինչի համար էլ օգտագործում են Իսրայելին ու Թուրքիային:

Շատ փորձագետների գնահատումների համաձայն, ներկայումս աշխարհը թևակոխել է զարգացման մի սպառնալից շրջան: Արդի համապարփակ մարտահրավերներն ու սպառնալիքները սոցիալական ցնցումների ու զինված հակամարտությունների, բնական և տեխնածին աղետների աճն են: Արդիականության գլխավոր հակասությունն այն է, որ, մի կողմից, նկատելիորեն մեծանում է երկրագնդի բնակչության թիվը և, որպես հետևանք, ավելանում է սպառումը, մյուս կողմից, սրընթաց աղճատվում է կենսամիջավայրը և սրվում բնական ռեսուրսների դեֆիցիտը: Աշխարհում տիրող իրադրության ապակայունացմանն ակտիվորեն նպաստում են անդրմայրցամաքային կորպորացիաների թիկունքին կանգնած միջազգային քաղաքական ուժերը:

Նրանք բռնել են սոցիալական ցնցումների հրահրման և առանձին երկրներում անհաճո ղեկավարների վերացման, երկպառակտչական պատերազմների ու հակամարտությունների սանձազերծման, պետականության հիմքերի խարխլման և ազգային պետական սահմանների ջնջման, մոլորակի բնակչության արմատական կրճատման ուղին: Մասնագետների գնահատումներով, անցումը հետինդուստրիալ տնտեսությանը նշանավորում է կապիտալի կուտակման ասիական շրջափուլի սկիզբը, իսկ դա աշխարհաքաղաքական կոշտ հակամարտության մի նոր փուլ է նշանակում Եվրասիայի շուրջ, որտեղ ապրում է աշխարհի բնակչության գրեթե 4/5 մասը, որտեղ կենտրոնացած են գլխավոր բնական պաշարներն ու տնտեսական կարողությունը, որտեղով անցնում են հիմնական անդրմայրցամաքային հաղորդուղիները: Եվրասիայում տեղի ունեցող գործընթացների վերահսկողությունը հնարավորություն է տալիս հասնելու համապարփակ գերիշխանության, ուստի պատահական չէ, որ հիմա արդեն մայր ցամաքում մոլեգնում է պատերազմների ու զինված հակամարտությունների մոտ 80 տոկոսը: Ընդ որում, համապարփակ շահերի բախման էպիկենտրոնում են գտնվում, փաստորեն, ամբողջ նախկին խորհրդային տարածությունը և առաջին հերթին անդրկովկասյան ու միջինասիական տարածաշրջանները, ՈՒկրաինան: Եվրասիայի գործերին արտաքին միջամտության գլխավոր գործիքներն են Արևմուտքի քաղաքական, դիվանագիտական և ֆինանսական շրջանակները, ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական համակարգը, լրատվամիջոցների ու համացանցային կայքերի միջազգային միացյալ կորպորացիան, որոնք գործում են «ազդեցության միջազգային ուժերի» ներկայացուցիչների կոշտ վերահսկողությամբ: Ռազմաքաղաքական, ֆինանսատնտեսական և տեղեկատվական-մշակութային միջոցների օգտագործմամբ մշտապես «հիբրիդային գրոհներ» են ձեռնարկվում անհաճո ղեկավարների ու նրանց պետությունների դեմ, հատուկ գործողությունները համակարգվում են ըստ տեղի ու ժամանակի, ըստ նպատակների ու խնդիրների, ձևերի ու մեթոդների, ըստ բովանդակության ու ազդեցության խողովակների: Ներկայումս արտաքին հզոր ճնշման են դիմակայում, նախ և առաջ, Չինաստանն ու Իրանը, որոնք ձգտում են անկախ ու ինքնուրույն քաղաքականություն վարել թե՛ իրենց ներսում, թե՛ միջազգային ասպարեզում: Եվրասիայի առաջատար երկրները, և առաջին հերթին Չինաստանը, սկսում են Արևմուտքի հետ հաջողությամբ մրցակցել միջազգային առևտրում ու ֆինանսների ասպարեզում, ձգտելով առաջատար դիրք գրավել էներգիայի նոր աղբյուրների յուրացման, նոր տեխնոլոգիաների կիրառման շրջանակներում:


Չինաստանը նախաձեռնել է «Նոր մետաքսի ճանապարհի» ստեղծումը, որը կոչված է դառնալու գլխավոր փոխադրական անդրմայրցամաքային երակը Արևմուտքի և Արևելքի միջև և ունենալու է եվրասիական ժողովուրդների տևական կենսագործունեության ապահովման զարգացած ենթակառուցվածք: Գտնվելով Իրանում, անմիջապես հասկանում ես, թե ինչու է հենց այդ երկիրը նման աննախադեպ հարձակումների ենթարկվում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների կողմից: Ժամանակակից Իրանը գոյություն ունեցող արևմտյան մոդելի փաստական այլընտրանքն է: Չնայած կրած որոշ կորուստներին, երկրում ստեղծվել է մուսուլմանական իրավակարգ, պետական ներքին քաղաքականությունը հիմնվում է իսլամական արդարության սկզբունքների վրա, միջազգային գործունեությունը իրականացվում է ազգային շահերի տեսանկյունից: Իրանը ինքնաբավ անկախ պետություն է, ունի բավականին զարգացած արդյունաբերություն, հզոր ագրարային հատված, բնակչության սոցիալական աջակցության բարձր մակարդակ: Վերջերս երկրի, հատկապես էներգետիկ ոլորտի վրայից պատժամիջոցների մասնակի հանումը արդեն Իրանին հնարավորություն է տալիս էապես առաջ շարժվելու տնտեսական զարգացման ուղիով: Ածխաջրածինների միջազգային առևտրի և ինքնապահովման գործում Իրանի բացառիկ հնարավորություններն ու հեռանկարները լրջորեն մտահոգում են ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին: Իրանը Ռուսաստանից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում գազի հետախուզված պաշարներով (21 տրիլիոն խորանարդ մետր, համաշխարհային պաշարների 14 տոկոսը): Իրանը շահեկան աշխարհառազմավարական դիրք է գրավում Եվրասիայում, ունի էներգիայի նշանակալի պաշարներ և մարդկային ռեսուրսներ, մարտունակ զինված ուժեր:

Պատժամիջոցների հաղթահարման իրանական փորձը բացառիկ նշանակություն ունի այսօրվա Ռուսաստանի համար, որը ֆինանսատնտեսական և քաղաքական խտրականության է ենթարկվում Արևմուտքի կողմից: Եվ ոչ միայն Ռուսաստանի համար, ո՞վ գիտե, էլ ում նկատմամբ արևմտյան քմահաճները կուզենան պատժամիջոցներ կիրառել:
Այսօր Իրանը ակտիվորեն զարգացնում է առևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Գործակցությունն իրականացվում է երկու երկրների առևտրի ներկայացուցչությունների, առևտրաարդյունաբերական պալատների, երկկողմ գործարար խորհուրդների գծով: Երկու երկրները մտադիր են փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 10-20 մլրդ դոլարի, ինչը էապես բարձր է ներկա ցուցանիշներից: Վերջին տարիներին Իրանի ու Ռուսաստանի քաղաքական և տնտեսական մերձեցումը, Սիրիայում նրանց հաջող ռազմական գործունեությունը մի լրացուցիչ պատճառ են՝ ի շարս այն պատճառների, որոնց համար ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները քաղաքական-դիվանագիտական, ֆինանսական-տնտեսական և տեղեկատվական հարձակումների են ենթարկում ԻԻՀ-ն: ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմական մեքենային զսպում է Իրանի բնակչության բարոյահոգեբանական բարձր կոփվածքն ընդդեմ հնարավոր ուժային ներխուժման: Մեծ գերակշռություն ունենալով տեխնիկայի ու զենքի ասպարեզում, Արևմուտքում հիանալի են հասկանում, որ միայն հրթիռներով հարց չի լուծվի: Ձգտելով թուլացնել Իրանը, Մերձավոր և Միջին Արևելքի մուսուլմանական երկրներում հրահրվում են շիա-սուննիական բախումներ: Բավական է հայացք գցել Եմենի, ինչպես նաև Սիրիայի և Իրաքի իրադարձությունների վրա: Իրանի սոսկական գոյությունն ու հզորությունն արդեն նշանակում են Սաուդյան Արաբիայի և մյուսների խամաճիկային վարչակազմերի անխուսափելի կործանում, որովհետև այդ արհեստական երկրներում ուժեղ են շիաների դիրքերը: Սաուդյան Արաբիայի թուլանալու դեպքում շիականների դերը մեծանում է, լրջորեն վատանում են Իսրայելի դիրքերը, ուստի ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն հույսները դնում են իսլամի հետագա քաղաքականացման և քաղաքականության իսլամացման վրա, սուննիական աշխարհին Իրանի հակադրման վրա, «իսլամական գործոնն» օգտագործում են Սուեզից մինչև Տիբեթ և Սինցզյան փռված տարածաշրջանի երկրներում իրենց աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար, իսկ դա, ի դեպ, Իրանի կողմն է ձգում նաև Չինաստանին:


Իրանն ու Ռուսաստանը միասին են դիմակայում իրավիճակի հետագա ապակայունացման, ամերիկյան «հատակագծով» Եվրասիայի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման պլաններին: Ռուսաստանը Արևմուտքի համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացրել և ներկայացնում գեոպատմության, բացառիկ աշխարհագրական դիրքի, էկոլոգիապես մաքուր տարածքների առկայության, բնական պաշարներով և անդրմայրցամաքային երթուղիներով հարուստ լինելու տեսակետից: Ռուսաստանի վերահսկողությունը, որը կազմում է Եվրասիայի միջուկի հիմնական մասը, այդ գերմայրցամաքում գերիշխանության հասնելու բանալին է: Ընդ որում, գերիշխանություն ունենալով իրանական տարածքի նկատմամբ, և առաջին հերթին, տիրանալով Իրանական բարձրավանդակին որպես միջուկի բաղկացուցիչ մասի, Արևմուտքը կկարողանա ոչ միայն շահագործել Իրանի անսահման բնական պաշարները, այլև այդ կողմից շրջափակել Ռուսաստանն ու Չինաստանը, նրանց վրա ուժեղացնել իր արտաքին ազդեցությունը, մեծացնել այդ երկրներին ուղղված սպառնալիքի մակարդակը:

Ռազմավարական խնդիրը, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Իրաքի ու Սիրիայի մյուս սուննի ահաբեկիչների ձեռքով լուծում են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, այն է, որ ձախողեն էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածք ստեղծելու թուրքմենա-չինական պլանները: Խոսքը Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան (ԹԱՊՀ) 2015 թ. սկսված մայր գազամուղի նախագծի մասին է, որի շինարարությունը ծրագրված է ավարտել 2019-ին: Չինաստանը կցանկանար Թուրքմենստանի ամբողջ գազը թողնել, նախ և առաջ, «Նոր մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» գործունեության ապահովման համար: ԱՄՆ-ը մտադիր է ՉԺՀ-ին զրկել միջինասիական էներգապաշարներից, իսկ Հնդկաստանին էներգետիկ վերահսկողության տակ պահել Կատարից եկող խողովակներով ստացվող գազի հաշվին: Թուրքմենստանում այդ խնդիրը կոչված են լուծելու հենց ԻՊ-ի իրաքյան դաշտային ջոկատները, որոնց համար Աֆղանստանի հյուսիսային տարածքներում նախապես համապատասխան բազա է ստեղծվել:
Ըստ ատլանտյան աշխարհառազմավարների ծրագրերի, Լիբիայի, Իրաքի, Սիրիայի և այլ երկրների օրինակով, խարխլելով Սուեզից մինչև Տիբեթ-Սինցզյան փռված տարածաշրջանի երկրների պետականության հիմքերը, փլուզելով տնտեսությունը, էներգիայի արդյունահանման, սպառման ու փոխադրման համակարգը, կարելի է առաջ բերել զանգվածային գաղթ ոչ միայն դեպի Եվրոպա, այլև Ռուսաստան և այլ սահմանակից երկրներ: Դրա հետևանքով անխուսափելի են նոր բախումները էթնոկրոնական հողի վրա, հանցավորության և սոցիալական լարվածության աճը: Մամուլից վաղուց արդեն հայտնի են Իրանի և Ռուսաստանի ապակայունացման և անգամ փլուզման ծրագրերը:

Իրանի առնչությամբ շեշտը դրվում է քրդական և թյուրքական ցեղերի, արաբների և այլ ժողովուրդների անջատականության հրահրման, շիա-սուննիական և սոցիալ-ժողովրդագրական հակասությունների բորբոքման վրա: Իրանական պետականության ազգային կրոնական հիմքերի խարխլումը անխուսափելիորեն կհանգեցնի Միջին Ասիայի, Կովկասի, Պովոլժիեի ու Սիբիրի տարածաշրջաններում իրադրության հետագա ապակայունացմանը: Ըստ ՆԱՏՕ-ի ռազմավարների հղացման, «կառավարելի իսլամական քաոսը» կոչված կլինի ոչ միայն կիսելու երկիրը, ՌԴ-ից պոկելով Սիբիրի և Հեռավոր Արևելքի տարածաշրջանները: Այդ պարագայում վերջնականորեն կվերանա ռուս-սլավոնական եռամիության (Բելառուս, Ռուսաստան, ՈՒկրաինա) վերաինտեգրման ամեն հնարավորություն: Միաժամանակ, իրողություն կդառնա արևմտաեվրոպական պետություններից և առաջին հերթին Գերմանիայից Ռուսաստանը կտրելու նպատակը: Բացի այդ, արևմտյան և հյուսիս-արևմտյան կողմերից ամուր «իսլամական շրջապատման» մեջ կհայտնվի ՉԺՀ-ն, որն այսօր Արևմուտքի գլխավոր հակառակորդն է:


Այսպիսով, Ռուսաստանի և Իրանի ներկա մերձեցումը պատահական չէ: Ռուսաստան-Իրան առանցքը խորտակելու նպատակով, ինչպես գրում է ամերիկյան «The New York Times» թերթը, Ամերիկան պետք է օգտագործի միջուկային համաձայնագրի տնտեսական գործոնը, որպեսզի ամրապնդի նրանց դիրքերը, ովքեր կարծում են, որ Իրանի ապագան պետք է կապված լինի ոչ թե Կրեմլի, այլ Արևմուտքի հետ: Իր հերթին, ռուսական կողմը ձգտում է պահպանել ու ամրապնդել ռազմաքաղաքական գործընկերությունը Թեհրանի հետ, քանի որ Իրանը զսպում է «կառավարելի իսլամական նվաճողականության» ընթացքը դեպի ժամանակակից Չինաստանի սահմանամերձ մուսուլմանական տարածքներ և Ռուսաստանի հարավային իսլամական «փորատակ»: Ներկայումս Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը, ըստ էության, Արևմուտքի գլխավոր ընդդիմախոսներն են, որը փորձում է վերաձևել աշխարհը իր շահերի օգտին և կառուցել նոր աշխարհակարգ: Այդ առումով, ՌԴ-ի եվրասիական քաղաքականության մեջ Իրանը պետք է Չինաստանի հետ մեկտեղ առանձնահատուկ տեղ գրավի: Ռուսաստանի գլխավոր խնդիրն է խույս տալ տարածաշրջանում պատերազմի մեջ ներքաշվելուց, շեշտադրելով ռազմավարական կապը Չինաստանի հետ: Լայնածավալ պատերազմի զսպման կարևոր միջոց պետք է համարել ՌԴ-ի մասնակցությամբ միջազգային քաղաքական, տնտեսական ու ռազմական միավորումները: Հարավային սահմաններում իրադարձությունների բացասական զարգացմանը հաջողությամբ դիմակայելու համար Ռուսաստանը ձգտում է ժամանակակից Իրանը նախապես ներառել ռուսական արտաքին քաղաքականության եվրասիական ոլորտի մեջ:


Դա ենթադրում է Իրանն ավելի ակտիվորեն ներգրավել ՉԺՀ-ի և ՌԴ-ի մասնակցությամբ գործող միջազգային կազմակերպությունների՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Բրազիլիա-Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան-Հարավաֆրիկյան Հանրապետություն (ԲՌՀՉՀ) տնտեսական միավորման գործունեության մեջ, խորացնել համատեղ դիվանագիտական ջանքերը հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից երկրների ներքին գործերին հետագա միջամտության զսպման ռազմավարական վայր մնում է Սիրիան, ուր Ռուսաստանն ու Իրանը, ՉԺՀ-ի քաղաքական աջակցությամբ, պայքար են մղում միջազգային ահաբեկչության դեմ:

Ընդհանուր առմամբ, և հարավային սահմաններում մասնավորապես, այստեղ պահանջվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական ուժերի զորախմբի ու միջոցների խոշորացում և ուժեղացում, մարտական հնարավոր գործողություններին նրանց պատրաստականության բարձրացում: Բացի այդ, հասունացել է զորքերի գործունեության ավելի արդյունավետ տեղեկատվական ապահովման պահանջը՝ աշխարհում տեղի ունեցող տեղեկատվական հակամարտության ներկա մակարդակին համահունչ: Արդի փուլում արդյունավետ տեղեկատվական աշխատանքը դառնում է միջազգային ասպարեզում ազգային շահերի պաշտպանության վճռորոշ գործոն, այն կարող է ապահովել Ռուսաստանի և Իրանի նոր եվրասիական արտաքին քաղաքականության կենսագործումը, հաջողությամբ դիմակայել Եվրասիայում և աշխարհում տիրող իրավիճակը ապակայունացնելու ՆԱՏՕ-ի պլաններին:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ