«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Դուք Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք»

«Դուք Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք»
01.11.2016 | 00:56

Երեկ խորհրդարանը սկսեց 2017-ի բյուջեի նախագծի քննարկումը։ Վարչապետը խոսեց, էստաֆետը հանձնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին ու հեռացավ։ Հարցուպատասխանի ժամանակ կառավարությանն անողոք քննադատեց նախկին վարչապետ, այսօր ընդդիմադիր Հրանտ Բագրատյանը, որի կողքին նստած ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը հաճույքով լսում էր նրան՝ կարծես իր սրտից էր խոսում։ Նրան բավականություն էր պատճառում կառավարությանը «ցեխը մտցնելու» բագրատյանական ոճը։ Հարցից անմիջապես հետո Այվազյանը լքեց դահլիճը՝ չլսելով անգամ կառավարության ներկայացուցչի պարզաբանումները։ Իսկ Հրանտ Բագրատյանն ասում էր. «Աստված մի արասցե, որ այս բյուջեն կատարվի: Եթե սա կատարվի էլ, նորից աղետ է, ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու»։

Հետո Բագրատյանը հաշվարկներ ներկայացրեց, որ երբ 2007 թվականին ՀՀԿ-ն մեծամասնություն կազմեց խորհրդարանում, խոստացավ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել: Այս տարի լրանում է կառավարման 10-ամյա ժամկետը, և, ըստ Բագրատյանի, նվազագույնը գոնե 30 տոկոս աճ պիտի լիներ, իսկ եթե խոստումը կատարվեր՝ 91 տոկոս: «Ինձ թվում է՝ էս տնտեսագիտական թիմը լուրջ պրոբլեմներ ունի: Ամենամեծ խնդիրը էսօր դուք եք, դուք, փոխվարչապետը, Կենտրոնական բանկի ղեկավարությունը: Այ ընկերներ, աճ եք խոսք տվել, գնացեք գտեք էդ աճը: Բերում եք, ասում եք՝ վերականգնողական, հարկաբյուջետային, բա դուք ինչի՞ համար եք: Հարց եմ տալիս՝ դուք ինչի՞ համար եք, ձեզ ինչի՞ համար ենք աշխատավարձ վճարում»,- վրդովվեց Հրանտ Բագրատյանը:

Փորձեցինք Բագրատյանի նշած «մեղավորներից» պարզել, թե ինչո՞ւ են տնտեսությունն այս վիճակին հասցրել ու իրենց մեղավոր համարո՞ւմ են։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հարցին ի պատասխան ասաց. «Կարծում եմ՝ պարոն Բագրատյանը մշտապես նույն հարցերն է բարձրացնում, իսկ ես չեմ պատրաստվում կրկին անդրադառնալու դրանց ու ամեն անգամ նույն պատասխանները տալու»։ Ի վերջո, Դուք Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, որ երկիրն այս վիճակում է՝ հարցրի։ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը խուսափեց պատասխանից ու արագ հեռացավ, ասելով. «Արդեն պատասխանեցի»։


Կենտրոնական բանկի մասով բյուջեն ներկայացնում էր ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ Նույն հարցն ուղղեցի նրան։ «Ես շտապում եմ, շտապում»,- արագ-արագ քայլելով նետեց Երիցյանն ու հեռացավ։ Ավելի ուշ ԿԲ-ի ներկայացուցիչն ասաց, որ Երիցյանին գրավոր ուղղենք մեր հարցերը։ Փաստորեն, ԿԲ-ում լրագրողների հետ շփվելու «հեռակա» ոճն են նախընտրում, իսկ ավելի ստույգ՝ խուսափում են լրատվամիջոցների հետ ուղղակի շփումից։ Ի՞նչ է ստացվում. վարչապետը հորդորում է բաց ու թափանցիկ աշխատել, բյուջեն հանրությանը մատչելի ներկայացնել, իսկ նրա խոսքը ԿԲ-ն «գետնո՞վ» է տալիս։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ