Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տուրբուլենտ մանկուրտության հմայքները

Տուրբուլենտ մանկուրտության հմայքները
01.11.2016 | 00:59

ՈՒ ի՞նչ, պարոնայք երդվյալ ատենակալներ, ի՞նչ ունենք հավարտ հոկտեմբերի: Կատարելագործված կառավարում: Առաջ մի ամիս խոսում էին, մի շաբաթ բողոքում, հետո էին ցերեկով կամ գիշերով բուլդոզեր բերում, հիմա ոչ խոսում են, ոչ բողոքում, պայթեցնում են: Եվ արագ է, և արդյունավետ: Հատկապես օրն էր ճիշտ ընտրված՝ հոկտեմբերի 27: Չեմ ասում՝ այդ օրը կյանքը կանգ պիտի առնի, բայց իրեն հարգող ոչ մի հայ այդ օրը չպիտի ոչ տոնավաճառ բացի, ոչ տպարան պայթեցնի: Կրկնում եմ՝ իրեն հարգող որևէ հայ: Հարգանքը երբեմն շատ ավելին է, քան սերը` սիրում ես առանց բացատրության, իսկ հարգում ես ինչ-որ պատճառով ու հարգանքդ կորցնում ես պատճառաբանված: Նկատեցի՞ք, որ անկանոն պայթյունները մոտենում են Հանրապետության հրապարակին: Չզարմանաք, եթե մի գիշեր էլ պայթեցվի Ազգային պատկերասրահը՝ առանց կտավներն ու քանդակները դուրս բերելու: Վրան գրվա՞ծ է պատմական հուշարձան: Գրված չէ: Մի 20-30 տարի հետո էլ կառուցվելու 100-ամյակը կլրանա, ճիշտ ժամանակն է քանդելու: Թամանյանն ո՞վ էր, որ նրա կառուցածը այդքան տարի կանգուն մնա՝ քանդենք գնա, միշտ կգտնվի մի անհայրենիք Գենիկ Կարապետյան կամ նրա նման մեկը, ում նույնքան անհայրենիք մեկը քաղաքն ավերելու իրավունք կտա: Մանկուրտ ենք դարձել՝ ոչ հիշողություն է պետք մեզ, ոչ ինքնություն, ոչ ինքնասիրություն: Իննովացիոն դար է՝ հետ չենք կարող մնալ: Զբոսաշրջություն ենք զարգացնելու, հյուրանոց չունենա՞նք: Որտեղի՞ց ենք գտնելու այդքան անուղեղ զբոսաշրջիկ, որ մի փեշ փող տան՝ գան հյուրանոցի շենքը տեսնելու- գնալու: Գառնին էլ է պետք պայթեցնել, Գեղարդը մի քիչ դժվար կլինի, բայց նոր տեխնոլոգիաներ կան, պետք եղավ՝ կանեն, օրակարգում կմնա Սևանը ցամաքեցնելը: Մենեջմենտը հզոր զենք է: Արդյունավետ մենեջմենտը՝ կյանքի համար վտանգավոր:


Պարոնայք երդվյալ ատենակալներ, կյանքը կատարելագործվում է: Սրընթաց: Սկզբունքը՝ ամեն ինչ փոփոխական է, ոչինչ հավերժական չէ: Սահմանադրական հանրաքվեից առաջ ասո՞ւմ էր Սերժ Սարգսյանը, որ Սահմանադրության փոփոխություններ չի ուզում՝ «Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի՝ նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը», ասում էր: Հավատացե՞լ էիք, որ նրա ցանկությանը չհամապատասխանող մոդելն ընտրվեց: Հաստատ՝ ոչ: Որ ՀՀԿ-ն դեմ գնա ՀՀԿ նախագահի ցանկությա՞նը: ՈՒրեմն ինչո՞ւ պիտի հավատայիք, երբ ավելացնում էր. «ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»: Ասո՞ւմ էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար»: Ասում էր: Չի էլ առաջադրվի: Սահմանադրության փոփոխությամբ լուծվել է երկրորդ նախագահի՝ նախագահ չդառնալու հարցը: Ասե՞լ է «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Ասել է: Իսկ հիմա կասի՝ «Համոզված եմ, որ իրավիճակ է փոխվել, դուք էլ եք համոզված, որ այսօրվա Հայաստանը այն Հայաստանը չէ, որտեղ ես ասել եմ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի…»: Ամեն ինչ ճիշտ է: Եվ հետո՝ ձե՞զ է ասել: Ոչ: Al Jazeera-ին: Գուցե մոլորեցրել է: Ընդամենն ասել է. «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը: Դա նույնն է, երբ որ դեռևս ձուկը ջրում՝ մենք սկսենք խոսել նրա օգտագործման մասին: Մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ, որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»: ՈՒզում էիք՝ ասեր. «Ոչ, ոչ ու նորից ոչ՝ ես չեմ լինելու այլևս ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ ԱԺ նախագահ, ոչ ՀՀԿ նախագա՞հ»: Որ միանգամից ՀՀԿ-ն քանդվե՞ր: Ընտրությունները չսկսված՝ ավարտվեի՞ն: Դա՞ է ձեր ուզածը, պարոնայք երդվյալ ատենակալներ: Շագանա՞կ եք ուզում, հանեք կրակից ձեր ձեռքով: Հանեք, վերջապես, սպիտակ ձեռնոցները և դադարեք ձեզ դիտորդի պես պահել ձեր տանը:

Առավել ևս, որ բոված շագանակը աղանդեր է ու չի կշտացնում, երբ սոված ես: Իսկ դուք ի՞նչ եք անում: Ընկել եք կոնսենսուսի հետևի՞ց: Մի որոնեք անորսալի Ջոյին, նա ամենուր է ու ոչ մի տեղ: Հակառակն էլ կա՝ կոնյունկտուրային կոնսենսուսը արագ դառնում է կշռաքար ու խեղդում, եթե նույնիսկ ձգտում եք ափ լողալ: Կարո՞ղ եք պատասխանել «Ո՞Ւմ է պետք Գագիկ Ծառուկյանի վերադարձը» հարցին: Բացի ԲՀԿ-ից, որ ինքնապահպանման քաղաքական ու ֆինանսական խնդիրը առանց նրա լուծել չի կարողանում: Չի կարողանում՝ չի կարողանում: ԲՀԿ-ն աշխարհի վերջին կուսակցությունը չէ: Ո՞վ է ասել, որ առանց ԲՀԿ-ի Հայաստանում տարերային աղետ կլինի: Երկրի պո՞րտն է Գագիկ Ծառուկյանը, որ քաղաքական դաշտը նրա շուրջը պտտվի: Ո՞վ է հավատալու, որ նա նորից չի հեռանա, եթե շրջադարձային պահ գա: Չի կարող օլիգարխը ընդդիմադիր լինել: Գագիկ Ծառուկյանը չէ, ով էլ լինի: Մի անգամ ընտրեց բիզնեսը, ապացույց չէ՞ր, որ երկրորդ անգամ նույնը կանի: Կգտնվի՞ մեկը Հայաստանում, որ հավատա, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձով ԲՀԿ-ն դառնալու է ընդդիմադիր կուսակցություն ու համախմբելու է… ընդդիմադիր դաշտը: Եթե վերադառնա ու համախմբի, նրա դրոշի տակ են հավաքվելու իշխանական բոլոր ֆեյքերը, ու դա հեշտացնելու է իրական ընդդիմության գործը: Նաև՝ ՀՀԿ-ի: Նախ՝ իրական ընդդիմության ձայներն է տանելու, հետո էլ՝ ԲՀԿ-ին կհանձնարարեն իրենց յուրայիններին խորհրդարան բերել: Վայե՞լ է բարերարին ՀՀԿ-ի բեռնակիր աշխատել: Փող աշխատելու փոխարեն փող ծախսելով:


Պարոնայք երդվյալ ատենակալներ, լինում են նաև փոփոխություններ: 180 աստիճանով: Հոկտեմբերի 30-ին «Քաղաքացիական պայմանագիրը» համագումար արեց: Վարչություն փոխեց, Սասուն Միքայելյանին ընտրեց նախագահ: «Սրանով մենք հանրությանը տալիս ենք ուղիղ ուղերձ, որ մենք մի գյուղապետի, ավագանու մի քանի անդամների կուսակցություն չենք: Մենք կուսակցություն ենք, որ Հայաստանի քաղաքացիներին խոստացել է, որ իրենից կախված ամեն ինչ անելու է Հայաստանում օրինական, չկոռումպացված, ոչ թալանչի իշխանություն հաստատելու համար, և մենք արել ենք սա ցույց տալու, որ հանուն էդ խնդրի մեզ պետք է նոր կոնսոլիդացիա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Միանգամից զգացի՞ք, որ ամռան շոգը խփել էր, իսկ աշնան ցուրտը սթափեցրել է, ու Նիկոլ Փաշինյանը սլացիկ հրաժարվել է աշխարհի առաջին ու միակ ընդդիմադիրի թե տիտղոսից, թե պատվից, թե պատասխանատվությունից: Նա պատրաստ է հիմա էլ «մեկ ընդդիմություն» ձևավորել: Այդ «1»-ի վրա խրվել-մնալը երևի ճակատագիր է՝ 1+1+1+… -ի ժամանակներից «մեկ ընդդիմության» անցումը համարյա համոզիչ կլինի, եթե հերթական 180 աստիճանի շրջադարձը չհաջորդի: «Մենք չունենք նախապայման՝ ոչ անձնային, ոչ իրավաբանական, ոչ անվան, ոչ ազգանվան: Մենք պատրաստ ենք հնարավոր գաղափարական, գաղափարապես մոտիկ ուժերի հետ քննարկել մեկ կուսակցություն դառնալու հեռանկարը: Մեր ամբիցիաները վերանձնային են, վերխմբային են, վերկուսակցական են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Համագումարում նա համեստ բացատրեց՝ ինչու նախորդ վարչությունը հրաժարական տվեց, ինչ է անելու նորը: Շարունակելու է աշխատել ինստիտուցիոնալ կառույց դառնալու ուղղությամբ՝ լուծելով կառուցվածքային, ծրագրային, կադրային, ֆինանսական հարցեր:

Շարունակելու է փնտրել ու գտնել համախոհ կուսակցություններ՝ մեկ ընդդիմադիր կուսակցություն դառնալու համար: Շարունակելու է հետևել քաղաքական գործընթացներին և կուսակցական առաջարկներին, լինելու է բաց, չի հրաժարվելու իր համոզմունքներից՝ ընդունելով, որ դրանք վերին ատյանի ճշմարտություններ չեն: Նպատա՞կը: Հայաստանի Հանրապետությունը դարձնել ինքնիշխան, ինդուստրիալ զարգացող պետություն, իրեն պաշտպանելու ընդունակ բանակով, ինքնիշխանության, հայկականության կամքի կենտրոն: «ՔՊ» համաժողովին հյուրեր էլ կային: «Ազատ դեմոկրատ» Ալեքսանդր Արզումանյանը ասաց. «Այսօր մեր անկախությունը վտանգված է: Կուզեի, որ բոլորս աշխատեինք՝ գաղափարական հենքի վրա հնարավորինս լայն համախմբում ապահովելու համար», ու տեղնուտեղը իրեն հերքեց. «Փորձը ցույց է տվել, որ նախորդ տարիներին որևէ կոալիցիա ու դաշինք, որը պայքարել է խորհրդարանական ընտրություններում, մինչև վերջ չի գոյատևել», իբրև ապացույց էլ բերեց «Միասնություն» դաշինքին, որ տեսակետը հաստատելու լավագույն օրինակը չէր՝ հոկտեմբերի 27 էր եղել: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կտրուկ էր. «Եթե մենք իրական փոփոխություն ենք ուզում, շատ ավելի կարևոր է դառնում իրական և կեղծ ընդդիմության տարանջատումը: Տեսեք՝ ինչ են անում իշխանությունները՝ վերակենդանացնելով նոր ու նոր ոչ իշխանական ուժերի, հաճախորդների, ու էստեղ իրենց հաղթելը շատ ավելի դժվար է լինելու: Հետևաբար, իմ խորին համոզմամբ, էսօր համար մեկ խնդիրը քաղաքական թիմերի իրական ընդդիմության միավորման մեջ է լինելու»:

Եթե ընտրությունները կլինեն արդար ու ազնիվ, իրենք կշնորհավորեն հաղթողին, կսեղմեն ձեռքն ու կգնան տուն: Բայց եթե իշխանությունները թիվ կրակեն, խփեն՝ ինչ ուզում են, տեղերում առաջադրված բոլոր թեկնածուներն իրենց ազգուտակով, իրենց բարեկամներով, իրենց շտաբներով գալու են Ազատության հրապարակ՝ «ՈՒ մենք էնտեղ ենք լինելու, այդ հետընտրական պրոցեսը լինելու է: Եվ նրանց չի խանգարելու, որ իրենց լիդերների մի մասը կարող է Սերժ Սարգսյանի հետ նորից շամպայն խմել: Եվ այդ ժամանակ նորից հարթակում են հայտնվելու սկզբում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, վերջում նաև ՀՀԿ տոմսեր հանձնողներն ու այդ տոմսերը պատռողները»՝ ասաց «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ իշխանությունները Սահմանադրություն փոխեցին՝ իրենց իշխանությունը երկարաձգելու համար, բայց չարաչար սխալվեցին՝ այս անգամ, «խիարը» թարս է աճելու։ «Խիարի» թեման շարունակեց և «Ժողովրդավարական հայրենիքի» նախագահ Պետրոս Մակեյանը՝ առաջարկելով «խիարի» հարցերը լուծել նախքան ընտրությունները:

Դատելով հիշատակման հաճախականությունից՝ վարունգն այս ձմեռ քաղաքական դաշտում և ամենապահանջվածն է, և ամենաբարձր գինն ունեցողը: Մյուս կուսակցություններն էլ են համագումարներ անելու, հաստատ անդրադառնալու են ՀՀԿ-ին ու ՀՀԿ նախագահին ու առանց «վարունգի» պատկերն ամբողջական չի լինի: Գուցե նաև ՀՀԿ-ի նոյեմբերի 26-ի համագումարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ի՞նչ կա Հայկական Հայաստանում: Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Մինսկ՝ հեռվից տեսավ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին (մոտիկից նրան տեսան ՌԴ վարչապետն ու Ադրբեջանի փոխվարչապետը: ՈՒրանալով Թուրքիային՝ Յաղուբ Էյուբովը բելառուս գործընկերներին ու բարեկամներին անվանեց «ամենաթանկագինը, ամենամտերիմն ու ամենահարազատը» ու հարցրեց. «Բելառուսից բացի ո՞վ այդպես կվերաբերվեր Ադրբեջանին: Բելառուսից բացի ո՞վ այդպես կաջակցեր Ադրբեջանին»: Էրդողանի ականջը խուլ), հանդիպեց ՌԴ վարչապետին, բոլորի հետ միասին Ալեքսանդր Լուկաշենկոյից իմացավ, որ սկսվել է քաղաքական ու տնտեսական տուրբուլենտության շրջան. «ՈՒժեղացել է հիմնավորված քննադատությունը մեր երկրներում՝ ինտեգրման զարգացման թե տեմպերի, թե արդյունքների պատճառով: Տագնապալից ազդանշաններ կան բիզնեսից: Կուտակված հարցերի կրիտիկական զանգվածը Բելառուսում հարուցում է տագնապալից տրամադրություններ ոչ միայն ԱՊՀ-ի, այլև ԵԱՏՄ-ի ապագայի վերաբերյալ»: Բատկան զգուշացրեց. «Եթե պայմանավորվածությունները չկատարենք, հեռանկար չի ունենա ոչ մի միություն: Շատ ուղղություններով նշանակալից հետ ենք: Չափից դուրս շատ ենք տեղում դոփում»: Բատկան ուզում էր համաձայնեցված քաղաքականություն, դժգոհ էր ֆորմալիզմից, կյանքից: Ալեքսանդր Լուկաշենկոն գնաց Կատար ու ԱՄԷ, Կարեն Կարապետյանը վերադարձավ Երևան: ՈՒ՝ գնաց «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական իրերի և ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդես: Իսկ դուք, պարոնայք երդվյալ ատենակալներ, քանի շուկայում ու սուպերմարկետներում կա, վարունգ գնեք, վարունգ:

Դիտվել է՝ 1666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ