Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

1905, Բաքու

1905, Բաքու
01.11.2016 | 08:48

(սկիզբը` այստեղ)

ԱԴԱՄՅԱՆ.
ՕՐ 2-ՐԴ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԵՐԵՔՇԱԲԹԻ


-Հայրիկ, հայրիկ, արթնացի՛ր…
Ադամյանը շանթահարի նման վեր ցատկեց: Հյուրասենյակում ոչ ոք չկար, ինքն ու Նիկոն էին: Որքան էր քնել` չգիտեր, բայց իրեն առույգ ու թարմացած էր զգում:
-Թուրքերի մեջ ինչ-որ շարժում կա:
-Դու քնե՞լ ես, քաղցած չե՞ս,- հարցրեց դալկադեմ որդուն:
-Քնել եմ ու կուշտ եմ, մայրիկը քեզ էլ է ուտելիք թողել:
-Հրացանները պատրա՞ստ են:
-Այո, այո, լիցքավորել ու կարգի եմ բերել:


Ադամյանը վերցրեց «վինչեսթրներից» մեկն ու չորեքթաթ դուրս եկավ պատշգամբ:
Թուրքերը, կարծես, համալրվել էին, ի հայտ էին եկել նոր «ղոչիներ», որոնց գլխավորությամբ շարքային ջարդարարները ջահեր էին պատրաստում: Պարզ էր, տեսնելով, որ արդյունքի չեն հասնում, որոշել էին տունը հրկիզել: Ադամյանն սկսեց կրակել ջահակիրների վրա: Երեք հոգի անշնչացած ընկան: ՈՒժեղ պատասխան հրաձգության քողի տակ ջահակիրներից մեկը վառվող լաթափաթ փայտը նետեց: Պատշգամբին չհասավ, դիպավ պատին: Ադամյանը դրան էլ գլորեց:
«Հայատյացությունն է ձեզ առաջնորդողը, բայց դրանից օգուտ չեք քաղի: Մենք կպատասխանենք մեր հավաքական զայրույթով: Երբ մենք միահամուռ կլինենք, դուք ամեն բան կկորցնեք: Դուք հիմա մեր համբերության բաժակն եք լցնում, բայց հենց բաժակից ջուրը թափվի, վա՜յ ձեզ»:
-Նիկո՛…


Հետևեցին դիպուկահարի կրակոցները, և նոր դիակներ թողնելով` թուրքերը քաշվեցին:
Ադամյանը հանկարծ ջարդարարների ամբոխում նկատեց… երեխաների: Այո, մի քանի երեխաներ էին, որոնք ատրճանակներից կրակում էին տան ուղղությամբ:
«Սա՛ է ձեր էությունը: Փոխանակ ձեր երեխաներին կրթելու, դաստիարակելու, ձեռքները զենք եք տվել և սովորեցնում եք հայերին ատել, ընտելացնում եք հայ սպանելուն: Բայց ես ձեր երեխաներին չեմ սպանի, որովհետև իմ ու ձեր միջև ահռելի անդունդ կա, դուք մեր երեխաներին մորթում եք, բայց հայ տղամարդը ձեր երեխաների մազին չի դիպչի: Չգիտեմ ճիշտ եմ, թե ոչ, բայց ձեր լամուկների պատասխանը կտան իմ տղաները»:
-Նիկո՛, հրացանը…
Ադամյանը նշան բռնեց ու մի քանի կրակոց արձակեց թուրք երեխաների ոտքերի տակ: Սալահատակի քարաբեկորներից ճչալով` լակոտները թաքնվեցին մեծահասակների թիկունքում:


Մարտը շարունակվեց ամբողջ օրը: Թե քանի թուրք սպանվեց` Ադամյանը չգիտեր, չէր հաշվում: Գիտեր միայն, որ իր կրակոցներից ոչ մեկը չէր վրիպում…
Մութն ընկնելուն պես նորից դադար տիրեց: Թուրքերը հավաքեցին դիակները:
Եկան Մարիամը, Թաթոսյանը, Քալանթարյանը` որդու ու կնոջ հետ:
Քանի՞ օր էր այդ վիճակը շարունակվելու` ոչ ոք չգիտեր:

«Այս փոքրիկ պատշգամբը (տե՛ս լուսանկարը- Ջ.Դ.Հ.) ուղղակի առնչություն ունի փետրվարյան ջարդի ամենահուզիչ ու ողբերգական դրվագներից մեկի հետ: Այս պատշգամբը Ադամովի անձնուրաց և անհավասար մարտավայրն էր թաթարների հորդայի դեմ, որոնք ձգտում էին խլել ոչ միայն նրա, այլև տան բոլոր բնակիչների կյանքը: Դրամատիզմով լի կերպով մարտնչելով, Ադամովն այնպիսի տոկունություն ու հերոսություն դրսևորեց, որ այս տեղն ընդմիշտ պետք է արժանանա հայերի և Բաքու այցելող հայերի բարեկամների հարգանքին:


Ադամովն առաջնակարգ հրաձիգ էր, նավթաբիզնեսի ամենահարուստ հայերից մեկը, իսկ Հայկական փողոցում գտնվող նրա տունը` իր հիասքանչ զարդաքանդակներով, համարվում էր քաղաքի իսկական պալատներից մեկը»:
«Petroleum World» («Նավթաշխարհ») ամսագրի հիմնադիր ու խմբագիր, 1905 թ. իրադարձությունների ականատես Ջեյմս Դոդս Հենրիի «Բաքու: Իրադարձություններով հարուստ պատմություն» (Baku. An eventful histoty) հուշագրությունից

«Շրջակա գյուղեր ձիավորներ ուղարկվեցին, որպեսզի առաջարկեն անհապաղ քաղաք գալ: Արդեն փետրվարի 8-ի կեսօրին մոտ քաղաքի թուրքական մասի այս ու այն տեղերում երևան եկան «բերդան» հրացաններով, ատրճանակներով ու խանչալներով զինված գյուղացիներ»:
Թուրք ջարդարարի վկայությունից,
«Бакинские известия»

«Բաքու, 8 փետրվարի, ցերեկվա ժամը 4: Հաղորդում եմ հայ-թուրքական կոտորածի հետևյալ մանրամասները: Լույս 8-ի գիշերը համեմատաբար խաղաղ անցավ, բայց առավոտյան հրաձգությունը նորից սաստկացավ:
Փողոցներում մահաբեր լռություն էր տիրում: Տեղեկացա, որ գերեզմանոցում` դիակների տնակում, 100 մեռել կա: Նիկոլաևսկայա (Իսթիգլալիյաթ - Ինքնիշխանություն- Խ. Դ.) փողոցով անցնելիս տեսա, թե ինչպես 4 պրիստավների աչքի առաջ և կազակների դիմաց սպանեցին մի հայի, գնդակով ծակելով նրա գլուխը: Արյան ուժգին հոսքը ողողեց մայթը… Մարդասպան թուրքը, արժանանալով ամբոխի խրախուսանքին, անհետացավ բերդամասում:
Վվեդենսկայա փողոցում առվի մեջ ընկած էր սպանված հայ երեխայի դիակ… Մալականի այգում (Խագանի բաղ- Խ. Դ.) արդեն երկրորդ օրը ընկած է սպանված մի բժշկի դիակ:
Ընդհանուր առմամբ զոհերի թիվը առայժմ հաշվվում է 250:
Երբ հանդիմանում եմ զինվորներին, թե ինչու չեն ձերբակալում և զինաթափում կողոպտիչներին, պատասխանում են. «Մեզ հրամայված չէ միջամտել…»:
Օրեստ Սյոմին,
«Новое обозрение» (Թիֆլիս), 9 փետրվարի, 1905 թ.

Սարսափահար, որևէ օգնությունից հույսը կտրած Բալաբեկ Լալայանը կնոջ, եղբոր և 17 այլ բնակիչների հետ փակված էր Շամախինկա թաղի տան նկուղում: Բոլոր բնակարանները թալանելուց հետո թուրքերը շենքը հրկիզեցին: Գլխի ընկնելով, որ բնակիչները թաքնվել են նկուղում, փորձեցին ներխուժել, բայց անկարող եղան երկաթե ամուր դուռը կոտրել:
Ներսում գտնվողները երկրորդ օրն է, ինչ զրկված էին հաց ու ջրից:

«Երկրորդ օրն է, ինչ փողոցներում հրաձգությունը չի դադարում: Առանց լրջորեն վտանգվելու փողոց դուրս գալն անհնար է: Ամբողջ ազգաբնակչությանը զարհուրանք է պատել: Ասում են, որ քաղաքի շատ փողոցներում ընկած են սպանվածների դիակներ: Բոլոր պաշտոնատեղիները, ինչպես նաև դպրոցները փակ են: Ամբողջ քաղաքում հաց ու միս ճարել հնարավոր չէ: Թուրքերը մասնավորապես կատաղորեն են գործում Չեմբերեքենդ և Շամախի ճամփա թաղերում, ուր հայերի խանութներն ու վաճառատները կոտրվում ու կողոպտվում են: Առիթից օգտվելով, չարագործները կողոպտում են տները: Ասում են, թե Սաբունչիից մի քանի հազար մուսուլմաններ են եկել: Եթե այդ լուրը հաստատվի, ապա քաղաքի բնակիչների դրությունը ավելի հուսահատական կդառնա: Այժմ արդեն սպանված ու վիրավոր հայերի թիվը դժվար է հաշվել»:
Օրեստ Սյոմին,
«Новое обозрение» (Թիֆլիս), 9 փետրվարի, 1905 թ.

«Անկարելի է նկարագրել այդ օրերի առանձին-առանձին դէպքերը, առանձին խժդժութիւնների մանրամասնութիւնները: Դրանք այնքան շատ են, այնքան քստմնելի, որ ջղեր ու հոգու արիութիւն են հարկավոր նոյն իսկ համառօտ կերպով պատմելու համար:
Երկրորդ օրը թուրքերը կառքեր նստած դէս ու դէն էին շտապում և մտնելով հայերի խանութները, սպանում էին տէրերին: «Իսլամ» անունով հիւրանոցը խուժելով, թուրքերը պահանջում են ցոյց տալ թէ ուր են ապրում հայերը: Կոտրում են երկու սենեակի դռները, ներս են ընկնում. մօտ ութ հոգի հայեր սկսում են դիմադրել, բայց թուրքերը յաղթում են բոլորին և գազանաբար կտրատում են դիակները: Այսպիսի դէպքեր շատ են եղել ոչ միայն հիւրանոց անուանված տեղերում, այլև գինետներում, նկուղներում»:
«Մշակ», 11 փետրվարի, 1905 թ.

«Կարելի է հաստատապէս ասել, որ կոտորածի գլխաւոր զօրքը, եթէ կարելի է այսպէս ասել, բաղկացած էր քաղաքի ազգաբնակչութեան այն մասից, որին սովոր ենք «տականք» անունը տալ. դա այն տարրն է, որ Բագւում յայտնի է «ղոչի» անունով: Ցերեկը նա սովորաբար անց է կացնում պարապ, թէյատների մէջ, իսկ գիշերը դուրս է գալիս «որսի»: Այդ տարրին միացած էր և դրսից, գիւղերից յատկապէս այդ սև օրերի համար եկած բազմութիւնը»:
«Մշակ», 13 փետրվարի, 1905 թ.

Զուռնաչի Սահակն իր «դաստայի» և հինգ ուրիշների հետ փակված էր Գուբերնսկայա և Բազարնայա փողոցների անկյունում գտնվող նախիջևանցի դերձակ Օհանի արհեստանոցում: Լուսամուտի վարագույրի արանքից նա տեսնում էր կատաղած թուրքերի խմբեր, որոնք հայհոյանքների տարափ տեղալով աջուձախ ինչ-որ տեղ էին վազվզում:


Սահակն աչքերին չէր հավատում: Քեֆ-ուրախության քաղաքը վերածվել էր գեհենի:

«Երեքշաբթի (8-ին) առաւօտն էր. դրսում հրացանաձգութիւնը անդադար շարունակվում էր: Մեր բնակարանը շատ ամուր էր և ունէր նաև մի պատուհան փողոցը նայող, այնտեղից ես դիտում էի այս տեսարանը: Ես տեսայ մի խումբ թուրք` մօտ տասը հոգի հարևան տան պատի տակ նստած խօսում էին: Դրանցից մէկը հրացանով էր, իսկ միւսների ձեռքում` ատրճանակներ. ես զարմացայ տեսնելով մեր հարևան կաթ ծախող թուրքի 12-13 տարեկան տղաներին ևս ատրճանակով այնտեղ նստած: Այդ տղաներին ես ամեն օր տեսնում էի կամ թղթից «զմէյա» շինելիս կամ ցեխով խաղալիս և դրանց գրպանը ոչ միայն ատրճանակներ գնելու, այլև դրանց համար փամփուշտ գնելու փող չէր լինում: ՈՒրեմն որտեղի՞ց էր այդ»:
«Մշակ», 19 փետրվարի, 1905 թ.

«Ես տեսայ մի աշակերտի, որ անցնում էր մեր փողոցով առոյգ, առողջ, պայուսակը մէջքին, ապագայի լի յոյսերով վազում էր դէպի գիտութեան տաճարը լցնելու լոյսով իր սիրտը: Ես տեսայ նրան կենդանի և տեսայ նոյն րոպէին գնդակների տարափի տակ գետին ընկած ու մեռած»:
«Մշակ», 19 փետրվարի, 1905 թ.

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ