«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունը Թուրքիայի համար քաղաքական հարց է»

«Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունը Թուրքիայի  համար քաղաքական հարց է»
01.11.2016 | 08:52

Պոլսո հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին եկեղեցական ժողովում որոշում է կայացվել դիմելու թուրքական իշխանություններին՝ նոր պատրիարք ընտրելու արտոնություն տրամադրելու խնդրանքով:
Պոլսո հայոց պատրիարքարանը տեղեկացնում է, որ ժողովում քննարկվել է հարցն այն մասին, որ 2008 թվականի մայիսից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դադարել է պաշտոնավարելուց, և պատրիարքական աթոռի ընթացիկ գործերը կատարելու համար պատրիարքական ընդհանուր փոխանորդ է ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:


«Եկեղեցական կանոններն ու ավանդույթը, ուխտի լուծարման համար, բավարար են համարում յոթ տարվա բացակայությունը: Հետևաբար, պատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը: 2015 թվականի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված է պատրիարքի` ոչ գործուն լինելու հանգամանքը: Վերոնշյալ փաստերը հաստատում են, որ պատրիարքական աթոռը մնացել է թափուր: ՈՒստի ժողովական հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. պատրիարք հորը և անվանել նրան «պատրիարք ի հանգստեան»,- ասվում է ժողովի ընդունած զեկույցում:


Թուրքագետ ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է, որ հարցը քաղաքական է։ «Բոլորին շատ լավ հայտնի է, որ հուլիսյան դեպքերից հետո Թուրքիայի ներքին և արտաքին իրադրությունը բավականին անկայուն է, և ցանկացած կայծ այնտեղ կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ։ Թուրքական իշխանությունները խուսափում են նման հրդեհի բռնկումից, ուստի փորձում են երկրում գրեթե ամեն ինչ վերցնել իրենց վերահսկողության ներքո։ Խոսքը հատկապես ազգային կրոնական և ազգային փոքրամասնությունների ներքին խնդիրների մասին է։ Այսօրվա թուրքական կառավարությունն ավելի շատ հիշեցնում է դիկտատուրա, քան լիբերալ իշխանություն։ Այս համատեքստում բացառություն չէ նաև հայ պատրիարքի ընտրության հարցը։ 1461 թվին, երբ Կոստանդնուպոլսում պատրիարքարան ձևավորվեց, ամենևին չէր նշանակում, թե թուրք սուլթանը լիբերալ է և որոշել է կրոնական ներկայացուցիչներին ազատություն կամ ինքնավարություն շնորհել։ Ի սկզբանե Կոստանդնուպոլսի պատրիարքությունը հիմնվել է գերակա մի նպատակի համար՝ վերցնել հայկական համայնքի ղեկավարումն իր ձեռքը, զերծ մնալ Էջմիածնի կաթողիկոսի հրահանգներից։ Հարցը Թուրքիայի համար արդիական է նաև այսօր։ Հայկական համայնքն այսօր մեծ ակտիվություն է դրսևորում Թուրքիայում, և պետք է այդ ակտիվությունը պասիվացնել, ձգձգել պատրիարքի ընտրության հարցը, մինչև որ պատրիարքը լինի Թուրքիայի իշխանության համար ցանկալի թեկնածու»,- ասում է Կարեն Սիրունյանը։


Թուրքագետը նշում է, որ այսօր պատրիարքի ընտրությունը Թուրքիային ձեռնտու տարբերակով կարող է չընթանալ։ Հայկական համայնքն այսօր պատրիարքական փոխանորդ, արքեպիսկոպոս Աթեշյանին չի ընդունում, ինչը թուրքական իշխանությունը շատ լավ գիտակցում է և իր քաղաքականությանն ուղղված վտանգ է տեսնում։
Պատրիարքի ընտրությունը վերջին հաշվով հայերի համար որոշակի ինքնավարություն է նշանակում, ինչի հետ կապված Թուրքիան խնդիրներ ունի։ Բնականաբար, իշխանություններն այսօր իրենց նման ճոխություն թույլ տալ չեն կարող, մասնավորապես, երբ երկրում կա քրդական ինքնավարության և անկախության հարցը։ Սա Թուրքիայի համար դիտարկվում է որպես շղթայական իրողության մի օղակ։ Քրդական ինքնավարությունը կարող է հանգեցնել տարատեսակ փոքրամասնությունների ինքնավարությունների։


Կա հարցի երկրորդ կողմը. արծարծվում են պատրիարքի մի քանի թեկնածուների անուններ, որոնց թվում է նաև Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Ըստ Կարեն Սիրունյանի՝ Թուրքիան չի կարող հանդուրժել նման երևույթ, առավել ևս չի կարող հանդուրժել, որ Ամենայն հայոց կաթողիկոսը որոշում կայացնի Կոստանդնուպոլսի պատրիարքի հարցում։ Թուրքիան ամեն գնով կփորձի Էջմիածնի հետ կապեր ունեցող թեկնածուներին դուրս թողնել կայանալիք ընտրության մրցավազքից։ Իհարկե, հարցի լուծման ձգձգումը լի է նաև որոշակի վտանգներով։ Այս ձգձգումը կարող է հանգեցնել պայթյունավտանգ իրավիճակի, հայկական համայնքի դժգոհությանը և այլն։
Մոտ ապագայում, ըստ թուրքագետի, նշանակվելու է թուրքական կառավարությանը հաճո պատրիարքի ներկայացուցիչ։ Թուրքիան այն երկիրը չէ, որ տուրք տա դեմոկրատական արժեքներին։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ