USD484.72
EUR551.42
RUB7.27
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

ԱՄԷ-ն հավակնոտ ծրագիր ունի՝ աստղագիտությունը դարձնել այցեքարտ

ԱՄԷ-ն հավակնոտ ծրագիր ունի՝  աստղագիտությունը դարձնել այցեքարտ
04.11.2016 | 00:19

ԱՄԷ-ում բնակվողներին դժվար է որևէ երկրային գեղեցկությամբ զարմացնել, բայց տիեզերականով գուցե հաջողվի: Խոսքն աստղագիտության մասին է, որի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ձևավորվում: Ոլորտով ԱՄԷ-ում բոլորովին վերջերս են սկսել զբաղվել, բայց էմիրաթցիներն առիթը բաց չեն թողնում շեշտելու, որ արաբ աստղագետները դեռևս դարեր առաջ իրենց առանձնահատուկ դերն են ունեցել այս ասպարեզում: Վերադառնալով մեր օրեր՝ հարկ է նշել, որ նոր զարգացող ոլորտը բազմաթիվ հրամայականներ ունի՝ աստղադիտարանների հիմնադրում, գիտական հետազոտությունների կազմակերպում, բուհերում ոլորտի մասնագետների պատրաստում, օտարերկրյա աստղագիտական կենտրոնների հետ համագործակցություն: Ամեն դեպքում, կառավարությունը փորձում է հարմարավետ միջավայր ստեղծել ոլորտի զարգացման համար, աջակցել մասնագետներին՝ հաղթահարելու իրենց առջև ծառացած խնդիրները, կարևորվում է նաև հանրության հետաքրքրությունը աստղագիտության նկատմամբ:

Պետք է շեշտել, որ միայն խոսելով և երազելով չեն բավարարվում այստեղ, այլ այդ ուղղությամբ իրական քայլեր են արվում: Սկսենք նրանից, որ տարբեր էմիրություններում արդեն բացվել են աստղագիտական կենտրոններ, գիտական լաբորատորիաներ, պարբերաբար գիտական հետազոտությունների համար արտերկրից հրավիրվում են մասնագետներ, աստղագիտական կենտրոնները համալրվում են ամենավերջին սարքավորումներով, համարձակ քայլ է արվում՝ ստեղծելու սեփական արբանյակ:
2017-ին պատրաստ կլինի ամբողջովին ԱՄԷ-ում կառուցված (Գիտության և տեխնոլոգիայի զարգացման էմիրաթյան ինստիտուտ) «Խալիֆա Սաթ» արբանյակը, որ նախագծվել է 2013-ին: Նախագծի հանդիսավոր բացմանը ԱՄԷ վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը նշել է, որ աստղագիտության, էներգետիկայի ոլորտներում ԱՄԷ-ն իր առաջին քայլերն է անում, սակայն հույս է հայտնել, որ երիտասարդ գիտնականները կարող են ԱՄԷ-ի համար այդ ոլորտներում նոր հեռանկարներ բացել: Նրա խոսքով՝ «Խալիֆա Սաթի» կոչը էմիրաթյան երիտասարդ սերնդին մեկն է՝ տիեզերքը անհասանելի չէ, և այն կարող են նվաճել: Վարչապետի համոզմամբ՝ կարճ ժամանակ անց ԱՄԷ-ն կարող է դառնալ ոլորտի առաջատարներից: Բնականաբար, այս վստահությունը փոխանցվում է նաև ժողովրդին, առավել ևս՝ երիտասարդ սերնդին: Վստահությունն ամրապնդվում է ոլորտում կատարվող հսկայական ներդրումներով:


Աստղագիտության ոլորտում ամենամեծ ներդրումներից մեկը տարեվերջին Դուբայում՝ Մաշրիֆ զբոսայգում, Ալ Թուրայա աստղագիտական կենտրոնի հիման վրա բացվելիք քառասուն միլիոն դրհամ արժողությամբ Ազգային աստղադիտարանի նախագիծն է: Աստղադիտարանի կառուցումը սկսվել է մեկ տարի առաջ: Այստեղ տեղադրվելու է Ծոցի համագործակցության խորհրդի (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Բահրեյն, Կատար, Օման, Քուվեյթ) ամենամեծ աստղադիտակը: Աստղադիտարանը Դուբայի առջև մեծ հեռանկարներ է բացում՝ առաջին հերթին դառնալու լուրջ գիտահետազոտական կենտրոն: Սա աստղագիտական կենտրոնի աշխատակազմի վաղեմի երազանքների իրականացումն է:
Աստղադիտարանը ծրագրեր ունի՝ կապված հանրության լայն շրջանակների հետ: Այստեղ կազմակերպվելու են ընտանեկան, դպրոցական, ուսանողական շրջայցեր, ցուցադրվելու են աստղագիտությանը վերաբերող ֆիլմեր (ծնողները վստահ են, որ կենտրոնը կկարողանա բավարարել իրենց երեխաների հետաքրքրասիրությունը, նրանց առջև լայն հորիզոններ բացել):


Քանի որ խոսվեց իրականացվող երազանքների մասին, պետք է նշել դրանցից ևս մեկը: Ֆիլիպինցի Ալեխանդրո Պալադոն, տեղափոխվելով ԱՄԷ, բուռն կերպով տրվել է իր սիրած զբաղմունքին՝ աստղերն ուսումնասիրելուն: Իր աստղադիտակով շրջել է ԱՄԷ-ի բոլոր այն վայրերում, որտեղից հնարավոր է դիտել աստղերը և վայելել տիեզերքին այդքան մոտ լինելու հաճույքը: Նրա կրքոտ սերն աստղերի հանդեպ գրավել է մեծաթիվ մարդկանց, որոնք համախմբվել են Ալեխանդրոյի շուրջը, ծավալել քննարկումներ աստղագիտությանը վերաբերող հարցերի շուրջ: Ի վերջո, հիմնադրել են Աբու Դաբիի աստղագետների ակումբը, բազմաթիվ թեմատիկ միջոցառումներ կազմակերպել՝ գրավելով նորանոր մարդկանց: Դրանց թվում է եղել նաև գործարար Թաբեթ ալ Քասսիեն: Երազկոտ, գիտության սիրահար գործարարը գլխի է ընկել, որ կարող է ներդրում կատարելով պարզապես իրականություն դարձնել իր և տասնյակ մարդկանց երազանքը: Նա Աբու Դաբիի աստղագետների ակումբի հետ ստեղծել է Ալ Սադեմ աստղադիտարանը: Իր ֆինանսական միջոցներով աստղադիտարանը ձեռք է բերել անհրաժեշտ սարքավորումներ, կազմակերպում է դասընթացներ, միջոցառումներ:
ԱՄԷ-ում աստղագիտության զարգացման ճանապարհին մեկ այլ հետաքրքիր նախագիծ է շարժական բջջային աստղադիտարանը, որն աստղագիտական սարքավորումներով զինված մեքենա է: Այն շրջում է քաղաքում, ցանկացողներին հնարավորություն տալիս դիտելու աստղադիտակից: Բջջային աստղադիտարանով շրջող մասնագետները պատասխանում են հետաքրքրող հարցերին, գիտելիքներ փոխանցում տիեզերքի, աստղերի մասին:


ԱՄԷ-ում առկա է արդյունավետ համագործակցում աստղագիտության և զբոսաշրջության ոլորտների միջև: Աստղադիտարանները, աստղացուցարանները (պլանետարիում) ներգրավված են զբոսաշրջային ուղղությունների ցանկում: Այդպիսին է, օրինակ, Շարժայի պլանետարիումը:
Գուցե Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը համարվող Բյուրականի աստղադիտարան (1946 թ.) ունեցող հայերիս համար աստղագիտության զարգացման ուղղությամբ էմիրաթցիների քայլերը պարզունակ թվան, բայց պետք է նկատի ունենալ, որ նրանք չեն խնայում ո՛չ ֆինանսական միջոցներ, ո՛չ մարդկային ռեսուրսներ: ԱՄԷ-ն հավակնոտ ծրագիր ունի՝ աստղագիտությունը դարձնել այցեքարտ:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao