Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մոսուլի պատճառով ինչու է Թուրքիան «նեղացել» Իրանից

Մոսուլի պատճառով ինչու է Թուրքիան «նեղացել» Իրանից
04.11.2016 | 00:23

Մինչ Արևմուտքի երկրները չարախոսում են ահաբեկչական ավազակախմբերից Սիրիան «մաքրելուն» Ռուսաստանի մասնակցության և Հալեպում ռուս զինվորականների մարդասիրական գործողության կապակցությամբ, թուրք-իրանական «թյուրըմբռնումները» վերսկսվել են: Բայց այս անգամ... իրաքյան Մոսուլի պատճառով: Հալեպի ողբերգության կողքին Մոսուլի շուրջ տիրող իրավիճակը մի տեսակ ստվերում էր, երևի այն պատճառով, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումից Մոսուլի ազատագրման հայտեր էին ներկայացրել չափից շատ շահագրգիռ պետություններ: Կարծես այստեղ թուրք-իրանական փոխհարաբերությունները ոչ մի կապ չունեն, եթե Մոսուլի գործողությունը ղեկավարում է ԱՄՆ-ը և ամերիկացիներին «ուղեկցում է» իրեն վարկաբեկած (թեկուզև խաղաղ Դահուկի չհրահրված ռմբակոծության պատճառով, որտեղ ամերիկյան հարձակումներից զոհվեցին միայն քրդերն ու քրիստոնյաները), տխրահռչակ «միջազգային կոալիցիան»:


Սակայն Մոսուլի գրոհին Թուրքիայի մասնակցության հարցում Իրաքի շիական կառավարությանը համոզելու ԱՄՆ-ի ձախողված փորձերը բացեցին գաղտնիության քողը: Միջազգային լրատվամիջոցները հաճախ են դիմում Սիրիայում, այդ թվում՝ Հալեպում Իրանի ԻՀՊԿ-ի «ռազմական խորհրդականների» և լիբանանյան «Հըզբոլլահ» շիական կուսակցության մարտիկների ռազմական գործողությունների թեմային: Շատ ավելի քիչ ուշադրություն է նվիրվում այն բանին, որ Սիրիայում ընթացող մարտերին վաղուց արդեն մասնակցում են իրաքցի շիա կամավորականները, մասնավորապես, նույն Հալեպում հիմա կռվում են «Հարաքաթ ալ-Նուջաբայի» աշխարհազորի մեջ մտնող իրաքցի շիաները: Ավելի քիչ լուսաբանվում է Իրանի և այլ երկրների շիա կամավորականների մասնակցությունը Իրաքի մարտերին: Կարծում եմ, որ Մոսուլի շուրջ Թուրքիայի և Իրանի հարաբերությունների սրման հետ էր կապված նաև Սիրիայի բանակի հրամանատարության հոկտեմբերի 22-ի «ուշացած» հայտարարությունն այն մասին, որ «Սիրիայի տարածքում թուրքական բանակի ներկայությունն անընդունելի է և ագրեսիա է, և մենք բոլոր հնարավոր միջոցներով կդիմակայենք նրանց որպես զավթիչների»: Դրանից հետո հենց թուրք-իրանական թյուրըմբռնման դրսևորում եղան Պենտագոնի ղեկավար Էշտոն Քարտերի նույն օրը Բաղդադ և հոկտեմբերի 22-ին Էրբիլ կատարած այցերը, և հատկանշական է, որ Քարտերը հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Անկարայում իր բանակցություններից հետո մեկնեց Իրաք: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, Քարտերն առաջարկել է համաձայնել Մոսուլի գրոհին «օրինական» մասնակցությանը (թուրքերն անօրինականորեն առանց այն էլ զավթել են Հյուսիսային Իրաքի մի մասը):

Իսկ Էրդողանը վերջնագիր է առաջադրել այն մասին, որ թուրքական զորքերը չեն ենթարկվի Բաղդադի կառավարության հրամաններին. «Թուրքական բանակն այնքան չի կորցրել իր որակը, որ հրամաններ ստանա ձեզնից»: «Ես գիտեմ, որ թուրքական կողմն ուզում է մասնակցել,- հակադարձել է Իրաքի շիադավան վարչապետ Հայդեր ալ-Աբադին:- Մենք նրանց ասում ենք՝ շնորհակալ ենք: Իրաքցիներն իրենք կանեն դա»: Եվ արագորեն Սիրիա ուղարկեց շիադավան կամավորականների: Ինչպես հաղորդել է «Reuters» գործակալությունը, Քարտերը Բաղդադին խոստացել է «համոզել» Թուրքիային, որ «անհրաժեշտ է հարգել Իրաքի ինքնիշխանությունը», բայց Աբադին պահանջել է բոլոր թուրքերին անվերապահորեն հանել Իրաքից:


Առաջին հայացքից Իրաքում Իրանն այնքան էլ անմիջական մասնակցություն չունի, որքան Սիրիայում, ուր, ինչպես հայտնի է, հենց իշխանություններն են հրավիրել իրանցիներին (ինչպես նաև թե՛ «Հըզբոլլահին», թե՛ մյուս շիա կամավորականներին) օգնելու ամերիկամետ ահաբեկչական խմբերի դեմ մղվող պայքարում, այդուամենայնիվ, Թեհրանը նկատելի դեր է խաղացել և այժմ էլ խաղում է, նախ և առաջ, շնորհիվ պաշտոնական Բաղդադի հետ իր բարեկամական հարաբերությունների: Բայց, այսպես կոչված, «Քրդական տարածաշրջանային կառավարության» (KRG) գոտում էլ են 2014 թ. հետո Իրանի դիրքերը զգալիորեն ուժեղացել, ինչպես որ ուժեղացել է համագործակցությունը Մասուդ Բարզանիի կլանի հետ մրցակցող քրդական կուսակցությունների հետ: Բավական է ասել, որ իրանցի «կամավորականներն» այն ժամանակ օգնեցին կասեցնելու Սուլեյմանիա և Էրբիլ խուժելու ԻՊ զինյալների փորձերը, իսկ Սուլեյմանիայում ԻՀՊԿ-ի հատուկջոկատայինները գտնվում են մինչ օրս: Պակաս կարևոր չէ նաև այն, որ տեղի շիադավան զինվորականները զինվում են, պատրաստվում և մեծ մասամբ գտնվում են իրանական կողմի հրամանատարության ներքո: Թեհրանի գնահատումների համաձայն, Թուրքիան իրեն սանձարձակ է պահում, և իրանցիները դրանում մեղադրում են հենց ԱՄՆ-ին՝ Թուրքիան համարելով Վաշինգտոնի «պատվիրած ծրագիրն» իրականացնող: Իսկ փորձագետները համարում են, որ Մոսուլում Իրանի և Թուրքիայի անտեսանելի պայքարի նպատակն այն է, որ Անկարան ուզում է հարևան երկրում ստեղծել «ռազմական հենագոտի», այնպիսին, ինչպիսին ստեղծվեց Սիրիայի հյուսիսում՝ «Եփրատի վահան» գործողության հետևանքով, իսկ Թեհրանը՝ միջանցք բացել դեպի Սիրիա և «մաքրել» Իրան-Իրաք-Սիրիա ապագա գազամուղի տարածքը: Թուրքերը, իրոք, բավական բացահայտ ու լկտի են գործում. բայց եթե Սիրիայում Անկարայի պատերազմը, որը մղվում էր հենց սիրիացի քրդերի, ոչ թե ԻՊ-ի դեմ, առանձնակի առարկություն առաջ չէր բերում ո՛չ Իրանում (և հասկանալի է, թե ինչու), ո՛չ Ռուսաստանում և ո՛չ էլ Սիրիայում, ապա Իրաքում իրավիճակը սկզբում ավելի բարդ էր, նաև Բարզանիի կլանի ցայտուն թուրքամետ դիրքորոշման պատճառով: Թուրքիան նույնիսկ հայտարարել էր, թե պատրաստ է միայնակ վերցնելու Մոսուլը, և Էրդողանը նշել էր գրոհի օրը՝ հոկտեմբերի 19-ը, դատապարտելով նրանց, ովքեր հանդես էին գալիս այդ գործողությանը Թուրքիայի մասնակցության դեմ: Ավելին, նա կուլ է տվել խայծը և արդեն պաշտոնաթող Ահմեդ Դավութօղլուից պակաս չի ճամարտակում, թե «այդ ամենը եղել է թուրքական»՝ Հալեպն էլ, Կիպրոսն էլ, Էգեյան ծովի կղզիներն էլ, Սոֆիան, Մոսուլն էլ և այլն, և այլն:


ՈՒշագրավ է Հայդեր ալ-Աբադիի ոչ այնքան հետևողական դիրքորոշումը: Սկզբում, այն մեղադրանքներից հետո, թե շիադավան կամավորականները Ֆալլուջան (Սիրիայի սահմանի կողմում գտնվող մեկ այլ ռազմավարական կարևոր քաղաք) ազատագրելիս հարձակվել են տեղաբնակ սուննիադավանների վրա, Իրաքի վարչապետը հայտարարել է, որ շիա մարտիկները չեն մասնակցի Մոսուլի գրոհին, սակայն հիմա նա ինքն է պնդել, որ շիա աշխարհազորայինները անպայման մասնակցելու են Մոսուլի ազատագրմանը: Հավանաբար, ինչպես նշել է «National Interest»-ը, դա արդյունք է Իրանի ճնշման, որը ազդեցություն է գործում իր դրածոների միջոցով և ուզում է Մոսուլում գցել դեպի Սիրիա ցամաքային միջանցքի հիմքերը: Այսպիսով, Հյուսիսային Իրաքում հնարավոր թուրքական հենագոտին (պայմանականորեն անվանենք «Եփրատի վահան-2»), Հյուսիսային Սիրիայում արդեն ստեղծված հենագոտու հետ մեկտեղ հետագայում Անկարան կարող է օգտագործել հերթական նոր կեղծ պետության հռչակման համար՝ ձախողված ու ոչնչացվող «խալիֆայությունների» փոխարեն, լինի դա ԻՊ-ը, թե «Ջեբհաթ Ֆաթ աշ-Շամը (նախկին «Ջեբհաթ ան-Նուսրան»): Թուրքերի ցանկությունն այն էր, որ հենց Արևելյան Հալեպը հետագայում դառնա այնպիսի կեղծ պետության «մայրաքաղաք», որտեղ լինեն նաև իրաքյան նավթի ու գազի անչափ հարուստ պաշարները, այսինքն, հենց Մոսուլն ու նրա մերձակայքը: Իսկ Իրանը հանդես է գալիս թե՛ Իրաքի, թե՛ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, բայց այն նկատառումով, որ երկու երկրներն էլ համաձայնեն Իրանի առաջատար դերին ու ազդեցությանը և դառնան դեպի Միջերկրական ծովի առափնյա գոտի իրանական ածխաջրածինների տարանցման միջանցքներ: Իսկ անուղղակի խնդիրն է դուրս մղել ոչ միայն Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի, այլև ԱՄՆ-ի շահերը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովը չի բացառում արմատական հանգուցալուծումը. «Մոսուլի շրջանում Իրանի և Թուրքիայի անմիջական բախման հավանականությունը շատ մեծ է: Նրանք իրենց արբանյակների միջոցով ձգտում են վերահսկողության տակ առնել ռազմավարական առումով կարևոր այդ կետը: Այնտեղ կան նավթի համաշխարհային նշանակության խոշորագույն պաշարներ՝ ինչպես Քիրկուկում, այնպես էլ Մոսուլում»: Իսկ դրա համար չէ՞, որ ԻՊ-ի զինյալները, իբր Մոսուլից «պայմանավորված միջանցքներով» նահանջի պատրվակով, վերջերս խուժեցին հենց Քիրկուկ. չէ՞ որ այդ կերպ ասես նախադրյալ էր ստեղծվում, որ վաղը մյուս օրը Թուրքիան հիմքեր ունենա խոսելու Քիրկուկում «գործողություն» իրականացնելու անհրաժեշտության մասին: Բայց Քիրկուկում քրդերն ու, որոշ տեղեկություններով, շիաներն արդեն դուրս են շպրտել իսլամիստներին: Պլանը վերստին ձախողվե՞լ է...


Այսպես թե այնպես, առայժմ չի ձախողվել ԱՄՆ-ի և Թուրքիայի հիմնական պլանը` «Մոսուլի գործողության» քողի ներքո ԻՊ-ի որոշակի քանակությամբ զինյալներ նետել Սիրիա և նոր մարտեր մղել Կամիշլիի, Հասեկեի և, իհարկե, Հալեպի համար: ՈՒշադրությամբ նայելով տարածաշրջանի քարտեզին և իմանալով, որ առայժմ ամուր են ահաբեկիչների դիրքերը Ռաքքայում ու Իդլեբում, հասկանում ես, որ Հյուսիսային Իրաքի և Հյուսիսային Սիրիայի տարածքներում թուրքամետ կեղծ պետության ստեղծման պլանը այնքան էլ անիրագործելի չէ: Բայց չէ՞ որ Իրանն էլ ձեռքերը ծալած չի նստել: Հոկտեմբերի 18-ին Թեհրանը հայտարարեց, թե Եվրամիությունն սկսել է խորհրդակցություններ անցկացնել Իրանի հետ՝ Սիրիայի հարցով, և, որպես արդյունք, անմիջապես Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի մի շարք առաջատար լրատվամիջոցներ տպագրեցին հոդվածներ՝ խոստովանելով, թե Սիրիայի հարցում Արևմուտքի համար բավարար չէր բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, հարկավոր էր նաև համոզել Իրանին: Նույն օրը Իրանի դատական իշխանության ղեկավար այաթոլլահ Սադեկ Լարիջանի Ամոլին քննադատեց ԱՄՆ-ին՝ Թեհրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը չկատարելու համար, և հատկապես ընդգծեց, որ Սպիտակ տունն արել է հենց այն, ինչ «բանակցողների» իրանական թիմը սխալմամբ բացատրում էր որպես «քիչ հավանական սցենար»: Ակնարկն ավելի քան թափանցիկ է, հաշվի առնելով, որ 2017-ին Իրանում հերթական նախագահական ընտրություններն են և որ Վիեննայի համաձայնագրերում կա մի կետ, որի համաձայն, Արևմուտքի կողմից պարտավորությունների խախտման դեպքում Թեհրանն իրեն իրավունք է վերապահում դուրս գալու պայմանագրից: Վերջապես, հոկտեմբերի 18-ին Իրանի ԱԳՆ-ն հավանություն տվեց Մոսուլի ազատագրման սկսված գործողությանը և «աջակցություն հայտնեց Իրաքի կառավարությանը ահաբեկչության դեմ մղվող պայքարում»: Հաջորդ օրը Իրանի կառավարության ներկայացուցիչ Մոհամմադ Բաքիր Նոբահթը «համենայն դեպս» կտրականապես հերքեց Մոսուլի ազատագրման գործողության և «առհասարակ Իրաքում» Իրանի ռազմական մասնակցության մասին հաղորդագրությունները:


Այնուհետև Թեհրանը թուլացրեց լարվածությունը Անկարայի հետ «մենամարտում»: Հոկտեմբերի 20-ին, «Իրաքում կրոնական դիվանագիտության վրա Իրանի ազդեցության» մասին Թուրքիայի փոխվարչապետ Նումեն Քուրթուլմուշի մեղադրանքներից անմիջապես հետո Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին խիստ դատապարտեց Թուրքիային. «Իրանի կրոնական քաղաքականությունը բխում է իսլամական ազնիվ ու մարդասիրական արժեքներից և ուսմունքներից, որոնցում գերագույն առաջնությունը տրվում է հարևան, հատկապես մուսուլմանական երկրներում անվտանգության ու կայունության պահպանմանը: Իրանի հոգևոր ազդեցությունը ծագել է բարի կամքից և ուղեկցվում է հարևան երկրների անկախության ու տարածքային ամբողջականության պահպանմամբ, ընդ որում՝ որոշ դիտորդների համար դժվար չէ հասկանալ սա»։ Կասեմին ընդգծեց, որ տարածաշրջանի բոլոր երկրները պարտավոր են ամեն ինչ անել լարվածության և հակամարտությունների վերացման համար՝ «հիմք ընդունելով տարածաշրջանի առանձնահատկություններն ու տիրող իրավիճակը և հարգելով հարևանների տարածքային ամբողջականությունը»։ Եվ սա արդեն ակնարկ չէ, այլ ամենաիսկական «չափալախ» Թուրքիային, հաշվի առնելով, որ նրա օկուպացիոն զորքերը գտնվում են Իրաքում և Սիրիայում։ Արդեն հոկտեմբերի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետական կարգերի պետական նպատակահարմարության վեհաժողովի քարտուղար գեներալ Մոհսեն Ռեզային ասաց, թե Մոսուլի ազատագրումը կնշանակի ԻՊ-ի ահաբեկիչների լիակատար ջախջախում և պարտություն կդառնա նրանց ամերիկացի և սաուդցի հովանավորների համար։ Նա առանձնապես ընդգծեց, որ «ամերիկացիներին հնարավորություն չի տրվի վճռորոշ դեր խաղալու Մոսուլի ազատագրման գործում»։ Նույն օրն իսկ տեղի ունեցան անչափ հետաքրքիր իրանա-իրաքյան շփումներ, և հասկանալի է, թե ինչ հարցերի շուրջ. 1) Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենիի խորհրդական Ալի Աքբար Վելայեթիի բանակցությունները (Բաղդադում) Իրաքի նախագահ Ֆաուդ Մասումի հետ, 2) բանակցություններ Իրաքի գերագույն իսլամական խորհրդի նախագահ Ամմար ալ-Հաքիմի հետ, 3) բանակցություններ վարչապետ Հայդեր ալ-Աբադիի հետ, որոնց ընթացքում Իրաքի վարչապետն առանձնահատուկ ընդգծեց, որ «առաջին անգամ է, երբ բանակային զորքերը, քրդական փեշմերգայի ուժերը, շիա աշխարհազորը, ինչպես նաև սուննի ցեղերի կամավորականները կողք կողքի կռվում են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ»։ Ինչը և պահանջվում էր ապացուցել։


Իսկ հոկտեմբերի 25-ին՝ արտակարգ իրավիճակ. Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բ. Կասեմին Թուրքիային մեղադրեց «առանց Բաղդադի կառավարության թույլտվության, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Իրաքի տարածքի ինքնիշխանությունը խախտելու» մեջ։ «Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Իրանի վերաբերմունքը բյուրեղյա մաքրություն ունի, և Իրանը պարզորոշ հասկացրել է, որ Մոսուլը Իրաքի անբաժանելի ու կարևոր մասն է։ Ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու Իրաքում որևէ պատրվակով, առանց Իրաքի կառավարության թույլտվության»,- եզրափակեց Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։ Նկատի ունենանք՝ սա «կարմիր քարտ» է ոչ միայն Թուրքիային, այլև ԱՄՆ-ին, եթե ուշադրության առնենք նաև գեներալ Ռեզայիի հայտարարության գնահատականներն ու այն փաստը, որ Իրաքում Ա. Ա. Վելայեթիի բանակցություններն այն նույն օրերին էին, երբ Պենտագոնի ղեկավար Է. Քարտերը ջանում էր իրաքյան շիաներին համոզել ընդունելու Թուրքիայի առաջատար դերը Մոսուլի գործողություններում և այլն։ Ալ-Աբադիից ստանալով չոր մերժում, ինչը կանխորոշված էր, Քարտերը Էրբիլում «համոզեց» Բարզանիին, և դա ընկալվեց որպես Վաշինգտոնի մեծամիտ արհամարհանք Իրաքի կենտրոնական ղեկավարության նկատմամբ։ Բայց զուր. Մոսուլի առաջիկա ճակատամարտում միայն նորաստեղծ իրաքյան բանակի շարքերում կլինի ավելի քան 40 հազար մարդ, իսկ քրդական ջոկատները մոտ 4 հազար զինյալ կունենան։ Մոսուլը գրոհող ևս 40 հազար մարտիկներ էլ կլինեն շիա կամավորականները, այնուամենայնիվ, պետք է ենթադրել, իրանական «խորհրդականները»։

Իսկ չէ՞ որ, ինչպես վկայում էին 2014 թ. տարբեր աղբյուրների հաղորդագրությունները, մի ժամանակ ահաբեկիչների մոտ որպես «խորհրդական» էր հանդես գալիս ոչ այլ ոք, եթե ոչ Իրանի ԻՀՊԿ-ի «Կոդս» հատուկ նշանակության զորախմբի գլխավոր հրամանատար, լեգենդար գեներալ Քասեմ Սոլեյմանին։ Թե ում հետ է նպատակահարմար քննարկել թեկուզ և միայն Մոսուլին առնչվող ռազմական պլանները՝ հասկանալի է, բայց ԱՄՆ-ը չի դադարեցնում ո՛չ «քրդերի հետ խաղերը», ո՛չ Թուրքիայի պլանների ու շահերի հանդեպ թողտվությունը։ Բայց եթե Իրանը նախադրյալներ է ստեղծել այն բանի համար, որ ԱՄՆ-ը վճռորոշ դեր չունենա Մոսուլի ազատագրման գործում, ապա հասկանալի է դառնում, որ Թեհրանը Թուրքիային էլ գործողությունների ազատություն չի տա։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ