Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քաղաքական դաշտում փնտրվում են «հեղինակություններ»

Քաղաքական դաշտում փնտրվում են «հեղինակություններ»
04.11.2016 | 00:26

Ի սկզբանե պարզ էր, որ 2017 թ. խորհրդարանական ընտրությունների մոտենալուն պես հայաստանյան քաղաքական դաշտը պետք է ակտիվանա, և ակտիվության հիմնական վեկտորը զուտ քաղաքական հայտերից, նոր կուսակցությունների ձևավորման գործընթացից պետք է անցնի շատ կոնկրետ ֆորմատների ձևավորմանը։ Քաղաքական դաշտը պետք է վերաձևվի, որպեսզի կարողանա որևէ ձևաչափով հանդես գալ և արդյունքի հասնել։ Այդ հստակեցումների հարցում շահագրգռված է ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը։ Ընդ որում, իշխանության խնդիրը շատ ավելի ծավալուն է։

Այն ոչ միայն մտածում է, թե ինչպես լուծի իր հարցերը՝ ինչ ձևաչափերով հանդես գա, ինչ անվանումներով, ռազմավարությամբ ու քաղաքական տեխնոլոգիաներով, որ անհրաժեշտ արդյունքն ապահովի և որակյալ մեծամասնություն ունենա ապագա խորհրդարանում, այլև նույն իշխանությունը շատ մեծ խնդիր ունի ապահովելու իր համար հնարավորինս հարմարավետ ընդդիմադիր դաշտ։ Առավել ևս ընթացիկ տարվա բավականին բուռն քաղաքական գործընթացներից հետո, որոնք պայմանավորված էին ապրիլյան պատերազմով, ինչի արդյունքում սրվեց նաև ներքաղաքական իրավիճակը, քանի որ այդ իրադարձությունները բացեցին հասարակության աչքերը։ Նշվածի դրսևորումներից մեկը դարձավ նաև հուլիսյան զինված ապստամբությունը, ինչն իշխանությանը ստիպեց, որ արագացնի բարեփոխումները, որոնց մասին իր ելույթում նշել էր երկրի ղեկավարն իր փետրվարյան թեզիսներում։ Ասել է՝ նշված բոլոր պրոցեսները դարձան կատալիզատորներ։ Այսպիսով՝ իշխանությունը, ընդդիմությունից ոչ պակաս, շահագրգիռ է, որ լինի այնպիսի ընդդիմադիր դաշտ, որը, ըստ էության, կարողանա կատալիզացնել երկրի բողոքական զանգվածը, կառավարելի դարձնել հանրության այդ հատվածը և թույլ չտա, որ այն ռադիկալացվի։


Իրավիճակը, պատկերավոր ասած, շատ նման է այն բանին, երբ քրեակատարողական հիմնարկներում հենց իրավապահ համակարգն է շահագրգռված, որ կարգուկանոն պահպանելու համար լինեն «հեղինակություններ»։ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործունյա, հեղինակավոր ընդդիմության բացակայության պայմաններում բողոքական ընտրազանգվածը մնացել է անտեր և գնում է արմատական կոչեր անող ցանկացած գործչի կամ քաղաքական ուժի հետևից։ Նույն «Սասնա ծռերի» նախադեպը դրա վառ օրինակն է։ Անտեր ընտրազանգվածը գնում է ցանկացած ուժի հետևից՝ նույնիսկ չճանաչելով այդ ուժը։ ՈՒստի իշխանությունը, ոչ պակաս, քան ընդդիմությունը, շահագրգիռ է ձևավորելու այնպիսի մի ընդդիմադիր դաշտ, որը վտանգավոր պրոցեսներում տիրություն կանի ոչիշխանական հայացքներ ունեցող ընտրազանգվածին և զերծ կպահի արմատականացումից։


Այս առումով քաղաքական դաշտում ընթացող վերադասավորումներում ուշագրավ է Գագիկ Ծառուկյանի վերադարձի թեմայի ակտիվացումը։ Իսկ այդ թեման սկսվեց վերջինիս տան մոտ բեմականացված տեսարանով՝ աշխատավորների թախանձագին խնդրանքով՝ վերադառնալ քաղաքականություն։ Այս պրոցեսի արդյունքում Գագիկ Ծառուկյանը, չբացառելով իր վերադարձը, ասում է, որ եթե իրեն շատ խնդրեն, և եթե կարկառուն գործիչները չկարողանան հարցերը լուծել, ապա ինքը կվերադառնա։ Առաջին հայացքից թվում է, թե ԲՀԿ նախկին ղեկավարը նկատի ունի ժողովրդական զանգվածները, սակայն ըստ էության Ծառուկյանն ակնարկում է իշխանություններին։ Գագիկ Ծառուկյանն իշխանություններին ենթատեքստում նաև ասում է, որ ինքն այլևս հեղափոխական գործընթացներով չի զբաղվելու և ընդդիմադիր զանգվածը զերծ է պահելու ցանկացած ուժային գործողությունից, քանի որ ինչպես ինքն է նշում՝ հեղափոխությունն արյուն է, իսկ ինքը՝ որպես ժողովրդական մարդ, հայի արյանը դեմ է։ Այսպիսով՝ Ծառուկյանն իշխանություններին ակնարկում է, որ իր վերադարձով լինելու են փոխհամաձայնեցված ընդդիմադիր գործողություններ, հասկացնելով նաև, որ առանց իրեն իշխանությունների համար ավելի վտանգավոր է, քան իր հետ։ Իհարկե, մյուս կողմից, դժվար թե Ծառուկյանի հռետորաբանությունը, մասնավորապես, բոլորին մեծահոգաբար ներելու արտահայտությունները, դուր գա շատ հանրապետականների։

Թե ում է պատրաստվում ներելու Ծառուկյանը, դժվար չէ կռահել. ամենայն հավանականությամբ՝ նրանց, ովքեր ժամանակին կոնկրետ որակումներ էին տալիս իրեն։ Ավելին, Ծառուկյանը նշեց նաև, որ պատժելու խնդիր չի լինելու։ ՈՒ պատահական չէ, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բավականին կոշտ պատասխանեց՝ կոչ անելով կոռեկտություն պահպանել և բառապաշարից հանել ներել-ներվելու վերաբերյալ արտահայտությունները։ Այս առումով, եթե անգամ Ծառուկյանը վերադառնա, ապա նրա վրա դրվելու է անտեր մնացած ընտրազանգվածը վերահսկողության տակ պահելու գործառույթը։ Ընդ որում՝ այդ ընտրազանգվածը, ելնելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից, տարեցտարի օբյեկտիվորեն ավելանում է։


Ի՞նչ է անում այս պայմաններում իշխանությունը։ Մի կողմից՝ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելով՝ հույսեր է ներշնչում քիչ թե շատ գրագետ հանրությանը։ Իսկ լյումպենացված հատվածը միշտ տիրոջ փնտրտուքների մեջ է, որին հերթական անգամ կսկսի հավատալ, նրա հետ հույսեր կապել։
Ծառուկյանի ելույթների ուղերձներն իշխանությունների հետ փոխհամաձայնեցված գործելու ենթատեքստ ունեն։ Ի դեպ, Ծառուկյանի վերադարձով, շատ հնարավոր է, իշխանությունները զսպում են նաև որոշ նեղացած ՀՀԿ-ականների։ Չի բացառվում, որ Ծառուկյանի վերադարձով հետաքրքրված են աշխարհաքաղաքական որոշ կենտրոններ, մասնավորապես, Ռուսաստանը, որն իշխանության մեջ ռուսական երկրորդ բևեռում գործող առաջնորդի պակաս զգում էր։ Գուցե նաև փորձ արվի վերականգնելու այն ստատուս քվոն, որ կար մինչև 2015 թ. փետրվարի 12-ը, սակայն առանց արմատական հեղափոխական գործողությունների։ ՈՒ գուցե ռուսական կողմը դեմ չի լինի, որ Ծառուկյանը լինի այն օղակը, որ իրար կկապի ռուսական կողմնորոշում ունեցող որոշ ուժեր՝ ԲՀԿ, Վարդան Օսկանյանի «Համախմբումը», գուցե Տիգրան ՈՒրիխանյանի «Ալյանսը», որոնք մեկ ցուցակով կմասնակցեն ԱԺ առաջիկա ընտրություններին։ Դեռևս շատ վաղ է խոսել Վիկտոր Դալլաքյանի նախագծի մասին, որը շատերն անվանում էին ռուսական պրոյեկտ, բայց որը սկանդալով մեկնարկելով՝ կարծես հիմա անորոշության մեջ է:


Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա վերջինս առայժմ փորձում է իրեն, ինչպես ասում են, թանկացնել, ԲՀԿ-ի հետ նախկին համագործակցությունը, Լևոն Զուրաբյանի գնահատմամբ, անվանելով չհաջողված փորձ: Թեև ժամանակին այս ուժը դեմ է գնացել իր շատ ավելի մեծ սկզբունքների, երբ համագործակցելով Ծառուկյանի հետ՝ բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն էր նախաձեռնել՝ մոռանալով մարտի 1-ին նույն Ծառուկյանի ունեցած դերակատարումը։ Չի բացառվում, որ համապատասխան երաշխիքների և ֆինանսական հոսքերի դեպքում ՀԱԿ-ը համաձայնի համագործակցության, մանավանդ որ այս քաղաքական ուժն այսօր այն վիճակում չէ, որ շատ մեծ պահանջներ դնի։ Այստեղից են բխում ՀԱԿ-ի վերջին տարիների իրարամերժ գործողությունները: Ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանի դեֆոլտի մասին հայտնի հայտարարությունը թվում էր՝ բավականին մեծ հարված էր իշխանությանը, մանավանդ որ այդ հայտարարությունը հնչեց, երբ նախագահը Նյու Յորքում մասնակցում էր ներդրումային համաժողովի և ամեն ինչ անում էր ներդրումներ ներգրավելու համար։

Ամենայն հավանականությամբ, իշխանությունները հասկացան, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՀԱԿ-ին որոշակի երաշխիքներ պետք է տան, ու կարծես թե այդ երաշխիքները տրվել են, քանի որ վերջին շրջանում ՀԱԿ-ում ամեն ինչ հանգիստ է։ Ավելին, Ընտրական օրենսգրքի շուրջ վերջնական համաձայնությունների եկան իշխանությունների հետ։ Եվ այսօր ՀԱԿ-ը համարում է, որ նոր Ընտրական օրենսգիրքը ժողովրդավարության հաղթանակ է։
Այսպիսով՝ չի բացառվում, որ իշխանությունները, Ծառուկյանին և նրա հետ փոխկապակցված մի քանի ուժերի ասպարեզ տրամադրելով, մի կողմից՝ վերահսկելի կդարձնեն անտեր մնացած ընտրազանգվածը, մյուս կողմից՝ կբավարարեն Ռուսաստանի որոշ շրջանակների նկրտումները՝ ընդդիմադիր ապրանքային նշանի տակ Հայաստանում ունենալ երկրորդ բևեռը։ Այս պրոցեսը կարծես թե սկսել է ուրվագծվել։ Եվ Ծառուկյանի վերադարձը կարող է միայն տեխնիկական խնդիր լինել։


Նախընտրական Հայաստանում մեկնարկել է համագումարների շրջանը։ Հատկանշական է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որը միտված էր նոր վարչություն ընտրելուն, քանի որ տեղական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո գործող վարչությունը վայր էր դրել իր լիազորությունները։ Հետաքրքիր էին «Քաղպայմանագրի» համագումարին հրավիրված անձանց ցանկն ու նրանց ելույթները։ Ներկա էին Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից, ՀՀՇ-ից Ալեքսան Արզումանյանը, Պետրոս Մակեյանը և ուրիշներ։ Ըստ էության, բոլոր ելույթների առանցքն այն էր, որ իրական ընդդիմությունը պետք է համախմբվի և հանդես գա որպես մեկ բռունցք, ստեղծի գաղափարական միավորում։ Իսկ գաղափարական միավորում ստեղծելը նշանակում է՝ ա) իրենք ոչ թե ձեռնասուն, այլ իրական ընդդիմություն են և ռեալ իշխանափոխություն են ցանկանում, բ) այս ուժերին միավորում է աշխարհաքաղաքական ընդհանրությունը, տվյալ դեպքում նրանք ավելի շատ արևմտամետ ընդդիմություն են, թեև Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն շատերի, երբեք հստակ չի ընդգծում իր արտաքին քաղաքական կողմնորոշման վեկտորը։ Կարելի է ենթադրել, որ այս ուժերը սկսելու են բանակցություններ՝ խորհրդարանական ընտրություններում մեկ ցուցակով հանդես գալու շուրջ։

Կլինի դա դաշինքի, թե մեկ կուսակցության տեսքով, քննարկվելիք հարց է։ Այս դաշինքն ավելի շատ ասոցացվում է արևմտամետ ուժի հետ, իսկ իշխանությունների տրամաբանությունից է բխում խորհրդարանում արևմտամետ և ռուսամետ ուժերի բալանսը պահելը։
Սա ընդդիմադիր համարվող արևմտամետ միակ դաշինքը չէ։ Ակնհայտորեն նշմարվում է «Ազատ դեմոկրատների» հովանու ներքո հանդես եկող ևս մեկ ուժ, որում կարող է ներգրավված լինել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, չեն բացառվում «Ժառանգություն»-ից մեկ-երկու հոգի՝ Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, դեմքեր, որոնք ավելի ճանաչելի կդարձնեն այդ դաշինքը։


Առաջիկա 1-2 ամիսներին զգալիորեն կակտիվանան քաղաքական բոլոր գործընթացները, քաղաքական կյանքն ավելի կաշխուժանա։ Իսկ նորանշանակ կառավարությունը, առայժմ ունենալով վստահության որոշակի պաշար, կա՛մ կոնկրետ գործողություններով կամրապնդի իր վստահությունը, կա՛մ աստիճանաբար կվերածվի ինտելեկտուալների, բայց «լուզերների» կառավարության՝ ինչպես Տիգրան Սարգսյանի կառավարության դեպքում էր։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ