Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Իրական ընդդիմությունը չի կարող փող ունենալ»

«Իրական ընդդիմությունը  չի կարող փող ունենալ»
04.11.2016 | 00:33

Նախընտրական իրարանցումը սկսված է։ Իշխանությունն իր չափով, ընդդիմությունը՝ իր, պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ Եթե իշխանության հույսը պետական լծակներն են ու փողը, ընդդիմության ուժը միավորման մեջ է։ Վերջիններս դեռ չեն շտապում համագործակցության ձևաչափի վերաբերյալ հայտարարություններ անել, սակայն դա չի նշանակում, որ խմորումներ չկան։ ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցեց հնարավոր միավորումների, ինչպես նաև տնտեսական խնդիրների շուրջ։

«ԴՐՍԻ «ՊԱՊԱՅՈՎ» ԵՐԿԻՐ ՉԵՆ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ»


-Այս պահին ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ի՞նչ հնարավոր սցենարներ եք կանխատեսում։
-ՏԻՄ ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ընդդիմությունը նախապատրաստական աշխատանքների մեջ է։ Քաղաքական իմ կանխազգացումը հուշում է, որ էական փոփոխություններ են լինելու։ Նախ՝ այն պարզ պատճառով, որ տնտեսական դաշտում հայտնվել է նոր դեմք՝ Կարեն Կարապետյանը, որն իրական քաղաքականություն կարող է վարել, այսինքն՝ անել քայլեր, որոնք կարող են մարդկանց գիտակցության վրա ազդել։ Վարչապետի հետ կապված հույսերը, հնարավոր է, որ բավականին հետաքրքիր արդյունք տան։ Եթե վարչապետն այս քաղաքականությունը քայլ առ քայլ տանելու, հետևողական վարելու առումով կաշկանդված է լինելու, նրա հեղինակությունը շատ արագ կընկնի, իսկ ժողովուրդը կրկին հուսախաբ կլինի։ Աշխարհաքաղաքական ներկայիս գործընթացներում հստակ երևում է, որ Հայաստանում ձևավորվում է Արևմուտք-Ռուսաստան հակամարտություն, այլ խոսքով, այդ հոսանքներին հարող ուժերի բևեռացում։ Արդեն նշմարվում են այն ուժերը, որոնք թաքուն ու բացահայտ արևմտյան քաղաքականության իբր կրողն են, որոնք հայտարարում են, թե Հայաստանից Ռուսաստանը պետք է «գնա»։ Սա նետված ձեռնոց է։ Եթե ազգային շահեր պաշտպանող են իրենց համարում, նրանց չպետք է հետաքրքրի, թե գերտերություններն ինչպիսի հարաբերությունների մեջ են։ Պետք է առաջին հերթին մեր երկրի ապագայի համար հստակ ծրագրեր մշակվեն, որպեսզի կախվածությունն արտաքին վեկտորից լինի նվազագույն։ Ընկերություն արեք ոչ թե այն բանի համար, որ այդ երկիրը ձեզ դառնա հովանավոր կամ «պապա», այլ որպես գործընկեր իրար լրացնեք։ Օրինակ, Իսրայելը համագործակցում է նրանց հետ, ում անհրաժեշտ է համարում։ Կարող է իրեն թույլ տալ ԱՄՆ-ի հետ որոշ հարցերում իր հարաբերությունները սառեցնել, կարող է Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնել։
-Նախ՝ Իսրայելի պես կենսունակ երկիր պետք է լինել։ Հայաստանը բավականին հեռու է այդ «կարգավիճակից»։
-Հենց դրանով էլ պետք է զբաղվել, որպեսզի մենք ինքներս մեր երկիրը դարձնենք կենսունակ, ոչ թե մտածենք, թե «պապայով» դա լինի։
-Նախընտրական շրջանում Հայաստանում ստեղծվում են արևմտամետների և ռուսամետների բևեռներ, որոնք համապատասխանաբար սեփական «խաղերի» շրջանակն ունեն։ Կա՞ մի բանաձև, որով քաղաքական ուժերը միայն հայկական շահերի սպասարկողներ կարող են լինել։
-Մեր կուսակցությունը բացահայտ ասում է իր քաղաքական գծի մասին։ Մենք ձևակերպված նշում ենք, թե մեր պետության շահերից ինչն է բխում։ Եթե այդ արևմտամետները ևս այս դիրքից ներկայանան, կլինի ծրագրերի բախում, ու հանրությունը ընտրություն կարող է անել։ Հեշտ չէ մարդկանցից թաքցնել իրական դեմքը, հատկապես երբ գրանտներով եք ապրում կամ ֆինանսավորվում եք համապատասխան կենտրոններից։ Այս պահին, այո, արևմտամետների միավորումներ են լինում, որոնք չունեն պետության զարգացման սեփական մոտեցումը, առաջնորդվում են մեկ հստակ ծրագրով՝ Ռուսաստանի դեմ քաղաքականությամբ։ Սա աննորմալություն է։
-Սակայն կա նաև տեսակետ, որ այդ ուժերը իշխանության վերահսկողության տակ են, նրա ցուցումով են այս կամ այն միավորումներն ստեղծում։ Ռուսական բևեռը ևս այս կանոններին է ենթարկվում։
-Շատ ավելի վատ, եթե չունեն սեփական օրակարգը ու դրան զուգահեռ իշխանության ջրաղացին ջուր են լցնում։
-Այս հանգամանքը հաշվի առնելով, Ձեզ համար արդեն մտահոգիչ չէ՞ հաջորդ խորհրդարանի պատկերը։
-Իհարկե, այսօրվա խորհրդարանն էլ է մտահոգում, վաղվանը՝ առավել ևս։ Թեկուզ մի պատճառով. եթե խորանանք նոր ԸՕ-ի մեջ, կխճճվենք, կարծես ջունգլի լինի։ Այնպիսի բաներ են գրված, որ հնարավորինս բարդացնում են կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին։ Այսօր ո՞ր դարն է, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար 21-22 հազար դոլար գրավ դնի։ Սա ի՞նչ աննորմալ երևույթ է։
-Դա իրական ընդդիմությանը հետ մղելու գործի՞ք է։
-Անշուշտ, որտեղի՞ց այդքան գումար կուսակցություններին։ Ասում են, որ կուսակցությունները չպետք է հովանավորվեն, այլ կուսակցության անդամավճարներով առաջ շարժվեն։ Օրինակ, մեր կուսակցականները սովորական շարքային քաղաքացիներ են, մտավորականներ, հողի մշակներ, ծառայողներ, չկան օլիգարխներ։ Պարզ է, չէ՞, որ անհնար է անդամավճարներ հավաքել։ Ասում են՝ միավորվեք։ Իսկապես այսօր ընդդիմադիր դաշտի միավորումը հրամայական է, բայց ինչպե՞ս միավորվել։ Պետք է միավորվել նրանց հետ, որոնք կարող են միասնական ծրագիր կյանքի կոչել, այլապես ինքնանպատակ է լինելու այդ միավորումը։ Էլ ինչո՞ւ ենք գնում խորհրդարան։
-Ո՞ր ուժերն են Ձեր տեսադաշտում, ո՞ւմ հետ կցանկանայիք ճանապարհ անցնել, ո՞ւմ եք այդ շարքում բացառում։
-Բացառություններ, իհարկե, կան։ Նեոլիբերալները, որոնք օտար մշակույթ են փորձում բերել մեր երկիր, որոնք հայ ընտանիքն արժեք չեն համարում, մարդու իրավունքների մեջ խառնում են ամեն ինչ։ Եթե մարդն «ուղեղով» հիվանդ է, ոչ «ավանդական» կողմնորոշումների տեր, ինչո՞ւ պետք է ես նրա իրավունքը պաշտպանեմ, թող գնա բուժվի, չեմ էլ ցանկանում նրան ճանաչել, էլ ուր մնաց իրավունքները պաշտպանել։ Մեր արժեհամակարգն այնպիսի ընտրանի է, որ առանձնապես փոփոխության կարիք չունի։ Կան խնդիրներ, որոնք կարելի է այլ կերպ լուծել, բայց սա չի նշանակում, որ մեր արժեհամակարգը շատ վատն է և չի կարող այդ խնդիրները կարգավորել։ Ի դեպ, նաև իշխանության վարած քաղաքականությունն է բերել սրան. երբ ընտանիքը կիսվում է, ամուսինը ամիսներով ստիպված արտագնա աշխատանքի է մեկնում ու հաճախ էլ չի վերադառնում։ Նման գործոններն են նաև, որ քայքայում են հայ ընտանիքը։ Սահմանապահ գյուղերում խայտառակ վիճակ է։ Գնացեք Ամասիա, Աշոցք, տեսեք, ամեն գյուղում ընդամենը հինգ երեխա է արդեն դպրոց գնում։
-Քանի որ նշեցիք, թե նաև իշխանության քաղաքականության պատճառով են դատարկվում գյուղերը, հավելենք, որ դրան նպաստում են նաև տեղական իշխանիկների ապօրինությունները։ Մեզանում արատավոր գործելաոճ է ձևավորվել։ Ամեն մարզ, քաղաք ու գյուղ սեփական բդեշխն ունի, կարծես մի փոքր Հայաստանը հազար միավորների բաժանված լինի։ Վերջիններս իրենց այնքան արտոնյալ են համարում, որ սեփական կանոններն ու օրենքներն են սահմանում։ Ցավն էլ այն է, որ իշխանություններն ամեն անգամ աջակցում են նմանների վերարտադրմանը։ Սրա ապացույցն են վերջին ՏԻՄ ընտրությունները, մասնավորապես Գյումրու խայտառակ ընտրությունը։ Ի վերջո, մի տեղ պետք է այս թելը կտրվի, ո՞վ կարող է Հայաստանը «վերամիավորել»։
-Ձեր ասածն ունի կոնկրետ պատասխան՝ այս իշխանությունն այլևս չպետք է լինի։ Սա համակարգի խնդիր է, որն էլ ծնում է նման իրավիճակներ։ Երևանի փողոցներում էլ կարող եք հանդիպել «բեսպրեդելի»։ Համակարգն այսօր առանձնացրել է մենաշնորհներ ունեցող, հարուստ անձնավորության, որն իրավասու է անելու համարյա ամեն ինչ։ Այս պարագայում նրա գործողություններն անվերահսկելի են։ Մեկը չի հարցնում՝ փոքր տնտեսություն, շուկա ունեցող, արտահանման մեծ ծավալներ չունեցող Հայաստանում ինչպես է ստացվում, որ ոմանք շքեղ առանձնատներ, մեծ կենտրոններ են կառուցում։ Որտեղի՞ց այդ գումարները։ Եթե դրսից եկած ներդրումներ են, էլի կհասկանամ, բայց ներսում որտեղի՞ց նման գումարների շրջանառությունը։ Սա էլ այլասերում է մեր ժողովրդին։ Մարդիկ տեսնում են, որ ուժեղը նա է, ով շատ փող ունի։ Ընտրություններին գնացող ուժը պետք է մտածի, թե միլիոնավոր դոլարներ որտեղից է հավաքելու, որ գրավի, թանկ եթերաժամի համար վճարի։ Պետք է պարզ խոսել. իրական ընդդիմությունը չի կարող փող ունենալ։ Հիմա խորհրդարանում մի «պապիրոս» ծախող պատգամավոր կա, ում թվում է, թե այդ առևտրով հավաքած գումարներով կարող է կուսակցություն ստեղծել և ընտրությունների մասնակցել։ Եթե կարող էր՝ պատգամավոր դառնալու համար թող ուրիշի փեշի տակ չմտներ։ Մեզ էլ խորհուրդ էր տալիս, թե փող չունեիք, ասեիք, տայինք։ Դրա ուղեղին նայիր։
-Շարունակելով «բեսպրեդելի» թեման, Ձեր տեսակետն եմ խնդրում մի հարցի վերաբերյալ ևս։ Օրերս քաղաքի սրտում պայթեցրին առաջին տպարանի շենքը։ Դրանով գործարար աշխարհի ներկայացուցիչը արդյոք ձեռնոց չնետե՞ց նոր վարչապետին, թե՝ ասա ու արա ի՛նչ ուզում ես, մենք շարունակելու ենք այնպես, ինչպես ուզում ենք, ինչպես եղել է մինչև քո նշանակվելը։ Հետաքրքիր է, որ այդ «ձեռնոցը» վարչապետը, ըստ էության, չվերցրեց. նա խոսեց ոչ թե Երևանի սրտում նման շինությունների ավերման ու հերթական «օբյեկտի» կառուցման մասին, այլ թե ինչու նախապես չեն զգուշացվել համապատասխան օղակները։ Այդ իրավիճակին համարժե՞ք էր վարչապետի գնահատականը։
-Այս պարագայում առաջին հերթին քաղաքաշինական կոմիտեի ղեկավարին պետք է ազատեին աշխատանքից։ Կապ չունի՝ այնտեղ ով է նստած, պատասխանատուն նա է։ Եթե ԱԻՆ-ը տեղյակ էր ու կառավարությանը չէր իրազեկել, նույնպես մեղավորություն ունի։ Քաղաքապետարանը, որը թույլտվություն տվող մարմինն է, եթե այդ թույլտվությունը տվել է, ի՞նչ հիմքով, եթե չի տվել, ավելի վատ։ Այս պայթյունի հետևանքներին ևս պետք է անդրադառնալ։ Մեկը պետք է գնա, ուսումնասիրի հարևան շենքերի հիմքերն ինչ վիճակում են, ոչ մեկը չի կարող ասել, թե պայթեցումից հետո այնտեղ ինչ է կատարվել։ Իսկ ով էր ասում` պայթեցրեք, եթե անհրաժեշտությունը կար, ապամոնտաժեիք, ինչն առանձնապես բարդ խնդիր չէ։ Սա իսկապես դեմարշ էր, որ ինչպես ուզենք, կարող ենք քաղաքի սրտում, կառավարական շենքի հարևանությամբ պայթեցում անել։ Եթե սա անգամ դիտավորյալ չէ, այլ երանգ է ստանում։ Իսկ ինչո՞ւ կենտրոնի որևէ հատվածում պետք է ահռելի շենք կառուցվի։ Աշխարհի նորմալ որևէ մայրաքաղաքում չեք տեսնի կենտրոնի այսպիսի խտացում։ Չես հասկանում՝ ինչ են անում։ Ճարտարապետական անսամբլ չկա, իսկ թամանյանական Երևանն էլ ամբողջովին կործանվեց գնաց։ Ոչ Լոնդոնը, ոչ Փարիզը, ոչ էլ Հռոմն իրենց նման բան չեն թույլ տալիս։ Սկսած Երվանդ Զախարյանից, Ռոբերտ Քոչարյանից, Նարեկ Սարգսյանից այս քաղաքականությունը տարվում է, ու երբ հիմա որևէ մեկին մատնանշում ես, ասում է՝ այդ քաղաքականությունն իրենից առաջ է սկսվել։ Տասնհինգ տարի անցել է, բայց էլի ասում են՝ մեզնից առաջ էր սկսվել։ Մեկնումեկը պե՞տք է կանգ առնի։ Եթե նոր վարչապետը բռունցքը խփի սեղանին և ասի՝ վերջ, այստեղ նման շենք չեք կառուցելու, քանի որ խախտվելու է այդ հատվածի ճարտարապետական տրամաբանությունը, այս դեպքում նրա մղումներն ազնիվ կհամարվեն։ Եթե Կարեն Կարապետյանը հետևողականորեն շարունակի իր գործողությունները, բնականաբար, կարող է և սաբոտաժ լինել, կփորձեն ամեն կերպ նրան հեղինակազրկել։ Կառավարության ղեկավարը նաև հասարակության հետ պետք է սերտ աշխատի, որովհետև այսպիսի հարցերում միայն հասարակությունն է նրան պաշտպանելու։ Իշխանությունում հազարավոր մարդիկ կան, որոնց շահերը հենց այստեղ են թաղված, նրանք չեն պաշտպանելու վարչապետի գործողությունները։ Հասկանալի է, որ վարչապետը երկու քարի արանքում է։ Պետք է կողմնորոշվի, եթե իրական փոփոխությունների է ձգտում, ապա կարող է անել միայն հասարակության աջակցությամբ։

«ՊԵՏՔ Է ԽԱՂԻ ՀՍՏԱԿ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆՎԵՆ ՈՒ ՈՉ ՄԵԿԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉՓՈԽՎԵՆ»


-Նոր վարչապետը ԱԺ-ին ներկայացրեց սեփական ծրագիրը, բավականին ուշագրավ հայտարարություններ արեց։ Ըստ Ձեզ, այս ամենը տեղավորվո՞ւմ է նախընտրական տրամաբանության մեջ, թե՞ վարչապետն իսկապես մտադիր է տնտեսությունը «խելքի» բերելու։
-Չեմ կարծում, թե նա եկել է նախընտրական արշավ վարելու։ Բոլորը հասկանում են, որ երկրի վիճակը ծանր է, բյուջեն դատարկ է։ Այսպես շարունակելով՝ ՀՀԿ-ն ընտրություններում կարող է տապալվել։ Մյուս կողմից՝ այս փոփոխություններին հանգեցրին ապրիլյան պատերազմը և հուլիսյան դեպքերը, որոնք ամբողջովին ցուցանեցին մեր խնդիրները։ Սրանից հետևություններ պետք է անեին։ Սակայն հիմա էլ ոչ թե համակարգն է փոխվում, այլ որոշ զիջումների են գնում։ Կարեն Կարապետյանի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ ուզում է ինչ-որ բաներ փոխել, հակառակ պարագայում էլ ինչո՞ւ է եկել։ Այսպես ասած, երկրորդ «հայտնությունը» պարտավորեցնող է։
-Օրերս հասարակությունն անակնկալի եկավ կարմիր գծերի և արագաչափերի դեմ վարչապետի հայտարարություններից, նախագահը ևս դրա առնչությամբ խորհրդակցություն հրավիրեց։ Կարծում եք՝ իրական սպասելիքներ կարելի՞ է ունենալ այս հարցում։
-Ես չգիտեմ մեկ այլ պետություն, որը բյուջեի համար մտածող լինի, բայց տուգանքների յոթանասուն տոկոսը տա մասնավորին, երեսունը՝ պետբյուջեին։ Եթե շահութաբեր գործ է, պետությունը թող աներ ու ամբողջովին գումարները տաներ բյուջե։ Կհասկանայի, եթե հատուկ սոցիալական հիմնադրամներ ստեղծվեին, և այդ գումարները ծախսվեին խնդիրներ լուծվելու համար։ Ասում են՝ դրանով ճանապարհատրանսպորտային վթարները կպակասեն, այսինքն՝ մտածում են ժողովրդի անվտանգության մասին, ուրեմն դա ի՞նչ կապ ունի բիզնեսի հետ, ինչո՞ւ եք արտոնություններ տվել։ Ի՞նչ է նշանակում քաղաքում կարմիր գծեր քաշել, ասել՝ էս ծառն իմն է, էս սարն իմն է։ Այլ զարգացած քաղաքներում էլ մտածում են կենտրոնը բեռնաթափելու մասին, բայց դա բիզնես չէ, և այդ երկրների բյուջե են մուտք գործում բոլոր տուգանքների գումարները։ Պետք է լինի հստակ գումար Փոքր կենտրոնում կայանելու համար, ոչ թե կարմիր գծեր։ Այստեղ գալիս է մյուս կարևոր հարցը՝ կայանատեղեր պետք է լինեն։ Եթե դուք պարտավորություններ չունեք վարորդի առաջ, միայն վարորդի՞ց եք պահանջում։ Նույն տրամաբանությունն էլ արագաչափերի դեպքում է գործում։ Եթե վարչապետն այս հարցերը կարողանա լուծել, հանրությունը կհասկանա, որ նա ինքնուրույն քայլեր է անում։ Եթե նախկին կառավարությունները, օրինակ, ցանկանային լուծել այդ խնդիրը, կլուծեին, չէին սպասի Կարեն Կարապետյանին։
-Վարչապետը նաև խոսում է ուռճացած պետական համակարգից, կրճատում է ՊՈԱԿ-ները և ԾԻԳ-երը։ Ըստ Ձեզ, անհրաժե՞շտ են նման քայլերը։
-Կրճատումները, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ են, բայց այս պահին կզգուշանայի ես։ Վերին օղակների կրճատման հետ կապված ես խնդիր չեմ տեսնում, բայց շարքային ծառայողներին կրճատելիս պետք է մտածել՝ իսկ ո՞ւր են նրանց տեղափոխում։ Չէ՞ որ նրանք այդ աշխատավարձով են ապրում, ընտանիք պահում։ Հարցին այսպես պետք է մոտենալ։ Կրճատումներն անհրաժեշտ են, բայց չեն տալու այն արդյունքը, ինչ կտա ստվերի կրճատումը։ Ստվերը եթե իրենց գնահատմամբ հիսուն տոկոս է, ապա մեր հաշվարկներով` մինչև յոթանասուն տոկոս է։ Խոշոր բիզնեսը հարկերի տասը տոկոսն էլ չի մուծում, մենաշնորհ ունենալով էլ լափում են հարկերը, եթե այս ամենը փոխվի, անհամեմատ մեծ գումարներ կմտնեն բյուջե, քան աշխատողների կրճատումներից։ Այսօր հարց է՝ նոր վարչապետը դեռ ինչքա՞ն ժամանակ կարող է օլիգարխի ու մենաշնորհատերի համապատասխան տեղը տրորել։ Եթե չունենա պատնեշներ, նրա քայլերն արդյունք կտան։ Բայց կարծում եմ, այդուհանդերձ, այդ սահմանափակումներն ունենալու է։ Եթե առաջին երկու-երեք ամսվա ընթացքում չարեց իրական քայլեր, հետո էլ չի կարողանալու անել։ Սա ասում եմ՝ լավ իմանալով կառավարման փորձը։ Պետք է խաղի հստակ կանոններ սահմանվեն ու ոչ մեկի պարագայում չփոխվեն։
-Ձեր կուսակցությունը ինչպես նախորդ վարչապետերին, Կարեն Կարապետյանին էլ առաջարկներ է ներկայացրել։ Եթե գաղտնիք չէ, կբարձրաձայնե՞ք դրանց մասին։
-Մենք միակն ենք, որ ոչ միայն քննադատում ենք, այլև ուղիներ ենք նախանշում։ Մեր առաջին առաջարկը վերաբերում է գույքագրմանը, այսինքն՝ տեսնենք հանրապետությունում ինչ է մնացել, որ իմանանք՝ ինչ կարող ենք անել։ Սրա հիման վրա պետք է տրվի քաղաքական գնահատական, թե ինչքան յուրացումներ են եղել։ Հակառակ պարագայում այս կառավարությունն էլ կշարունակի նույն բանը, ինչ նախորդները։ Այս պարագայում Կարեն Կարապետյանը դուրս կգա այդ պատասխանատվության տակից՝ հստակ մատնանշելով, թե ինչ է մնացել երկրում։ Հասարակությունը երբ հստակ իմանա, թե ինչ վիճակ է երկրում, վարչապետից կպահանջի հստակ գնահատականներ։ Հաջորդ առաջարկը. ընդհանրապես ռազմավարական ծրագիր չունենալը նոնսենս է։ Իսկ դրա համար նախ պլանավորում է պետք, խոսքը «գոսպլանավորման» վերականգնման մասին չէ, այլ հստակ հասկանալ, թե վաղը, մեկ տարի հետո ինչ ծրագրեր պետք է իրականացվեն։ Ռազմավարություն պետք է լինի, որ պլանավորում կատարեն։ Մեր ներկայացրած մյուս առաջարկները վերաբերում են համահայկական բանկի ստեղծմանը, վարկավորման տոկոսադրույքների իջեցմանը, պետական վարկերի նպատակային օգտագործմանը և այլն, և այլն։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ