Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Վերադասավորություններ-2

Վերադասավորություններ-2
04.11.2016 | 00:55

Հետաքրքիր են զարգացումները նաև ընդդիմության դաշտում: Ի՞նչ է այնտեղ կատարվում: Իրականում` նույնը, զի Ժողովողն է դեռ դարեր առաջ ասել` չկա նոր բան այս լուսնի տակ, ամեն բան նույնն է, և ունայնություն ունայնությանց: Այնուհանդերձ, խորհրդարանական ընտրություններից առաջ հայոց ընդդիմադիր դաշտը փորձում է դուրս գալ ավանդական «դանթից» ու, հոգեդարձի իր մանևրով, լուրջ վերադասավորությունների գնալ:


Ընդդիմությունն առաջ է գալիս մի քանի ֆլանգով` չափավոր, թույլից չափավոր և խիստ արմատական: Չափավոր ընդդիմության «վեղարը կզգենա» այն դաշինքը, որը կստեղծվի Գագիկ Կոլյայիչի շուրջ: Ձգենք մի պահ դադարը. սա երկգլխանի հիդրա-Յանուս է, այն պարզ պատճառով, որ Կոելյոն է ասել՝ եթե մի բան մի անգամ կրկնվել է, էլի կկրկնվի: ՈՒ թե մեկ անգամ Գագիկ Ծառուկյանը, «նախագա ջանի» կողքին գտնվելուն զուգահեռ, հրապուրվել է «բուրժուա-դեմոկրատական» հեղափոխությամբ, կարելի է կարծել, որ որոշակի զարգացումների դեպքում «էլի կհրապուրվի»։


Ասել է` եթե իրականության վերածվի իդեա-ֆիքսը, ըստ որի՝ մի «հովանոցի» տակ կարող են հայտնվել Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը` իրենց սատելիտներով և կուլիսային մոդերատորներով, հետն էլ` «Միասնություն» երբեմնի սիմվոլիկ անվամբ, ապա ղեկավարելի քաոսի մագիստրոսները պետք է անչափ աչալուրջ լինեն` «չափավոր» կոչվող այս «ընդդիմադիրների» մասով, որովհետև դաշտում զուգահեռ խաղարկվում են նաև արմատական ընդդիմադիրները, որոնք «բուրժուական հեղափոխության» թեզը մեկընդմիշտ փոխարինել են «զինված ապստամբության» թեզով: Այո, խոսքը «Հիմնադիր խորհրդարանի», «Սասնա ծռերի» և նրանց կուլիսային «հայրերի» մասին է:


Իսկ հիմա` ոչ պակաս կարևորի մասին: Այս երկուսին` չափավորներին և արմատականներին, հավասարակշռելու, նրանց գլխին դագանակ պահելու համար կա ևս մեկ ընդդիմություն: Ինչպես երևում է քաղաքական խմորումներից և զարգացումներից, արևմտամետ ուղղվածության ընդդիմությունը քիչ-քիչ քով քովի է գալիս, եթե վերջին պահին փսորումներ չլինեն: Գոնե Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Շահնազարյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Հրանտ Բագրատյանի «թևերը» միմյանց հետ համերաշխ են: Ինչպե՞ս իրեն կպահի Վանաձորի «հայտնություն»` «Լուսավոր Հայաստան»-ցի Էդմոն Մարուքյանը, դեռ պարզ չէ, այնուհանդերձ, միտումն առկա է: Ընդ որում՝ հետաքրքիրն այն է, որ նոր-նոր կազմավորվող այս կոնգլոմերատը բավականին հետաքրքիր կարգախոս է առաջ քաշել՝ ասա` ով ես դու, ասեմ՝ ուր ես գնում դու: Այն է` ընդդիմադիր կարող են համարվել նրանք, ովքեր հայտարարում են, որ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալ, իսկ եթե չեն հայտարարում, ապա իշխանություններն «ամենալավն» են գնում դեպ ԵԱՏՄ և Ռուսաստան, այդ ուժերն այլընտրանք ու ընդդիմություն չեն կարող լինել:


Սա, ի դեպ, ոչ միայն ինդիկատոր է, այլև ինչ-որ առումով ուրույն լուստրացիա` քաղաքական դաշտի հստակեցման` մի կողմից: Մյուս կողմից` վերը նշված «բալանսի» ուժը եթե կայանա և ի զորու լինի հավաքելու մեկ տանիքի տակ բոլոր այդպես մտածողներին, չհայտնվի` «մաշկի գույնի», «բեղ թրաշելու» քննարկումների մակարդակում, ապա բավականին լուրջ ներուժ կարող է ունենալ` սեփական դեմքի, քաղաքական մոտեցումներով խնդիրների լուծման առումով, ինչով էլ կարող է հակակշռել նույն` «ապագաղութացման-լուստրացիայի» գաղափարներն առաջ քաշող, սեփական «ճանապարհային» քարտեզ-ծրագրով ասպարեզ մտած «ապստամբյալ» կոնգլոմերատը` «Հիմնադիր խորհրդարանին» և նրա «հարակիցներին»` հընթացս արժանանալով Արևմուտքի քաղաքակիրթ աջակցությանը, ապահովելով երկիրը խոր ցնցումներից:


Բոլոր դեպքերում, դեռ վաղ է սպասվելիք վերջնական պատկերն ուրվագծել, մանավանդ որ նախընտրական պատկերը պետք է զուգակցել նաև բուն ընտրական և հետընտրական «պատկերներին», չմոռանալով, որ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական արագ զարգացումների այս պայմաններում ցանկացած հաշվարկ նույնքան արագ կարող է ապահաշվարկի վերածվել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ