Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քանդակագործական «գրագողության» հետքերով

Քանդակագործական «գրագողության» հետքերով
04.11.2016 | 08:29

Օրեր առաջ «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում տեղադրվեց «Արարատ-73» հուշարձանը։ Այն բազում տարակարծությունների տեղիք տվեց, ոմանք խմբաքանդակն ընդունեցին, շատերն էլ սկզբունքորեն այն մերժեցին՝ համարելով, որ կատարումը բավականին ցածր մակարդակի վրա է և արժանի չէ «Արարատ-73»-ի փառապանծ անվանը։

Ինքս խուսափում եմ գնահատելուց, քանզի չափից ավելի եմ անդրադարձել մայրաքաղաքի արձանների և քանդակների տեղադրման մշակութախեղված խնդիրներին։ Սակայն այս անդրադարձը կատարում եմ, ընդառաջ գնալով վաստակաշատ քանդակագործ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՆՏԱՇՅԱՆԻՆ, որը կարևոր մի խնդիր է առաջ քաշում։ Խնդիր, որն արտառոց է անգամ մեր արժեքների գրեթե համընդհանուր խեղման միջավայրում։


Ի դեպ, Վլադիմիր Անտաշյանը բազմաթիվ աշխատանքների հեղինակ է։ Նրա մեծածավալ ստեղծագործությունները գտնվում են Կրիվոյ Ռոգ (ՈՒկրաինա), Ռոստով, Սվերդլովսկ, Վոլգոգրադ քաղաքներում, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, Ստամբուլում (Հրանտ Դինքի հուշարձանը)։ Նրա ձեռքի գործերն են Երևանի պետական համալսարանի կենտրոնական շենքի առջևում գտնվող «Երախտիքի ծառուղի» բրոնզաձույլ քանդակաշարը, Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանն Արցախի Մուշկաբաթ գյուղում և այլն։


Վլադիմիր Անտաշյանը եղել է Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ, ԱՊՀ երկրների նկարիչների միությունների կոնֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի անդամ։


-Պարոն Անտաշյան, ի՞նչն է Ձեր մտահոգության պատճառը։
-2013-ին «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները դիմում են ՀԱՕԿ նախագահ պարոն Ծառուկյանին, որպեսզի նա աջակցի՝ «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում տեղադրելու «Արարատ-73»-ի քանդակախումբը։ 2013-ին չէ՞ որ լրանում էր Երևանի «Արարատ» թիմի նշանավոր հաղթանակի 40-ամյակը։ Ծառուկյանը համաձայնում է։ Այնուհետև «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մրցույթ է հայտարարում։ «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերները, որոնք հանդես եկան որպես մրցութային հանձնաժողով, նախապատվությունը տվեցին իմ ներկայացրած նախագիծ-էսքիզին։ Պարոն Ծառուկյանը լավագույն (այսինքն՝ մրցույթը շահած) աշխատանքի համար պարգևավճար էր խոստացել։ Սա 2013-ի աշնանն էր, հոկտեմբեր ամսին։ 2014-ի հուլիս ամսին ինձ հրավիրեցին ՀԱՕԿ նախագահի նստավայր և հանդիսավոր պայմաններում, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների և ֆուտբոլասերների ներկայությամբ հանձնեցին մրցանակային գումարը՝ 2 մլն դրամ, ինչպես խոստացել էր Գագիկ Ծառուկյանը։ Սակայն մենք համաձայնության չեկանք աշխատանքի իրականացման հարցում, հովանավորն ասաց, որ ինքն ունի քանդակագործների մի լավ խումբ, նրանք էլ աշխատանքները կիրականացնեն։ Փորձեցի բացատրել, որ նման բան չկա, որ, ըստ ընդունված կարգի, պարտադիր է, որ հեղինակն իր մտահղացումն իրականացնի։ Ապարդյուն։ Գործը հանձնարարվեց քանդակագործների նրա նախընտրած խմբին՝ Արմեն Սամվելյանի գլխավորությամբ։ Ժամանակ անց կապվեցի, այսպես կոչված, քանդակագործական լավ խմբի ղեկավարի հետ, և ցանկացա ծանոթանալ աշխատանքների իրականացման ընթացքին։ Նա զարմանալի պատասխան տվեց՝ երբ արձանախումբը պատրաստ կլինի, կգաք և Ձեր դիտողությունները կներկայացնեք մեզ։
Ժամանակ անցավ, կրկին այցելեցի Արմեն Սամվելյանի արվեստանոց և, ի զարմանս ինձ, տեսա, որ նրանց կատարած աշխատանքն էապես տարբերվում է իմ ներկայացրած և հայտարարված մրցույթը շահած էսքիզից։ Իմ դիտողությունները նրանք այդպես էլ չընկալեցին։ Եվ ահա արժանանում եմ այս անհասկանալի քանդակախմբի տեսությանը։ Ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում մրցույթը շահած աշխատանքը։ Իմ տարբերակում արձանների բարձրությունը 2 մետր 20 սմ է, յուրաքանչյուր ֆուտբոլիստ ներկայացված է իր յուրահատուկ, ֆուտբոլասերների միջին և ավագ սերնդին ծանոթ ու սիրելի կերպարով։ Արձանները և գավաթը բրոնզաձույլ են, կամարաձև պատվանդանը տրավերտին քարից է և այլն։ Իսկ արդեն տեղադրված արձանախումբն ամբողջովին այլ, անհասկանալի խնդիրներ է փորձում լուծել։
-Նման, ոչ այնքան սովորական իրավիճակում ի՞նչ եք պատրաստվում անելու, կամ ինչ ակնկալիքներ ունեք։
-Ես մեկ խնդիր ունեմ, որ պահպանվի իմ հեղինակային իրավունքը, պատրաստվի և տեղադրվի մրցույթը շահած աշխատանքը։ ՈՒրիշ ոչինչ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ