Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ցավդ իմ ցավն է, գտածդ՝ իմ գտածը, կորուստներդ իմ կորուստներն են»

«Ցավդ իմ ցավն է, գտածդ՝ իմ գտածը, կորուստներդ իմ կորուստներն են»
04.11.2016 | 08:33

Ընթերցողի սեղանին ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆԻ «Պատից այս կողմ» բանաստեղծական ժողովածուն է: Գրքում տեղ են գտել հեղինակի 1960-2010 թթ. գրած բանաստեղծությունները:

Ժաննա Ղոչիկյանին շատերը գիտեն որպես հայտնի հեռուստալրագրողի:

Նրա իսկ խոսքով` լրագրողական կյանքը լրիվ ուրիշ աշխարհ էր. «Այդ աշխարհով ես ապրում էի: Իմ ժամանակի մարդն էի ու իմ ժամանակի մարդուն փորձում էի օգտակար լինել: Բայց այդ լրագրողական կյանքի ընթացքում ես ունեցել եմ իմ «անձնական» անձնականը: Ես միշտ ասում եմ, որ լրագրողական կյանքն իմ անանձնական կյանքի մասն է, իսկ պոեզիան, որ շատ վաղուց իմ տարերքն էր, որի մասին քչերը գիտեին, իմ անձնական կյանքն էր: Ապրումները, որ ես ունենում էի իմ կյանքում, իմ շուրջը կատարվող ամեն ինչից հետո, բոլորից գաղտնի դառնում էին բանաստեղծություններ, որոնք նույնպես ամփոփում էին և իմ կյանքը, և այն ժամանակաշրջանը, որում ես ապրում էի»:


Հետաքրքրվեցինք` ինչո՞վ է պայմանավորված գրքի վերնագրի ընտրությունը: «Թվում է, թե տխուր վերնագիր է` «Պատից այս կողմ»: Ես միշտ իմ ու իմ անձնական կյանքի միջև պատ եմ տեսել, բայց ոչ ոք չի զգացել, չի իմացել այդ պատի գոյության մասին: Դա եղել է պատ իմ և իմ միջև, ոչ թե իմ և աշխարհի»,- ասաց Ժաննա Ղոչիկյանը, նշելով, որ վերջապես ցանկացել է պատի երկու կողմում ունեցած իր ապրումները ներկայացնել ընթերցողին: Հաջորդ հարցն է առաջ գալիս` ո՞վ է այսօրվա ընթերցողը, ինչպե՞ս է գիրքը հասնելու ընթերցողին: «Դաժան հարց է, ես շատ հուսահատ եմ այդ առումով: Ընթերցող շատ քիչ եմ տեսնում՝ ամենուր, նաև իմ շրջապատում, և դա ինձ համար մեծ ցավ է»,- եղավ պատասխանը:


Հուսանք, որ իր ընթերցողին Ժաննա Ղոչիկյանը կվարակի իր բանաստեղծական աշխարհով: Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Փաշայանը վստահեցնում է, որ այս ժողովածուն կունենա իր ընթերցողը. «Եվ ամենակարևորը հենց սա է: Ես տեսնում եմ այն կածանը, որտեղ կհանդիպեն գրողը և ընթերցողը, որն այստեղ ծանոթ ձայներ կլսի, որ տանի արդեն ի՛ր կյանք` ամրանալու և նոր հայացք ուղղելու սեփական ճակատագրին»: Ղոչիկյան-լրագրողի գործընկերները, համակուրսեցիները շնորհանդեսի ժամանակ վկայելու էին, որ Ղոչիկյան բանաստեղծուհու հայտնությունը անակնկալ չէր իրենց համար: Ժուռնալիստների միության սրահը մարդաշատ էր: Միության նախագահ ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ուրախալի փաստ համարեց այն, որ գրքի ծնունդը նշելու համար հեղինակն ընտրել է ժուռնալիստների միությունը: «Գիրքն ամբողջովին ողողված է զգացմունքներով, կարոտով, տխրությամբ, ուրախությամբ, սակայն տխրության մեջ կա ինչ-որ պայծառ թախիծ, ոչ թե վատ տրամադրություն»,- նկատեց միության նախագահը` մաղթելով, որ Ղոչիկյան-բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուից հետո «ստորակետ» դրվի:


Գրքի առաջաբանի հեղինակը գրականագետ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆՆ է, որ ծանոթանալով գործերին, ասել է` դուք իրավունք չունեք պահելու, սրանք Ձերը չեն, ընթերցողինն են: «Երբ տեսա ժամանակագրությունը՝ 60-ականներից մինչև մեր օրերը, մտածեցի` ինչո՞ւ է Ժաննան այսքան դաժան վարվել ընթերցողի հետ: Փաստ է, որ Ժաննա Ղոչիկյանը համեստ ու հետաքրքիր մարդ է, որ այսպիսի մարդը, ով մեծ հետաքրքրություն ունի կյանքի բոլոր դրվագների հանդեպ, չի կարող վատ գործեր ստեղծել: Ժողովածուում տեղ գտած գործերը մեծ մասամբ ներծծված են ցավով: Երբ ամբողջությամբ կարդում ես, կարծիք է ձևավորվում, որ այն բալասան է` մարդկային հոգու ցավերն անհետացնելու դրսևորմամբ: Բայց ցավի նկարագրությունները տոկուն են, կոկիկ, առանց լացուկոծի և ակնթարթորեն կարող են սրբել արցունքը»,- ասաց Անի Փաշայանը:


Բանաստեղծ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԸ հավելեց, որ «Պատից այս կողմը» շատ անկեղծ, շատ մարդկային, գեղավեստական հետաքրքիր մտածողությամբ, հետաքրքիր գյուտերով, ոչ շինծու, ոչ ցցուն, շատ պարզ խոսքերի մեջ խոր և անկեղծ զգացումներ արտահայտող գիրք է: Լևոն Բլբուլյանը համոզված է, որ բոլորը հետաքրքրությամբ են կարդալու, բոլորը գտնելու են իրենք իրենց այս գրքում:


«Գիրքը վերնագրել ես «Պատից այս կողմ», բայց ես քեզ ճանաչում եմ «պատից այն կողմ»,- ասաց գրող, հրապարակախոս ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ: Ըստ նրա` երկու կողմերը բաժանող այդ պատն ընդամենը թափանցիկ ժամանակն է, ուրիշ ոչինչ: Նկատեց նաև. «Պոեզիայում երջանկությունը Օլիմպոսի վերին գագաթում նստելը չէ, դու շատ լավ գիտես, այլ այդ ճանապարհն անցնելը, վերընթացը»: Գրողը վերհիշեց ուսանողական տարիները, 65-70-ականները, երբ պատի թերթի վերնամասի մի կողմում անպայման զետեղվում էր ժաննա Ղոչիկյանի նկարը, մյուս կողմում` Հովհաննես Սարոյանինը. «Մենք նայում, ասում էինք` աշխարհի երջանիկ մարդիկ են, պատի թերթին իրենց նկարը կա, բանաստեղծության տակ ստորագրում են (պատի թերթն էլ ձեռագիր էր): Նրանց կարդում էինք ու ինքներս էլ չէինք համարձակվում բանաստեղծություն գրել»:


Բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐՈՅԱՆԸ համաձայն չէր վերջին դիտարկմանը. «Վրեժը մի բան ճիշտ չի ասում: Բոլորը գրում էին` թաքուն, մտքի մեջ, հոգու մեջ, տանը, ոչ ոք չէր ուզում բացել գաղտնիքները,- Ժաննա Ղոչիկյանին դիմելով` ասաց, որ այս գիրքն իր համար անակնկալ չէր:- Եթե այս հաստափոր գիրքը բաժանես 30-40 տարիների վրա, կստացվի մոտավորապես այնքան գիրք, ինչքան ես եմ տպագրել: Ցավդ իմ ցավն է, գտածդ՝ իմ գտածը, կորուստներդ իմ կորուստներն են: Այդքան հարազատ ու մտերիմ է պոեզիադ»:


«Պատից այս կողմ» գիրքը լույս է ընծայել «Արմավ» հրատարակչությունը, խմբագիրը Արմեն Ավանեսյանն է, ձևավորողը` Վիկտոր Հովհաննիսյանը: Բանաստեղծությունները ներկայացված են «Այս էր սկիզբը», «Հին ու նոր տագնապներ», «Ապրելն արգելվում է», «Լռած երգեր», «Մոռացումն էլ ապրում է», «Բարի օր, արև», «Կյանքս` թվերի ու փաստերի արանքում» բաժիններով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ