Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Խոսում եմ այն ժամանակ, երբ հաստատ գիտեմ, որ իմ խոսքի կարիքն զգացվում է»

«Խոսում եմ այն ժամանակ,  երբ հաստատ գիտեմ, որ իմ խոսքի կարիքն զգացվում է»
04.11.2016 | 08:36

«Իրատեսի» հյուրը ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է: Այս տարի նա բոլորել է իր հերթական տասնամյակը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք և մաղթում բեղմնավոր տասնամյակների շարունակականություն:
Ինչպես հոբելյանը, այնպես էլ նրա նորատիպ՝ «Ամենակարգին մարդիկ և ագռավները» ժողովածուն պատեհ առիթ էին հանդիպելու և զրուցելու համար:

«ԶԳՈՒՅՇ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ՎԱԽԻ»


-Ալիս, «Տարեդարձ» վիպակում ծավալվող սյուժեն առավել քան ծանոթ ու հասկանալի է հայ ընթերցողին, սակայն դա չի խանգարում նորովի վերապրելու այդ ծանոթն ու հասկանալին: Դժվար չէ՞ քայլել արդեն բացված ճանապարհով ու չկորցնել ինքնատիպությունը:
-Երբ լավ գիտես քո գրականությունը և առհասարակ՝ հուշագրության գրականությունը, չասենք՝ «դժվար» է, բայց արիություն է պետք ճամփա ընկնելու համար, քանի որ թվում է, թե նույնն է ճանապարհը: Բայց ինչքա՜ն է տրորվել ամեն մի տրորողից հետո, որոշ հետքեր ջնջել են նախորդները, ոմանց դրոշմածից ինչ-որ բան է մնացել: Մի խոսքով, դուք ճիշտ եք, քայլելիս պետք է զգույշ լինել, ինչպես ականապատված դաշտում քայլում են սակրավորները, զգույշ, բայց առանց վախի: Զգուշությունը պետք է մնա ենթագիտակցականի դաշտում, այլապես կարող է խանգարել գեղագիտությանը, որ յուրաքանչյուր գործի համար բացառիկ է ու բնազդական: 40-ականների ներգաղթյալների մասին գեղարվեստական գրականությունն այնքան էլ ճոխ չէ, մինչդեռ այդ տարիների իրականությունն ունի իր բազմաթիվ ծալքերը, միջնորմները, շեմերն ու կատակլիզմները: Այս պահին կարողացա հիշել միայն Աղասի Այվազյանի «Լացի այգին» պիեսը և Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդեսը»:
-Գրքի վերնագիր դարձած պատմվածքում հուզիչ ու մարդկային է ծերանոց տարված Արևաշող մայրիկին այնտեղից դուրս բերելու, հարազատի ջերմությամբ շրջապատելու պատմությունը: Սա ռեալիստակա՞ն, թե՞ իդեալիստական գործ է:
-Բարեբախտաբար, մեզ հայտնի չէ աշխարհում մի լավ բան, որ մի անգամ եղել է ու այլևս չի լինելու: Եթե հոռետեսն այնքան հոռետես է, որ չի հավատում, թե նման բան կարող է լինել, չի նշանակում, թե դա անհնար է: Ինձ հայտնի է մի գյումրեցի տղայի պատմություն, որ հորինված չէ (գործածել եմ իմ վիպակում): Նա եկեղեցու բակում ձեռքից բռնել, իր տուն էր տարել մի պառավիկի, որին թողել-հեռացել էին հարազատները: Տղան երկրաշարժի զոհ էր դարձել։ Եվ բացի այդ՝ գրականության, արվեստի ատաղձ են դառնում անսովոր համարվող երևույթները, որոնք եթե բարի մտքեր են առաջացնում մարդկության մեջ, ուրեմն բարի, որակյալ սերմ են: Իսկ կոնկրետ այս դեպքը ռեալիստական է, եթե կարողացել է համոզել, որ բնական է, որ ամբողջ կյանքում ծնողական և համապատասխանորեն որդիական սիրո քաղց ունեցող մեկը, մի բարի, դրական աստղոլորտ ունեցող պառավիկի տարել է իր տուն՝ թեկուզ և միայն բարի գործ անելու համար: Իսկ եթե չի համոզել, ուրեմն իդեալիստական է, որ նույնքան գեղեցիկ հետք կարող է թողնել, եթե արվեստով է արված: Դուք դա՝ որպես ստեղծագործող, լավ գիտեք:
-Վերոհիշյալ պատմվածքում գրեթե հովվերգական շեշտադրումներով եք նկարագրում Վաչոյի քարուքանդ մեքենան, այնինչ «Երթուղային մանրանվագներում» դաժան ռեալիզմով ներկայացնում եք երթուղային «երգարվեստից» ջղաձգվող ուղևորուհուն: Ո՞ր մոտեցումն է, ըստ Ձեզ, ավելի օգտակար թերապիա ընթերցողի համար:
-ՈՒրեմն պատահական չէ, որ երկուսն էլ նույն մարդու, այսինքն՝ իմ գործերն են: Եվ եթե թերապիա է, ապա տարբեր դեպքերի համար տարբեր մոտեցումներ և դեղամիջոցներ են պետք. երբեմն՝ քիչ, երբեմն՝ ձիու չափաբաժնով:

«ՈՉ ՄԻ ԳՐՈՂ ՉԻ ԿԱՐՈՂ ՇՐՋԱՆՑԵԼ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ, ԵԹԵ ԱՆԳԱՄ ՖԱՆՏԱՍՏ Է ԿԱՄ ՊԱՏՄԱՎԻՊԱՍԱՆ»


-Դատելով որոշ գործերից՝ կենդանիների լեզուն ավելի դյուրին է հասկանալ, քան մարդկանցը, այո՞:
-Չեմ կարող հոգուս մեղք անել, ասել, թե կենդանիների լեզուն հասկանում եմ, երբ այդ լեզվին նույնիսկ տիրապետողներ կան, բայց երբեմն հետաքրքրասիրությունն ինձ մղում է նրանց կաշվի մեջ մտնելու: Նույնը նաև մարդկանց մասին կարող եմ ասել: Ինքս, գիտեք, քչախոս եմ: Խոսում եմ այն ժամանակ, երբ հաստատ գիտեմ, որ իմ խոսքի կարիքն զգացվում է: Իմ անձնական կարիքների, հոգսերի, տրտունջների մասին խոսում եմ միայն ինձ շատ մոտիկ մարդկանց հետ, այն էլ, երբ զգում եմ, որ մեջս հրաբուխ է հասունանում, և եթե չխոսեմ, ներքին աղետալի պայթյուն տեղի կունենա, որից առաջին հերթին իրենք են տուժելու: Գրականությունը նրանով է լավ, որ քեզ չի կաշկանդում, եթե ինքդ հակված ես մտքերիդ բացարձակ ազատություն տալու և ոչ թե բառերի ջրապտույտներում կամ հետնախորշերում թաքնվելու:
-Հրապարակախոսական շունչը, մերօրյա քաղաքական անցուդարձերին ու գործիչներին ուղղված ակնարկներն առկա են թե՛ այս գրքում, թե՛ նախորդներում: Չկա՞ մտավախություն, որ դրանց պատճառով որոշ գործեր երբևէ կարող են ժամանակավրեպ դառնալ:
-Ձեր այս հարցադրումը երկու պատասխան ունի: Կան երևույթներ, որ այսօրվան են վերաբերում, դու դրանց տարեգիրն ես: Սա գրողի պարտականությունն է: Ոչ մի գրող չի կարող շրջանցել իր ժամանակը, եթե անգամ ֆանտաստ է կամ պատմավիպասան: Եթե բախտդ բերել է, մնայուն արժեք ես ստեղծել, ապա հաջորդ սերունդները իրենց նախնիների հետ համեմատվելու՝ առաջընթացը կամ հետընթացը հաշվարկելու տարածք կգտնեն քո գործերում: Իսկ ժամանակավրե՞պ է Պռոշյանի Միկիտան Սաքոն, որին իրենց ագահությամբ, վաշխառությամբ վաղուց գերազանցել են մեր ժամանակակից գործարարներից շատերը: Երանի թե գան այդ երանելի օրերը, երբ այս կերպարները ժամանակավրեպ կլինեն: Այդ դեպքում գոնե պատմական վավերագրության արժեք կստանան, որ էլի վատ չէ: Մյուս պատասխանն այս է. Րաֆֆու Որսորդ Ավոյի, «Կայծերի» մյուս մարտնչող հերոսների, Խենթի մասին ժամանակակիցներից ոմանք ասում էին, թե դրանք իրականության մեջ գոյություն չունեցող կերպարներ են և այդ պատճառով էլ թույլ են արվեստի տեսանկյունից, բայց արի ու տես, որ նրանք ավելի ուժեղ դուրս եկան և ավելի երկար կյանք ունեցան, քան կարծում էին:


«ԾԻԾԱՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓ ՊԱՐԶՈՒՆԱԿ, ՍՐՏԱՌՈՒՉ, ԲԱՅՑ ՈՉ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ»


-«Մեզ հետ՝ նույն երկնքի տակ» շարքում կյանքից հալածվածներն են: Երկինքն ու երկիրը ներդաշնակվելու հեռանկար չունե՞ն:
-Մարդասեր, առաջադեմ մարդկության և մեր քրիստոնեական դավանանքի ուղեցույցը հենց Ձեր ասած այս հեռանկարն է: Իսկ «կյանքից հալածվածները», որ նույնիսկ մարդավարի հասցե չունեն, շատ տարբեր են իրենց բնույթով: Օրինակ՝ Բուրիկը «Դոմիկի մարդիկ» պատմվածքից, ինքն իրեն ընկալում է ոչ թե որպես կյանքից, այլ որոշակի մարդկանց տեսակից հալածված, որոնց դեմ գործի է դնում ներքին բոլոր ֆիզիկական և հոգևոր պաշարները, ճիգուջանքերը՝ չմոռանալով դիմել Տիրոջ օգնությանը, երբ ինքը գլուխ չի հանում՝ տվյալ դեպքում ճի՞շտ վարվեց, թե՞ սխալ: Այս շարքի բոլոր դեպքերն ու դեմքերն իրական են: Դրանք երբեմն ծիծաղելիության չափ պարզունակ են, սրտառուչ, բայց ոչ ողբերգական: ՈՒզել եմ հենց այդպիսին ներկայացնել իմ աչքով տեսածը:

«ՐԱՖՖՈՒ ՀԵՏ ԻՄ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՃՇԳՐԻՏ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ, ԹԵ ԵՐԲ ՍԿՍՎԵՑ, ԲԱՅՑ
ՍԿՍՎԵՑ ՀԻԱՑՄՈՒՆՔԻՑ»


-Ի՞նչը մղեց Ձեզ դեպի Րաֆֆին և գրականագիտությունը:
-Համալսարանն ավարտելուց հետո ես Հրանտ Թամրազյանի դիսերտանտն էի, գրեթե պատրաստ էր նրա ղեկավարությամբ թեկնածուական թեզս ժամանակակից հայ գրականությունից, հանձնել էի բոլոր թեկնածուական մինիմումները: Ծնվեց տղաս, հետո՝ աղջիկս, որից հետո սկսվեց մի շրջան, երբ երեխաներս իմ բոլոր առաջնահերթություններից առաջինն էին: Այսպես, ես գրականագետ չդարձա, եթե նույնիսկ գրականությունը ավելի լավ եմ հասկանում, քան արվեստի մյուս տեսակները: Իսկ Րաֆֆու հետ իմ այս հեռահաղորդակցությունը ճշգրիտ չեմ հիշում, թե երբ սկսվեց, բայց սկսվեց հիացմունքից: Կարդում էի նրա «ՈՒղեգրությունները», «Խամսայի մելիքությունները» (թե ինչու հանկարծ ձեռքս առա գրադարակներիս վրա տարիներով հանգչող այդ հատորները...), հոդվածները և հետո նորից սկսեցի կարդալ «Կայծերը», «Խենթը», մյուս գործերը, որ կարդացել էի դպրոցական կամ համալսարանական տարիներին: Հասկացա, որ գրեթե չեմ ճանաչել Րաֆֆուն: Ընկերներիս կատակով սկսեցի ասել, որ երբ ծերանամ, միայն Րաֆֆիով եմ զբաղվելու: Վաղամեռիկ ընկերս՝ Վահան Վարդանյանը, ոգևորվել էր երևի իմ այս գաղափարից: Մի օր զանգահարեց, գրեթե հանձնարարեց, որ «Նարցիսի» համար սկսեմ գրել իմ մտորումները Րաֆֆու մասին: Իսկույն սկսեցի: Մի ամիս անց Վահանը այլևս չկար: Այս ու այն կողմ պատառիկներ էին թափթփված իմ գրառումներից, բայց դրանք ձեռքս առնելու սիրտ չունեի: Սկսեցի համակարգված աշխատել, երբ ստացա մյուս հանձնարարականս՝ Կարինե Խոդիկյանից: Նա «Գրական թերթում» սյունակ հատկացրեց, մանավանդ որ անցյալ տարին հոբելյանական էր Րաֆֆու համար՝ ծննդյան 180-ամյակն էր: Այսպես գրվեցին և տպագրվեցին իմ էսսեները, որոնց վերաբերյալ այնքան ոգևորիչ խոսքեր եմ լսել, որ այլևս հետ կանգնել չեմ կարող: Վերջին (առայժմ վերջին)՝ «Րաֆֆու ոտնահետքերով» էսսեն կարդալուց հետո հերթական անգամ զանգեց Սերգեյ Սարինյանը և, որպես րաֆֆիագետ, այնպիսի բաներ ասաց, որից հետո է՛լ ավելի ամրապնդվեց էսսեներիս այս շարքը լրացնելու և գիրք դարձնելու գաղափարը: Ընդ որում՝ նպատակս է այդ գիրքը կազմել այնպես, որ ի մի բերվեն բոլոր լուսանկարները, ուղևորությունների քարտեզները, նրա այցելած վայրերի հին ու նոր պատկերները և էլի ինչ-որ բաներ, որ ներկայիս և ապագա սերունդների համար հիմք կծառայեն՝ զարգացնելու րաֆֆիագիտությունը, վերարժևորելու նրա հանճարեղ ստեղծագործությունները: Քանի դեռ թարմ են տպավորություններս Րաֆֆու ոտնահետքերով դեպի Սյունիք և Արցախ վերջերս կատարած իմ ուղևորություններից, պետք է արտահայտեմ իմ զարմանքը, թե ինչպես էին մոտենում մեր և Րաֆֆու ապրած ժամանակաշրջանները, ինչպես էին ջնջվում ժամանակային պատնեշները, ինչպես էին ինձ ընդառաջ գալիս բաներ, որ պատրաստ էի համբերությամբ երկա՜ր որոնելու: Հասկացա, որ ճիշտ են այն հին իմաստունները, որ գործի սկիզբը համարում են քայլ անելը: Հիմա դեռ շատ չեմ ուզում խոսել մնացյալի մասին, իսկ այսքանն էլ ասում եմ, քանի որ արդեն հասկանում եմ, թե ուր է տանում ինձ Րաֆֆին: Նա բացատրում է, որ մեր երկրի, մեր ժողովրդի ապագայի համար ոչինչ էլ անհայտ չէ, մանավանդ՝ վերջնականապես ոչ մի բան էլ կորած չէ: Եվ ինքը՝ 180 տարի անց էլ մեզ համար մի նոր, գերժամանակակից տեխնիկայով զինված փարոս է, ուղենիշ, մարգարե, ինչպես որ նրան դեռ իր ժամանակակիցներն են անվանել:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ