Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեր կյանքի խճանկարը

Մեր կյանքի խճանկարը
04.11.2016 | 09:13

Երբ կարդացի ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ «Ժամանակի նոր չափումներում» ժողովածուի առաջին պատմվածքը, անմիջապես հիշեցի ամերիկյան հանրահայտ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» կինոնկարը: Առաջին ընկալումս ավելի հաստատուն դարձավ, երբ ավարտեցի բոլոր պատմվածքների ընթերցումը: Առաջին հայացքից իմ դիտարկումը սխալ է և արտառոց:

Օդրի Հեփբըռնի հերոսուհին բարեկեցիկ կյանքով է ապրում, և նրան միայն իր անձնական խնդիրներն են մտահոգում, իսկ Կարինե Ռաֆայելյանի հերոսուհիները ապրում են աղճատված և թշվառ իրականության պայմաններում։ Սակայն սոցիալական հակադրությամբ հանդերձ՝ և՛ կինոնկարի, և՛ հայ արձակագրուհու հերոսուհիները որոնում են իրենց տեղը կյանքում, որոնում են իրենց ճակատագիրը, և երկու դեպքում էլ կինը բացահայտվում է հենց կանացի հոգեբանության տեսանկյունից։ Մի ուշագրավ զուգահեռ ևս. ֆիլմի հերոսուհու բնութագիրը ամբողջացնում է նրա կատուն։ Կարինե Ռաֆայելյանի պատմվածքներում նույնպես տեղ ունի կատուն, ինչպես նաև շունը։ Համոզված եմ, որ մեր հեղինակն էլ, անկասկած, հոգեբանական խնդիրներ է հետապնդել կենդանիների կերպարներ կերտելիս։

Կարինե Ռաֆայելյանի դիտակետում մեր առօրյան է, մեր կյանքի խճանկարը։ Նրա պատմվածքներում չկան ընդգծված դրական կամ բացասական հերոսներ։ Նրա հերոսները իրական մարդիկ են, ովքեր ապրում են իրականության թելադրանքով, իսկ այդ իրականությունը նրանց ավելի ու ավելի հաճախ է դրդում մերժելի և տգեղ արարքների։ «Սասունցի Դավթի հայացքի ներքո» պատմվածքը մեր բզկտված առօրյայի իսկական գեղանկարն է։ Ճարպիկ ոստիկանը հովանավորում է մանր, խեղճուկրակ առևտրականներին, սակայն ի վերջո շորթում է նրանց աշխատանքի առավելագույն բաժինը։ Նրա հսկողության տակ են գործում անգամ մուրացկանները, որոնց եկամուտից ևս իր հասույթն է ստանում ոստիկանը։ Սակայն օրենքը պաշտպանող այս օրինազանցը ունի իր թաքուն աշխարհը, իր արժանապատվությունը։ «…որպես յերկինս և յերկրի»,- արտասանում է նա մտքի մեջ ու թերևս ողջ «Հայր մերը» գրաբարով անգիր գիտի։ Նրան կատաղեցնում է այն փաստը, որ իր կինը բարձրագույն կրթություն ունի, անգամ իր համար աշխատող մրգավաճառն է կրթված, բժիշկ է, և ինքն էլ իր աղոթքով է հպարտանում։ Գուցե և հեղինակը նաև դատապարտում է իր ոստիկան-հերոսին, սակայն նրա գլխավոր նպատակը սոցիալական ողջ միջավայրի գեղարվեստական քննությունն է։ Իսկ այդ միջավայրում բոլորն են զոհեր, անգամ «դիրք ունեցող» ոստիկանը։ Պատմվածքի էական արժանիքներից մեկն էլ անչափ դիպուկ վերնագիրն է՝ «Սասունցի Դավթի հայացքի ներքո», որը ավելի է ընդգծում սոցիալական փակուղի մտած մարդկանց ողբերգական ճակատագիրը։


«Դաժան թվաբանություն» գեղեցիկ պատմվածքը նույնպես մի յուրօրինակ սոցիալական հետազոտություն է և հոգեբանական մեծ ընդհանրություն ունի «Սասունցի Դավթի հայացքի ներքո» պատմվածքի հետ։ «Դաժան թվաբանությունը» անչափ հուզիչ պատմություն է՝ ներկայացված կյանքային մի փոքրիկ դրվագի մեջ։ Երկու ընկերուհիներ մետրոյով գնում են՝ գրադարանում հետազոտական աշխատանք կատարելու և փորձում են հաշվել իրենց աղքատիկ գումարը. արդյո՞ք կբավականացնի ընդմիջում անելուն։ Վաղը նոր աշխատավարձ պիտի ստանան։ Ընկերուհիներից մեկը սկզբում 180 դրամ է հայտնաբերում։ Սակայն վերջում պարզվում է, որ հաշվածի ընդամենը կեսն է իրենց մոտ։ Հիասթափված աղջիկները այդ չնչին գումարը նվիրում են իրենց նշանառության տակ վերցրած մուրացկանին ու ձեռնունայն, քաղցած գնում սպասվող ծանր աշխատանքին։ Հեղինակը վարպետորեն սոցիալական գործոնը՝ չնչին մանրադրամը, վերածել է հոգեբանական զորեղ փաստի։ Թվացյալ 180 դրամը քաղցը հագեցնելու հույս էր պարգևել աղջիկներին, սակայն ռեալ 90-ը նրանց դատապարտել էր կատարյալ սովի և հուսահատության։ Եվ նույն այդ գումարը երջանկացրել էր իրենց ձեռքին նայող մուրացկանին։ Իսկապես որ դաժան թվաբանություն։


«Թռիչքներ կապարե թևերով», «Անսարք խողովակների սիմֆոնիան», «Կեսգիշերի մատույցներին», «Սանսարի ուսմունքը» և «Բոլորն ինձ լուրջ են վերաբերվում» պատմվածքները կանացի հոգեբանության դրսևորումների մի յուրօրինակ խճանկար են։ Հենց այս պատմվածքների մեջ եմ ես տեսնում Օդրի Հեփբըռնի Հոլլիի հոգեբանական վերուվարումները։ Կարինե Ռաֆայելյանը արտաքին փաստը հոգեբանական դետալի է վերածում։ Խողովակագործի ցանկասեր հայացքները հերոսուհուն անկանխատեսելի քայլի են դրդում՝ կապվել հոգեպես խորթ տղամարդու հետ, սարսափը մկներից «Բոլորն ինձ լուրջ են վերաբերվում» ստեղծագործության հերոսուհուն ստիպում են ամուսնանալ և կարճ ժամանակ անց բաժանվել, և այս դեպքում այդ ամուսինը ասես ընդամենը մի հյուլե կամ ստվեր լինի։ Զուտ կանացի սկիզբը ներկայացված է «Սանսարի ուսմունքը» պատմվածքում։ Փողոցում աղջիկը անսպասելի հարձակման է ենթարկվում կատաղի շան կողմից։ Հիշելով այս տհաճ միջադեպը՝ հերոսուհին շանը անսպասելի սկսում է նմանեցնել մեկին, հետո ընդհանրապես՝ տղամարդու։ «Նա հոգու վերամարմնավորման տեսությունը ստեղծագործաբար զուգադրեց կատարվածի հետ։ Սանսարի ուսմունքը նրա համար դարձավ առարկայական, շոշափելի, բացարձակ ճշմարտություն…
…Տղամարդն ու շունը մեկ են»։


ՈՒշագրավ է, որ ֆեմինիստական հոգեբանությամբ աչքի ընկնող այս աղջկան տրամագծորեն հակադիր կերպար է «Թռիչքներ կապարե թևերով» պատմվածքի հերոսուհին։ Նոր նշանված աղջկան, դեռ չամուսնացած, արդեն անտեսում է փեսացուն։ Սակայն աղջիկը քիչ է նեղվում դրանից։ Նա նույնիսկ ուրախ է, որ փեսացուն գործնական տղա է. «Կարևորը վաղվա օրն է. ինքը հարսնացու՝ ամենաշքեղ զգեստով և ամենաճոխ սեղանի առջև, նա փեսացու՝ ապագայի ամենախելոք ու ճշգրիտ ծրագրերով»։


Այս բոլոր կանանց, աղջիկներին արարում է իրականությունը կամ գուցե տիեզերքը՝ անկախ սոցիալական միջավայրից։ Ինչո՞ւ են նրանք այսքան տարբեր։ Հեղինակը պատասխաններ չի տալիս։ Եվ պատասխաններ չկան, ըստ երևույթին։
«Ժամանակի նոր չափումներում» ժողովածուի համանուն պատմվածքը էապես առանձնանում է գրքի մնացյալ ստեղծագործություններից։ Այս պատմվածքը, ավելի ճիշտ՝ մտորումների շարքը, հեղինակը ձոնել է հարազատ մոր հիշատակին։ Պատահական չէ, որ ամբողջ ժողովածուն նույն անվանումն ունի, ինչ տվյալ ստեղծագործությունը։ Ժամանակի նոր չափումներում հեղինակ-հերոսը արդեն միայնակ է, առանց մոր։ Սակայն մայրն իր հետ է իր մտորումներում և վերհուշերում։ Եվ քանի որ այդպես է, նա որպես կենդանի մարդու է հարց ուղղում մորը, թե իր խորհրդածություն-նամակները որտեղ թողնի, որ նա կարդա։ Իսկ հաջորդ պատկերը կրկին ժամանակի նոր չափումն է՝ կորստյան ցավով և ինքնակեղեքումներով:


Թերևս հեղինակին մտերիմ, հոգեհարազատ մարդուն են միայն ողջ խորությամբ ընկալելի իր խոստովանանքները, ժամանակի չափումներից դուրս գտնվող հոգեկան ապրումները։
Կարինե Ռաֆայելյանը տարիներ առաջ ընթերցողներին հաճելի անակնկալ մատուցեց իր բնական, անսեթևեթ բանաստեղծություններով։ Այսօր նա մեզ մի նոր բավականություն է պարգևում իր հոգեբանական, ինտելեկտուալ արձակով, որը, ըստ էության, շարունակում է իր չափածոն նույն բնականությամբ և նոր խորացումներով։


Սամվել ՅՈԼՉՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ