Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ճշմարտություն, միայն ճշմարտություն, ոչինչ, բացի ճշմարտությունից

Ճշմարտություն, միայն ճշմարտություն, ոչինչ, բացի ճշմարտությունից
06.11.2016 | 19:25

Չգիտեմ՝ բժիշկների, չգիտեմ՝ հիվանդների հնարածն է, բայց հայտնի ասույթ է՝ «Ամեն վիրաբույժ ունի իր անձնական գերեզմանոցը»: Թերևս՝ բժիշկների հնարածն է, հիվանդներինը լիներ՝ վիրաբույժը չէին շեշտի՝ բոլոր բժիշկներն ունեն անձնական գերեզմանոց: Հիվանդները մեռնում են բժշկի սխալի պատճառով՝ անբուժելի հիվանդություններ, սխալ ախտորոշում, փրկելու համար կորցրած ժամանակ, բժշկի մասնագիտական թերի պատրաստություն, տեխնիկական միջոցների անբավարարություն, ուշադրության ու հոգատարության պակաս հիվանդին: Հազար ու մի պատճառ կա: Հիվանդները մեռնում են՝ ու սա փաստ է, ինչպես փաստ է, որ բժիշկները նաև մեղավոր չեն լինում, կան դեպքեր, երբ բժիշկը ոչինչ չի կարող անել:


Մեզնից յուրաքանչյուրը իր ու իր հարազատների, մտերիմների, ծանոթների, ընկերների կյանքից տասնյակ օրինակներ կարող է բերել, երբ բժիշկները փրկել են անհույս թվացող հիվանդի կյանքը՝ վերադարձնելով այն աշխարհից, դա էլ կա, պետք չէ ամեն ինչի մեջ մեղադրել բժիշկներին: Այո, կան լավ ու վատ բժիշկներ, բայց բժշկի դիմելիս, դու չգիտես՝ նա լա՞վ բժիշկ է, թե՞ վատ: Բժիշկները նման են սակրավորի, նրանց սխալը կյանքում վերջինն է լինում: Բայց իրենք դա չգիտեն, ու գուցե լավ է, որ չգիտեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես պիտի որոշում կայացնեն, ինչքա՞ն ժամանակ պետք կլինի որոշում կայացնելու համար, երբ հիվանդի կյանքն ու մահը երբեմն րոպեների հարց է:


Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների մահվան դեպքերով. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, դատավորները, մորգը։ Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»: Իրավական առումով Լևոն Ալթունյանը ճիշտ է, բայց որքա՞ն է նրա պոռթկումը բարոյական: Որքա՞ն է հարիր նախարարի ու բժշկի կերպարին: Բժիշկը հիվանդին բուժում է ոչ միայն գիտելիքներով, այլև վերաբերմունքով՝ վատ վերաբերմունքը ջուրն է գցում լավ բժշկումը: Հավանաբար, Լևոն Ալթունյանը կյանքում առիթ չի ունեցել բժշկի դիմելու և նրա ամուր առողջությունն է պատճառը, որ նախարարը հեռու է հոգեբանությունից ու բժշկական էթիկայից: Նաև՝ քաղաքականությունից: Նախարարը քաղաքական պաշտոն է ու որևէ նախարար իր ոլորտի որևէ խնդրի վերաբերյալ նման հայտարարության իրավունք չունի: Լևոն Ալթունյանին վատ ծառայություն է մատուցել փորձի պակասը, նաև՝ բժշկական սրտացավության:
Բայց նա իր սխալն ընդունելու փոխարեն շարունակել է բարդացնել վիճակը, հայտարարելով, որ անհեթեթ է առողջապահության նախարարից պահանջել դառնալ դատական բժիշկ, բաժնի վարիչ և մանրամասներ իմանալ մահվան ելքով դեպքերի մասին, որ նախարարությունը վերահսկող, պատժիչ, քննիչ կառույց չէ, ընդամենը վարչական գործառույթներ է իրականացնում. «Ամեն մեկը պետք է զբաղվի իր ֆունկցիաներով: Եվ հենց այդ առումով ես կրկնում եմ, որ առողջապահության նախարարի գործը չէ: Նույնիսկ եթե նա զբաղվում է դրանով, նա զբաղվում է դրանով հասարակական հիմունքներով՝ հասարակական կարծիք ձևավորելու նպատակով: Եվ ոչ թե, որովհետև նա առողջապահության նախարար է: Գալով այստեղ՝ ես որոշել եմ մի սկզբունք որդեգրել՝ ճշմարտություն, միայն ճշմարտություն, ոչ մի բան, բացի ճշմարտությունից»:


Այսքանից հետո՝ մնում է պարզել՝ ո՞րն է նախարարի ճշմարտությունը: Ի՞նչ նպատակ ու իմաստ ունի նրա ճշմարտությունը մեռնող մարդու համար:
Լևոն Ալթունյանը փորձել է փակել և բարոյական մեղադրանքի ճանապարհը. «Բարոյական առումով ես ցավում եմ բոլոր մահացածների համար, բարոյական առումով ես կողմ եմ, որ ճշմարտությունը ի հայտ գա: Եվ եթե կա մեղավոր, նա կկրի իր պատիժը»՝ ասել է նախարարը և հավելել. «Շենգավիթի բուժկենտրոնը ևս ստուգվել ա, «Սլավմեդ»-ի նման, և մեղավորները պատիժ են կրել ադմինիստրատիվ կարգով: Էն կարգով, որ կարող ա պատիժ նշանակի առողջապահության նախարարությունը»:


Ավելին՝ մենեջեր նախարարը հայտարարել է, որ ստեղծվելու է բժշկական օմբուդսմենի ինստիտուտը, որը կզբաղվի ոչ միայն բողոքներ ընդունելով, այլև կձեռնարկի կանխարգելիչ քայլեր: «Բժշկական սխալը» պարզելն էլ դեռ երկար նախարարության տիրույթում չի լինի: «Մենք մտցնում ենք առողջապահական արձանագրությունները, որոնցից շեղման դեպքում հնարավոր կլինի խոսել, որ դա կարող էր բերել բժշկական սխալի: Ցավոք սրտի, բժշկական սխալի առկայությունը կամ բացակայությունը դեռ երկար ժամանակ դատարանը և դատաբժշկական էքսպերտիզան կորոշի, և ոչ թե առողջապահության նախարարը»՝ ահա այսպես:

Դուք չգիտեմ, ես զղջման որևէ նոտա չլսեցի: Ես չլսեցի, որ առողջապահության նախարարի խնդիրը բժիշկների որակավորման բարձրացումն է, բուժսպասարկման հասանելիությունն ու հոգատարությունը հիվանդի նկատմամբ, որ բժիշկը պետք է բուժի ոչ թե հիվանդությունը, այլ՝ հիվանդին: Առողջություն Լևոն Ալթունյանին, որ չընկնի բժիշկների ձեռքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Երբ վարչապետ Կարեն Կարապետյանին առաջարկել են գնահատել իր նշանակած նախարարի հայտարարությունը, նա ասել է. «Ես չեմ լսել իր խոսքը: Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես Ալթունյան Լևոնին ճանաչում եմ լավ, նրան համարում եմ բարոյական մարդ, համարում եմ նրան պոտենցիալ կառավարիչ, որը կարող է առողջապահության համակարգում մեծ փոփոխություններ անել, որոնք ուղղված կլինեն մարդուն, քաղաքացուն բավարարելուն և ադմինիստրատիվ կառավարման թերությունները շտկելուն»: Կարեն Կարապետյանը չի հավատում, որ Լևոն Ալթունյանն այդպես մտածում է ու այդպես ասել է: Նա անձամբ է խոսել Լևոն Ալթունյանի հետ խնդրի մասին: ՈՒ՝ ի՞նչ:
Օրինականացվո՞ւմ է բժիշկների անձնական գերեզմանոցի իրավունքը, թե՞ նրանց պիտի բացատրվի, որ իրենք էլ են մարդ ու բժշկի կարիք կարող են ունենալ: Եվ այդ ժամանակ թող մոռանան իրենց «ճշմարտությունը»:

Դիտվել է՝ 2738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ass='share_table'>

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում