Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվրոպան և իսլամը երկու հակապատկեր են

Եվրոպան և իսլամը երկու հակապատկեր են
08.11.2016 | 00:21

Հայաստանում հակառուսական կրքերի բորբոքման ֆոնի վրա հատկապես ուժեղացել է վերացական սերը Եվրոպայի նկատմամբ, որ մենք ինքներս եվրոպացիներ ենք ու պիտի կողմնորոշվենք ոչ թե դեպի հետամնաց Ռուսաստան, այլ դեպի քաղաքակիրթ Եվրոպա՝ եվրոպական արժեքներ։ Թե որոնք են այդ «արժեքները», թե ինչով ենք մենք պետք Եվրոպային, բավական հաճախ չի էլ բացահայտվում։ Բնական է, որ Հայաստանի ներկա անմխիթար իրողություններից հոգնած ու հուսահատված հայաստանցուն առաջին հերթին գրավում է այդ աշխարհամասի տեխնոլոգիական ու կենսական բարձր մակարդակը։ Մի բան կասկած չի առաջացնում՝ որ օրը Եվրոպային հաջողվի Հայաստանը դուրս հանել Ռուսաստանի ազդեցությունից, նույն օրը երկիրը մոռացության կմատնվի։ Բայց այս մասին չէ այսօր խոսակցությունը։


Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ներկա աննախադեպ սրացումների կապակցությամբ ռուսաստանյան լրատվամիջոցներում մեծաթիվ են նաև նյութերը ժամանակակից Եվրոպայի մասին։ Ընդ որում, ի տարբերություն հայաստանյան հրապարակումների (զգալի մասը՝ վճարովի), այստեղ ոչինչ չի գեղեցկացվում, փաստերով, ապացույցներով, իրողություններով ցույց է տրվում, որ արդի Եվրոպան այն հին Եվրոպան չէ, որ քաղաքակրթություն էր տարածում աշխարհում։ Եվ բազմաթիվ մեկնաբանություններում Եվրոպան համակած այլևայլ քաղաքական, բարոյական խնդիրների մեջ սրությամբ քննարկվում են երկուսը՝ բնակչության աճի և քրիստոնեական հավատքի կործանման պատճառով աշխարհամասի իրական իսլամացման պարագաները։


Բառացիորեն նորերս Փարիզում ռուսական ուղղափառ հոգևոր կենտրոնի բացման առիթով տեղի ռուս քահանաներից մեկը հայտարարեց, որ Ֆրանսիան արդեն քրիստոնեական չէ, և որ նրա իրական իսլամացումից հուսահատված շատ ֆրանսիացիներ իրենց կրոնական պահանջմունքները բավարարելու համար այցելում են հենց իրենց նորաբաց հոգևոր կենտրոնը։ Ռուսաստանի գլխավոր կոմունիստ Գենադի Զյուգանովը Ֆրանսիա կատարած այցից հետո բնավ էլ ոչ աթեիստական դառնությամբ հայտարարեց Ֆրանսիայում, հատկապես Փարիզում և Մարսելում, իսլամի առջև բացահայտորեն ընկրկելու մասին։


Մերկ վիճակագրություն՝ բերված ռուսական մամուլից։ Այսօր Եվրոպայում ծնելությունը կազմում է 1,1 երեխա մեկ ընտանիքի հաշվով, այն դեպքում, երբ սովորական վերարտադրությունը պիտի կազմի 2,15՝ վերարտադրող տարիքի մեկ կնոջ հաշվով։ Եվրամիության երկրներում ծնելության գործակիցը հետևյալն է. Ֆրանսիայում՝ 2,00, Անգլիայում՝ 1,91, Բելգիայում՝ 1,80, Գերմանիայում՝ 1,31, Ավստրիայում՝ 1,41, Շվեյցարիայում՝ 1,42։ Վիճակագրությունը նույնքան անմխիթար է նաև եվրոպական գրեթե բոլոր երկրներում (բացառությամբ՝ մուսուլմանաբնակ)։ Սա նշանակում է, գրում է ռուսական թերթերից մեկը, որ մայր ցամաքում դեմոկրատական հորջորջված երկրները մեռնող են, քանզի մեռնող է այն ազգը, որի ծնելության մակարդակը շոշափելիորեն ցածր է նորմայից։ Դեռևս 1950 թվականին աշխարհի բնակչության մեջ Եվրոպայի բաժինը կազմում էր 22 տոկոս, ներկայումս՝ 10,7, իսկ մասնագետների կանխատեսմամբ` 2050-ին այն կկազմի ընդամենը 7,5 տոկոս։


Ցավոք, Եվրոպան իրոք դարձել է մեռնող աշխարհամաս։ Երբ Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարում է, թե ընտանիքն անցյալի մնացուկ է, նա ընդամենը հանդես է գալիս որպես ցինիկ։ Արդեն վաղուց Եվրոպան խաչ է քաշել ավանդական ընտանեկան արժեքների վրա։ Փոխարենը ծերուկ աշխարհամասում բարգավաճում են այլ «արժեքներ»։ Դժվար է հասկանալ՝ եթե բնակչության աճ չունես, ինչո՞ւ ես հասարակությանը պարտադրում միասեռականություն։
Սակայն հեռանկարի իմաստով սա չէ Եվրոպայի հիմնական ողբերգությունը։ Ինչպես ռուսներն են պատկերավոր ասում, այսօր աշխարհամասը ողողում են իսլամացման հզոր ալիքները՝ գրեթե չհանդիպելով որևէ պաշտպանական դիմադրության։ Մուսուլմանների ներհոսքը Եվրոպա պաթոլոգիկ բնույթ է կրում։ Ընդսմին, եվրոպացիներն անընդունակ են դարձել նույնիսկ հետևություններ անելու իրենց անցյալից։ Երկրորդ աշխարհամարտից հետո ֆրանսիացիներն իրենց նախկին գաղութներից ու հատկապես Ալժիրից զանգվածաբար մուսուլմաններ էին «ներմուծում», հուսալով, որ կլրացնեն ժողովրդագրական բացը, և եկվորները կդառնան ֆրանսիացի։ Նման բան տեղի չունեցավ։ Ահա և հայերիս այնքան սիրած Ֆրանսիան, որտեղ, տարբեր աղբյուրներով, մոտ 7 միլիոն մուսուլման է ապրում, դարձել է առաջիկայում իսլամական պետություն դառնալու գլխավոր հավակնորդը, որից էլ, ըստ իսլամիստների, կսկսվի իրենց կրոնի հաղթարշավը մայր ցամաքում։


Քանի որ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելն այս ամիսներին ամենաշռայլն է մերձավորարևելյան գրեթե կատարյալ տգետ մուսուլմանական նոր խառնամբոխն ընդունելու հարցում, ռուսներն առանձնակի կենտրոնացել են հենց Գերմանիայի վրա։ Ամեն տարի այս երկրում մուսուլմանների քանակն ավելանում է մոտ 100 հազարով և արդեն հասնում է 4,3 միլիոնի։ Գերազանցապես թուրքեր են։ Մուսուլմանների 65 տոկոսը սուննի է, 7-ը՝ շիա, 13-ը՝ ալավի։ Երկրամասերի խորհրդարանները իսլամը ճանաչել են որպես երկրորդ պաշտոնական կրոն։ Վերջին 15 տարում կառուցվել է 10 հազար մզկիթ, և դրանց կողքին շունչ են առնում նորերը։ Փոխարենը Գերմանիայում արդեն փակվել է 400 կաթոլիկ և ավելի քան 100 բողոքական եկեղեցի։ Ծրագրված է ևս 700 կաթոլիկ եկեղեցի փակել առաջիկա մի քանի տարում։ Մուսուլմանները «սիրահոժար» գնում են այդ տաճարները և վերածում մզկիթի։ Ընդամենը խաչը փոխարինում են կիսալուսնով։ Գրեթե նույն պատկերն է Եվրամիության շատ այլ երկրներում։ Ըստ կանխատեսումների, 2060 թվականին պանծալի Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելի բնակչության մեծամասնությունը կկազմեն մուսուլմանները։
Եթե ռուս նացիոնալիստները Եվրամիությունն անվանում են Եվրասոդոմ, ապա բուն Եվրոպայում շրջանառության մեջ են մտել Եվրոստանն ու Եվրաբիան։


Կարելի է բերել Եվրոպայի իսլամացման վերաբերյալ բազում փաստեր ու իրողություններ, որոնք անառարկելի են։ Սակայն այս անգամ մի կողմ դնենք վիճակագրությունը և կանգ առնենք մի նուրբ պարագայի վրա։ Ապրելով Եվրոպայում, մուսուլմանները թքած ունեն հատկապես տեղացիների բարոյական շատ «արժեքների» վրա՝ ավանդական հայրիշխանական ընտանիքի վերացում, միասեռականություն, գենդերականություն և այլն։ Մյուս կողմից` վարպետորեն օգտվում են խոսքի, խղճի, հավատի ազատության սկզբունքներից և «հանդուրժողականորեն» (տոլերանտորեն) քարոզում են Եվրախալիֆաթի, ջիհադի, իսլամական ծայրահեղականության գաղափարները։ Ապշում եմ. մինչև ե՞րբ պիտի եվրաբյուրոկրատիան ձևացնի, թե մուսուլմանական փոքրամասնությունը (առայժմ), իբր, ոչ մի բանով չի տարբերվում մյուս ազգային փոքրամասնություններից։ Թեկուզ հայկականից։ Այսօր Բրյուսելը սերբերին, որ մեզ նման դարերով կրել են օսմանյան լուծը, պարտադրում է ընդունել որոշակի քանակությամբ մուսուլման ներգաղթողների, եթե Սերբիան ուզում է դառնալ Եվրամիության անդամ։ Միջին հաշվով 6,7 երեխա ունեցող մուսուլմանն ուժեղ է իր հոգևոր առողջությամբ, ընտանիքի պաշտամունքով, բարոյական կայուն հիմքերով, ու հատկապես եվրոպացու համեմատ։ Տրագիկոմեդիա չէ՞, որ միասեռականություն քարոզող հասարակությունը ներմուծում է թեկուզ և տգետ մուսուլման արուների, որ ինչ-որ չափով վերականգնի բնակչության աճը, խառն ամուսնությունների միջոցով կամ առանց դրանց բավարարելով իրենց կանանց որոշ պահանջները։
Գիտե՞ք ինչ է հայտարարել Սաուդյան Արաբիայի զինվորական ակադեմիայի մզկիթի իմամը, որ շատ հաճախ են մեջբերում ռուսական լրատվամիջոցները. «Մենք կվերահսկենք Վատիկանը և այնտեղ կտարածենք իսլամը. քրիստոնյաներին միայն մեկ ընտրություն կտրվի՝ ընդունել իսլամ ու հարկ վճարել»։ Իսկ տակավին 1974-ին Ալժիրի այն ժամանակվա նախագահ Հուարի Բումեդենի արած հայտարարությունը ՄԱԿ-ում (նկատի ունենալով Եվրոպայի մուսուլմանացումը), սոսկ առաջին հայացքից է թվում սեքսուալ. «Մեր կանանց արգանդը մեզ հաղթանակ կբերի»։


Դեռևս հին հույներն էին ասում, որ խոշոր պետությունները կարելի է ոչնչացնել միայն ներսից։ Մեր աչքի առաջ իրոք ներսից փլուզվեց Խորհրդային Միությունը, ինչքան էլ որ ուժեղ լիներ արտաքին ազդեցությունը։ Ըստ երևույթին, Եվրոպայի իսլամացումը աշխարհամասի քրիստոնեական քաղաքակրթության անկման գլխավոր նախապայմանն է դառնում։ Եթե իհարկե, ինչպես ռուսներն են ասում, այնտեղ, ո՜վ գիտե, ոտքի չկանգնեն ֆաշիզմը կամ ծայրահեղ նացիոնալիզմը։
Մի ուրվական է շրջում Եվրոպայում՝ իսլամի ուրվականը...


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հ. Գ. Գոյություն ունի կոնսպիրոլոգիական տեսություն այն մասին, որ հողագնդի վրա բարեկեցիկ կյանքով ապրելու համար բնական պաշարները կհերիքեն միայն մեկ միլիարդ մարդու։ Այդ «Ոսկե միլիարդի» մեջ մտել են ԱՄՆ-ը, Կանադան, Արևմտյան Եվրոպան, Իսրայելը և Ճապոնիան։ Եվ եթե, ասենք, աշխարհի գերհզորներն իրենց ծրագիրը սկսել են իրականացնել իսլամական երկրներում քաոս ստեղծելու միջոցով, ապա ինչո՞ւ են նրանք փորձում քրիստոնեական Եվրոպան (Արևմտյանն էլ հետը) ոչ այնքան ապակայունացնել, որքան պարզապես իսլամացնել։ Միգուցե «Իրատեսի» իմաստուն ընթերցողները գիտե՞ն այս հարցի պատասխանը։

Դիտվել է՝ 2976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ