Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քրդական աշխատավորական կուսակցությունը` շիական աշխարհազորի կազմում. թուրքերը նյարդայնանում են

Քրդական աշխատավորական կուսակցությունը` շիական աշխարհազորի կազմում. թուրքերը նյարդայնանում են
08.11.2016 | 00:29

2016 թվականի հոկտեմբերի 28-ից Իրաքի, Սիրիայի և քրդերի ժամանակակից ողբերգության մեջ շրջվել է մի անչափ հետաքրքիր էջ, և կարող է այնպես լինել, որ հետագայում տեսնենք տարածաշրջանի նորագույն աշխարհագրության նախատիպը: Համենայն դեպս, հարկ է արձանագրել, որ Թուրքիան, ասենք նաև ԱՄՆ-ը, ստացել են բավական անսպասելի, սակայն մահացու հարված: Մոսուլի գրոհին ձեռնամուխ է եղել նաև... Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) փեշմերգան: Եվ Իրանում, օրինակ, մի տեսակ առանձին շեշտադրումով ընդգծում են՝ «որը թշնամաբար է տրամադրված Թուրքիայի հանդեպ»: Անկարային ամենից շատ վախեցրել է այն, որ PKK-ի քրդերին ղեկավարում են շիական «Հաշիդ Շաաբի» միլիցիայի՝ «Ժողովրդական զորակոչի ուժերի» հրամանատարները:

Շիա իմամ Հոսեյնի դրոշի ներքո կռվող «Հաշիդ Շաաբի» ջոկատների աշխարհազորայիններն ու PKK-ի քրդերը հարձակվում են «Իսլամական պետության» (ԻՊ)՝ Մոսուլից արևմուտք ընկած դիրքերի վրա: Եվ քանի որ Բաղդադից նոյեմբերի 1-ին հաղորդեցին, որ իրաքյան բանակի առանձին ստորաբաժանումներ արդեն ներխուժել են Մոսուլի որոշ շրջաններ, այդ թեման գերօրախնդիր է դառնում:


«Հաշիդ Շաաբի» ջոկատների մասին հայտնի է, որ նրանք վճռական դեր են կատարել ԻՊ-ի զինյալներից այս տարվա հունիսին իրաքյան Ֆալուջա քաղաքի ազատագրման գործում: Թեև շիա աշխարհազորայինները իրաքյան բանակի մեջ չեն մտնում, սակայն ռազմական լուրջ ուժ են ներկայացնում՝ գտնվելով Թեհրանի վերահսկողության ներքո: «Ժողովրդական զորակոչի ուժերը» ներառում են ոչ միայն Իրաքի շիադավաններին, որոնք միավորված են «Բադր» բլոկի մեջ, այլև ավելի քան 150 հազար շիա կամավորականների՝ Աֆղանստանից, Պակիստանից, Հնդկաստանից և այլ երկրներից: Իսկ 2016 թ. հուլիսից «Հաշիդ Շաաբին» միացան նաև ավելի քան հազար քրիստոնյաներ՝ «Բաբելոնյան բրիգադի» կամավորականներ, ինքնապաշտպանության քրիստոնեական այլ ջոկատներ, տասնյակ հազարավոր բեդվին սուննիականներ, որոնք Բաղդադի կառավարության և Իրանի կողմն են անցել, ինչպես նաև իրաքցի եզդիների ջոկատներ: IRNA գործակալության թղթակցի հետ զրուցելիս Ֆալուջայի ազատագրման հրամանատար, իրաքցի շիադավան գեներալ-լեյտենանտ Աբդուլ Վահաբ աս-Սաադին ասաց, որ Մոսուլի ազատագրման գործողությունը ճիշտ է մշակված և իրականացվում է գրաֆիկին համապատասխան: Արդյունքում Մոսուլի ընդարձակ տարածքներ, ներառյալ մեծ թվով գյուղական շրջաններ, ազատագրվել են գործողության առաջին 24 ժամվա ընթացքում: Եվ քաղաքի ազատագրման գործը չի դադարեցվի, քանի դեռ վերջնական նպատակը իրագործված չէ: Աս-Սաադին ավելացրեց, որ իրաքյան ուժերը շարժվում են Մոսուլի առաջադրված նպատակակետերի կողմը և սպասում են նախատեսված ժամին ահաբեկիչների վրա հարձակվելու հրամանին: Բանակային ստորաբաժանումները, շիա աշխարհազորայինները, քրդերն ու իրանական ռազմական խորհրդականները առաջ են շարժվել նաև հյուսիսային Նայնավայի (Նինվեի) նահանգի տարածքներից: Անդրադառնալով Իրաքի հյուսիսում թուրքական ռազմական ուժերի շարժի հարցին, նա ասաց, որ մինչև հիմա չկա հաշվետվություն տարածաշրջանում այդ ուժերի գործունեության մասին: Աս-Սաադին հետևություն է արել, թե թուրքական ուժերը տեղակայված են Իրաքի իրենց կենտրոնակայանում, և ենթադրել, որ հազիվ թե թուրքերը ցանկանան «հանդիպել» շիա կամավորականներին ու PKK-ի քրդերին, ինչը անխուսափելի կլինի, եթե թուրք զինվորականները, այնուամենայնիվ, ցանկանան մասնակցություն ունենալ Մոսուլի գրոհին:
Անկարան արդեն բողոքներ է հղել Իրանի ղեկավարությանը, իհարկե, առաջին հերթին Մոսուլի մարտերին PKK-ի քրդական ջոկատների մասնակցության պատճառով: Չէ՞ որ, ըստ էության, դրանք հենց «թուրքական» քրդեր են, քանի որ իրաքյան քրդերի մեջ PKK-ն նախընտրողներ գործնականում չկան, իսկ «Սիրիայի ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցության սիրիացի քրդերը, որը Թուրքիայում համարում են PKK-ի սիրիական «մասնաճյուղ», զբաղված են իրենց խնդիրներով և սիրիական կռիվներով, հաշվի առնելով Անկարայի «Եփրատի վահան» ռազմական գործողությունը և ներկայումս թուրքական գործողության դրոշի ներքո քողարկվող ավազակային կազմավորումների ակտիվացումը:

Սակայն, թվում է, թուրքական ղեկավարությունը այժմ ձգտում է կանխել մեկ այլ գործողություն, որն «ուղղորդում» է նաև Իրանը և դարձյալ «Հաշիդ Շաաբի» շիական աշխարհազորի միջոցով: Բանն այն է, որ հոկտեմբերի 29-ին «Հաշիդ Շաաբիի» ջոկատների աշխարհազորայինները հայտարարել էին, թե պատրաստ են օգնություն ցուցաբերելու Իրաքի Թալ Աֆար քաղաքի ազատագրման գործում: Դա ամերիկյան օկուպացիային իրաքյան դիմադրության երբեմնի կենտրոններից մեկն է, որը գտնվում է ԻՊ-ի ահաբեկիչների վերահսկողության տակ: Այդ գործողությունը լուրջ անհանգստություն է պատճառում Թուրքիային, քանի որ Թալ Աֆարը գտնվում է սահմանի մոտ: Այդ քաղաքում ապրում են նաև ոչ քիչ թվով թուրքեր, այսպես կոչված թուրքոմաններ: Զինված շիականներն ու PKK-ի քրդերը իրաքա-թուրքական սահմանին, իհարկե, սարսափ են Թուրքիայի համար:
Մինչդեռ ոչ միայն թուրքերին, այլև ԱՄՆ-ին պետք է ավելի շատ անհանգստացնի «Հաշիդ Շաաբի» աշխարհազորայինների և PKK-ի քրդական փեշմերգայի հարձակման հայտարարված թիրախը. ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, խոսքը Մոսուլը սիրիական Ռաքքայից կտրելու մասին է, որովհետև այդ քաղաքների արանքով են անցնում ԻՊ զինյալների մատակարարման ուղիները: Ընդ որում, իբր, շիականներն ու PKK-ի քրդերը բուն Մոսուլ չեն մտնելու, շարունակելու են ահաբեկիչներին դուրս մղել Սիրիայի հետ սահմանակից տարածքից: Եթե ճիշտ են եղել այն ենթադրությունները, թե ԱՄՆ-ի ղեկավարած «միջազգային կոալիցիան» միտումնավոր կերպով լիովին չի շրջափակել Մոսուլը և պայմանավորվածության համաձայն ԻՊ-ի զինյալները, ձևի համար կրակելով, այնուհետև սկսելու են «հոսել» Սիրիա, ապա «Հաշիդ Շաաբի» և PKK-ի քրդական ջոկատների հղացումը խիստ ժամանակին է և անհրաժեշտ: Հաջողության դեպքում շիականներն ու քրդերը կբացառեն իսլամիստների փախուստը Սիրիա: Դա առավել ևս կարևոր է, քանի որ օրերս ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարել էին, թե մտադիր չեն երկար հետաձգելու նաև սիրիական Ռաքքա քաղաքի գրոհը: Վերջապես, Թուրքիային տագնապ պատճառող վերջին հանգամանքը. «Associated Press»-ի տեղեկությունների համաձայն, «Հաշիդ Շաաբիի» աշխարհազորի և քրդական PKK-ի փեշմերգայի ռազմական գործողությանը «օդից աջակցում են իրանական ռազմաօդային ուժերը»:

Սա, թերևս, նորություն է Իրաքում և Սիրիայում մղվող հակաահաբեկչական պատերազմների պատմության մեջ. մինչև հոկտեմբերի 29-ը հիմնականում խոսվում էր միայն սիրիական և իրաքյան ռազմաօդային ուժերի, ռուսական ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈՒ), ինչպես նաև ամերիկյան «միջազգային կոալիցիայի» ինքնաթիռների օդային գործողությունների մասին, իսկ հիմա թե՛ Արևմուտքը, թե՛ Թուրքիան ստիպված են հաշվի նստել այն բանի հետ, որ Իրաքի և Սիրիայի երկնքում սկսելու է գործել նաև Իրանի ռազմական ավիացիան:
Իրավիճակն է՛լ ավելի է բարդացնում այն, որ Իրանն ու Քրդական տարածաշրջանային կառավարությունը (KRG) Իրաքում ինտենսիվացրել են իրենց շփումները, ընդ որում` Իրանը բացահայտորեն իր կողմն է «հրապուրում» նաև Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի կլանին: Մեր կարծիքով, այս մասին անուղղակիորեն վկայում է երկու փաստ.
1) Մոսուլի վրա շիականների ու PKK-ի հարձակման նախօրեին Իրանն ու Իրաքյան Քրդստանը իրավական պայմանագիր կնքեցին իրենց 28 կալանավորների փոխանակման վերաբերյալ,
2) Իրաքյան Քրդստանի վարչապետ և դարձյալ Բարզանիի կլանի ներկայացուցիչ Նեչիրվան Բարզանին հոկտեմբերի 29-ին հայտարարեց, որ հենց «Մոսուլն ազատագրվի, Բաղդադում կհանդիպենք մեր գործընկերների հետ և կվերսկսենք բանակցությունները մեր անկախության շուրջ»:


Եթե դատելու լինենք ըստ գերմանական «Bild» հանդեսին տված հարցազրույցում Մասուդ Բարզանիի արտահայտած մտքերի, իրաքյան քրդերը համոզված են, որ «զինյալներից Մոսուլի ազատագրման ներկա տեմպի պահպանման պարագայում քաղաքը կհաջողվի վերցնել ամենաուշը երեք ամսում»: Ստացվում է, որ 2017 թ. հունվարի վերջին-փետրվարի սկզբին և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի քրդերը նոր խթան կունենան կոշտացնելու իրենց դիրքերը Անկարայի դեմ մղվող պայքարում: Իսկ Մոսուլի ազատագրմանը PKK-ի փեշմերգայի մարտիկների այսօրվա մասնակցությունը, ստացվում է, հենց Թուրքիային ուղղված թափանցիկ ակնարկ է այն մասին, որ իրաքյան (նաև սիրիական) պատերազմում իրենց մարտական վարպետությունն են հղկում նրանք, ովքեր արդեն վաղը-մյուս օրը, բացառված չէ, պատրաստ կլինեն գնալու և ազատագրելու Նուցայբինին, Ջիզրեն, Շիրնակին և Թուրքիայի հարավ-արևելքի մյուս քրդաբնակ քաղաքներն ու գյուղերը, որոնք սահմանակից են թե՛ Իրաքին, թե՛ Սիրիային:


Զուգադիպություն է սա, թե ոչ, սակայն նկատելի է, որ ժամանակի առումով իրավիճակի այսքան արագացված հանգուցալուծումը բացահայտորեն կապված է Իրանի և Սիրիայի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Վալիդ Մուալլեմի հետ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս կայացած հանդիպման հետ: Լրատվամիջոցները հաղորդել են Մոսկվայում կայացած այդ բանակցությունների, թերևս, կարևորագույն արդյունքները, այն է.
1) ահաբեկիչներին պետք է լիովին ոչնչացնել (Ս. Լավրովն ասել է ամփոփիչ ասուլիսում, ինչը լիովին հնչում է որպես հրաման),
2) Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են համատեղ լուծելու բոլոր խնդիրները Սիրիայում, բացի այդ, «քննարկել են Իրաքում տիրող իրավիճակը, ինչպես նաև ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերը»:


Այս պարագայում PKK-ի քրդական փեշմերգան համաձայնում է ենթարկվելու «Հաշիդ Շաաբիի» շիական աշխարհազորի հրամանատարների ընդհանուր ղեկավարմանը նաև իրենց նկատմամբ, և հակառակ ԱՄՆ-ի ու Թուրքիայի «հանձնարարականների», միանում են Մոսուլի վրա գրոհի գնացող և ԻՊ-ի զինյալների առջև թակարդը փակելու պատրաստվող զորախմբերին, մինչդեռ արևմտյան «միջազգային կոալիցիան» և Թուրքիան կցանկանային նրանց տեսնել արդեն Սիրիայում: Եվ զուր չէ, որ Մոսկվայում դեռ երեք արտգործնախարարների հանդիպումից առաջ Թեհրանը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմիի շուրթերով, հայտարարելով, թե «Սիրիայում և Իրաքում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ զոհվեցին այն պատճառով, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը ահաբեկիչներին որպես գործիք են օգտագործում իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար», հստակորեն ընդգծել էր. «Թեհրանը, Մոսկվան և Դամասկոսը հակաահաբեկչական առանցք են Մերձավոր Արևելքում»: Սակայն Մոսուլը գրոհող շիականներին PKK ջոկատների միանալու մասին հաղորդումները, ինչպես նաև Հալեպի, Համայի և Հոմսի նահանգների ազատագրման մարտերին Իրաքի շիական մյուս աշխարհազորի՝ «Հարաքաթ ալ-Նուջեբի» մարտիկների ու «Ալ Քուդս» հավաքական ջոկատի (չշփոթել իրանական ԻՀՊԿ-ի «Կոդս» հատուկ ջոկատի հետ) պաղեստինցի կամավորականների մասնակցության մասին ավելի վաղ եղած հաղորդումները չարագույժ ազդանշան են դառնում ինչպես արևմտյան «միջազգային կոալիցիայի» և կոնկրետ ԱՄՆ-ի, այնպես էլ Թուրքիայի, ասենք, նաև ամեն տեսակի «սաուդյան արաբիաների», «կատարների» համար՝ իրենց խնամակալներով. չէ՞ որ հայտնի է, որ Իրանը առնվազն 2014 թ. ամռանից Պարսից ծոցի արաբական սուննիական վարչախմբերին մեղադրում է Իսրայելի քաղաքական պատվերները կատարելու մեջ:


Թե էլի որքան թակարդներ են իրենց «ընդդիմախոսների» համար լարել Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական առանցքի երկրները, դժվար է ասել: Բայց թուրքերն ավելի ուշ պարծեցել էին, թե իրանական ռազմական խորհրդականների և շիական (ավելի ճիշտ՝ հավաքական շիա-եզդիա-քրիստոնեական) «Հաշիդ Շաաբի» աշխարհազորի գործողություններին PKK-ի ջոկատների միացումը վկայում է առնվազն այն մասին, որ թուրք-քրդական PKK կուսակցության նախկին հովանավորներից այլևս ոչ ոք ռեալ կերպով չի վերահսկում ո՛չ այդ կուսակցության զինվորական թևի հրամանատարության անդամներին, ո՛չ էլ, առավել ևս, կոնկրետ քուրդ մարտիկներին և դաշտային հրամանատարներին: Սա վկայում է նաև, որ Հյուսիսային Իրաքում գտնվող իրանական զինվորական ներկայացուցիչները վաղուց արդեն՝ և՛ Թուրքիային սահմանակից իրանական Ղանդիլ լեռներում, որտեղ հիմնականում թաքնվում են PKK-ի առավել մարտունակ ջոկատները, և՛ քրդական այդ կուսակցությունում, ոչ միայն կապեր են հաստատել իրաքյան շիական աշխարհազորայինների և իրաքյան բանակի հրամանատարության հետ, այլև ռազմական սերտ գործակցության մեջ են, ընդ որում, Իրանի ղեկավարությամբ:


Նման իրավիճակում բավական է Սիրիայում Թուրքիայի մի «անզգույշ շարժումն» անգամ, որը Թեհրանում կարող էին գնահատել որպես Իրանի շահերին կամ էլ Դամասկոսում Իրանի դաշնակիցների շահերին սպառնացող քայլ, և պատասխանը կտրվի քրդական PKK-ի նույն ջոկատների ուժերով՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ Թուրքիայում: Չէ՞ որ զուր չէ, որ Մոսուլի ազատագրման գործողությունն սկսելու մասին հայտարարելուց բառացիորեն մի տասն օր առաջ սկզբում Դամասկոսից հաղորդումներ ստացվեցին, թե Բաշար Ասադը «կասկածում է քրդերի միասնությանը» և այն պատրվակով, թե Սիրիայի սահմանադրության մեջ պետության դաշնայնացման կամ ինքնավար շրջանների ստեղծման սկզբունք նախատեսված չէ, չի ուզում առհասարակ հաշվի առնել, որ սիրիացի քրդերը հռչակել են Ռոջավի ինքնավար շրջան (այսպես կոչված, «Արևմտյան Քրդստան»): Այնուհետև, ասես «ի պատասխան», Սիրիայի սահմաններից դուրս գտնվող քրդամետ շրջանակները տարածեցին Ասադին ուղղված ոչ այն է կոչ, ոչ այն է առաջարկություն. «քրդերի (սիրիական-խմբ.) երկխոսությունը Դամասկոսի հետ օրախնդիր է, ինչպես երբեք»: Ասադի «կասկածների», ինչպես նաև Դամասկոսի հետ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու սիրիացի քրդերի պատրաստակամության պատճառները հայտնի են. Սիրիայի հյուսիսում թուրքական «Եփրատի վահան» գործողության և սիրիական ընդդիմության (սուննի արաբներ և թուրքոմաններ-խմբ.), այսպես կոչված, «թուրքամետ ջոկատների» օրեցօր ավելի ու ավելի սանձարձակ դարձող ավազակային կազմավորումների պատճառով զավթված է Հյուսիսային Սիրիայի առանցքային մի տարածք: Եվ PYD կուսակցության քրդերի նախկին պլանն արդեն անիրագործելի է: Աֆրինի և Այն-էլ-Արաբի (Քոբանի) քրդաբնակ շրջանների միջև հակաքրդական «սեպ» է խրվել: Քրդերը հասկացել են, որ առանց Դամասկոսի և մերձավորարևելյան հակաահաբեկչական առանցքի գծով նրա դաշնակիցների իրենց չի հաջողվի Թուրքիայի և իսլամիստ ահաբեկիչների «հախից գալ»՝ ինչ կապեր էլ որ ունենան քրդերը ԱՄՆ-ի ու ամերիկյան հատուկ ծառայությունների հետ:


Բայց քանի որ Իրաքի և Իրանի շիականները համաձայնության են եկել PKK-ի հետ, ապա թե՛ սիրիացի քրդերի, թե՛ Բարզանիի կլանի մոտ կարող է «երկրորդ շնչառություն» բացվել: Իսկ «հովանավորի» լիակատար փոփոխությունը կարող է տարածաշրջանի քրդերին առհասարակ մի նոր խորամանկ թռիչք խոստանալ իրենց պատմության մեջ, երբ նրանց առաջարկեն իրենց իրավունքների համար պայքարի հիմնական «թատերաբեմը» Իրաքի և Սիրիայի տարածքից տեղափոխել Թուրքիայի տարածք: Այնպես որ, Անկարայի կտրուկ հակաիրանական արձագանքը հասկանալի է և հիմնավորված, միայն թե կօգնի՞ դա, արդյոք, Թուրքիային: Դատելով ըստ ամենայնի, քրդերն արել են իրենց ընտրությունը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ