Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ռուսաստանը մրցակցային դաշտում է, և մենք պետք է Հայաստանին առաջարկենք մի բան, որը մեծ պահանջարկ կունենա»

«Ռուսաստանը մրցակցային դաշտում է, և մենք պետք է Հայաստանին առաջարկենք մի բան, որը մեծ պահանջարկ կունենա»
08.11.2016 | 00:10

Օրերս Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային և մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԸ։ Պարոն Շվիդկոյը մեզ հետ զրույցում նշեց, որ իր այցելության նպատակը Հայաստան-Ռուսաստան հումանիտար համագործակցության հարցերը քննարկելն էր։ Հայաստանում նա հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարների և ուսանողների հետ։ Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել առաջիկա ծրագրերին։


Պարոն Շվիդկոյը նկատեց, որ ՀՀ մշակույթի նախարարը անհրաժեշտ է համարել ընդլայնել համագործակցությունը գրահրատարակչության ու կինեմատոգրաֆիայի ոլորտներում։ ՀՀ ԿԳ նախարարի հետ հատկապես առանձնացվել են միջուկային ֆիզիկայի, աստղագիտության բնագավառները։ Խոսվել է ռուսաց լեզվի դասավանդման մասին։ Պարոն Շվիդկոյը նշել է, որ թեև հայ-ռուսական հումանիտար համագործակցությունն ամուր հիմքերի վրա է, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ամեն տարի թարմացնել որոշակի հարցեր, քանի որ մեր օրերում ամեն ինչ շատ արագ է փոփոխվում։


ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծեց, որ Ռուսաստանի համար Հայաստանը կարևորագույն ռազմավարական գործընկեր է, ում հետ գործակցությունն ընթանում է տարբեր ոլորտներում՝ տնտեսություն, ռազմական ոլորտ, քաղաքականություն և այլն։
«Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ դեր են խաղացել ու խաղում հայերը ռուսական մշակույթում։ Կարծում եմ՝ այսօր Հայաստանն ակտիվորեն համագործակցում է եվրոպական երկրների հետ, հայկական մեծ սփյուռք կա ԱՄՆ-ում, այդ պատճառով մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը մրցակցային դաշտում է, և մենք պետք է Հայաստանին առաջարկենք մի բան, որը մեծ պահանջարկ կունենա»,- ասաց մեր զրուցակիցը։


Խոսելով հայ-ռուսական կապերի մասին՝ պարոն Շվիդկոյը նկատեց, որ Ռուսաստանում այսօր առկա է մոտ 2-միլիոնանոց հայկական սփյուռք։ Հայ մշակույթի գործիչներն այստեղ աշխատում են ամենատարբեր մշակութային ոլորտներում. «Ընդամենը մի քանի օր առաջ պատիվ եմ ունեցել «Յասնայա պոլյանա» մրցանակը հանձնելու հրաշալի հայ գրող Նարինե Աբգարյանին, ում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպն ուշագրավ երևույթ է, որը, մի կողմից, ռուսական արձակի, մյուս կողմից, հայկական գեղարվեստական մտածողության նմուշ է։ Այս գիրքը, հայ գրողից բացի, որևէ մեկը թղթին հանձնել չէր կարող։ Այն, որ Տոլստոյի անվան մրցանակը ստանում է հայ գրող, բարձր որակի հարաբերությունների ցուցանիշ է։ Դուք գիտեք, թե ինչքան հայ երաժիշտներ, արտիստներ, հեռուստատեսային գործիչներ են աշխատում Ռուսաստանում, առանձնացնենք, թեկուզ, «Քոմեդի քլաբի» տղաներին, ում ես շատ եմ սիրում, և ովքեր ռուսական հեռուստատեսային տարածքի մասն են։ Երկու երկրների հարաբերությունների աստիճանը շատ բարձր է, և ես կարծում եմ, որ կարևոր է պահպանել ու զարգացնել այդ կապերը»,- նշեց Միխայիլ Շվիդկոյը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ