Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պատասխանատու գերատեսչությունները, ՊԵԿ-ը գիտեն, որ իրենց նախորդները մեղա գալու, դատվելու խնդիր ունեն»

«Պատասխանատու գերատեսչությունները, ՊԵԿ-ը գիտեն, որ իրենց նախորդները մեղա գալու, դատվելու խնդիր ունեն»
08.11.2016 | 00:15

Հայաստանի քաղաքական ու տնտեսական դաշտն անմխիթար վիճակում է, չկա պատասխանատվության զգացում, ոչ մի չինովնիկ հաշվետվություն չի տալիս հանրությանը, թե ինչ ժառանգություն է թողնում հաջորդին ու ինչ էր վաստակել նախորդից։ Արդյունքը լինում է այն, որ հին խնդիրը գումարվում է նորին, հոգսերը բազմապատկվում են ու մնում ժողովրդի «վզին», իսկ պաշտոնյան հեռանում է «հարուստ, չաղ ու բախտավոր»։ Հերթական կառավարությունը փոխվեց, հերթական բյուջեն ու ծրագիրը ներկայացվեցին, կրկին ոչ մի խոսք, թե ինչ է այս իշխանությանն «ավանդել» նախորդը։ Ժամանակը չէ՞ երկրում գույքագրում կատարելու և հասկանալու, թե ինչ է մնացել, և ինչ ունենք։ Այս հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։


-Լիովին համաձայն եմ, որ երկրում պետք է գույքագրում կատարվի,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։- Բյուջեի քննարկումների ժամանակ բոլոր նախարարներին այդ հարցն եմ ուղղել։ Այսինքն, այն հիմքը, որով շարունակելու ես, պետք է ուսումնասիրես, գնահատական տաս, որպեսզի առաջ գնաս։ Եթե հիվանդին ախտորոշում չես տալիս, ինչպե՞ս կարող ես բուժում նշանակել։ Սա ոչ թե տնտեսական, այլ համակարգային խնդիր է։ Քաղաքական համակարգը թույլ չի տալիս նրանց նման եզրահանգումներ անել։ Տրանսպորտի և կապի նախարարության այլանդակությունները գիտենք, մասնավորապես, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի հետ կապված միլիոնավոր դրամների մսխումները։ Էներգետիկայի համակարգի չարաշահումները ևս բոլորին հայտնի են, սակայն ոչ մեկը չի կարող գնահատական տալ։ Պատասխանատու գերատեսչությունները, ՊԵԿ-ը գիտեն, որ իրենց նախորդները մեղա գալու, դատվելու խնդիր ունեն։ Տեսեք՝ տրանսպորտի նախարարն ասում է՝ կամրջի կառուցումը չէր նախատեսվել, ճանապարհ են կառուցել, հետո քանդել են ու հիմա նորից կամուրջ են կառուցում, այսինքն՝ նույն բանը երկու անգամ կառուցելու համար մեր հաշվին վարկեր են վերցնում։ ՈՒ սա համարում են ընդամենը թերացում։ Այնինչ դրա համար մարդկանց կարելի էր ուղղակի դատել։ Գյուղնախարարին ասել եմ, որ Թուրքիայից քառասուն հազար տոննա լոլիկ է բերվել Հայաստան ու արտահանվել Ռուսաստան՝ որպես հայկական արտադրանք, ինչը պետական հանցագործություն է, այնինչ գյուղնախարարը հայտարարում է, որ ինքը դրանից տեղյակ չէ։ Պարզ է՝ ոչ թե չգիտի, այլ չի կարող պատասխանել։
-Ինչո՞ւ չեն ցանկանում նախորդների աշխատանքի գնահատականը տալ։
-Դա զուտ քաղաքական հարթության հարց է։ Այս, ինչպես նաև նախորդ կառավարություններին արգելված է վերլուծել նախորդների վարած արատավոր քաղաքականությունը։ Հովիկ Աբրահամյանին Սերժ Սարգսյանը հստակ հրահանգ տվեց՝ հնի վերլուծությամբ չպետք է զբաղվել։ Քաղաքական պատվերն այդպիսին է՝ նախորդներին չպետք է բացահայտել և պատժել։
-Անկախ Հայաստանի երեք նախագահների կառավարությունները երբևէ քաղաքական հստակ գնահատականի չեն արժանացել, հաշվարկներ չեն եղել, թե ով իրենից հետո ինչ է թողել։ Ի՞նչ եք կարծում, երբևէ այս «սկզբունքը» չպե՞տք է վերանայվի։
-Երբ 98-ին հեղաշրջում եղավ, մենք ինքներս հայտարարեցինք՝ բացեք տնտեսական բոլոր գործարքները և ամեն մեկին իրեն հասանելիք պատասխանատվության ենթարկեք։ Տեր-Պետրոսյանն անգամ հայտարարեց, որ եթե մեր թիմից որևէ մեկը հարյուր դոլարի խախտում ունենար, բանտում կհայտնվեր։ Չի եղել այդպիսի դեպք։ Այս իշխանություններն այդպիսի թույլտվություն չեն տալիս իրենց կառավարություններին, արգելված է նախկինի գործարքները վերանայել, բացահայտել հանցագործությունները։
-Նշեցիք՝ անգամ առաջին նախագահն է ասել, որ բացահայտեն իրենց սխալները, սակայն այդ ճանապարհով չեն գնացել, ինչո՞ւ։
-Որովհետև չեն գտել այնպիսի խախտումներ, որոնց համար կարելի էր մարդկանց պատժել։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ