Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
08.11.2016 | 08:41

(սկիզբը՝ այստեղ)

Ավելի խնդրահարույց է ու շատ հարցեր է առաջացնում ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները փակելու վերաբերյալ Կարեն Կարապետյանի որոշումը. այդ կառույցները պետք է փակվեն, որովհետև... դրանք բացասաբար են ազդում Հայաստանի պետական բյուջեի վրա, մարդկանց աշխատավարձեր են տրվում՝ չգիտես ինչի համար: Արդյո՞ք այսքանով են սահմանափակվում նրանց տված վնասները, ուրիշ, ավելի զգալի վնասներ այդ ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները չե՞ն տվել։ Իհարկե տվել են: Հայաստանի տնտեսական ճգնաժամը սկսվեց ու իր տրամաբանական վախճանին հասցվեց այդ կառույցների պատճառով, ճիշտ կլինի ասել՝ նրանց միջոցով: Հիմա վարչապետը որոշում է փակել այդ կառույցները՝ առանց խորանալու դրանց ստեղծման պատմության մեջ, առանց գնահատելու դրանց ունեցած դերն ու նշանակությունը, առանց հաշվելու դրանց միջոցով «լվացված» պետական, վարկային ու գրանտային փողերը, որոնք իրենց վճռական դերն ունեցան Հայաստանը արտաքին պարտքերի մեջ թաղելու գործում: Մի՞թե այդպես, առանց դրանց հասցեին մի թթու խոսք ասելու, վարչապետը կարող է փակել այդ դուքաններն ու ճանապարհ դնել. քոռն ի՞նչ կուզե՝ զույգըմ աչք:


Ճիշտ ու օգտակար կլիներ, որ, մինչ ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների փակման որոշումն ընդունելը, վարչապետ Կարեն Կարապետյանը մեր քաղաքացիներին հասկանալի լեզվով բացատրեր, թե դրանք ինչպե՞ս են ստեղծվել, ովքե՞ր են ստեղծել, ինչի՞ համար են ստեղծվել, իրականության մեջ ի՞նչ հանցավոր նպատակների են ծառայել այդ պորտաբույծ կառույցները, որքա՞ն են դրանց նյութական ու բարոյական վնասների իրական մասշտաբները: Նրանց միջոցով չէ՞ր, արդյոք, որ Հայաստանում գեներացվեց կոռուպցիայի աննախադեպ գործընթացը, որն իր կազմակերպվածության մակարդակով չէր զիջում կոմունիստական անհամեմատ համեստ կաշառակերությանը: Վստահաբար կարելի է հաստատել, որ ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների միջոցով սկսվեց Հայաստանի տնտեսական անկման երկրորդ ու վճռական փուլը, որն իրականացվեց պետության կողմից ստացված վարկային միջոցների թալանի ճանապարհով՝ ի հավելումն գործարանների ու պետական ունեցվածքի ԼՏՊ-յան պրիմիտիվ թալանի:


Հայտնի է, որ այդ ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները հիմնականում ստեղծվեցին Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ հիմնավորելով, որ դրանք կօգնեն պետական ծրագրային աշխատանքների ճիշտ կազմակերպմանն ու կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բայց արդյո՞ք այդպես էր: Մի՞թե ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների բացման հիմնական նպատակը երկրում քաղաքակիրթ ձևով կաշառակերության զարգացումը կամ բյուջետային ու վարկային գումարների, դարձյալ քաղաքակիրթ ու կազմակերպված ձևով, գողանալը կամ Հայաստանում «ատկատային» էկոնոմիկայի ձևավորումը չէր:
Իմ հաջորդ պատմությունը պարզորոշ ցույց է տալիս, որ ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները հիմնականում շեղվել են իրենց պաշտոնական ֆունկցիաներից ու ծառայել են հանցավոր, հակապետական, հակաժողովրդական նպատակներ իրականացնելուն, «շնորհիվ» ինչի էլ ստացանք շուրջ 6 միլիարդ դոլարի հասնող արտաքին պետական պարտք ու հիմա՝ 25 տարվա ուշացումով, պետք է մտածենք, թե ինչպես փակել այդ պարտքը, երբ երկիրը հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամի մեջ, գործարանները չեն աշխատում, իսկ ՀՀ կառավարությունը չունի այդ ճգնաժամը հաղթահարելու ռազմավարություն: Եթե 14-րդ վարչապետը փորձում է ինչ-որ կերպ մոռացության տալ ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների գործած հանցանքները, զմռսել խայթոցավտանգ մեղվի այդ փեթակները, օրակարգից դուրս թողնել այդ կարևոր հարցի քննարկումը, ապա դրանով նա միայն ջուր է լցնում հանցագործ աշխարհի ջրաղացին՝ կոծկելով ու թաքցնելով նախկինում կատարած տնտեսական բոլոր հանցագործությունները: Պետք է պարզել ու հասկանալ ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների բուն էությունը, գնահատել դրանց ունեցած անմիջական դերը Հայաստանի տնտեսության հետևողական քայքայման ու արտաքին պարտքերի կուտակման գործում և նոր առաջ շարժվել (նկատի ունեմ դրանց փակումը):


Եթե մեր վարչապետը ցանկանում է երկիրը դնել զարգացման ճիշտ ուղու վրա, իր քաղաքացիների հետ խոսել բաց ճակատով, ապա նա ստիպված է ասելու ողջ ճշմարտությունը և, գոնե իր համար, պարզելու ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-երի ստեղծման, երկարատև գործունեության ողջ առեղծվածը: Հույս ունեմ, որ իմ հաջորդ ուշագրավ պատմությունը կօգնի պարզելու, հավուր պատշաճի գնահատելու ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների դերն ու նշանակությունը մեր կյանքի ու տնտեսության որակական ցուցանիշների վրա: Ներքոշարադրյալը մեկն է հազարավոր այլ իրական պատմություններից, որոնք տեղի են ունեցել ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների գործունեության ընթացքում:


2005 թվականի գարնանային մի գեղեցիկ օր ինձ բախտ վիճակվեց հանդիպելու մեր ժամանակների երեք հայտնի հայ գործիչների հետ: Հայաստանում նրանց բոլորն էին ճանաչում. ակադեմիկոս ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻ (ռադիոֆիզիկայի բնագավառում համաշխարհային դեմք, ռադիոհոլոգրաֆիայի հիմնադիր, որն անկախությունից հետո մշակեց Հայաստանի տնտեսության հակաճգնաժամային «Արև» ծրագիրը), ԽՍՀՄ հայտնի քանդակագործ, մեր ժամանակների լավագույն պորտրետիստ ՏԱՐԻԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ (նրա վերջին աշխատանքներից է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի արձանը Երևանում, կենսաբան Մուհամմեդ Շանսի, ճարտարապետ Կադերոնի, ֆիզիկոս Ժոզեֆ Թեյլորի, Վիկտոր Համբարձումյանի կիսանդրիները, որոնք, ի թիվս աշխարհի ուրիշ հայտնի գիտնականների, տեղադրվել են Իրանի նախագահի նստավայրին կից ստեղծված գիտական կենտրոնի պարտեզում), հայ լեգենդար մարզիկ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն ՆՈՐԱՅՐ ՄՈՒՇԵՂՅԱՆ:

Ինքնաբերաբար կազմակերպված այդ հանդիպումը կայացավ Պարիս Միսակովիչի առանձնասենյակում: Ինձ համար հաճելի անակնկալ էր հատկապես իմ առաջին հանդիպումը Նորայր Մուշեղյանի հետ, որը դպրոցական տարիների մեր կուռքն էր:
Ռադիոյով մի պատմություն էինք լսել, թե ինչպես Նորայր Մուշեղյանը դարձավ աշխարհի չեմպիոն։ Դա Ստամբուլում էր, աշխարհի առաջնության եզրափակչում նրա մրցակիցը թուրք ըմբիշն էր, երկուսն էլ ասպարեզ էին դուրս եկել կարմիր մարզաշապիկներով: Մեկնարկից մի քիչ անց ըմբիշներից մեկը հնարք է կատարում, իր ախոյանին բարձրացնում ու պահում է գլխավերևում՝ ձեռքերի վրա, հանդիսականները վեր են թռչում տեղներից ու խլացուցիչ բղավոցներով ողջունում են հաղթող մարզիկին՝ կարծելով, թե հնարքի հեղինակը թուրքն է։ Հետո` քար լռություն դահլիճում։ Պարզվեց՝ հաղթողը Նորայր Մուշեղյանն էր: Այս պատմությունները մենք պատմում էինք մեկմեկու ու հպարտանում մեր փառահեղ մարզիկով և, խնդրեմ, չորս տասնամյակ անց ինձ հնարավություն է ընձեռնվում անձամբ հանդիպելու և խոսելու Մուշեղյանի հետ:


Այդ օրը նրանք քննարկում էին զորավոր Անդրանիկի աճյունը Փարիզից Հայաստան տեղափոխելու հարցը, այդ կարևոր նախաձեռնության հեղինակներն են եղել Պարիս Հերունին, Նորայր Մուշեղյանն ու Տարիել Հակոբյանը: Վերջիններս իրենց նախաձեռնությամբ հիմնել էին «Զորավար Անդրանիկ» միությունը (նախագահ՝ Նորայր Մուշեղյան): Հետագայում ՀՀ կառավարությունն իր վրա վերցրեց Զորավար Անդրանիկի աճյունը Հայաստան տեղափոխելու և Եռաբլուրում ամփոփելու կազմակերպական մասը, բայց պետք է հիշենք ու գնահատենք այն կարևոր դերը, որ այդ գործում ունեցել են Պարիս Հերունին, Նորայր Մուշեղյանն ու Տարիել Հակոբյանը՝ օգտագործելով իրենց ունեցած միջազգային բարձր հեղինակությունն ու կապերը: Մեր հանդիպման վերջում Նորայր Մուշեղյանը խնդրեց, որ այցելեմ ըմբշամարտի մասնագիտացված մարզադպրոց։
-Ձեզ հետ կարևոր գործ ունեմ:
Չնայած մեր տարիքային զգալի տարբերությանը, Մուշեղյանը իր պարտքն էր համարում «Դուք»-ով խոսել, նա բոլորի հետ էր այդպես, ուներ ներքին բարձր կուլտուրա և մեծ հայրենասեր էր: Պայմանավորված օրը հանդիպեցի Մուշեղյանի հետ:
-Այսպիսի պրոբլեմի եմ բախվել. իմ մարզադպրոցը հիմա վերանորոգվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերով ու ԾԻԳ-ի միջոցով։ Հասել ենք լուսավորության հարցին։ Դահլիճի համար լուսարձակներ են բերել, որոնց անձնագրի վրա թուրքերեն բաներ են գրված, «քյուչա» բառը կարողացա կարդալ ու հասկացա, որ փողոց է նշանակում։ Այսինքն` լուսարձակները նախատեսված են փողոցների լուսավորության համար։ Բայց դա չէ կարևորը, ես թույլ չեմ տա, որ «Զորավար Անդրանիկի» դահլիճում թուրքական ապրանք օգտագործվի։ ԾԻԳ-ի պետին ասել եմ՝ այդ լուսարձակները չեն օգտագործվելու, եթե այլ տարբերակ չունեն, թող իրենց փասա-փուսան հավաքեն ու գնան այստեղից։ Թուրքական ապրանքներով արված ռեմոնտը մեզ պետք չէ:
-Պարզ է, բայց ինչո՞վ կարող եմ օգտակար լինել Ձեզ:
-Կարո՞ղ եք իմ դահլիճի համար հայկական լուսարձակներ սարքել. Հերունին ասաց, որ Դուք իր ուսանողն եք եղել և օպտիկայից լավ եք։ Դուք կարող եք, մատերիալի գումարը ես կտամ, ձեր աշխատանքն էլ կընդունեմ որպես նվեր:
-Շատ լավ, կփորձեմ:


Սկզբում պետք էր ծանոթանալ մարզական դահլիճների լուսավորության խնդիրներին, գրականություն կարդացի, եղա «Դինամո» մարզադահլիճում, որտեղ նույն ԾԻԳ-ը լուսավորություն էր անցկացրել՝ ծախսելով 50 հազար դոլար, ծանոթացա Երևանի ու Աբովյանի դպրոցների մարզադահլիճներում տեղադրված լուսարձակներին: Պարզեցի, որ մարզադահլիճների լուսավորության խնդիրն ունի իր առանձնահատկություններն ու նրբությունները, որոնց վրա Հայաստանում ուշադրություն չի դարձվել: Հասկացա նաև, որ, իսկապես, Մուշեղյանի անվան ըմբշամարտի մարզապատանեկան դպրոցի մարզադահլիճը չէր կարելի լուսավորել թուրքական արտադրության լուսարձակներով ոչ միայն այն պատճառով, որ դրանք թուրքական ծագում ունեին, այլ որովհետև դրանց մեջ օգտագործված էին պլաստմասսայե դետալներ, ինչը չէր կարելի: Լուսարձակների բարձր ջերմաստիճանի և ինտենսիվ լուսավորության պայմաններում բոլոր տիպի պլաստմասսաները սկսում են թունավոր գազեր արձակել, որոնք խիստ վտանգավոր են առողջության համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարապմունքների ժամանակ մարզիկների շնչառությունն ավելի խոր ու ինտենսիվ է դառնում, թունավոր գազերը թոքերով թափանցում են արյան մեջ: Թուրքական կամ այլ երկրների արտադրության՝ պլաստմասսայի բազայի վրա հավաքված լուսարձակները «քյուչեքում» կիրառելի են, բայց դահլիճներում ու, առավել ևս, մարզական դահլիճներում՝ ոչ: Սպորտային լուսարձակները պետք է հավաքվեն միայն մետաղից, ապակուց ու կերամիկայից պատրաստված դետալներից: Առանձնակի ուշադրություն է պետք դարձնել լուսարձակի աշխատանքային ջերմաստիճանի վրա, այն պետք է լինի հնարավորինս ցածր՝ 50-60oC-ի սահմաններում, որպեսզի սարքի հովացումը հնարավոր լինի իրագործել բնական ճանապարհով՝ ջերմահաղորդականության, ճառագայթման ու կոնվեկցիայի միջոցով: Մյուս կողմից, լուսարձակների սպասարկման մատչելիությունը ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել հերմետիկ փակ կոնստրուկցիաներ, որպեսզի հնարավոր լինի փակել փոշու ճանապարհը դեպի ներս, ու մշտական անհրաժեշտություն չառաջանա փոշին մաքրելու համար, դրանք տեղադրվում են մեծ բարձրությունների վրա, և առանց հատուկ տեխնիկայի հնարավոր չէ մոտենալ: Լուսարձակները սպասարկելու համար «Դինամո» մարզադահլիճում մետաղական ծանր կոնստրուկցիաներով ստեղծել են հատուկ հարթակներ, որոնք դժվար է օգտագործել դպրոցական փոքր դահլիճներում: Պարզեցինք, որ Հայաստանում վաճառվող արտասահմանյան բոլոր տիպի լուսարձակները նշված պահանջներին չէին բավարարում: Օրինակ, գերմանական լուսարձակների կոնստրուկցիաները բավականին կոմպակտ էին ու շատ թանկ, ունեին փոքր չափեր, որոնց դեպքում ակնհայտորեն խնդիրներ էին առաջանալու ջերմահեռացման հարցում, որը լուծելու համար նախատեսված էին օդափոխության ու ջերմահեռացման լրացուցիչ անցքեր: Սրանք էլ դառնալու են փոշու ճանապարհ:

Մյուս կողմից` նախկինում օգտագործված բոլոր լուսարձակները, այդ թվում` Երևանի «Հրազդան» ստադիոնում տեղադրվածները, որոնք նախագծել ու կառուցել էին ԳԴՀ մասնագետները, ունեն լույսի ուղղվածության օվալաձև դիագրամներ, հարմար չեն փոքր դահլիճների լուսավորությունը կազմակերպելու համար, ցանկալի կլիներ ունենալ լուսարձակներ, որոնց լույսի ուղղվածությունը լիներ ուղղանկյունաձև՝ փոքր մարզադահլիճների կոնֆիգուրացիային համապատասխան: Ամենայն մանրամասնությամբ այս ամենը պատմեցի Մուշեղյանին, ու որոշեցինք սկսել նախագծման ու, միաժամանակ, փորձնական նմուշի պատրաստման աշխատանքները: Երկու ամիս անց դահլիճում տեղադրեցինք առաջին փորձնական նմուշը, շատ լավ էր, բայց լուրջ խնդիրներ ունեցանք վերանորոգումը իրականացնող ԾԻԳ-ի տնօրենի հետ, անունը Գագիկ էր, ազգանունը չեմ հիշում, կարող էի պարզել, բայց չարեցի, որովհետև նման մարդկանց վրա ժամանակ ծախսելն անգամ ափսոս է: Լուսարձակի առաջին ցուցադրմանը, կարելի է ասել, շնորհանդեսին, Մուշեղյանի նախաձեռնությամբ, հրավիրել էինք լրատվամիջոցների ներկայացուցիչներին: ԾԻԳ-ի տնօրենը կտրականապես դեմ գնաց մեր լուսարձակին։
-Չեմ թողնի, թույլ չեմ տա, գեղեցիկ չէ:
-Քո կարծիքով` այս երկուսից ո՞րն է ավելի լավը,- պարոն Գագիկը այսպես դիմեց աշխատող բանվորներից մեկին, ինչը ձեռքերը փրփուրներին գցելու փորձ էր:
-Այս մեկը,- բանվորը մատով ցույց տվեց մեր լուսարձակը:
-Միևնույն է, չեմ թողնի:
Սկզբում պաշտոնական գրությամբ հարց բարձրացրեց, որ մեր լուսարձակը տեխնիկական պայմաններ չունի, այդ խնդիրը արագ կարգավորեցինք՝ ստեղծելով ու «Հայպետստանդարտում» գրանցելով «DVH SPORT» անունը ստացած մեր լուսարձակի տեխնիկական պայմանները՝ Ձձ ՀԸ 37184205 («SPORT» լուսարձակի ու իմ նախագծած բոլոր արևային սարքերի վրա դրվում է DVH հապավումը, անգլերենով՝ Doctor Vahan Hamazaspian): Հետո Գագիկից պաշտոնական մեկ այլ, ավելի խիստ գրություն ստացանք. տեխնիկական պայմանները բավական չեն, պետք է ունենալ ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան կազմակերպության թույլտվությունը։ Հատուկ նշումներով, որ դրանք կարելի է օգտագործել դպրոցներում։ Դա էլ ստացանք՝ ստորագրությամբ «Начальника государственной гигиенической и противоэпидемической инспекции министерства здравоохранения республики Армения» Ա. Վանյանի, 04, 08, 2005 թվականին: «DVH SPORT»-ի ՏՊ-ն ու մյուս բոլոր փաստաթղթերը մենք կազմել էինք ոչ թե հայերեն, այլ ռուսերեն՝ կանխավ մտածելով դրանց արտադրությունը Հայաստանում կազմակերպելու ու ԵԱՏՄ երկրներ արտահանելու մասին:

Հիմա ԵԱՏՄ շուկան մեր դեմ լայնորեն բացել է իր դռները, ունի 170-200 միլիոն մարդ, արտահանիր ինչ ուզում ես, բայց, ցավոք, արտահանելու համար արտադրանք չունենք։ Ինչո՞ւ։ Խնդրում եմ, որ մեր վարչապետն այդ հարցը ուղղի ԾԻԳ-ի տնօրեններին, որոնցից մեկին մենք «ռաստ եկանք» Մուշեղյանի անվան մարզադպրոցում, լավ կլիներ, որ «ռաստ չգայինք», նա մեզ ու հայրենական արտադրությանը մեծ վնաս հասցրեց:
Ես անչափ գոհ եմ ԾԻԳ-ի տնօրենի պահվածքից, որի կատաղի պայքարը հայկական ծագման արտադրանքի դեմ պատճառ դարձավ, որ մենք կարողանանք ստեղծել լիարժեք արտադրատեսակ՝ տեխնիկական հետազոտություններով ու համապատասխան անհրաժեշտ փաստաթղթավորումով: Ճիշտ է ասված՝ վատ դրկիցը մարդուն բանի տեր է դարձնում:
Սանիտարական թույլտվության հարցում մեր «DVH SPORT»-ը խնդիրներ ունենալ չէր կարող, քանի որ մեր լուսարձակները միակն էին Հայաստանում և, ինչպես պարզվեց հետագայում, նաև համայն աշխարհում, որ բավարարում էին մարզական դահլիճների համար հաստատագրված բոլոր պահանջներին ու նորմերին: ԾԻԳ-ի տնօրենին այլ բան չէր մնում, քան համաձայնել մեր լուսարձակի տեղադրմանը, կնքվեց համապատասխան ֆինանսական պայմանագիր՝ 800 հազար դրամի չափով: Պայմանագրով նախատեսված ժամկետները չափից դուրս սեղմ էին, բայց դա էլ մեզ չխանգարեց. գիշերը ցերեկ անելով, շաբաթ-կիրակի աշխատելով կարճ ժամանակում ավարտեցինք լուսարձակների մոնտաժային աշխատանքները, անձամբ եմ կատարել այդ բանվորական աշխատանքները, ինձ անվճար օգնել է իմ համակուրսեցի Վարուժան Կարագյոզյանը:


Մուշեղյանը գոհ ու բավարարված էր մեր աշխատանքով: Մեր լուսարձակները մինչ օրս ծառայում են Մուշեղյանի անվան մարզադպրոցին, նրանք հաճախ են հայտնվում հեռուստաէկրաններին, երբ Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցի դահլիճից (անվանի մարզիկի մահվանից հետո մարզադպրոցը կոչվել է նրա անունով) հաղորդումներ են եթեր տրվում, ես շատ գոհ եմ դրա համար ու բավարարված եմ զգում ինձ:


Լուսարձակի ստեղծման աշխատանքները իմ պլանների մեջ չեն եղել, ես դրանք սկսեցի Մուշեղյանի խնդրանքով, բայց տեսա, որ այդ աշխատանքները կարելի է զարգացնել՝ որպես հեռանկար ունեցող արտադրանք ու նրա բազայի վրա Հայաստանում, կոնկրետ Սպիտակում, կազմակերպել սպորտային լուսարձակների լավ գործարան:
(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ