Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հրաշքներից այն կողմ

Հրաշքներից այն կողմ
08.11.2016 | 07:45

Հրաշքները, ինչպես գիտենք, մարդկային իմացությունից անդին կատարվող իրողություններ են, որոնց միջոցով ասված խոսքը հաստատվում-ապացուցվում է, ինչպես Հիսուս Քրիստոսը բազմաթիվ հրաշքներով, նույնիսկ մեռելներին հարություն տալով, ապացուցեց Իր Խոսքի զորությունը: Իսկ այս հոդվածը վերնագրեցինք «հրաշքներից այն կողմ», որովհետև միայն մեր ազգի լինելության փաստը արդեն ինքնին հրաշք է։ Մի անգամ Գերմանիայի կայսրը հարցնում է իր պալատական իմաստուններից մեկին. «Ինչո՞ւ մեր օրերում հրաշքներ չեն լինում»։ Իմաստունը, մի պահ մտորելուց հետո, պատասխանում է. «Իսկ հրեա ա՞զգը»։ ՈՒ կայսրը լռում է։ Նույնը և մենք կարող ենք ասել նրանց, ովքեր մերօրյա հրաշքներ են փնտրում, ասելով. «Իսկ հայոց ա՞զգը»։

Չե՞ս հավատում, մի հինավուրց քարտեզ բաց արա ու նայիր՝ մեր երկրի շուրջ քանի-քանի ազգերի անուններ կկարդաս, որոնք մնացել են ընդամենը որպես պատմական քարտեզի հուշ։ Բայց կա նաև մեկ այլ իրողություն. հրաշքներն ապացուցում են մեր ազգի երկնախորհուրդ արմատների կենդանի իրողությունը։ Երբ մեր երկիր են գալիս արտասահմանցի հյուրեր, ուր էլ տանենք, ինչ էլ ցույց տանք (բացի մեր հինավուրց եկեղեցիներից), նրանք սառն ու անտարբեր են մնում, իսկ երբ մեր նախնիների հավատքի կնիքներն ենք ցուցադրում, նրանց աչքերը պայծառանում են զարմանքից։ Նման բան եղավ նաև մեր հյուրերի հետ, որոնք աշխարհի տարբեր ծայրերից էին եկել ու ինձ խնդրեցին որևէ տեսարժան վայր ցույց տալ։ Չգիտեմ, դուք ուր կտանեիք, բայց իմ մտքով իսկույն մեր սուրբ Գեղարդավանքը անցավ։ Երբ ուղևորվում էինք, ճանապարհին զրուցում էինք տարբեր թեմաներով, ու ես հասկացա, որ այս մարդիկ աշխարհի ամենատեսարժան վայրերում եղել են, ու մտածում էի, որ դժվար թե մեր Գեղարդավանքով զարմացնենք, քանի որ ժայռափոր եկեղեցիների մի ամբողջ քաղաք կա նաև Հորդանանի Պետրայում, ուր նրանք եղել էին։ Տեղ հասնելուն պես, նրանց հետաքրքրությունը շարժեց հենց միայն սրբավայրի շուրջը պահապան զինվորների նման կանգնած սարերի մեջ ծվարած վանքի վեհաշուք տեսքը: Բայց երբ մտանք եկեղեցի ու սկսեցինք շրջել սրահներով, նրանք զարմացած ու հիացած կանգ առան, չհավատալով, որ դա ընդամենը մուրճի ու հատիչի միջոցով կատարված մարդկային ձեռքի գործ է։ Երբ դիտելուց հետո մի պահ կանգ առանք, որ մեր բոլորի Արարչին մտովի փառք ու գոհություն հայտնենք, նրանցից մի քանիսն ասացին, որ իրենք Իռլանդիայից են, և իրենց երկրում էլ կան քարերից կերտված խաչեր ու հին եկեղեցիներ, բայց երբ այս եկեղեցին մտան, թվաց թե հայրական տուն են մտնում, այնքան ջերմ հարազատություն զգացին, ինչի՞ց կարող է դա լինել։

Դժվար էր մի քանի խոսքով նրանց բացատրել, որ մենք իսկապես բոլոր քրիստոնյա ազգերի ավագ եղբայրն ենք, որ առաջինը Հիսուսին Տեր ու Փրկիչ և Աստված դավանելով, համարձակվեցինք սատանայի դրդմամբ սարքված կուռքերն ու մեհյանները քանդել։ Բացի այդ, դուք իսկապես հայրական տուն եք վերադարձել, քանի որ բոլոր ազգերի նախահայր Նոյը առաջինն այստեղ է տուն կառուցել, այգի տնկել, գինի խմել, իսկ մինչ այդ նաև Աստծուն ողջակեզի սեղան կառուցել։ Բայց այս մասին հետո և ավելի մանրամասն կգրենք, իսկ հիմա պարզապես ասենք բոլոր ընթերցողներին, որ այս հոդվածը որևէ մեկին հաճոյանալու համար չի գրվել, ինչպես ոմանք են անում՝ գունեղ շպարելով անցողիկ միջակություններին, որից մեր հոգիները մնում են դատարկ ու ամուլ, պարզապես ծաղկաքաղ է արվել մեր սուրբ մագաղաթներից, որոնց ծվենները աշխարհի տարբեր երկրներից երամ-երամ վերադարձան ու վերջապես, բույն գտած թռչունների նման, հավաքվեցին Մատենադարանի պահոցներում։ Այդ մագաղաթաբույր աղբյուրներից մի հյուլեաչափ մենք էլ օգտվենք՝ վերստին հիշեցնելու, թե՛ ովքեր են եղել մեր նախնիները, քանզի շատ ազգեր են փորձում ներկայանալ աշխարհին՝ մտացածին նախնիների արմատներ վերագրելով իրենց, ինչպես անում են ազերիները, չխորշելով նույնիսկ մեր խաչքարը յուրացնելուց ու խաչդաշ անվանելուց։ ՈՒ դա «բնական» է, քանզի այս փուչ աշխարհին ներկայանալու ազգային սնափառության խնդիր կա, թեև ընդամենը հարյուր տարեկան ազգն ի՞նչ կարող է ներկայացնել՝ օտարից հափշտակած գանձերից բացի: Բայց այս խոսքը գրվեց, որ մենք ինքներս մեզ գեթ մի փոքր ճանաչենք, քանզի ամենահինավուրց ազգերից մեկը, որ հայերս ենք, անհնար է նույնիսկ բազմահատոր գրքերով ճանաչելի դարձնել։ Գրվեց նաև, որպեսզի ճանաչենք մեզ, իմանանք, թե ինչ կենարար արմատներից ենք սերվել, որպեսզի մեր հոգին վերստին ուղղենք դեպի կենդանի ավիշը, որպեսզի արթնանանք ու սթափվենք, որովհետև ժամանակները խաբուսիկ են ու չար, քանզի աշխարհով մեկ ազգեր ու երկրներ արմատախիլ անող, ժողովուրդներին երկրագնդով մեկ պանդխտության մղող աշխարհասասան փոթորիկն է օրեցօր ահագնանում։
Իսկ հիմա պիտի փորձենք մեր հինավուրց մատենագրական պատմության տվյալներով լրացնել ու բարեզարդել մեր հայոց ազգի բնութագիրը, ինչը զարմացրել է նաև ամեն բան տեսած աշխարհի մեծերին։ Նրանց գովաբանական խոսքերի մասին շատ ենք կարդացել ու համոզվել, որ ասվածները չնչին մասն են այն ամենի, ինչին իրապես արժանի է մեր ազգը։

Սա ինքնագովություն չէ, այլ փաստ, որն անտեսված է, մինչև որ կգա Ամենատեսը, ու յուրաքանչյուր ազգ իր տեղը կգրավի երկնային աստիճանակարգում։ Իսկ որ դա այդպես է, նախ Հայտնության գիրքն է ասում. «Տեսա նաև ապակե ծովի նման մի բան՝ խառնված կրակով. և նրանք, որ հաղթեցին գազանին, նրա արձանին, նրա անվան թվին և նրա դրոշմին, կանգնած էին ապակե ծովի վրա և ունեին Աստծո քնարները. նրանք Աստծո առաջ երգում էին Մովսեսի երգերը և Գառան երգերը՝ ասելով. Տե՛ր Աստված Ամենակալ, մեծամեծ և սքանչելի են Քո գործերը, արդար ու ճշմարիտ են Քո ճանապարհները, Դո՛ւ, Թագավո՛րդ բոլոր ազգերի: Եվ ո՞վ է, որ չի երկնչելու և չի փառավորելու Քո սուրբ անունը, որովհետև Դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության. բոլոր ազգերը պիտի գան և պիտի երկրպագեն Քո առաջ, Տե՛ր, երբ որ Քո արդարությունը հայտնվի» (Գիրք Հայտնության 15, 2-3):


ՈՒ որպեսզի մենք ազգովին արժանի լինենք այդ երկնային մեծ փառահանդեսին, պետք է հավատարիմ մնանք մեր հավատքին մինչ ի մահ, ինչպես մեր սուրբ նախնիները եղան ու իրենց հավատքով հաղթեցին մարդկային հոգիների թշնամուն՝ սատանային։ Իսկ այս վկայությունը հայոց ազգի մասին մեզ է հասցրել մատենագիր Կիրակոս Գանձակեցին, որ հատվածաբար մեջաբերված է երկնային մի տեսիլքից. «Եվ ահա տեսա արևելքի կողմից երկինքը պատռված ու վայրը անչափ լույսով լիքը: Մի զարմանալի ու ահեղ Թագավոր նստած փառքի աթոռին, իսկ Նրա շուրջը լուսեղենների բազմություն էր, որոնք օրհնում էին Նրան անպատմելի ձայնով: Թագավորին երկրպագելու էին գալիս բոլոր քրիստոնյա ազգերը՝ յուրաքանչյուրն իր կրոնի առաջնորդներով, որոնք զարդարված էին երևելի փառքով: Եվ երբ երկրպագում էին Նրան, Նա ընդունում էր նրանց ողջույնը: Ի վերջո եկավ մի այլ ազգ, որ փառքով շատ ավելի էր, քան նախորդները, իսկ սրա առաջնորդները չափազանց զարմանալի էին: Երբ եկան Թագավորին երկրպագեցին, Նա աթոռից վեր կացավ նրանց ընդառաջ ու համբուրեց նրանց իրենց առաջնորդներով և մյուս ազգերից ավելի մեծարեց»: (Կիրակոս Գանձակեցի, «Հայոց պատմություն»):


Եվ այն, ինչ կարդացիք ազգերի երկնային շքահանդեսի մասին, սին մարդկային մտքից չէր, այլ Աստծո խոսքի համաձայն գրված է Երկնային Երուսաղեմի վերաբերյալ. «Եվ ազգերը իրենց փառքն ու պատիվը նրա մեջ պիտի բերեն»: Եվ որպես ճշմարտության շտեմարան, մենք էլ օգտվենք Աստվածաշնչից ու ընթերցողին ծանոթացնենք մեր ազգի ամենահինավուրց փաստագրություններին։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
Հայոց բազմադարյա հնության արմատները հավաստող մատյանը մեզ համար, իհարկե, Աստվածաշունչն է, որտեղ մի քանի անգամ նշվում է դեռևս սաղմնավորվող մեր ապագա պետության մասին։ Սկսենք ամենաառաջին վկայությունից. «Դրոշ բարձրացրե՛ք երկրի վրա, փող փչեցեք բոլոր ազգերի մեջ, զորագնդեր կանչեցե՛ք նրա դեմ: Իմ կողմից հրաման տվեք Արարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին» (Երեմ. 51.27): Իսկ այն մասին, որ հայոց ազգը նաև Ասքանազյան ազգ է կոչվում, կհաստատեն մեր սուրբ մատենագիրները։
Երկրորդ վկայություն. «Երբ նա (Ասորեստանի Սենեքերիմ արքան) երկրպագում էր իր Նեսրաք աստծո տանը, նրա որդիներ Ադրամելեքն ու Սարասարը սրով հարվածեցին նրան և փախան Արարատի երկիրը» (Դ. Թագ. 19.37): ՈՒ երրորդ վկայությունը. «Թորգոմա տնից մարդիկ են, որ ձիերով, հեծյալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները։ Ռոդոսցիները՝ քո վաճառականները, կղզիներից բերված փղոսկրյա ժանիքներով աշխուժացրել են քո առևտուրը» (Եզեկիել 27.14)։ Իսկ Թորգոմա տունը, ըստ Սուրբ գրքի, Հայաստան երկիրն է։


Որպես հավելյալ տեղեկություն, իմանանք, որ Աստծո ձայնին չունկնդրող ու Հրեաստանում պարտված Սենեքերիմ թագավորի որդիները հետագայում մեր երկրում հիմնեցին Արծրունյաց նախարարությունը։ Նաև տեղեկացնենք ընթերցողին, որ Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ բաժանված 72 լեզուներից մեկը հայերենն էր՝ տրված Հայկ Նահապետին, ով դրանից հետո իր ողջ գերդաստանով վերադարձավ հետ՝ Նոյ Նահապետի ոտք դրած հայրենի տարածք, որը և անվանվեց Հայաստան՝ Հայկ Նահապետի պատվին։ ՈՒ Արարատի երկիրն ու Հայը հետագայում հոմանիշներ դարձան, ինչպես մարդու սիրտն ու հոգին, ինչպես Իսրայելն ու Սիոնը: Հնում Արարատը կոչել են նաև Ազատ Մասիս՝ հայի ազատատենչ ու ազնիվ հոգին բնորոշող անունով: Իսկ Աստվածաշնչում նշված հարյուրավոր մեծ ու զորեղ ազգերից ընդամենը մի քանիսն են մնացել մինչ օրս, իսկ մնացածները սուզվել են պատմության ամենակուլ ճահիճը։ Իսկ Հայկի սերունդը, դարերով մաքառելով աշխարհի բոլոր զորավոր ազգերի դեմ, մնաց կառչած սեփական հողին։


Համոզվելու համար ինքներդ նայեք զետեղված լուսանկարին, որտեղ փորագրված է աշխարհի ամենահին քարտեզը։ Այն 2800 տարվա վաղեմություն ունի, իսկ փորագրվածները երբեմնի աշխարհասասան հզոր երկրներն են՝ Բաբելոն, Ասորեստան, Հայաստան և այլն։ Հիմա ինքներդ խորհեք, թե դրանցից որն է մնացել. իհարկե, միայն Հայաստան աշխարհը, քանզի նրա հիմքերը հաստատուն են կամոքն Աստծո։
ՈՒրեմն թող մեր հայրերի Տերն ու Աստվածը մեզ էլ հավատքի մեջ արթուն ու քաջ պահի, դիմակայելու համար աշխարհասասան այս փոթորիկներին, որպեսզի մենք էլ օրհնության օվսաննաներով դիմավորենք մեր Երկնային Թագավորին, որպես իր քրիստոնյա անդրանիկ զավակ, որ իրեն վստահված այդ մեծ պատիվը հավատարմաբար կրեց, ապացուցելով, որ արժանի էր այդ վեհ կոչմանը։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ